«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 օգոստոսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60013311
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
31 հուլիսի 2013 թ. ք. Երևան |
N 269-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 314-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 27-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգը հաստատելու մասին» N 314-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգում (այսուհետ՝ Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Կարգի 1-ին գլխի 1-ին և 2-րդ պարբերությունները շարադրել նոր խմբագրությամբ.
«Կառուցող` էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, որը կառուցում է նոր արտադրական հզորություններ լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում.
Արտադրող` էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, որը վերակառուցում կամ ընդլայնում է առկա արտադրական հզորությունները լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածից հետո.».
2) Կարգը լրացնել 2.6 կետով` հետևյալ բովանդակությամբ.
«2.6 Կառուցողի (Արտադրողի) և Բաշխողի շահերի հավասարակշռման նպատակով, երբ Բաշխողի ցանցում համապատասխան հզորությունների սահմանափակ լինելու դեպքում սույն կարգի 2.5 կետում ամրագրված սկզբունքի ապահովման համար անհրաժեշտ է մշակել Բաշխողի ցանցին միացման հատուկ պայմաններ, Հանձնաժողովն իրավունք ունի Բաշխողի դիմումի հիման վրա սահմանել էլեկտրաէներգիա արտադրող կայանները Բաշխողի ցանցին միացման անհատական որոշում: Սույն կետում նշված դեպքում՝ Կառուցողի (Արտադրողի) կողմից տեխնիկական պայման տրամադրելու դիմումն ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, Բաշխողը պարտավոր է դիմել Հանձնաժողով՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորող փաստաթղթեր: Բաշխողը նույն ժամկետում պարտավոր է իր դիմումի մասին գրավոր իրազեկել Կառուցողին (Արտադրողին):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |