ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ 1306(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ | Ն. Հովսեփյան |
դատավորներ՝ | Ա. Թումանյան |
Տ. Սահակյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Մկրտումյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի օգոստոսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.05.2007 թվականի որոշման դեմ Ս. Մանուկյանի վճռաբեկ բողոքը՝ քաղաքացիական գործով ըստ հայցի Սուրեն Մանուկյանի ընդդեմ Սոֆիկ և Գառնիկ Եղյանների, Արման Մնացականյանի՝ բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու և բնակարանից վտարելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործով կայացված դատական ակտի էությունը.
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.05.2007 թվականի որոշմամբ` ըստ հայցի Սուրեն Մանուկյանի ընդդեմ Սոֆիկ և Գառնիկ Եղյանների, Արման Մնացականյանի` բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու և բնակարանից վտարելու պահանջի մասին, քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել հայցվոր Սուրեն Մանուկյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:
Դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործի վարույթը մի քանի անգամ կասեցվել է այն պատճառաբանությամբ, որ գործով պատասխանողի կողմից Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացվել ընդդեմ Սուրեն Մանուկյանի՝ վիճելի բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջով, և մի քանի անգամ էլ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է, քանի որ Սոֆիկ Եղյանի կողմից ներկայացված հայցը մի քանի անգամ թողնվել է առանց քննության՝ հայցվորի չներկայանալու պատճառով, որպիսի գործողություններից ակնհայտ է, որ սույն գործով պատասխանողը փորձում է ձգձգել դատավարությունը:
Դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ մտած 05.06.2003 թվականի վճռով վերականգնվել է Սոֆիկ Եղյանի և իր որդու՝ Արման Մնացականյանի, օգտագործման իրավունքը վիճելի բնակարանի նկատմամբ, իսկ Սոֆիկ Եղյանի պահանջը՝ նշված բնակարանի համասեփականատեր ճանաչելու մասին, մերժվել է:
Բերված փաստերը վկայում են, որ պատասխանողները պարզապես չեն ցանկանում վերաքննիչ դատարանում, ինչպես նաև առաջին ատյանի դատարանում քննվող քաղաքացիական գործերով կայացվի վերջնական դատական ակտ, այլ պարզապես ցանկանում են անտեղի ձգձգումներով հարցի լուծումից խուսափել:
Սույն քաղաքացիական գործի վարույթի կասեցման արդյունքում Սուրեն Մանուկյանը զրկվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված՝ խախտված իրավունքները վերականգնելու, իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:
Նշված պատճառաբանությամբ բողոք բերած անձը պահանջել է վերացնել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Սույն քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 12.05.2006 թվականի որոշմամբ գործի վարույթը՝ պատասխանող կողմի միջնորդության հիման վրա, կասեցվել է այն պատճառաբանությամբ, որ պատասխանողների կողմից Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացվել ընդդեմ Սուրեն Մանուկյանի՝ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, որպիսի հայցադիմումն ընդունվել է վարույթ, և նշանակվել քննության: 20.06.2006 թվականին նշանակված դատական նիստին հայցվորների չներկայանալու պատճառով Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմամբ Սոֆիկ Եղյանի, Արման Մնացականյանի հայցը թողնվել է առանց քննության, որից հետո ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում սույն քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է: Նույն պատճառաբանությամբ սույն քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 04.12.2006 թվականին դարձյալ կասեցվել է: Քանի որ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմամբ Սոֆիկ Եղյանի և Արման Մնացականյանի հայցը թողնվել է առանց քննության, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 01.02.2007 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է: Գործի քննության ընթացքում պատասխանողները կրկին անգամ պատճառաբանելով, որ ընդդեմ հայցվոր Սուրեն Մանուկյանի հայց են ներկայացրել Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան, միջնորդել են քաղաքացիական գործի վարույթը կասեցնել: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.05.2007 թվականի որոշմամբ պատասխանողների միջնորդությունը բավարարվել, և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը չպետք է կիրառվեր հետևյալ պատճառաբանությամբ.
Գործում առկա է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի` 05.06.2003 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով Սոֆիկ Եղյանի պահանջը վիճարկվող բնակարանի համասեփականատեր ճանաչելու վերաբերյալ մերժվել է: Պատասխանողների կողմից ընդդեմ սույն գործով հայցվոր Սուրեն Մանուկյանի ներկայացված հայցը` վիճելի բնակարանի նկատմամբ սեփականատեր ճանաչելու պահանջի մասին, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 20.06.2006 թվականի և 04.09.2006 թվականի որոշումներով թողնվել է առանց քննության: Հետևաբար, նշված վճռի առկայության պայմաններում և պատասխանողների կողմից առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործի քննության նկատմամբ ցուցաբերած վարքագծից ակնհայտ է, որ պատասխանողները որևէ շահագրգռվածություն չունեն ինչպես իրենց հայցի հիման վրա հարուցված, այնպես էլ սույն քաղաքացիական գործի լուծման կապացությամբ, այլ հակառակը` վերջիններիս կողմից անհետևանք միջնորդություններով փորձեր են արվում ձգձգել սույն քաղաքացիական գործի լուծումը` թույլ չտալով դատարանին կայացնել վերջնական դատական ակտ:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը սույն գործի վարույթը կասեցնելով՝ հայցվորին զրկել է ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված՝ խախտված իրավունքները վերականգնելու, իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան | |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան | |
|
Վ. Աբելյան | |
|
Ս. Անտոնյան | |
|
Ս. Գյուրջյան | |
|
Է. Հայրիյան | |
|
Ս. Սարգսյան |