Գլխավոր տեղեկություն
Համար
N 592-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2005-12.05.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.01/34(406) Հոդ.623
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
31.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 31 մայիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2005 թվականի N 592-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված ու 2005 թվականի մայիսի 2-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագիրը գործողության մեջ դնելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով նշված համաձայնագրի 7-րդ հոդվածի 7.1-ին բաժնով և N 3 հավելվածի 1-ին կետով սահմանված դրույթներով` որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը համարել գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի գլխավոր գործակալություն:

2. Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վարչական, ֆինանսական և գործառնական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկ:

 3. Հաստատել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

4. Ստեղծել գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի համակարգող խորհուրդ:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի համակարգող խորհրդի կանոնադրությունը և անհատական կազմը:

6. Գյուղատնտեսության ծառայությունների ծրագրի ավարտման պատճառով դադարեցնել «Գյուղատնտեսական ծառայությունների ծրագրի կոորդինացման գրասենյակ» և «Ջրօգտագործողների միավորումներին աջակցության կենտրոն» պետական հիմնարկների գործունեությունը:

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` երկամսյա ժամկետում`

ա) ապահովել սույն որոշման 6-րդ կետում նշված պետական հիմնարկների լուծարման և գործունեության դադարեցման գործընթացը. 

բ) ներկայացնել համապատասխան առաջարկություն «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնվող գույքի կազմում փոփոխություն կատարելու վերաբերյալ.

գ) հաստատել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը:

8. Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրին Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորման մասնաբաժինը վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 67177500,0 դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության

 

վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

 

2005 թ. մայիսի 26
   Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 592-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


1. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկը (այսուհետ` ԾՎԿԳ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է: ԾՎԿԳ-ն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր) 2005 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2005 թվականի հունվարի 28-ին ստորագրված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր» փոխառության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 592-Ն որոշման համաձայն:

2. ԾՎԿԳ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (այսուհետ` ԳԶՄՀ) միջև ստորագրված փոխառության համաձայնագրով (այսուհետ` փոխառության համաձայնագիր), Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

3. Հիմնադրի և ԾՎԿԳ-ի միջև հարաբերությունները կարգավորվում են փոխառության համաձայնագրով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

4. ԾՎԿԳ-ն և դրա ամբողջ գույքը սեփականության իրավունքով պատկանում են հիմնադրին:

5. ԾՎԿԳ-ի անվանումն է`

հայերեն լրիվ` «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկ,
ռուսերեն լրիվ`

Государственное Учреждение “Бюро по анализу и управлению программы экономического развития сельских территорий”,

անգլերեն լրիվ` "Rural Areas Economic Development Programme Analysis and Administration Unit" State Institution,
հայերեն կրճատ` «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» ՊՀ,
ռուսերեն կրճատ`

ГУ “БАУ программы экономического развития сельских территорий”,

անգլերեն կրճատ`  "Rural Areas Economic Development Programme AAU" SI։

6. ԾՎԿԳ-ի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Վ. Վաղարշյան 12։


II. ԾՎԿԳ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ


7. ԾՎԿԳ-ի գործունեության հիմնական նպատակը ԳԶՄՀ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը փոխառության համաձայնագրով նախատեսված գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի (այսուհետ` ծրագիր) աշխատանքների գործառնական խնդիրների իրականացման ընթացիկ վերահսկողությունը, կառավարումն ու ծրագրի համակարգումն է:

8. ԾՎԿԳ-ի խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ծրագրով նախատեսված աշխատանքների պատվիրատուի գործառնությունների իրականացումը.

բ) ծրագրում ընդգրկված գործունեության շրջանակներում աշխատանքների կատարման տարեկան աշխատանքային պլանի և բյուջեի կազմումը.

գ) մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը և փոխառության համաձայնագրով նախատեսված ձեռքբերումների խորհրդի հաստատմանը ներկայացնելը.

դ) ծրագրի իրականացման հետ կապված բոլոր տեսակի պայմանագրերի նախապատրաստումը և ատորագրումը` համաձայն փոխառության համաձայնագրով սահմանված կանոնակարգի.

ե) ծրագրի իրականացման մոնիտորինգը, հաշվետվությունները, միջանկյալ ուսումնասիրությունները, ավարտական զեկույցը, գնահատումները` ներառյալ ԳԶՄՀ-ի համար ընդունելի ձևով հաշվետվությունները պատրաստելն ու ներկայացնելը.

զ) ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

է) ծրագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում` խորհրդատվական) ձեռքբերումը.

ը) ԾՎԿԳ-ի գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը.

թ) ծրագրով նախատեսված մասհանումների համար անհրաժեշտ դիմումները նախապատրաստելն ու ներկայացնելը. 

ժ) ծրագրի իրականացման հետ կապված վճարումները:


III. ԾՎԿԳ-Ի ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ


9. ԾՎԿԳ-ն օգտվում է միջազգային համաձայնագրերով սահմանված արտոնություններից:

10. ԾՎԿԳ-ի իրավունակությունը ծագում է սույն կանոնադրությունը հաստատվելու պահից:

11. ԾՎԿԳ-ի իրավունքները և պարտականությունները սահմանվում են փոխառության համաձայնագրով, սույն կանոնադրությամբ, պայմանագրերով և այլ համաձայնագրերով:

12. ԾՎԿԳ-ն իր հիմնադրի անունից, սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան, կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ: ԾՎԿԳ-ին պատկանող քաղաքացիական իրավունքները, ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, ԾՎԿԳ-ն իրականացնում է հիմնադրի հայեցողությամբ` նրա անունից:

13. ԾՎԿԳ-ն ունի անվանում, օգտագործում է հիմնադրի անունից իրեն ամրագրված գույքը, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմակնիք, հաշիվներ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

14. ԾՎԿԳ-ն հիմնադրի անունից իրավունք ունի`

ա) ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ.

բ) դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ:

15. ԾՎԿԳ-ի իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով, ինչպես նաև հիմնադրի որոշմամբ, եթե դրանք չեն հակասում փոխառության համաձայնագրին:

16. ԾՎԿԳ-ի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում հիմնադիրը` օրենքով սահմանված կարգով:

17. ԾՎԿԳ-ն պարտավոր է`

ա) փոխառության համաձայնագրի պահանջներին համապատասխան, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.

բ) ապահովել ԾՎԿԳ-ի փաստաթղթերի (ԾՎԿԳ-ի կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, ԾՎԿԳ-ի ներքին փաստաթղթեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը.

գ) պայմանագրեր կնքել ծրագրի բաղադրիչներն իրականացնող կառույցների հետ.

դ) իր իրավասությունների սահմաններում վերահսկել ծրագրի իրականացման ընթացքը և անհրաժեշտության դեպքում առաջարկել փոփոխություններ:


IV. ԾՎԿԳ-Ի ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ


18. ԾՎԿԳ-ի հիմնադրին է պատկանում ԾՎԿԳ-ի կառավարման և գործունեության վերաբերյալ ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը, որը պետք է համաձայնեցված լինի ԳԶՄՀ-ի հետ:

19. ԾՎԿԳ-ի հիմնադրի իրավասության հարցերն են`

ա) ԾՎԿԳ-ի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը.

բ) ԾՎԿԳ-ի գործունեության դադարումը` ԳԶՄՀ-ի համաձայնությամբ:

20. ԾՎԿԳ-ի ղեկավար պաշտոնատար անձը տնօրենն է, որին պաշտոնի է նշանակում գլխավոր գործակալության ղեկավարը` ԳԶՄՀ-ի համաձայնությամբ:

21. ԾՎԿԳ-ի տնօրենը գործում է փոխառության համաձայնագրի, սույն կանոնադրության, գլխավոր գործակալության ղեկավարի և ԳԶՄՀ-ի հանձնարարականների համաձայն:

22. ԾՎԿԳ-ի տնօրենը`

ա) տիրապետում և օգտագործում է ԾՎԿԳ-ին ամրացված գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), գործարքներ կնքում հիմնադրի անունից.

բ) պատասխանատու է փոխառության համաձայնագրով սահմանված ԾՎԿԳ-ի գործառույթների իրականացման համար.

գ) ներկայացնում է ԾՎԿԳ-ն Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

դ) փոխառության համաձայնագրով սահմանված կարգով ծրագրի համապատասխան բաղադրիչներն իրականացնող կառույցների հետ կնքում է համաձայնագրեր, որոնցում նախանշվում են ծրագրի բաղադրիչի իրականացման նպատակներն ու գործունեության ոլորտը` ներառյալ աշխատակարգի մշակումը և ֆինանսական փոխհարաբերությունները.

ե) գործում է առանց լիազորագրի.

զ) տալիս է լիազորագրեր.

է) կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

ը) բանկերում բացում է ծրագրի հատուկ հաշիվը, ԾՎԿԳ-ի հաշվարկային և այլ հաշիվներ (այդ թվում` տարադրամային).

թ) լիազորված է տնօրինելու ծրագրի գործառնական ծախսերի ընթացիկ հաշիվը.

ժ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժա) մրցութային կարգով (բացառությամբ սպասարկող աշխատակազմի) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է ԾՎԿԳ-ի աշխատողներին.

ժբ) ԾՎԿԳ-ի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, փոխառության համաձայնագրով, սույն կանոնադրությամբ, գլխավոր գործակալության և ԳԶՄՀ-ի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ:

23. ԾՎԿԳ-ի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է հիմնադրի և ԳԶՄՀ-ի կողմից սահմանված կարգով:


V. ԾՎԿԳ-Ի ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ


24. ԾՎԿԳ-ի աշխատակազմի աշխատողներն աշխատանքի են նշանակվում տնօրենի կողմից` պայմանագրային հիմունքներով:

25. ԾՎԿԳ-ի աշխատակազմի աշխատողների ընտրությունը կատարվում է տնօրենի կողմից` ազատ հաստիքների համար հրապարակային հայտարարությունից հետո:

26. ԾՎԿԳ-ի աշխատակազմը (բացառությամբ սպասարկող աշխատակազմի) նշանակումից առաջ պետք է հաստատվի ԳԶՄՀ-ի կողմից:

 

VI. ԾՎԿԳ-Ի ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

27. ԾՎԿԳ-ն իր հիմնադրից առանձնացված գույք չունի: ԾՎԿԳ-ի գույքը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին:

28. ԾՎԿԳի գույքային իրավունքների օբյեկտներն են`

ա) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները,

բ) աշխատանքները և ծառայությունները,

գ) տեղեկատվությունը,

դ) ոչ նյութական արժեքները:

29. ԾՎԿԳ-ի գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:


VII. ԾՎԿԳ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ


30. ԾՎԿԳ-ի գործունեությունը կարող է դադարել ծրագրի ավարտից հետո` հիմնադրի որոշմամբ` ԳԶՄՀ-ի նախնական համաձայնության դեպքում:

31. ԾՎԿԳ-ի կազմակերպության գործունեության դադարման մասին հիմնադրի կողմից որոշման ընդունումից հետո ստեղծվում է լուծարման հանձնաժողով, սահմանվում լուծարման կարգն ու ժամկետները: ԾՎԿԳ-ի լուծարման ժամկետը չի կարող 2 ամսվանից պակաս լինել:

32. ԾՎԿԳ-ի գործունեությունը համարվում է դադարած` հիմնադրի սահմանած օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան