Գլխավոր տեղեկություն
Համար
N 433-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2003-09.06.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.05.29/30(265) Հոդ.451
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.04.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.05.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 մայիսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2003 թվականի N 433-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. ապրիլի 23
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
ապրիլի 17-ի N 433-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը:

Ծառայությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Ազգային անվտանգության մարմինների մասին» և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով ու իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

Ծառայությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով:

Ծառայության գործունեության ընդհանուր ղեկավարումն իրենց իրավասությունների սահմաններում իրականացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության վարչապետը:

2. Ծառայությունը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման՝ իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծման համար, որոշում է համակարգի մարմինների գործունեության առաջնային ուղղությունները, ռազմավարությունը, գործելակերպը, մշակում և իրագործում է աշխատանքի կատարելագործման համալիր ծրագրերը:

3. Ծառայությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ազգային անվտանգության խնդիրներին առնչվող՝ հետախուզական գործունեություն ծավալող բոլոր պետական մարմինների և ստորաբաժանումների աշխատանքի օպերատիվ ղեկավարումը:

Ծառայությունը հանրապետական գաղտնագրային և ծածկագրային կենտրոնական մարմին է:

Ծառայությունն իր իրավասության սահմաններում հանդիսանում է հատուկ նշանակության հողերի պետական կառավարման լիազոր մարմին:

4. Ծառայությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ և պարտականություններ, ինչպես նաև՝ հանդես գալ դատարանում:

Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ, դրոշ և անհատականացման այլ միջոցներ:

5. Ծառայությունը միասնական կենտրոնացված համակարգ է, որի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինները (այսուհետ՝ ազգային անվտանգության մարմիններ), ազգային անվտանգության մարմինների առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման նպատակով ստեղծված հատուկ նշանակության և այլ ստորաբաժանումներ, կազմակերպություններ: Ծառայության համակարգում են գտնվում սահմանապահ զորքերը:

Ծառայության կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Ծառայության նպատակները և խնդիրներն են՝

ա) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի ապահովումը, հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը.

բ) Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ու ամրապնդման, տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման նպատակով հետախուզական տեղեկությունների հավաքումը.

գ) ռազմաարդյունաբերական համալիրի, ատոմային էներգետիկայի, տրանսպորտի, կապի, էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության, ռազմավարական օբյեկտների, ինչպես նաև առաջնային նշանակության գիտական մշակումների ոլորտում անվտանգության ապահովումը.

դ) Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ու կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական և այլ քայքայիչ գործունեության բացահայտումը, կանխումն ու խափանումը.

ե) իր իրավասության սահմաններում հանցագործությունների բացահայտումը, կանխումը և խափանումը, դրանց հետաքննության ու նախաքննության կատարումը, հանցագործություններ կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետախուզումը.

զ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության քաղաքացիական պաշտպանության զորամասում, այլ զինվորական կազմավորումներում ու դրանց կառավարման մարմիններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պետական մարմիններում անվտանգության ապահովումը.

է) Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ու, նրանց հանձնարարությամբ, պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմիններին Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին իրազեկումը.

ը) իր իրավասության սահմաններում օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների գործունեության անվտանգության ապահովումը.

թ) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անվտանգության ապահովումը.

ժ) սեփական անվտանգությունն ապահովող միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը (այդ թվում՝ ծառայության համակարգում օտարերկրյա պետությունների տեխնիկական հետախուզության միջոցներին հակազդելը).

ժա) Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովումը և իր իրավասության սահմաններում պայքարը տնտեսական հանցագործությունների դեմ.

ժբ) Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության միջոցառումների իրականացումը.

ժգ) այլ պետական մարմինների հետ համագործակցելով՝ կազմակերպված հանցագործության, կոռուպցիայի, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններում առանձնապես խոշոր չափերի կաշառակերության, օտարերկրյա պետությունների հետ զենքի ու թմրանյութերի անօրինական շրջանառության, մաքսանենգության, անօրինական զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու և փոխելու նպատակ հետապնդող առանձին անձանց ու կազմակերպությունների դեմ պայքարի միջոցառումների մշակումը և իրականացումը.

ժդ) ահաբեկչական գործողությունների բացահայտումը, կանխումը և խափանումը.

ժե) մասնակցությունը պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պահպանության միջոցառումների մշակմանն ու իրականացմանը, պետական մարմիններում, զինվորական կազմավորումներում, կազմակերպություններում՝ պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պահպանության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը, քաղաքացիներին պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տալու հետ կապված միջոցառումների՝ սահմանված կարգով իրականացումը.

ժզ) իր իրավասության սահմաններում՝ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների և քաղաքացիների անվտանգության ապահովման միջոցառումների իրականացումը.

ժէ) հաղորդող ռադիոէլեկտրոնային միջոցների ռադիոտվյալների և ռադիոառաքումների գրանցման ու կենտրոնացված հաշվառման իրականացումը, ռադիոհսկողության միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հաղորդող ռադիոէլեկտրոնային միջոցների, ռադիոսարքավորումների բացահայտումը.

ժը) ռադիոհաճախականությունների բաշխումը և նշանակումը տնօրինող կազմակերպություններից ռադիոհաճախականությունների տիրույթների ստացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպություններից կապի գծերի ու կապուղիների վարձակալումը՝ Հայաստանի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս կառավարական կապի ու հատուկ կապի այլ տեսակների բացառիկ օգտագործման համար.

ժթ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Նախագահին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին կառավարական կապով և հատուկ կապի այլ տեսակներով ապահովումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ու օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններում գաղտնագրային և ծածկագրային կապի կրիպտոգրաֆիկական ու տեխնիկական անվտանգության կազմակերպումը, այդ գործունեության նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը, մասնակցությունը Հայաստանի Հանրապետության տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերում պետական տեղեկատվական պաշարների պաշտպանության, տեխնիկական հետախուզություններին հակազդման բնագավառներում պետական քաղաքականության մշակմանը և դրա իրացմանը:

 

III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Ծառայությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) հակահետախուզական գործունեության կազմակերպում ու իրականացում, հակահետախուզական միջոցառումների անցկացման և դրանք իրականացնելիս գաղտնի մեթոդների ու միջոցների օգտագործման կարգի որոշում, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կողմից օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններ և կազմակերպություններ ներթափանցման կարգի սահմանում.

բ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զինվորական կազմավորումների, ինչպես նաև դրանց կառավարման մարմինների մարտունակության և մարտական պատրաստության պահպանմանն ու ամրապնդմանն աջակցություն.

գ) ազգային անվտանգության մարմինների առջև դրված խնդիրների լուծման նպատակով դրա համար համաձայնություն տված անձանց հետ գաղտնի հիմունքներով համագործակցություն.

դ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի մասին տեղեկատվության ստացում, մշակում, վերլուծում և իրացում, այդ վտանգի կանխատեսում.

ե) այլ պետական մարմինների հետ համատեղ՝ հասարակական-քաղաքական, կրոնական և այլ զանգվածային միջոցառումների անվտանգության ապահովում.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու և նրա սահմաններից դուրս գալու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ռեժիմին վերաբերող հարցերի լուծմանն աջակցություն.

է) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների մոբիլիզացիոն պատրաստվածության ապահովում.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության ժամանակ իրականացվող միջոցառումներին մասնակցություն.

թ) ծառայության մարմինների գործունեության համակարգման և արդյունքների ամփոփման համար կապի, տեղեկատվական և տվյալների փոխանցման համակարգերի, տեղեկատվության պաշտպանության միջոցների (այդ թվում՝ նաև կրիպտոգրաֆիկական պաշտպանության միջոցներ) ստեղծում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ծառայության գործունեությանը վերաբերող օպերատիվ, արխիվային և այլ նյութերի հաշվառման, պահպանման ու օգտագործման կարգի սահմանում.

ժ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի ընդհանրացում, դրա կատարելագործման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելը, համապատասխան նորմատիվ ակտերի նախագծերի նախապատրաստմանը մասնակցություն, իր գործունեության իրավական ապահովումը կազմակերպելիս ազգային անվտանգության մարմինների մեթոդական ղեկավարման իրականացում.

ժա) ազգային անվտանգության մարմիններում իսկական և պայմանական անվանումների կիրառման և շնորհման կարգի սահմանում.

ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ծառայության մարմիններում գործավարության և արխիվային գործի կազմակերպման միասնական պահանջների սահմանում.

ժգ) մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով ազգային անվտանգության մարմինների գործունեությանը վերաբերող հրապարակումների և հաղորդումների կազմակերպում.

ժդ) օրենքով սահմանված կարգով տեղեկատվության անվտանգության ոլորտում պետական վերահսկողության իրականացում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանվող տեղեկատվության գաղտնագրային, ծածկագրային և տեխնիկական պաշտպանության միջոցների մշակմանը, արտադրմանը, իրացմանը, շահագործմանը, ներմուծմանն ու արտահանմանն ուղղված գործունեության համակարգում, Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական հետախուզություններին հակազդման կազմակերպման միասնական կարգի սահմանում.

ժե) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններում տեխնիկական հետախուզություններին հակազդման հատուկ միջոցառումների կազմակերպում, իրականացում և վերահսկում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերի ներդրման, ծրագրային ուղեկցման, պաշտպանական միջոցների փորձաքննության իրականացման ապահովում.

ժզ) օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների քայքայիչ գործունեության հակազդման հիմնահարցերին վերաբերող գիտական հետազոտությունների կազմակերպում և իրականացում.

ժէ) ազգային անվտանգության մարմիններում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման կազմակերպում.

ժը) Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման պետական ծրագրերի մշակմանն ու իրացմանը մասնակցություն, երկրում ներքաղաքական, սոցիալ-տնտեսական և քրեածին իրավիճակի զարգացման կանխագուշակումների հիման վրա Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգի կանխման ու չեզոքացման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

ժթ) հանցավոր ոտնձգություններից ազգային անվտանգության մարմինների զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի, այդ մարմիններին աջակցող անձանց, ազգային անվտանգության մարմինների քննչական ենթակայությանը վերապահված գործերով քրեական դատավարության մասնակիցների, նրանց ընտանիքների անդամների և հարազատների կյանքի, առողջության, պատվի ու արժանապատվության, ինչպես նաև գույքի պաշտպանության ապահովում.

ի) իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակմանը և կնքմանը մասնակցություն, քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքում.

իա) քաղաքացիների ընդունելության կազմակերպում, իր իրավասության սահմաններում նրանց առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկում.

իբ) ազգային անվտանգության մարմիններում աշխատող անձանց, ազգային անվտանգության մարմինների ստորաբաժանումների, շինությունների և տրանսպորտային միջոցների քողարկման նպատակով այլ նախարարությունների, այլ պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների փաստաթղթերի օգտագործում.

իգ) օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, կազմակերպությունների համար հատուցմամբ կամ անհատույց կադրերի պատրաստում, եթե դա չի հակասում ազգային անվտանգության մարմինների գործունեության սկզբունքներին.

իդ) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, հաստիքային գաղտնի աշխատողներին և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից ստեղծված կազմակերպությունները, հիմնարկները, շահագործվող շինությունները, հատուկ տեխնիկական և տրանսպորտային միջոցները քողարկող փաստաթղթերի՝ սահմանված կարգով պատրաստում.

իե) սպառազինության և հատուկ տեխնիկայի, ստեղծվող սպառազինությանն ու հատուկ տեխնիկային ներկայացվող տեխնիկական պահանջների մշակմանը մասնակցություն, սպառազինության և հատուկ տեխնիկայի կուտակման, պահպանման ու վերանորոգման, ինչպես նաև դրանց մատակարարման և վերանորոգման պատվերների տեղաբաշխման իրականացում.

իզ) իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա, օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների հետ համագործակցություն, ծառայության գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով, փոխգործակցության հիման վրա, նրանց հետ օպերատիվ տեղեկությունների, հատուկ տեխնիկական և այլ միջոցների փոխանակում.

իէ) իր իրավասության սահմաններում հատուկ նշանակության հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի սահմանում.

իը) հատուկ նշանակության հողերի օգտագործման կարգի, պաշտպանական գոտիների, հատուկ կարգավորման դրույթների, քաղաքաշինական գործունեություն ծավալելու կարգի վերաբերյալ առաջարկություններ մշակելը և ներկայացնելը.

իթ) պետական մարմիններից և կազմակերպություններից ազգային անվտանգության մարմինների վրա դրված պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկությունների ստացում.

լ) Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան՝ այլ գործառույթների իրականացում:

 

IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Ծառայությունը գլխավորում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Տնօրենն ունի մեկ առաջին տեղակալ և տեղակալներ: Նրանց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Տնօրենն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

9. Տնօրենն իրականացնում է ծառայությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման համար:

10. Տնօրենը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

11. Տնօրենը՝

ա) կազմակերպում և ղեկավարում է ծառայության գործունեությունը.

բ) պատասխանատու է ծառայության և համակարգի մարմինների առջև դրված խնդիրների իրականացման համար.

գ) սահմանում է տնօրենի տեղակալների, ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունները և պատասխանատվության աստիճանը.

դ) կատարում է պարտականությունների բաշխում տնօրենի տեղակալների միջև.

ե) հաստատում է ծառայության կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների, ինչպես նաև կազմակերպությունների կանոնադրությունները.

զ) ներկայացնում է ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններում.

է) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ազգային անվտանգության համակարգի համար, կազմակերպում է դրանց կատարման ստուգումը.

ը) դադարեցնում է ծառայության կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների, համակարգի կազմակերպությունների ղեկավարների իրավական ակտերի գործողությունը.

թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ծառայության աշխատողներին պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.

ժ) ծառայության աշխատողներին պարգևատրելու համար հիմնում է կրծքանշաններ, հաստատում կրծքանշանների կանոնադրությունը և դրանց նկարագրությունը.

ժա) իր իրավասության սահմաններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ազգային անվտանգության մարմինների ղեկավար կազմին, զինվորական ծառայությունից արձակում է ազգային անվտանգության մարմինների զինծառայողներին.

ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ ազգային անվտանգության մարմինների հաստիքացուցակները հաստատելու վերաբերյալ.

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է ազգային անվտանգության մարմինների գործունեության ապահովման համար անհրաժեշտ կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման հարցերը.

ժդ) սահմանում է ազգային անվտանգության մարմինների գիտահետազոտական, ռազմաբժշկական ստորաբաժանումների և կազմակերպությունների զինծառայողների, քաղաքացիական անձնակազմի, ինչպես նաև ծառայողական շինություններն ու շենքերը շահագործող, պահպանող և սպասարկող անձնակազմի անդամների թիվը՝ այդ նպատակների համար ծառայությանը հատկացված միջոցների սահմաններում.

ժե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ազգային անվտանգության մարմինների զինծառայողներին, թողնելով զինծառայության մեջ, գործուղում է այլ նախարարություններ, այլ պետական կառավարման մարմիններ, կազմակերպություններ և ուսումնական հաստատություններ.

ժզ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրությանը համապատասխան՝ խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում ծառայության համակարգի զինծառայողներին.

ժէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ որոշում է ծառայության զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի՝ համատեղությամբ աշխատանքի պայմանները.

ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ծառայության զինծառայողներին ու աշխատողներին թույլատրում է դուրս գալ Հայաստանի Հանրապետության սահմաններից.

ժթ) հանդիսանում է ծառայությանը հատկացված ֆինանսական միջոցների (այդ թվում՝ արտարժութային) կարգադրիչը.

ի) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սահմանված կարգով զինվորական ծառայության է ընդունում ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է որոշում նրանց աշխատանքային ստաժը երկարամյա ծառայության մեջ հաշվարկելու վերաբերյալ, ինչպես նաև ազգային անվտանգության մարմիններում զինվորական ծառայության է ընդունում զինապարտներին ու պահեստազորում չգտնվող կանանց.

իա) սահմանված կարգով շնորհում է զինվորական կոչումներ՝ մինչև գնդապետի կոչումը ներառյալ, միջնորդություն է հարուցում ծառայության ղեկավար աշխատողներին զինվորական բարձրագույն կոչումներ շնորհելու վերաբերյալ.

իբ) ծառայության ղեկավար կազմի բարձր որակավորում ունեցող զինծառայողների համար սահմանում է անհատական պաշտոնային դրույքաչափեր.

իգ) հաստատում է ծառայության գիտատեխնիկական խորհրդի կազմն ու խորհրդի կանոնադրությունը.

իդ) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում ծառայության զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի անդամների թվի, ինչպես նաև դրա կառուցվածքի փոփոխությունների վերաբերյալ.

իե) ծառայության զինծառայողներին և քաղաքացիական անձնակազմին, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների առջև դրված խնդիրների լուծմանն աջակցած անձանց պարգևատրելու համար ունի պարգևատրման ու նվիրատվության միջոցներ (այդ թվում՝ հրազեն և սառը զենք).

իզ) իր իրավասության սահմաններում որոշում է ազգային անվտանգության մարմինների կողմից օտարերկրյա պետությունների հատուկ ծառայություններին ու իրավապահ մարմիններին օպերատիվ տեղեկատվության, հատուկ տեխնիկական և այլ միջոցների փոխանցման կարգը.

իէ) որոշում է ազգային անվտանգության մարմինների կողմից հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական և հետախուզական գարծունեություն իրականացվելիս օպերատիվ միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծախսման չափն ու կարգը.

իը) ընդունում է որոշում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների պատվիրակություններն ընդունելու, ինչպես նաև ծառայության պատվիրակություններն օտարերկրյա պետություններ ուղարկելու մասին.

իթ) հաստատում է ծառայության կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների կառուցվածքները.

լ) սահմանում է ծառայության կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների պետերի ու նրանց տեղակալների գործառնական պարտականությունները.

լա) ծառայության պաշտոնական ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործուղում է օտարերկրյա պետություններ՝ այդ պետությունների հատուկ ծառայությունների կամ իրավապահ մարմինների համաձայնությամբ միջազգային բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով.

լբ) օրենքի համաձայն ծառայության համակարգի աշխատողների համար սահմանում է սոցիալական պաշտպանվածության այլ երաշխիքներ՝ կապված նրանց ծառայության առանձնահատկությունների հետ.

լգ) թույլատրում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների համար պայմանագրային հիմունքներով կադրերի պատրաստումը.

լդ) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

լե) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

լզ) իրականացնում է վերահսկողություն ծառայությանն ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

լէ) ծառայության աշխատողներին թույլատրում է սովորել իրենց զինվորական մասնագիտությանը կամ իրենց կատարած աշխատանքին բնույթով մոտ մասնագիտական գիտելիքների խորացմանը նպաստող հեռակա ուսուցմամբ ուսումնական հաստատություններում.

լը) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

լթ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

12. Տնօրենի բացակայության ժամանակ, նրա հրամանով, տնօրենի պարտականությունները կատարում է տնօրենի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տեղակալներից մեկը:

13. Ծառայության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների հաշվին:

14. Ծառայության գլխավոր ֆինանսիստի պարտականությունները տնօրենի հրամանով դրվում են ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի վրա:

15. Ծառայության գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է ծառայության ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է տնօրենի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

16. Ծառայության գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, ծառայության ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԸ

 

17. Ծառայության հիմնական կադրերը նրա զինծառայողներն են: Բացառիկ դեպքերում ծառայությունում պայմանագրային հիմունքներով կարող են աշխատանքի ընդունվել ծառայողներ և բանվորներ (քաղաքացիական անձնակազմ): Ծառայության զինծառայողները ծառայությունում զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք են (սպաներ, ենթասպաներ և շարքայիններ): Ծառայության պահեստազոր արձակված զինծառայողները մտնում են ծառայության կամ զինված ուժերի պահեստազորի մեջ:

18. Ծառայության զինծառայողները զինվորական ծառայություն են անցնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

19. Ծառայությունում պայմանագրային կարգով սպասարկման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և ծառայության գերատեսչական նորմատիվ ակտերով:

20. Ծառայության աշխատողներին թույլատրվում է սահմանված կարգով պահել, կրել, գործադրել հաշվեցուցակային զենք և հատուկ միջոցներ:

21. Ծառայության կադրերի պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան