ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
11 հուլիսի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ 2000 թվականի փետրվարի 2-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագրի նպատակը փոխադարձ առևտրատնտեսական կապերի ամրապնդման և գիտատեխնիկական ու մշակութային համագործակցության զարգացման համար իրավական դաշտի ստեղծումն է: Համաձայնագրով Կողմերը պարտավորվել են աջակցել տնտեսական հարաբերությունների զարգացմանը` ուղղված ապրանքաշրջանառության և մատուցվող ծառայությունների ծավալի մեծացմանը, ինչպես նաև միմյանց համար ստեղծել առավել բարենպաստ ռեժիմ` առևտրի և առևտրատնտեսական համագործակցության այլ ձևերի նկատմամբ: Կողմերը պարտավորվել են նաև` համատեղ ձեռնարկատիրական գործունեության զարգացման նպատակով ստեղծել բարենպաստ պայմաններ, չկիրառել խտրական միջոցներ, տնտեսական և գիտատեխնիկական գործունեության ընթացքում (այդ թվում` առևտրի, ներդրումների, հարկման, բանկային ու ապահովագրական գործունեության և այլ ֆինանսական ծառայությունների) միմյանց տրամադրել նորմատիվային ակտեր, ապահովել առևտրական, արդյունաբերական և մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը:
Համաձայնագրով հաստատվում է Կողմերի շահագրգռվածությունը կապիտալի շարժի համար բարենպաստ պայմանների ստեղծման, կարևորագույն նախագծերի և ազատ տնտեսական գոտիների իրականացման, սեփականաշնորհման հարցերում: Համաձայնագիրը նախատեսել է, որ Կողմերն ուշադրություն կդարձնեն գիտնականների, գիտական կազմակերպությունների և ձեռնարկությունների միջև կապերի ու համագործակցության զարգացմանը, այդ թվում` գիտատեխնիկական հիմնախնդիրների մշակման և հետազոտական նախագծերի իրականացման համար գիտական կոլեկտիվների ստեղծմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ 2000 թվականի փետրվարի 2-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|