Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-241
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2001/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
11.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2000

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

11 հուլիսի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ 2000 թվականի փետրվարի 2-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասին» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագրի նպատակը փոխադարձ առևտրատնտեսական կապերի ամրապնդման և գիտատեխնիկական ու մշակութային համագործակցության զարգացման համար իրավական դաշտի ստեղծումն է: Համաձայնագրով Կողմերը պարտավորվել են աջակցել տնտեսական հարաբերությունների զարգացմանը` ուղղված ապրանքաշրջանառության և մատուցվող ծառայությունների ծավալի մեծացմանը, ինչպես նաև միմյանց համար ստեղծել առավել բարենպաստ ռեժիմ` առևտրի և առևտրատնտեսական համագործակցության այլ ձևերի նկատմամբ: Կողմերը պարտավորվել են նաև` համատեղ ձեռնարկատիրական գործունեության զարգացման նպատակով ստեղծել բարենպաստ պայմաններ, չկիրառել խտրական միջոցներ, տնտեսական և գիտատեխնիկական գործունեության ընթացքում (այդ թվում` առևտրի, ներդրումների, հարկման, բանկային ու ապահովագրական գործունեության և այլ ֆինանսական ծառայությունների) միմյանց տրամադրել նորմատիվային ակտեր, ապահովել առևտրական, արդյունաբերական և մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը:

Համաձայնագրով հաստատվում է Կողմերի շահագրգռվածությունը կապիտալի շարժի համար բարենպաստ պայմանների ստեղծման, կարևորագույն նախագծերի և ազատ տնտեսական գոտիների իրականացման, սեփականաշնորհման հարցերում: Համաձայնագիրը նախատեսել է, որ Կողմերն ուշադրություն կդարձնեն գիտնականների, գիտական կազմակերպությունների և ձեռնարկությունների միջև կապերի ու համագործակցության զարգացմանը, այդ թվում` գիտատեխնիկական հիմնախնդիրների մշակման և հետազոտական նախագծերի իրականացման համար գիտական կոլեկտիվների ստեղծմանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ 2000 թվականի փետրվարի 2-ին Երևանում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


11 հուլիսի 2000 թվականի
ՍԴՈ-241