ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 դեկտեմբերի 1991 թվականի N 697
քաղ. Երևան
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆԵՐԻՆ ԵՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով ԽՍՀՄ ճյուղային նախարարությունների և գերատեսչությունների տարբեր տեսակի տնտեսական ասոցիացիաների (միավորումներ, կոնցեռններ, կոնսորցիումներ, կորպորացիաներ և այլն), բաժնետիրական ընկերությունների և այլ ձեռնարկությունների վերակազմավորման գործընթացը, ու այդ կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության առանձին պետական ձեռնարկությունների անդամակցության նպատակահարմարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկություններին անդամակցել այլ պետությունների տարածքում գործող տնտեսական ասոցիացիաներին (միավորումներին, կոնցեռններին, կոնսորցիումներին, կորպորացիաներին և այլն) և այլ տեսակի միջպետական ձեռնարկություններին միայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և այն նախարարության կամ գերատեսչության համաձայնությամբ, որի ենթակայության տակ է գտնվում տվյալ ձեռնարկությունը:
2. Միջպետական ձեռնարկություններին Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների անդամակցումը չի կարող իրականացվել նրանց իրավական կարգավիճակի, գույքային իրավունքների, կազմակերպական և արտադրատնտեսական ինքնուրույնության սահմանափակմամբ:
3. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունները իրավունք ունեն անդամակցելու միջպետական ձեռնարկություններին ինչպես ուղղակի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարածքում նրանց կողմից ստեղծված ասոցիացիաների և այլ տեսակի ձեռնարկությունների միջոցով:
4. Միջպետական ձեռնարկությանը անդամակցելու մասին պայմանագրում Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկության համար պետք է նախատեսված լինի միջպետական ձեռնարկությունից վերջինիս դուրս գալու իրավունքը, կարգն ու պայմանները:
5. Առանց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և այն նախարարության կամ գերատեսչության թույլտվության, որի ենթակայության տակ է գտնվում հանրապետության պետական ձեռնարկությունը, վերջինս չի կարող ընդունել պետական պատվերներ, ստանալ ֆինանսական միջոցներ հանրապետությունից դուրս գտնվող պետական ֆինանսավորման աղբյուրներից և այդ ձեռնարկությունում չի կարող ներդրվել այլ պետությունների կապիտալ (կենտրոնացված կապիտալ ներդրումներ):
6. Միջպետական ձեռնարկություններին անդամակից Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների արտադրանքի մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման արտահանման մասին պայմանագրերի կնքման և կատարման ժամանակ պահպանվում են արտահանման լիցենզավորման, արտահանման և ներմուծման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
7. Հարկային քաղաքականության, ներառյալ ֆինանսական կարգավորման այլ միջոցների կիրառումը, ինչպես նաև միջպետական ձեռնարկություններին անդամակից Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների բյուջեների հետ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
8. Միջպետական ձեռնարկություններին անդամակից Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների լուծարումը կատարվում է համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության` լիազորված մարմինների կողմից:
9. Միջպետական ձեռնարկություններին անդամակից պետական ձեռնարկությունների նկատմամբ հակամենաշնորհային միջոցները իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
10. Միջպետական ձեռնարկություններին անդամակից Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը և ապապետականացումը կատարվում է միայն Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների որոշմամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
11. Միջպետական ձեռնարկություններին անդամակցելու մասին հիմնադիր պայմանագրերի կնքման և անդամակցող պետական ձեռնարկությունների մասին կանոնադրությունների հաստատման ժամանակ սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ինչպես նաև այն նախարարության կամ գերատեսչության վրա, որի ենթակայության տակ է գտնվում միջպետական ձեռնարկությանը անդամակցող Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |