ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1999-2001 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿԱՆ ԱԼՄԱՍՏՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
24 դեկտեմբերի 1999 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1999-2001 թվականներին Հայաստանի Հանրապետությանը բնական ալմաստներ մատակարարելու մասին 1998 թվականի նոյեմբերի 26-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված` 13.12.1999 թ.):
Ծանոթանալով սույն գործով զեկուցող` Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդմանը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությանը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագիրն ստորագրվել է 1998 թվականի նոյեմբերի 26-ին` Մոսկվայում: Համաձայնագրի նպատակը 1999-2001 թվականներին Հայաստանի Հանրապետությանը բնական ալմաստներ մատակարարելն է: 1999 թվականին ալմաստի մատակարարման ծավալները նախատեսված են համաձայնագրի անբաժանելի մաս կազմող հավելվածում: Ըստ համաձայնագրի` ալմաստի հետագա մատակարարումների ծավալները քննարկվելու են ամեն տարի` ալմաստի հումքի արտահանման քվոտաների մասին Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշման ընդունումից հետո, իսկ յուրաքանչյուր տարվա քվոտայի վերաբերյալ պայմանավորվածությունը ձևակերպվելու է արձանագրությամբ, որը պետք է համարվի համաձայնագրի անբաժանելի մասը: Համաձայնագրով Հայկական կողմը պարտավորվել է չկատարել ալմաստների վերարտահանում, ինչպես նաև բնական ալմաստների մատակարարումների շրջանառությունն ազատել ավելացված արժեքի հարկից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 1999-2001 թվականներին Հայաստանի Հանրապետությանը բնական ալմաստներ մատակարարելու մասին 1998 թվականի նոյեմբերի 26-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|