«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11707011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 նոյեմբերի 2006 թ. |
N 273-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշմամբ սահմանված հավելվածի 10-րդ կետը.
Հրամայում եմ`
Հաստատել բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները` համաձայն հավելվածի:
Նախարար` |
Ա. Հարությունյան |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՈՂ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
«Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնները» (այսուհետ` Կանոններ) մշակվել են ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 21-ի N 812 որոշմամբ հաստատված «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգի» (այսուհետ` ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 21-ի N 812 որոշում) 10-րդ կետով սահմանված դրույթների համաձայն: Սույն Կանոնները նախատեսված են ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կիրառման համար և սահմանում են բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի (այսուհետ` Նախագծային փաստաթղթեր) կազմին և բովանդակությանը ներկայացվող հիմնական պահանջները:
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Նախագծային փաստաթղթերի մշակումն իրականացվում է ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 21-ի N 812 որոշմամբ սահմանված կարգով, ՀՀ տարածքում գործող շինարարական նորմերով և սույն Կանոններով:
Նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք են հանդիսանում`
ա) ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 29-ի N 1473-Ն որոշմամբ հաստատված «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգով» (այսուհետ` ՀՀ կառավարության 2002 թ. օգոստոսի 29-ի N 1473-Ն որոշում) տրված ճարտարապետահատակագծային
առաջադրանքը,
բ) պատվիրատուի կողմից սահմանված կարգով կազմված նախագծային առաջադրանքը,
գ) վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող և արդիականացվող օբյեկտների նախագծային փաստաթղթերի մշակման դեպքում` դրանց տեխնիկական վիճակի մասին եզրակացությունը,
դ) ինժեներաերկրաբանական հետազննման նյութերը, իսկ ՀՀ կառավարության 2003 թ. սեպտեմբերի 4-ի N 1530-Ն որոշմամբ հաստատված «Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննության կարգով» սահմանված դեպքերում` նաև դրանց փորձաքննության եզրակացությունը,
ե) ինժեներական ցանցերին միանալու տեխնիկական պայմաններն ու ելակետային այլ նյութերը:
Պատմամշակութային անշարժ հուշարձանների վերականգնման նախագծային փաստաթղթերը մշակվում են ՀՀ կառավարության 2002 թ. ապրիլի 20-ի N 438 որոշմամբ հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգով» սահմանված պահանջներին համապատասխան:
Նախագծային փաստաթղթերի մշակումը, փորձաքննությունը, համաձայնեցումը, հաստատումն ու փոփոխումն իրականացվում են ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 21-ի N 812 որոշմամբ սահմանված կարգով և 2002 թ. փետրվարի 2-ի N 96 որոշմամբ հաստատված «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգի» համաձայն:
3. ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
3.1. ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 21-ի N 812 որոշման համաձայն` Նախագծային փաստաթղթերը` կախված նախագծվող օբյեկտի ծավալից, նշանակությունից, կարևորությունից և բարդությունից կարող են մշակվել մեկ` «Աշխատանքային նախագիծ», կամ երկու` «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերով:
ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 21-ի N 812 որոշմամբ սահմանված դեպքերում` ճարտարապետահատակագծային առաջադրանքով և (կամ) նախագծային կապալի պայմանագրով կարող է նախատեսվել նախագծային փաստաթղթերի մշակման «Էսքիզային նախագիծ» փուլ:
3.2. Էսքիզային նախագիծ - ԷՆ
3.2.1. Էսքիզային նախագիծը մշակվում է օբյեկտի ծավալատարածական և ճարտարապետահատակագծային լուծումները պատվիրատուի և իրավասու մարմնի հետ նախնական համաձայնեցման համար։
Նախագծային կապալի պայմանագրով նախատեսված դեպքերում կարող են մշակվել նախագծային լուծումների էսքիզային տարբերակներ, որոնցից լավագույնն ընտրվում է նախագծի հետագա մշակման համար:
3.2.2. «Էսքիզային նախագիծ» փուլի կազմում ընդգրկվում են`
ա) ընդհանուր բացատրագիրը` նախագծվող օբյեկտի քաղաքաշինական, ծավալատարածական և հատակագծային լուծումների, տեխնիկատնտեսական ցուցանիշների, ընդունված կոնստրուկտիվ լուծումների հիմնավորումներով,
բ) իրադրային հատակագիծը` Մ 1։2000,
գ) գլխավոր հատակագծի ուրվագիծը, տեղագրական հանույթի հիմքի վրա օբյեկտի տեղադրումով` Մ 1։500,
դ) նախագծվող օբյեկտի չկրկնվող հարկերի հատակագծերի, ճակատների, կտրվածքների և կոնստրուկտիվ լուծումների ուրվագծերը` Մ 1։200,
ե) տարածքի բարեկարգման ուրվագիծը (կապը շրջակա կառուցապատման հետ),
զ) այլ նախագծային և ցուցադրական նյութեր և մանրակերտ (պայմանագրով նախատեսված դեպքերում)։
3.3. Նախագիծ - Ն
3.3.1. Նախագծային փաստաթղթերի երկու փուլով մշակման դեպքում «Նախագիծը» հաստատվող փուլ է համարվում և կարող է մշակվել համաձայնեցված էսքիզային նախագծի հիման վրա։
ՀՀ կառավարության 2002 թ. փետրվարի 2-ի N 91 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգի» (այսուհետ` ՀՀ կառավարության 2002 թ. փետրվարի 2-ի N 91 որոշում) համաձայն` «Նախագիծ» փուլի հիման վրա կարող է տրվել շինարարության թույլտվություն համապատասխան նշումով` շինարարական աշխատանքների (նախապատրաստական, հողային, շինմոնտաժային աշխատանքներ և այլն) հաջորդական իրականացման վերաբերյալ:
Շինարարական աշխատանքները նշված եղանակով իրականացնելու դեպքում հաստատված «Նախագիծ» փուլի հիման վրա մշակվող աշխատանքային գծագրերը յուրաքանչյուր շինարարական աշխատանքի համար պետք է մշակվեն սույն Կանոններին համապատասխան` շինարարության համար անհրաժեշտ գծագրերի լրիվ կազմով:
3.3.2. «Նախագիծ» փուլի կազմում ընդգրկվում են`
ա) ընդհանուր բացատրագիրը` նախագծվող օբլեկտի քաղաքաշինական, ծավալատարածական, հատակագծային և ընդունված կոնստրուկտիվ լուծումների հիմնավորումներով ու տեխնիկատնտեսական ցուցանիշներով,
բ) իրադրային հատակագիծը` գոյություն ունեցող ստորգետնյա հաղորդակցուղիների և ցանցերի ուղեգծերով` Մ 1։2000,
գ) կառուցապատվող տարածքի գլխավոր հատակագիծը տեղագրական հանույթի հիմքի վրա նախագծվող օբյեկտի տեղադրումով և տեղակապումով` Մ 1։500, Մ 1:1000, Մ 1:2000,
դ) նախագծվող օբյեկտի հիմքերի հատակագիծը (հատակագծերը) կտրվածքներով և խորությունների նիշերով` Մ 1։100, Մ 1:200,
ե) նախագծվող օբյեկտի չկրկնվող հարկերի հատակագծերը (այդ թվում` նկուղային և տեխնիկական հարկերի, տեխնիկական ընդհատակի և ձեղնահարկի), տանիքի հատակագիծը. ճակատները, կտրվածքները` կրող և պարփակող կոնստրուկտիվ լուծումներով` Մ 1։100, Մ1:200,
զ) օբյեկտի կոնստրուկտիվ մշակումները (այդ թվում` ծածկերի հատակագծերը, կրող հիմնակմախքի ուրվագծերը` կրող տարրերի կաղապարային չափերի պատկերումով)` Մ 1։100, Մ 1:200,
է) ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 21-ի N 812 որոշմամբ սահմանված դեպքերում` շինարարության արժեքի նախահաշիվը, որի կազմում ներառվում են`
- շինարարության արժեքի ամփոփ նախահաշվային հաշվարկները, իսկ անհրաժեշտության դեպքում` ծախսերի ամփոփագիրը (այն դեպքերում, երբ կապիտալ ներդրումները կատարվում են տարբեր ֆինանսական աղբյուրներից),
- ըստ առանձին օբյեկտների և լոկալ նախահաշվային հաշվարկները,
- առանձին աշխատանքների նախահաշվային հաշվարկները (այդ թվում` նախագծային և հետախուզական աշխատանքների):
Նախահաշիվները կարող են հաշվարկվել խոշորացված ցուցանիշներով և նախագիծ-անալոգների ցուցանիշների հիման վրա` ուղղիչ գործակիցների կիրառմամբ,
ը) ինժեներական ենթակառուցվածքների ուրվագծային լուծումները` Մ 1:200, Մ 1:100,
թ) կառուցապատվող տարածքի բարեկարգման ուրվագիծը` Մ 1:500,
ժ) շինարարության կազմակերպման ուրվագիծը` շինարարության տևողության հաշվարկով:
3.4. Աշխատանքային փաստաթղթեր - ԱՓ
3.4.1. «Աշխատանքային փաստաթղթեր» փուլը մշակվում է հաստատված «Նախագիծ» փուլի հիման վրա և դրանով ընդունված լուծումներին համապատասխան: Այս փուլում մշակվում են շինարարական և մոնտաժային բոլոր տեսակի աշխատանքների աշխատանքային գծագրերն իրենց տեքստային մասով, ինչպես նաև շինարարական աշխատանքների նախահաշիվը` ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 21-ի և N 812 որոշմամբ սահմանված դեպքերում, որի կազմում ներառվում են`
- ամփոփ նախահաշիվը (անհրաժեշտության դեպքում` ծախսերի ցանկը),
- օբյեկտային և լոկալ նախահաշիվները (եթե դա նախատեսված է աշխատանքային կապալի պայմանագրով):
Աշխատանքային փաստաթղթերը մշակվում են սույն Կանոնների 4-րդ բաժնի պահանջներին համապատասխան և ընդգրկում են նախագծվող օբյեկտի տեխնոլոգիական և ինժեներական սարքավորումների, արտաքին և ներքին ցանցերի և համակարգերի իրականացման նախագծային լուծումները, շինարարության կազմակերպումը, շրջակա միջավայրի պահպանությունը, ինժեներատեխնիկական և հակահրդեհային միջոցառումները, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված միջոցառումները:
3.5. Աշխատանքային նախագիծ - ԱՆ
3.5.1. Նախագծային փաստաթղթերի մեկ փուլով մշակման դեպքում «Աշխատանքային նախագիծը» հաստատվող փուլ է համարվում: Այս փուլն իր մեջ ներառում է «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերով նախատեսված ճարտարապետական, շինարարական և մոնտաժային բոլոր աշխատանքային գծագրերը լրիվ կազմով և իրենց տեքստային մասերով:
4. ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄԸ
4.1. Բնակելի և հասարակական նշանակության շենքերի, շինությունների աշխատանքային փաստաթղթերը ներառում են հետևյալ բաժինները`
1. ընդհանուր բացատրագիր,
2. գլխավոր հատակագիծ և տրանսպորտ,
3. տեխնոլոգիական լուծումներ (բաժինը մշակվում է տեխնոլոգիական լուծումներ պահանջող հասարակական նշանակության և բազմաֆունկցիոնալ շենքերի ու շինությունների նախագծման դեպքում),
4. ճարտարապետաշինարարական լուծումներ,
5. ինժեներական սարքավորումներ, ցանցեր և համակարգեր,
6. շրջակա միջավայրի պահպանություն,
7. քաղաքացիական պաշտպանությանն ու արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված ինժեներատեխնիկական միջոցառումներ,
8. շինարարության կազմակերպում` շինարարության տևողության հաշվարկով,
9. նախահաշվային փաստաթղթեր (ՀՀ կառավարության 1998 թ. դեկտեմբերի 21-ի N 812 որոշմամբ սահմանված դեպքերում),
10. հիմնական շինարարական նյութերի, արտադրանքների կոնստրուկցիաների հավաք ամփոփագիր:
Բնակելի և հասարակական նշանակության շենքերի և շինությունների աշխատանքային փաստաթղթերի բաժինների կազմը և բովանդակությունը հետևյալն է`
4.1.1. Ընդհանուր բացատրագիր բաժնում ընդգրկվում են`
նախագծի մշակման հիմքը, նախագծման ելակետային տվյալները, նախագծվող օբյեկտի համար ընտրված հողատարածքի բնութագիրը (դրա տեղադրությունը, չափերը, ներկա վիճակը և նպատակային օգտագործումը), նախագծվող օբյեկտի հակիրճ բնութագիրը, տվյալներ օբյեկտի նախագծային հզորության (տարողունակություն, թողունակություն), անհրաժեշտ վառելիքի, էներգիայի և ջրի պահանջարկի մասին, շինարարարական աշխատանքների իրականացման հաջորդականության վերաբերյալ, նախագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները, տեղեկություններ ընդունված նախագծային լուծումների նախնական համաձայնեցումների վերաբերյալ, օբյեկտի տեխնիկական շահագործմանն ուղղված միջոցառումներ (բնակելի շենքերի կրկնակի օգտագործման տիպարային շարքի համար մշակվող նյութերի հիման վրա), բնակչության տեղաշարժման սահմանափակումներով խմբերի կենսագործունեության պայմանների ապահովմանն ուղղված անհրաժեշտ լուծումներ և մշակված փաստաթղթերի համապատասխանության հավաստումը ՀՀ գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերին:
4.1.2. Գլխավոր հատակագիծ և տրանսպորտ բաժինն ընդգրկում է
Տեքստային նյութեր`
գլխավոր հատակագծի աշխատանքային գծագրերի համար հիմք հանդիսացող փաստաթղթերի անվանումները, կոորդինատների ընդունված համակարգը և բարձրությունների նիշերը:
Նախագծվող օբյեկտի շինարարության և շինարարական հրապարակի տարածքի հակիրճ բնութագիրը, ընդունված լուծումների հիմնավորումն ու ցուցանիշներն ըստ համայնքի (բնակավայրի) և/կամ գոտիավորման նախագծի (դրա առկայության դեպքում), ներհրապարակային և արտահրապարակային տրանսպորտի ձևերը, հիմնական հատակագծային լուծումները, տեղեկություններ տարածքի բարեկարգման, ինժեներական ցանցերի և հաղորդակցուղիների տեղակայման վերաբերյալ և այլն:
Հիմնական գծագրեր`
ա) շենքի, շինության կամ դրանցից կազմված համալիրների իրադրային հատակագիծը`
Մ 1:500, Մ 1:1000, Մ 1:2000,
որի վրա նշվում են գոյություն ունեցող և նախագծվող արտաքին հաղորդակցուղիները, ինժեներական ցանցերը, հատուկ պահպանվող տարածքները, հողային զանգվածների քարտեզագրերը,
բ) տեղագրական հանույթի վրա նախագծվող օբյեկտի գլխավոր հատակագիծը`
Մ 1:500, Մ 1:1000, Մ 1:2000,
գոյություն ունեցող, նախագծվող (վերակառուցվող) և քանդման ենթակա շենքերի ու շինությունների տեղադրմամբ, շրջակա միջավայրի բարեկարգման տարրերը (զրուցարաններ, շվաքարաններ, շատրվաններ և այլն) և տարածքի կանաչապատման ուրվագիծը, ներհրապարակային ինժեներական ցանցերի և տրանսպորտային հաղորդակցուղիների տեղադրմանը վերաբերող լուծումները, տարածքի հատակագծման և նախագծվող օբյեկտների նախագծային նիշերով:
Տվյալ բաժնի աշխատանքային փաստաթղթերը մշակավում են համապատասխան նորմատիվային փաստաթղթերի պահանջների համաձայն:
4.1.3. Տեխնոլոգիական լուծումներ բաժինն ընդգրկում է
Տեքստային նյութեր`
նախագծվող օբյեկտի գործառական նշանակությունը, ըստ այդմ` ընդունված տեխնոլոգիական լուծումներին ու դրանց գործընթացներին վերաբերող որոշումների հակիրճ բնութագիրը, հիմնավորումը և համապատասխանությունը անվտանգության նորմերին, ինչպես նաև բնակչության տեղաշարժման սահմանափակումներով խմբերի համար բնակվելու և աշխատանքային բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումները։
Հիմնական գծագրեր`
օբյեկտի տեխնոլոգիական գործընթացների ուրվագծերը հիմնական սարքավորումների տեխնոլոգիական դասավորություններով ըստ հարկերի Մ 1:200, Մ 1:100:
4.1.4. Ճարտարապետաշինարարական լուծումներ բաժինն ընդգրկում է ճարտարապետական և շինարարական մասերն իրենց տեքստային և գրաֆիկական նյութերով համապատասխան նորմատիվային փաստաթղթերի պահանջների համաձայն:
Ճարտարապետական մաս
Տեքստային նյութեր`
տեղեկություններ օբյեկտի գլխավոր հատակագծի մշակման և դրա հիմնական ցուցանիշների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում` հատկացված տարածքում գոյություն ունեցող շենքերի քանդման կամ դրանց տեղափոխման նպատակահարմարության հիմնավորումը, իսկ պատմության և մշակույթի հուշարձանների առկայության դեպքում` վերջիններիս պահպանմանն ուղղված միջոցառումները: Նախագծվող օբյեկտի ճարտարապետական լուծումների հակիրճ նկարագրությունը (տեղեկություններ հատակագծային, ճակատային լուծումների, օգտագործված նյութերի վերաբերյալ և այլն), հաշվի առնելով հաշմանդամների և բնակչության տեղաշարժման սահմանափակումներով խմբերի կենսագործունեության պայմանների ապահովումը` ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին համապատասխան:
Նախագծվող օբյեկտի հիմնական ճարտարապետահատակագծային ցուցանիշները (շենքի գաբարիտային չափերը, հարկայնությունը, մուտքերը, մատույցները, հիմնական սենքերի տեղադրությունն ըստ հարկերի, ընդհանուր հատակագծային հորինվածքը, էվակուացիոն ճանապարհները և այլն), ինչպես նաև տվյալներ սենքերում բարենպաստ պայմանների, այդ թվում` բնական և արհեստական լուսավորության (ինսոլյացիայի) ապահովման միջոցառումների վերաբերյալ:
Նախագծվող օբյեկտի շահագործումն ապահովող ինժեներական շինությունների նկարագրությունը: Տեքստային մասը ներառում է նաև օբյեկտի սենքերի հարդարման ամփոփագիրը:
Հիմնական գծագրեր`
ա) տեղագրական հանույթի հիմքի վրա նախագծվող շենքի, շինության գլխավոր հատակագիծը (օբյեկտի հատակագծման նախագծային և տեղանքի ռելիեֆի փաստացի, այդ թվում` զրոյական նիշերով)` Մ 1:500, Մ 1:1000,
բ) շենքի, շինության հարկերի հատակագծերը (այդ թվում` նկուղի, տեխնիկական ընդհատակի, տեխնիկական հարկի և ձեղնահարկի)` Մ 1:50, Մ 1:100, Մ 1:200,
գ) կտրվածքները հիմնական կրող և պարփակող կոնստրուկտիվ լուծումներով` շենքի բնորոշ տեղերով (կրող կոնստրուկցիաների մոտ, բարձրությունների անկման տեղերում, աստիճանավանդակներով և այլն)` Մ 1:50, Մ 1:100,
դ) շենքի, շինության բոլոր ճակատները` բացվածքները լրացնող տարրերի տիպերի նշումով, հիմնական նյութերից տարբերվող առանձին տեղամասերի նյութը, ճակատի դրվագներ (անհրաժեշտության դեպքում)` Մ 1:50, Մ 1:100,
ե) հատակների հատակագծերը (անհրաժեշտության դեպքում կարելի է համատեղել հարկերի հատակագծերի հետ)` Մ 1:50, Մ 1:100,
զ) տանիքի հատակագիծը` Մ 1:50, Մ 1:100,
է) հավաքովի միջնորմերի տարրերի դասավորության ուրվագծերը,
ը) պատուհանների և այլ բացվածքների լրացնող տարրերի դասավորության ուրվագծերը,
թ) հանգույցներ, դրվագներ,
ժ) կրկնակի կիրառման նախագծերին կցվող էջերը,
ժա) հիմնական սենքերի ինտերիերները (եթե այդպիսի պայման նախատեսված է պայմանագրով),
ժբ) հիմնական սարքավորումների տեխնոլոգիական դասավորություններն ըստ հարկերի (բնակելի տների համար կարող են մշակվել կահույքի դասավորման տարբերակներ), որոնք մշակվում են համաձայն նախագծային առաջադրանքի` Մ 1:50, Մ 1:100:
Շինարարական մաս
Տեքստային նյութեր`
տեղեկություններ օբյեկտի ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական պայմանների վերաբերյալ, նախագծային լուծումների հիմնավորումը և դրանց համապատասխանությունը օբյեկտի գործառական նշանակությանն (հաշվի առնելով քաղաքաշինական նորմատիվային պահանջները) ու ճարտարապետական մտահղացմանը: Ծավալատարածական և կոնստրուկտիվ լուծումների համապատասխանեցումը ճարտարապետահատակագծային և նախագծման առաջադրանքների պահանջներին և տեխնիկական պայմաններին, շինարարության կազմակերպման հիմնական դրույթները շինարարության տևողության հաշվարկով, օբյեկտի պայթյունային և հրդեհային անվտանգությունն ապահովող միջոցառումները, շինարարական կոնստրուկցիաների պաշտպանությունը կոռոզիայից:
Տեղեկություններ շենքի կոնստրուկցիաների հաշվարկման համար ընդունված բեռնվածքների և ներգործությունների մասին, տեղեկություններ գրունտների (հիմնատակերի), գրունտային ջրերի մակարդակի և բնույթի, սառեցման խորության մասին, ցուցումներ հիմնատակերի նախապատրաստման և աշխատանքների կատարման հատուկ պայմանների մասին, ինչպես նաև ցուցումներ ձմեռվա պայմաններում աշխատանքների կատարման միջոցառումների մասին:
Հիմնական գծագրեր`
ա) կոնստրուկցիաների տարրերի դասավորության ուրվագծերը (հիմքերի և հիմնային հեծանների, նկուղի պատերի բլոկների, սյուների, սյուների կապերի, ֆերմաների և այլն) կից` մասնագրերով:
Միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաների աշխատանքային գծագրերի կազմի մեջ լրացուցիչ ընդգրկվում են.
ա) միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաների ամրանավորման ուրվագծերը,
բ) միաձույլ կոնստրուկցիաների համար պողպատի ծախսի մասնագրերը:
Հավաքովի կոնստրուկցիաների դասավորության ուրվագծերին կից մասնագրերը լրացվում են հետևյալ բաժիններով.
ա) հավաքովի կոնստրուկցիաների տարրեր,
բ) միաձույլ տեղամասեր,
գ) պողպատե և այլ իրեր:
Նախագծային կապալի պայմանագրով նախատեսված դեպքերում կարող է լրացուցիչ նախատեսվել նաև մանրակերտի, եռաչափ պատկերների, ճակատների փռվածքների, լուսանկարների, տեսաֆիլմերի և այլ նյութերի մշակում:
4.1.5. Ինժեներական սարքավորումներ, ցանցեր և համակարգեր բաժինն ընդգրկում է
Տեքստային նյութեր`
ինժեներական սարքավորումների, ջեռուցման (օրենքով սահմանված դեպքերում ջերմամատակարարման ընտրված տարբերակի շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությամբ), օդափոխության, օդի լավորակման, գազամատակարարման, ջրամատակարարման և կոյուղու ցանցի, հակահրդեհային միջոցառումների` հակահրդեհային արտաքին և ներքին ջրամատակարարման, հրդեհաշիջման և հրդեհի ահազանգման ինքնաշխատ համակարգերի, հակածխային պաշտպանության, տարահանման, ինժեներական համակարգերի ավտոմատացման և կառավարման վերաբերյալ, էլեկտրասարքավորումների ու էլեկտրալուսավորման, կայծակից պաշտպանության լուծումների, պաշտպանական ազդանշանման, ջրի, վառելիքի, էլեկտրաէներգիայի օգտագործման հաշվառման և կարգավորման հետ կապված միջոցառումների սկզբունքային հիմնավորումները: Ինժեներական ցանցերի և սարքավորումների պաշտպանությունը թափառող հոսանքից, հակակոռոզիոն պաշտպանության միջոցառումները, կապի միջոցների, ռադիոֆիկացման, հեռուստատեսության հետ կապված հարցերի, ինչպես նաև սենքերում բարենպաստ պայմանների, այդ թվում` ինսոլյացիայի պայմանների ստեղծման համար անհրաժեշտ սարքավորումների իրականացման նախագծային լուծումները:
Հիմնական գծագրեր`
ա) ինժեներական սարքավորումների տեղադրման ուրվագծերը,
բ) ներհրապարակային ցանցերի և դրանց կառուցվածքների ուղեգծերի հատակագծերը,
գ) օբյեկտի էլեկտրամատակարարման, ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման, գազամատակարարման, ջրամատակարարման և կոյուղու ցանցերի ուրվագծերը,
դ) ինժեներական և սանիտարատեխնիկական սարքավորումների ղեկավարման միջոցների ավտոմատացման ուրվագծերը,
ե) կապի և ազդանշանման կազմակերպման ուրվագծերը,
զ) աղբահեռացման համակարգի ուրվագիծը:
Տվյալ բաժնի աշխատանքային փաստաթղթերը մշակավում են համապատասխան նորմատիվային փաստաթղթերի պահանջների համաձայն:
4.1.6. Շրջակա միջավայրի պահպանություն
բաժինը ներառում է տարածքի վարաբերյալ շրջակա միջավայրի վիճակը բնութագրող տվյալներ և մշակվում է տվյալ տարածքի հաստատված ծրագրային և այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
4.1.7. Քաղաքացիական պաշտպանությանն ու արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված ինժեներատեխնիկական միջոցառումներ
բաժինը մշակվում է քաղաքացիական պաշտպանության, բնական և տեխնածին աղետներից բնակչության և տարածքի պաշտպանության ոլորտների պահանջներին համապատասխան:
4.1.8. Շինարարության կազմակերպում
բաժինը մշակվում է ՀՀ տարածքում գործող «Շինարարական արտադրության կազմակերպում» ՍՆիՊ 3.01.01-85 պահանջներին համապատասխան, հաշվի առնելով նախագծային աշխատանքների կատարման պայմանագրային պահանջները: Օբյեկտի շինարարության կազմակերպման նախագիծը մշակվում է նախագծով նախատեսված շինարարության ամբողջ ծավալի համար:
Օբյեկտի շինարարությունը փուլերով իրականացնելու դեպքում, շինարարության կազմակերպման նախագիծն առաջին փուլի համար մշակվում է` հաշվի առնելով շինարարության իրականացումը լրիվ (ամբողջական) ծավալով:
Շինարարության կազմակերպման նախագծի կազմում ընդգրկվում են`
1. շինարարության օրացուցային պլանը, որում նշվում են հիմնական և օժանդակ շենքների ու շինությունների, տեխնոլոգիական հանգույցների, աշխատանքային փուլերի, թողարկային կամ քաղաքաշինական համալիրների շինարարության տևողություններն ու հաջորդականությունը` կապիտալ ներդրումների ու շինմոնտաժային աշխատանքների ծավալների (ըստ շենքերի, շինությունների և շինարարության ժամանակահատվածների) բաշխմամբ:
Նախապատրաստական շրջանի համար օրացուցային պլանը կազմվում է առանձին (աշխատանքների ծավալները ըստ ամիսների բաշխմամբ),
2. շինարարության նախապատրաստական և հիմնական փուլերի իրականացման նպատակով մշակված նախագծվող օբյեկտի գլխավոր հատակագիծը` հիմնական ու ոչ հիմնական շենքերի և շինությունների (այդ թվում` շարժական) տեղադրմամբ, կոնստրուկցիաների ու սարքավորումների տեղափոխման, ինչպես նաև շինարարական տեխնիկայի տեղաշարժման համար ժամանակավոր ու հիմնական երկաթուղային, ավտոմոբիլային և այլ ուղիների տեղանշումով, շինարարական կոնստրուկցիաների, նյութերի և արտադրանքի պահեստավորման հարթակներով, տվյալներ գործող ինժեներական ցանցերին ժամանակավոր հաղորդակցուղիների (ցանցերի) միացման տեղերի վերաբերյալ, գոյություն ունեցող ու քանդման ենթակա շենքերի ու շինությունների նշահարման առանցքներն ամրագրող նշանների տեղադրման կետերի տեղաբաշխմամբ,
3. շենքերի ու շինությունների շինարարական աշխատանքների իրականացման օպտիմալ հերթականությունը որոշող կազմակերպչատեխնոլոգիական լուծումները, նշելով աշխատանքների հաջորդականությունը,
4. հիմնական շինմոնտաժային և հատուկ շինարարական աշխատանքների ծավալների ամփոփագրերը (նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա),
5. շինարարական կոնստրուկցիաների, նյութերի ու սարքավորումների պահանջարկի ամփոփագիրը՝ ըստ շինարարության իրականացման օրացուցային գրաֆիկի,
6. շինարարության համար անհրաժեշտ հիմնական շինարարական տեխնիկայի ու տրանսպորտային միջոցների, իսկ առանձին դեպքերում` բանվորական կադրերի պահանջարկի գրաֆիկը,
7. բացատրագիրը, որն ընդգրկում է`
ա) տվյալներ շինարարության արտադրության կազմակերպման եղանակների, պայմանների ու բարդության աստիճանի վերաբերյալ, շինարարական-մոնտաժային ու հատուկ շինարարական աշխատանքների (այդ թվում` ձմեռային պայմաններում իրականացվող) համատեղման հնարավորության, ինչպես նաև իրականացման առումով բարդ շենքերի ու շինությունների կառուցման տեխնիկական լուծումների մասին,
բ) աշխատանքի կազմակերպման անվտանգության և շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումները,
գ) հիմնական շինարարական տեխնիկայի և տրանսպորտային միջոցների, էլեկտրաէներգիայի, գոլորշու, ջրի և այլ սնուցման աղբյուրների, ինչպես նաև ժամանակավոր բնույթի կառույցների պահանջարկի հիմնավորումը,
դ) հատուկ օժանդակ կառույցների, ինչպես նաև անհրաժեշտ ոչ հիմնական շինությունների ու ժամանակավոր ցանցերի ցանկը, որոնց աշխատանքային գծագրերը պետք է մշակվեն օբյեկտի շինարարության աշխատանքային գծագրերի կազմում,
ե) օբյեկտի շինարարության տևողության հիմնավորումը:
Շինարարության կազմակերպման նախագծում անհրաժեշտ է ներառել հետևյալ տեխնիկատնտեսական ցուցանիշները՝
ա) շինարարության ընդհանուր տևողությունը (այդ թվում` նախապատրաստական շրջանի և սարքավորումների մոնտաժման համար)` ամիսներով,
բ) պահանջվող աշխատուժի քանակը,
գ) շինմոնտաժային աշխատանքների կատարման համար անհրաժեշտ աշխատանքային ծախսումները, չափման միավորը` մարդ-օր:
Շինարարության կազմակերպման նախագծի կազմը կարող է լրացվել, կախված նախագծվող օբյեկտի բարդությունից, ծավալահատակագծային ու կոնստրուկտիվ լուծումներից, ինչպես նաև հատուկ սարքավորումների և կառուցվածքների կիրառման առանձնահատուկ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից:
Քանդման աշխատանքների կազմակերպման նախագիծը
մշակվում է օբյեկտի շինարարության կազմակերպման նախագծի կազմում, որպես շինարարության արտադրության կազմակերպման աշխատանքների նախապատրաստական փուլ, որն իր մեջ ներառում է շինարարական-մոնտաժային աշխատանքների իրականացման նպատակով շինարարական հրապարակի ազատումը (մաքրումը) քանդման կամ տեղափոխման ենթակա շենքերից ու շինություններից:
Շենքերի և շինությունների քանդման թույլտվությունը տրվում է ՀՀ կառավարության 2002թ. փետրվարի 2-ի N 91 որոշմամբ սահմանված կարգով:
Քանդման աշխատանքների նախագիծն ընդգրկում է`
ա) շինարարական հրապարակի գլխավոր հատակագիծը` գոյություն ունեցող ու քանդման (տեղափոխման) ենթակա շինությունների ու կառույցների տեղադրմամբ,
բ) շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումները,
գ) շինարարական հրապարակի սահմանների նշումը և դրա արգելափակման տեսակները,
դ) վտանգավոր աշխատանքների իրականացման գոտիները,
ե) մշտական և ժամանակավոր ճանապարհները,
զ) գործող և ժամանակավոր ստորգետնյա, վերգետնյա և օդային ցանցերը և հաղորդակցուղիները,
է) շինարարական տեխնիկայի և մեքենաների տեղակայման կետերը, դրանց շարժման ուղիները, ազդման գոտիները,
ը) քանդման (ապամոնտաժման) արդյունքում ստացված շինարարական նյութերի և կոնստրուկցիաների պահեստավորման հարթակները,
թ) օբյեկտի քանդման եղանակը:
4.1.9. Նախահաշվային փաստաթղթեր
բաժինը կազմվում է սույն Կանոնների 4.2.9 կետի դրույթներին համապատասխան:
4.1.10. Նախագծվող օբյեկտի աշխատանքային փաստաթղթերի համապատասխան բաժիններում ներառվում են հիմնական շինարարական նյութերի, արտադրանքի, կոնստրուկցիաների հավաք ամփոփագրերը:
4.2. Արտադրական նշանակության կազմակերպությունների, շենքերի և շինությունների աշխատանքային փաստաթղթերը ներառում են հետևյալ բաժինները՝
1. ընդհանուր բացատրագիր,
2. գլխավոր հատակագիծ և տրանսպորտ,
3. տեխնոլոգիական լուծումներ,
4. ճարտարապետաշինարարական լուծումներ,
5. ինժեներական սարքավորումներ, ցանցեր և համակարգեր,
6. շինարարության կազմակերպում,
7. շրջակա միջավայրի պահպանություն,
8. քաղաքացիական պաշտպանության ինժեներատեխնիկական միջոցառումներ և արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ,
9. նախահաշվային փաստաթղթեր,
10. հիմնական շինարարական նյութերի, արտադրանքի, կոնստրուկցիաների հավաք ամփոփագիրը:
Արտադրական կազմակերպությունների կարիքների համար բնակելի և հասարակական նշանակության օբյեկտների կառուցման անհրաժեշտության պարագայում նախագծային փաստաթղթերի կազմում, որպես առանձին բաժին, ներառվում է բնակելի և հասարակական օբյեկտների նախագիծը, որն իրականացվում է սույն Կանոնների 4.1 բաժնի պահանջներին համապատասխան:
Արտադրական նշանակության կազմակերպությունների, շենքերի և շինությունների աշխատանքային փաստաթղթերի բաժինների կազմը և բովանդակությունը հետևյալն է`
4.2.1. Ընդհանուր բացատրագիր բաժինն ընդգրկում է`
նախագծի մշակման հիմքը, նախագծման ելակետային տվյալները, արտադրական կազմակերպությունների, նաև դրանց կազմում ընդգրկված առանձին արտադրությունների հակիրճ բնութագիրը, տվյալներ նախագծային հզորության, արտադրանքի անվանացանկի, ինչպես նաև տվյալներ հումքային բազայի, հումքի համալիր օգտագործման, արտադրական թափոնների, երկրորդական էներգառեսուրսների մասին, տեղեկություններ բնապահպանական միջոցառումների վերաբերյալ:
Հիմնական ցուցանիշներն ըստ գլխավոր հատակագծի, ինժեներական ցանցերի և հաղորդակցուղիների, տեղեկություններ ներհրապարակային և արտահրապարակային տրանսպորտի ձևերի վերաբերյալ:
Տեղեկություններ աշխատողների աշխատանքային պայմանների և աշխատանքի անվտանգության, հաշմանդամների աշխատուժն օգտագործող կազմակերպություններում բնակչության տեղաշարժման սահմանափակումներով խմբերի աշխատանքի անվտանգության և նրանց կենսագործունեության պայմաններն ապահովող հիմնական լուծումների վերաբերյալ:
Նախագծի մշակման արդյունքում ստացված տեխնիկատնտեսական ցուցանիշները:
4.2.2. Գլխավոր հատակագիծ և տրանսպորտ բաժինն ընդգրկում է
Տեքստային նյութեր`
գլխավոր հատակագծի աշխատանքային գծագրերի համար հիմք հանդիսացող փաստաթղթերի անվանումները, կոորդինատների ընդունված համակարգը և բարձրությունների նիշերը: Նախագծվող օբյեկտի շինարարության գոտու և շինարարական հրապարակի հակիրճ բնութագիրը, ընդունված նախագծային լուծումների հիմնավորումը և ցուցանիշները ըստ գլխավոր հատակագծի, ներհրապարակային և արտահրապարակային տրանսպորտի ձևերը, կառուցապատվող տարածքի բարեկարգման միջոցառումները, ինժեներական ցանցերի և հաղորդակցուղիների վերաբերյալ լուծումները և այլն:
Հիմնական գծագրեր`
ա) նախագծվող արտադրական կազմակերպության, շենքի, շինության տեղադրման իրադրային հատակագիծը` Մ 1:500, Մ 1:1000, Մ 1։2000,
որի վրա նշվում են գոյություն ունեցող և նախագծվող արտաքին հաղորդակցուղիները, ինժեներական ցանցերը, բնակեցման տարածքները (դրանց առկայության դեպքում), սանիտարապաշտպանական գոտու սահմանները, հատուկ պահպանվող տարածքները: Արտահրապարակային և ներհրապարակային գծային կառույցների համար ներկայացվում են ուղեգծերի հատակագծերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանց երկայնական և լայնական կտրվածքները, հողային զանգվածների քարտեզագրերը (բացի գծային կառույցներից),
բ) տեղագրական հանույթի վրա նախագծվող օբյեկտի գլխավոր հատակագիծը`
Մ 1։500, Մ 1։1000, Մ 1:2000,
որի վրա տեղադրվում են գոյություն ունեցող, նախագծվող (վերակառուցվող) և քանդման ենթակա շենքերն ու շինությունները, տարածքի բարեկարգման և կանաչապատման ուրվագծերը, ներհրապարակային ինժեներական ցանցերի և տրանսպորտային հաղորդակցուղիների տեղադրմանը վերաբերող լուծումները, տարածքի հատակագծային նիշերը։ Առանձնացվում են թողարկային համալիրում ընդգրկված օբյեկտները, ցանցերը և տրանսպորտային հաղորդակցուղիները:
4.2.3. Տեխնոլոգիական լուծումներ բաժինն ընդգրկում է
Տեքստային նյութեր`
արտադրության տեխնոլոգիայի հակիրճ բնութագիրը` ընդունված լուծումների հիմնավորումներով, տվյալներ արտադրության աշխատատարության և տեխնոլոգիական գործընթացների մեքենայացման մասին, կիրառվող սարքավորումների կազմն ու հիմնավորումը, որոշումներ անթափոն կամ նվազաթափոն տեխնոլոգիական գործընթացների և արտադրության վերաբերյալ, աշխատատեղերի քանակը և դրանց սարքավորվածությունը, արտադրամասային և միջարտադրամասային հաղորդագծերի բնութագրերը:
Սահմանված կարգով ձևակերպված հայտարարագիր վտանգավոր արտադրությամբ օբյեկտների անվտանգության վերաբերյալ, վթարային իրավիճակների առաջացման հնարավորությունների գնահատականը և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումները:
Հիմնական գծագրեր՝
ա) տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացման ուրվագծերը` Մ 1։200, Մ 1։100,
բ) մասնաշենքերի արտադրամասերի տեխնոլոգիական հատակագծումը՝ սարքավորումների և տրանսպորտային միջոցների տեղադրումով` Մ 1։200, Մ 1։100,
գ) բեռնահոսքերի ուրվագծերը` Մ 1։500, Մ 1։1000։
Տվյալ բաժնի աշխատանքային փաստաթղթերը մշակվում են ճյուղային նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
4.2.4. Ճարտարապետաշինարարական լուծումներ բաժինն ընդգրկում է ճարտարապետական և շինարարական մասերն իրենց տեքստային և գրաֆիկական նյութերով:
Ճարտարապետական մաս՝
Արտադրական նշանակության հիմնական և ոչ հիմնական շենքերի ու շինությունների ծավալատարածական ու ճարտարապետահատակագծային լուծումների հակիրճ նկարագիրը և ընդունված նախագծային լուծումների հիմնավորումը` ըստ օբյեկտի գործառական նշանակության, աշխատողների աշխատանքի սանիտարահիգիենիկ և կենցաղային պայմանների ապահովմանն ուղղված համապատասխան միջոցառումները (այդ թվում` հաշմանդամների աշխատուժն օգտագործող կազմակերպություններում նրանց գործունեության համար հատուկ պայմանների ստեղծում), քաղաքաշինական փաստաթղթերով և ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներով սահմանված սահմանափակումները:
Շինարարական մաս՝
Տեղեկություններ շինարարական հրապարակի ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական պայմանների մասին, շենքերի և շինությունների շինարարական լուծումների հակիրճ նկարագրությունը (շենքերի և շինությունների կոնստրուկտիվ սխեմաներ, շենքի հիմքեր, կրող և պարփակող կոնստրուկցիաներ, ծածկեր, տանիքներ, շինությունների կոնստրուկցիաներ), լուծումներ արտադրական աղմուկի և թրթռումների նվազեցման, հակապայթյունային, հակահրդեհային միջոցառումների իրականացման, շինարարական կոնստրուկցիաների, ցանցերի և շինությունների պաշտպանությունը կոռոզիայից և այլն:
Արտադրական նշանակության շենքերի և շինությունների ճարտարապետական և շինարարական մասերի հիմնական գծագրերը մշակվում են սույն Կանոնների 4.1.4 կետով սահմանված պահանջներին համապատասխան:
4.2.5. Ինժեներական սարքավորումներ, ցանցեր և համակարգեր բաժինն ընդգրկում է
Տեքստային նյութեր`
ջրամատակարարման և կոյուղու, ջերմամատակարարման, գազամատակարարման, էլեկտրամատակարարման, ավտոմատիկայի, օդի լավորակման, ջեռուցման և օդափոխության խնդիրների լուծումների հիմնավորումներ:
Շենքերի և շինությունների ինժեներական սարքավորումների (այդ թվում՝ էլեկտրասարքավորում, էլեկտրալուսավորում, կապ և ազդանշանում, ռադիոֆիկացում և հեռուստատեսություն, հակահրդեհային արտաքին և ներքին ջրամատակարարում, հրդեհաշիջման և հրդեհի ահազանգման ինքնաշխատ համակարգեր, հակածխային պաշտպանություն, տարահանման և շանթապաշտպանիչ սարքավորումներ) և ինժեներական համակարգերի կառավարման և ավտոմատացման վերաբերյալ տեղեկություններ:
Հիմնական գծագրեր՝
ա) ջերմամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, ջրամատակարարման և կոյուղու սկզբունքային ուրվագծերը`
Մ 1։500, Մ 1։200, Մ 1։100,
բ) ինժեներական ցանցերի հատակագծերն ու կտրվածքները՝ Մ 1։200, Մ 1։100,
գ) հիմնական կառույցների գծագրերը՝ Մ 1։200, Մ 1։100,
դ) ներարտադրամասային ջեռուցման, օդափոխության, էլեկտրամատակարարման և էլեկտրասարքավորման, ռադիոֆիկացման և ազդանշանման, ինժեներական համակարգերի կառավարման ավտոմատացման սկզբունքային ուրվագծերը:
Տվյալ բաժնի աշխատանքային փաստաթղթերը մշակվում են սույն Կանոնների 4.1.5 կետի պահանջներին համապատասխան:
4.2.6. Շինարարության կազմակերպում
բաժինը մշակվում է սույն Կանոնների 4.1.8 կետի պահանջներին համապատասխան, հաշվի առնելով նախագծային առաջադրանքում նշված պայմաններն ու պահանջները և շինարարական շուկայում առկա շինարարական նյութերի, արտադրանքի և կոնստրուկցիաների, ինչպես նաև այլ ծառայությունների մասին տվյալները:
4.2.7. Շրջակա միջավայրի պահպանություն
բաժինը մշակվում է սույն Կանոնների 4.1.6 կետի պահանջներին համապատասխան:
4.2.8. Քաղաքացիական պաշտպանությանն ու արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված ինժեներատեխնիկական միջոցառումներ բաժինը մշակվում է սույն Կանոնների 4.1.7 կետի պահանջներին համապատասխան:
4.2.9. Նախահաշվային փաստաթղթեր
Շենքերի, շինությունների և դրանց համալիրների նախահաշվային արժեքի որոշման համար կազմվում են նախահաշվային փաստաթղթեր՝ համաձայն նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների և ձևերի:
Շինարարության արժեքը որոշվում է գործող նախահաշվանորմատիվային բազայի հիման վրա:
Պատվիրատուին տրվող նախահաշվային փաստաթղթերում օբյեկտի շինարարության արժեքը նպատակահարմար է ներկայացնել գների երկու մակարդակներով`
ա) բազիսային (հաստատուն) մակարդակով, որը որոշվում է գործող նախահաշվային նորմերի և գների հիման վրա,
բ) ընթացիկ կամ կանխատեսվող մակարդակով, որը որոշվում է նախահաշիվը կազմելու ժամանակ սահմանված գների հիման վրա, կամ շինարարությունը իրականացնելու ժամանակահատվածում կանխատեսվող գներով:
Միևնույն ժամանակ կազմվում է բացատրագիր, որտեղ ներառվում են տվյալներ շինարարության գների և օգտագործված նախահաշվանորմատիվային բազայի վերաբերյալ:
Պատվիրատուի և կապալառուի համատեղ որոշման արդյունքում ձևավորվում են նախագծվող օբյեկտի շինարարության պայմանագրային գները:
4.2.10. Նախագծվող օբյեկտի աշխատանքային փաստաթղթերի համապատասխան բաժիններում ներառվում են գործող նորմերի պահանջներին համապատասխան` հիմնական շինարարական նյութերի, արտադրանքի, կոնստրուկցիաների հավաք ամփոփագրերը:
4.3. Տարբեր նպատակային նշանակության շենքերի և շինությունների տեխնիկատնտեսական ցուցանիշների ցանկը ներառված է սույն Կանոնների N 1, N 2 և N 3 ձևերում:
Ձև N 1
ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Ցուցանիշի անվանումը |
Չափման միավորը |
1. Շենքի հարկայնությունը |
միավոր |
2. Բնակարանների քանակը |
միավոր |
այդ թվում` ըստ բնակարանների տիպերի |
միավոր |
3. Շինարարական ծավալը |
մ3 |
այդ թվում` 0.00 նիշից ցածր գտնվող մասի համար |
մ3 |
4. Կառուցապատման մակերեսը |
մ2 |
5. Ընդհանուր մակերեսը |
մ2 |
այդ թվում` 0.00 նիշից ցածր գտնվող մասի համար |
մ2 |
6. Բնակելի մակերեսը |
մ2 |
7. Միավոր մակերեսի համար ծախսը` |
|
էլեկտրաէներգիա |
կվտ/ժամ |
ջուր |
մ3 |
բնական գազ |
հազ. մ3 |
8. Շինարարության ընդհանուր արժեքը |
մլն դրամ |
այդ թվում` շինմոնտաժային աշխատանքների |
մլն դրամ |
9. Շինարարության տևողությունը |
ամիս |
Ձև N 2
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Ցուցանիշի անվանումը |
Չափման միավորը |
1. Հզորությունը (տարողունակությունը, թողունակությունը) |
համապատասխան միավոր |
2. Հողամասի ընդհանուր մակերեսը |
հա |
3. Կառուցապատման մակերեսը |
մ2 |
4. Շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսը |
մ2 |
5. Շենքերի և շինությունների օգտակար մակերեսը |
մ2 |
6. Շինարարական ծավալը |
մ3 |
այդ թվում` 0.00 նիշից ցածր գտնվող մասի համար |
մ3 |
7. Միավոր մակերեսի համար ծախսը |
|
էլեկտրաէներգիա |
կվտ/ժամ |
ջուր |
մ3 |
բնական գազ |
մ3 |
8. Շինարարության ընդհանուր արժեքը |
մլն դրամ |
այդ թվում` շինմոնտաժային աշխատանքների |
մլն դրամ |
9. Շինարարության տևողությունը համապատասխան միավոր |
ամիս |
Ձև N 3
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Ցուցանիշի անվանումը |
Չափման միավորը |
1. Կազմակերպության հզորությունը (արտադրության տարեկան թողունակությունը)` |
|
արժեքային արտահայտմամբ |
մլն դրամ |
արտադրանքի քանակով |
համապատասխան միավոր |
2. Հողամասի ընդհանուր մակերեսը | հա |
3. Կառուցապատման մակերեսը |
% |
4. Միավոր հզորության համար ծախսված` | |
էլեկտրաէներգիա |
կվտ/ժամ |
ջուր |
մ3 |
բնական գազ |
մ3 |
այլ էներգակիրներ |
համապատասխան միավոր |
5. Շինարարության ընդհանուր արժեքը | մլն դրամ |
այդ թվում` շինմոնտաժային աշխատանքների |
մլն դրամ |
6. Շինարարության տևողությունը |
ամիս |