ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
Սույն օրենքը կարգավորում է արժեթղթերի շուկայում գործունեության կարգավորման կապակցությամբ ծագող հարաբերությունները և սահմանում է`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և հրապարակային առուվաճառքի կարգը, ինչպես նաև օտարերկրյա արժեթղթերի` Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխման և հրապարակային առուվաճառքի կարգը.
բ) հաշվետու թողարկողի գործունեության, հաշվետվությունների հրապարակման, հաշվետու թողարկողի ղեկավարների և բաժնային արժեթղթերի խոշոր սեփականատերերի հաշվետվությունների ներկայացման կարգը.
գ) արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության իրականացման կարգը.
դ) ինքնակարգավորվող կազմակերպությունների ստեղծման և գործունեության կարգը.
ե) Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի կարգավորման բնագավառում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավասությունները և պարտականությունները.
զ) արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնող անձանց պատասխանատվությունը` օրենքի և այլ իրավական ակտերի խախտման համար:
(1-ին հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն, լրաց. 09.04.07 ՀՕ-175-Ն)
Հոդված 2. |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ |
Արժեթղթերի շուկայի կարգավորման նպատակն է`
ա) ներդրողների պաշտպանությունը.
բ) արժեթղթերի շուկայի մասնակիցների գործունեության թափանցելիության ապահովումը.
գ) արժեթղթերի շուկայի, արժեթղթերով գործարքների վճարահաշվարկային համակարգի արդյունավետ գործունեության ապահովումը, կատարելագործումն ու զարգացումը.
դ) արժեթղթերի արժանահավատ գնագոյացման համակարգի ձևավորումը և պահպանումը.
ե) արժեթղթերի և դրանցով իրականացվող գործարքների համար նախատեսված դրամական միջոցների օգտագործման և վարկային համակարգի անվտանգությունը:
Հոդված 3. |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի շուկան կարգավորվում է սույն օրենքով, այլ օրենքներով և դրանցից բխող այլ նորմատիվ իրավական ակտերով, որոնց համակցությունը կազմում է արժեթղթերի շուկայի մասին օրենսդրությունը:
2. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկան (այսուհետ նաև` արժեթղթերի շուկա) ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսաները, արժեթղթերի արտաբորսայական առևտրի ոլորտը և մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց:
Հոդված 4. |
ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Սույն օրենքի իմաստով`
Ազդագիր է համարվում ցանկացած հաղորդակցությունը` հայտարարությունը, ծանուցումը, գրությունը, հրապարակումը, շրջաբերականը, գովազդը կամ հաղորդումը (գրավոր, բանավոր, ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հաղորդակցության այլ միջոցով), որն արժեթուղթ վաճառելու կամ գնելու առաջարկ անելու հրավեր է պարունակում: Ազդագիր չի համարվում վերոհիշյալ այն հաղորդակցությունը, որը`
ա) տրվել է տվյալ արժեթղթի գրանցման հայտարարագիրը գրանցելուց հետո, եթե հաղորդակցության հետ մեկտեղ կամ դրանից առաջ այն ստացող անձին հանձնվել կամ հրապարակվել է սույն օրենքի 10 հոդվածով սահմանված պահանջները բավարարող գրավոր ազդագիրը, կամ
բ) ընդամենը սահմանում է, թե ումից կարելի է ձեռք բերել սույն օրենքի 10 հոդվածով սահմանված պահանջները բավարարող գրավոր ազդագիրը` տեղեկություններ ներառելով արժեթղթի տեսակի և դրա նույնացման համար անհրաժեշտ այլ հատկանիշների, գնի, գնման պատվերներն ընդունող անձի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի որոշմամբ (նորմատիվ իրավական ակտով) թույլատրված այլ հարցերի մասին:
Ածանցյալ արժեթուղթ է համարվում ներդրողի իրավունքների կամ պարտավորությունների ժամկետային իրականացման (կատարման) իրավունքը կամ պարտավորությունը հավաստող արժեթուղթը:
Անձը ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձն է: Անվանատեր է համարվում անձը, որի անունով անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում, Կենտրոնական դեպոզիտարիայում կամ պահառուի մոտ` առանց սեփականության իրավունքի փոխանցման գրանցվում են այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող անվանական արժեթղթերը:
Անվանատեր կարող են լինել միայն բրոքերը, դիլերը, պահառուն և հավատարմագրային կառավարիչը: Անվանատիրոջ և սեփականատիրոջ հարաբերությունները կարգավորվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի որոշմամբ և պայմանագրով:
Արժեթուղթ է համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և արժեթղթերի մասին այլ օրենքներով նախատեսված ցանկացած ինվեստիցիոն (ներդրումային), վճարային կամ տիտղոսային արժեթուղթը, ինչպես նաև շահույթի բաշխման համաձայնությունը, նման համաձայնությանը մասնակցությունը կամ մասնակցություն վկայող փաստաթուղթը, օպցիոնը, ֆյուչերսը կամ ածանցյալ այլ արժեթուղթը, արժեթղթի ձեռքբերման նախապատվության իրավունքը, դեպոզիտային հավաստագիրը կամ ստացականը` անկախ դրանց ձևից (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային), ինչպես նաև ցանկացած ներդրումային համաձայնությունը, որը ներառում է վերը նշված արժեթղթերի հատկանիշներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը, կապիտալի (միջոցների) ներգրավման նպատակով օգտագործվող ցանկացած այլ փաստաթուղթ` անկախ դրա ձևից (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային), ինչպես նաև արժեթղթի նկատմամբ իրավունքը կամ նման իրավունքի կամ դրանում բաժնի կամ մասնակցության վկայականը, հավաստագիրը, ստացականը կամ նման այլ փաստաթուղթը` անկախ դրանց ձևից (փաստաթղթային կամ ոչ փաստաթղթային), եթե դրանցով նախատեսված իրավունքների իրականացումը կամ փոխանցումը հնարավոր է միայն դրանք ներկայացնելիս կամ հատուկ գրանցամատյանում (սովորական կամ համակարգչային) դրանց ամրագրման դեպքում: Արժեթուղթ է նաև այն փաստաթուղթը, անկախ դրա ձևից, որն այդպիսին է համարվում գործարար շրջանառության սովորույթների համաձայն:
Արժեթղթի նույն դասը ներառում է տվյալ թողարկողի այն բոլոր արժեթղթերը, որոնք էապես նույն բնույթն ունեն, և որոնց սեփականատերերին վերապահվում են էապես նույն իրավունքները և արտոնությունները:
Արժեթուղթ թողարկելը թողարկողի կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն արժեթուղթն առաջին ներդրողին վաճառելն է: Թողարկողն այն անձն է, որն արժեթուղթ է թողարկում (թողարկել) կամ, որն արժեթուղթ թողարկելու առաջարկություն է անում:
Արժեթուղթ վաճառելը տվյալ արժեթղթի առուվաճառքի, փոխանակման կամ օտարման հատուցելի ցանկացած գործարքն է:
Արտաբորսայական առևտրի ոլորտը ներառում է սույն օրենքով և դրանից բխող որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված դեպքերում ֆոնդային բորսայից դուրս արժեթղթերով կատարվող գործարքները:
Բաժնային արժեթուղթ է համարվում բաժնետոմսը, իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում բաժնեմասի, անդամության կամ նման այլ մասնակցության իրավունք տվող այլ արժեթուղթը, ինչպես նաև նման արժեթղթի փոխարկվող արժեթուղթը, նման արժեթղթին բաժանորդագրվելու կամ այն գնելու օպցիոնը կամ այլ համաձայնությունը (իրավունքը): Բաժնային արժեթղթերը միայն անվանական են:
Բաժնային արժեթղթերի նշանակալից սեփականատեր է յուրաքանչյուր անձ, որին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է հաշվետու թողարկողի` սույն օրենքի III գլխի համաձայն գրանցված կամ գրանցման ենթակա որևէ դասի բաժնային արժեթղթերի տաս և ավելի տոկոսը:
Բաժնային արժեթղթերի խոշոր սեփականատեր է յուրաքանչյուր անձ, որին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է հաշվետու թողարկողի` սույն օրենքի III գլխի համաձայն գրանցված կամ գրանցման ենթակա որևէ դասի բաժնային արժեթղթերի քսան և ավելի տոկոսը:
Բորսա է համարվում ցանկացած կազմակերպություն կամ անձանց խումբ, որն արժեթղթերի գնորդների և վաճառողների (կամ առաջարկի ու պահանջարկի) հանդիպման վայր կամ միջոց է կազմակերպում, տրամադրում, գործադրում, ապահովում կամ արժեթղթերի վաճառքի կազմակերպման սովորաբար իրականացվող գործառույթներ է իրականացնում: Բորսա հասկացությունը ներառում է նաև այն վայրը կամ միջոցը, որն օգտագործվում է բորսայի կողմից վերոհիշյալ նպատակով:
Գրանցման հայտարարագիրը (այսուհետ նաև` հայտարարագիր) արժեթղթերի` սույն օրենքի II և III գլուխներով սահմանված գրանցման հայտարարագիրն է, ինչպես նաև դրա մասը կամ հավելվածը կազմող ցանկացած փաստաթուղթ և գրանցման հայտարարագրում ցանկացած լրացում:
Գրանցված սեփականատեր կամ անվանատեր է արժեթղթի այն սեփականատերը կամ անվանատերը, որը գրանցված է անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում:
Էական փաստ խեղաթյուրելը կամ բաց թողնելը` տվյալ փաստի առնչությամբ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տալը կամ որևէ դրույթում (հայտարարությունում) էական փաստ չներառելն է, որի ներառումը պահանջվում է օրենքով կամ դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտով և, որի առկայությունն անհրաժեշտ է տվյալ դրույթի (հայտարարության) ներառման (հայտարարության կատարման) պահին այն ապակողմնորոշիչ չդարձնելու համար:
Նվազագույն աշխատավարձ է համարվում Հայաստանի Հանրապետության «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի դրույքաչափը:
Ներդրողների պաշտպանությունն արժեթղթերում ներդրողների այն իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է, որոնք ծագում են արժեթղթերում ներդրում կատարելու կապակցությամբ:
Փաստը կամ տեղեկությունը էական է համարվում, եթե այն կարևորվում է արժեթուղթը գնելու կամ վաճառելու որոշում կայացնելիս:
Փաստաթղթերը լիարժեք չեն, եթե չեն համապատասխանում սույն օրենքով և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջներին:
Ինստիտուցիոնալ ներդրող է համարվում`
ա) բանկը, ապահովագրական ընկերությունը, ներդրումային (ինվեստիցիոն) ընկերությունները, հիմնադրամները և նման այլ կազմակերպություններ.
բ) այն անձը, որն ինստիտուցիոնալ ներդրող կհամարվի օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի որոշմամբ` հիմք ընդունելով տվյալ անձի` ֆինանսական բնագավառում ունեցած գիտելիքն ու փորձը, նման գիտելիք ու փորձ ունեցող մասնագետներ վարձելու ունակությունը, իր զուտ ակտիվների մեծությունը կամ իր կառավարման ներքո գտնվող ակտիվների մեծությունը և նման այլ չափանիշներ:
Կենտրոնական բանկ նշանակում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
Հաշվետու թողարկող է համարվում այն թողարկողը, որի`
ա) ցանկացած արժեթուղթը գրանցված է որևէ ֆոնդային բորսայում.
բ) նույն դասի արժեթուղթը (բացի սույն օրենքի 6 հոդվածի համաձայն բացառություն կազմող արժեթղթերից) 50 և ավելի գրանցված սեփականատեր ունի, և որի զուտ ակտիվները գերազանցում են Կենտրոնական բանկի կողմից սահմանված մեծությունը:
Հրապարակային առաջարկ է համարվում արժեթուղթ վաճառելու հրապարակային առաջարկը կամ արժեթուղթը գնելու առաջարկ անելու հրապարակային հրավերը, կամ նույն դասի արժեթղթերը վաճառելու կամ ձեռք բերելու որևէ այլ առաջարկ, որն արվել է 100-ից ավելի անձանց: Սույն կետով նախատեսված անձանց թիվը որոշելիս ինստիտուցիոնալ ներդրողները հաշվի չեն առնվում:
Հրապարակային տեղաբաշխում է համարվում թողարկողի կամ տեղաբաշխողի կողմից արժեթղթի վաճառքը, որն իրականացվում է հրապարակային առաջարկի միջոցով:
Հրապարակել է համարվում հեռուստատեսությամբ, ռադիոյով, հրապարակային էլեկտրոնային հաղորդակցության կամ տպագիր եղանակով տեղեկություններ տարածելը:
Հսկելը կամ հսկողությունը որևէ անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունենալն է` նրա կանոնադրական կապիտալում գերակշռող մասնակցության ուժով կամ նրա հետ կնքված պայմանագրին համապատասխան:
Տեղաբաշխող (բաժանորդագրող) է համարվում այն անձը, որը տեղաբաշխման նպատակով թողարկողից արժեթղթեր է ձեռք բերում, տեղաբաշխման նպատակով թողարկողի արժեթղթերն է առաջարկում, վաճառում կամ մասնակցում է նման գործ կազմակերպելու կամ իրականացնելու համաձայնությանը կամ պայմանագրին` այն բացառություններով, որոնք կարող են սահմանվել Կենտրոնական բանկի որոշմամբ: Սույն պարբերությունում թողարկող է համարվում նաև այն անձը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն հսկում է թողարկողին, հսկվում է նրա կողմից կամ նրա հետ մեկտեղ գտնվում է ընդհանուր հսկողության տակ:
Փակ տեղաբաշխում է համարվում արժեթղթերի ցանկացած ոչ հրապարակային տեղաբաշխումը: Տեղաբաշխումը փակ է համարվում, եթե դրա շրջանակներում առաջարկն արվել է ոչ ավելի, քան 100 անձանց, և եթե այն չի հրապարակվել: Վերոհիշյալ անձանց թիվը որոշելիս ինստիտուցիոնալ ներդրողները հաշվի չեն առնվում:
Փոխկապակցված են համարվում երկու և ավելի անձինք, եթե`
ա) նրանցից որևէ մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի (մյուսների) ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի քսան և ավելի տոկոսին.
բ) նրանցից որևէ մեկի տնօրենների խորհրդի անդամների կեսից ավելին, տնօրենը կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձը միաժամանակ հանդիսանում է մյուսի (մյուսների), տնօրենների խորհրդի անդամ, տնօրեն կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձ.
գ) նրանցից որևէ մեկը մյուսի որոշումների վրա էականորեն ազդելու փաստացի կամ պայմանագրով ամրագրված հնարավորություն ունի, նրանցից մեկը հսկում է մյուսին կամ նրանք ընդհանուր հսկողության տակ են գտնվում.
դ) նրանք միևնույն ընտանիքի անդամներ են կամ տվյալ դեպքում գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:
Ֆոնդային ապրանք է համարվում արժեթղթերը, արտարժույթը, թանկարժեք մետաղների բանկային (ստանդարտացված) ձուլակտորները և մետաղադրամը, ինչպես նաև վարկային ռեսուրսները:
Ֆոնդային բորսա է համարվում այն բորսան, որը սույն օրենքին համապատասխան գրանցվել է Կենտրոնական բանկում որպես ֆոնդային բորսա:
Օտարերկրյա արժեթուղթ է համարվում ոչ ռեզիդենտի կողմից թողարկված արժեթուղթը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բորսաներում առևտրին թույլատրված ցանկացած արժեթուղթը: Ռեզիդենտությունը կիրառվում է ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակության:
2. Սույն հոդվածով և սույն օրենքի այլ դրույթներով սահմանվող հասկացությունները կիրառվում են միայն սույն օրենքի և դրան համապատասխան ընդունված, ինչպես նաև դրա դրույթներին ուղղակի հղում կատարող այլ օրենքների և իրավական ակտերի նպատակներով: Դրանց նշանակությունը կարող է այլ իմաստ ունենալ այլ օրենքներում և իրավական ակտերում:
(4-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-179-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն, լրաց. 09.04.07 ՀՕ-175-Ն)
Գ Լ ՈՒ Խ II
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ
Հոդված 5. |
ԱԶԴԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆ ԱՐԺԵԹՂԹԻ ՎԱՃԱՌՔԻ ԴԵՊՔՈՒՄ |
1. Արգելվում է ազդագրի միջոցով կամ այլ կերպ արժեթուղթ վաճառելը, վաճառքի կամ գնորդին հանձնելու նպատակով արժեթուղթ առաքելը փոստով կամ այլ կերպ, գնորդին հանձնելը կամ փոխանցելն առձեռն, էլեկտրոնային եղանակով կամ այլ կերպ, եթե այդ արժեթղթի գրանցման հայտարարագիրը չի գրանցվել սույն օրենքով սահմանված կարգով:
2. Արգելվում է ազդագրի միջոցով կամ այլ կերպ արժեթուղթ վաճառելու առաջարկ անելը կամ արժեթուղթ գնելու առաջարկ անելուն հրավիրելը, քանի դեռ տվյալ ազդագիրը պարունակող գրանցման հայտարարագիրը չի ներկայացվել Կենտրոնական բանկին սույն օրենքի 8 հոդվածի համաձայն, ինչպես նաև, եթե հայտարարագիրը մերժվել (կասեցվել) է սույն օրենքի 11 հոդվածի համաձայն:
3. Արգելվում է ազդագիր հրապարակելը, տարածելը կամ առաքելը փոստով կամ այլ կերպ, գնորդին հանձնելը կամ փոխանցելն առձեռն, էլեկտրոնային եղանակով կամ այլ կերպ, եթե`
ա) այն չի համապատասխանում սույն օրենքի 10 հոդվածով սահմանված պահանջներին.
բ) ազդագիրը ներառող գրանցման հայտարարագիրը չի ներկայացվել Կենտրոնական բանկին կամ մերժվել (կասեցվել) է վերջինիս կողմից` սույն օրենքին համապատասխան:
4. Արգելվում է արժեթուղթ վաճառելը, այն գնորդին կամ ցանկացած այլ անձին վաճառելու նպատակով տրամադրելը` առանց սույն օրենքի 10 հոդվածով սահմանված պահանջներին բավարարող ազդագրի պատճենը գնորդին տրամադրելու: Ազդագիրը համարվում է առձեռն, էլեկտրոնային եղանակով կամ այլ կերպ գնորդին տրամադրված` վերջինիս կողմից այն ստանալու պահից:
Արժեթղթի վաճառքի գործարքը կարող է գնորդի պահանջով անվավեր ճանաչվել, եթե ազդագիրը նրան է տրամադրվել վաճառքի պահին նախորդող 24 ժամվա ընթացքում կամ վաճառքից հետո: Սույն պահանջի համար հայցային վաղեմության ժամկետը 1 տարի է:
5. Սույն հոդվածի իմաստով` էլեկտրոնային կապի միջոցներով արժեթղթերի վաճառքի դեպքում վաճառքի վայր է համարվում վաճառքի առաջարկն էլեկտրոնային կապի համակարգ մուտքագրելու վայրը:
(5-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 6. |
ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ |
Սույն օրենքի 5 հոդվածով սահմանված պահանջները չեն տարածվում այն գործարքների վրա, որոնք իրականացվում են`
ա) Հայաստանի Հանրապետության կամ համայնքների կողմից օրենքով սահմանված կարգով թողարկվող (թողարկված) կամ երաշխավորված արժեթղթերով.
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվող (թողարկված) կամ երաշխավորված արժեթղթերով.
գ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թողարկվող (թողարկված) արժեթղթերով (բացառությամբ բաժնային արժեթղթերի).
դ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների կողմից թողարկվող (թողարկված) ապահովագրական պայմանագրերով.
ե) մուրհակով, վճարագրով, չեկով կամ նման այլ վճարային արժեթղթով, որը թողարկվել է տվյալ անձի գործունեության շրջանակներում կատարված ընթացիկ գործարքի համար, կամ որի միջոցները օգտագործվել են (նախատեսվում է օգտագործել) նման գործարքի կատարման համար, եթե դրանց մարման ժամկետը չի գերազանցում ինն ամիսը` չհաշված արտոնյալ ժամկետը (որի ընթացքում ժամկետանց արժեթուղթն այնուամենայնիվ ընդունվում է կատարման), ժամկետի երկարացումը կամ ժամկետի ընթացքի կասեցումը, որը նույնպես չպետք է գերազանցի ինն ամիսը.
զ) կրոնական, կրթական, բարեգործական և այլ ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կրոնական, կրթական կամ բարեգործական նպատակներով թողարկվող (թողարկված) արժեթղթերով.
է) վիճակախաղերի կամ շահումով խաղերի տոմսերով կամ նման այլ փաստաթղթերով, եթե դրանցով միջոցների փոխառություն չի իրականացվում.
ը) այն արժեթղթերով, որոնց առարկան բացառապես արտարժույթն է (արտարժութային, օպցիոններ, սպոթեր, ֆյուչերսներ և այլն).
թ) այն արժեթղթերով, որոնց առարկան բացառապես տեսակային հատկանիշով որոշվող ապրանքն է, այդ թվում` տիտղոսային արժեթղթերը.
ժ) օտարերկրյա այն արժեթղթերով, որոնք գրանցված են կամ որոնց ազդագիրը կամ նմանատիպ այլ փաստաթուղթը գրանցված է օտարերկրյա պետությունների արժեթղթերի շուկան վերահսկող համապատասխան պետական մարմիններում, որոնց ցանկը սահմանվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ և (կամ) այն օտարերկրյա արժեթղթերով, որոնք թույլատրված են առևտրին Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործող բորսաներում` տվյալ բորսաների կողմից սահմանված կարգով: Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի սահմանելու սույն ենթակետով սահմանված բացառություն կազմող օտարերկրյա արժեթղթերին ներկայացվող լրացուցիչ պահանջներ:
Ներդրողների պաշտպանության նպատակով Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի իր որոշմամբ սահմանելու Հայաստանի Հանրապետության տարածքում սույն հոդվածի «ժ» ենթակետով սահմանված արժեթղթերի վաճառքի նկատմամբ ներկայացվող պահանջներ և կարգ:
(4-րդ հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-175-Ն)
Հոդված 7. |
ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ |
Սույն օրենքի 5 հոդվածով սահմանված պահանջները չեն կիրառվում ցանկացած արժեթղթով հետևյալ գործարքների վրա`
ա) թողարկողի կողմից արժեթղթերով իրականացվող այն գործարքների վրա, որոնք արժեթղթերի փակ տեղաբաշխում են.
բ) թողարկողի կողմից իր թողարկած արժեթղթերն իր թողարկվող (թողարկած) այլ արժեթղթերով փոխանակելու կամ լրացուցիչ արժեթղթեր տրամադրելու վրա, եթե դրա համար լրացուցիչ վճար նախատեսված չէ և չի գանձվում ուղղակիորեն կամ անուղղակիորեն.
գ) բացառապես ինստիտուցիոնալ ներդրողներին արժեթղթերի վաճառքի (վաճառքի առաջարկի) վրա, եթե այդ գործարքի վերաբերյալ թողարկողի կողմից կամ իր համար կամ իր անունից որևէ ազդագիր չի հրապարակվել, և թողարկողը Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով վերջինիս տեղեկացնում է սույն բացառության կիրառման մասին.
դ) անձի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (իր ակտիվների մասը կազմող) արժեթղթերով կատարվող գործարքների վրա, եթե անձը տվյալ արժեթղթերի տեղաբաշխողը չէ: Սույն բացառությունը չի ներառում`
1) արժեթղթերով այն գործարքները, որոնք կատարվում են թողարկողի կամ տեղաբաշխողի կողմից տվյալ արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման առաջին օրվանից քառասուն օրվա ընթացքում կամ Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված ավելի կարճ ժամկետում,
2) այն արժեթղթերով կատարվող գործարքները, որոնք տեղաբաշխմանը մասնակցող անձին հատկացված կամ վերջինիս կողմից բաժանորդագրված արժեթղթերի մասն են կազմում.
ե) բրոքերի կողմից հաճախորդի հանձնարարությամբ որևէ բորսայում կատարված գործարքների վրա, եթե սույն օրենքի համաձայն տվյալ բորսայում գործարքներ կատարելն արգելված չէ.
զ) դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարկադիր կատարողի կողմից կամ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում կազմակերպվող հրապարակային սակարկությունների և դրանց արդյունքում արժեթղթերով կատարվող գործարքների վրա.
է) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում պետությանը սեփականության իրավունքով պատկանող արժեթղթերի մասնավորեցման շրջանակներում կատարվող գործարքների վրա:
(7-րդ հոդվածը լրաց. 23.10.02 ՀՕ-421-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 8. |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ |
1. Արժեթղթերի գրանցման հայտարարագիրը Կենտրոնական բանկ է ներկայացվում մեկ օրինակից, որը պետք է ստորագրված լինի թողարկողի տնօրենների խորհրդի (կամ նման իրավասություն ունեցող այլ մարմնի) անդամների մեծամասնության, գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի (եթե թողարկողի կառուցվածքում վարչություն կամ գործադիր այլ մարմին է նախատեսված, ապա դրա բոլոր անդամների) կողմից:
Եթե թողարկողն օտարերկրյա անձ է, ապա արժեթղթերի հայտարարագիրը ստորագրվում է նաև Հայաստանի Հանրապետությունում նրա լիազորած ներկայացուցչի կողմից:
Եթե թողարկողն օտարերկրյա պետություն է, օտարերկրյա պետության գերատեսչություն կամ այլ պետական մարմին, ապա արժեթղթերի գրանցման հայտարարագիրն ստորագրվում է միայն տեղաբաշխողի կողմից, որի մասնակցությունը թողարկմանն այս դեպքում պարտադիր է:
2. Գրանցման հայտարարագիրը ներկայացնելիս դիմողը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը:
3. Գրանցման հայտարարագիրը (ինչպես նաև դրա հետագա լրացումները) Կենտրոնական բանկին ներկայացված է համարվում վերջինիս կողմից այն ստանալու պահից:
4. Կենտրոնական բանկը պարտավոր է իր կողմից սահմանված կարգով հրապարակել հայտարարագրում ներառված տեղեկությունները և ցանկացած անձի պահանջով տրամադրել հայտարարագրի պատճենը` գանձելով պատճենահանման (տպագրման) ծախսերը:
(8-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն, 09.04.07 ՀՕ-175-Ն)
Հոդված 9. |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ |
1. Գրանցման հայտարարագիրը պետք է ներառի ազդագրում պահանջվող տեղեկությունները, թողարկման և տեղաբաշխման ծախսերը, Կենտրոնական բանկի որոշմամբ պահանջվող, առավելագույնը երեք տարվա վաղեմության ժամկետ ունեցող այն որոշումները և պայմանագրերը կամ դրանց պատճենները, որոնք առնչվում են թողարկմանը, ինչպես նաև հաշվետու թողարկող չհամարվող փոխկապակցված անձանց գրավոր համաձայնությունը` սույն օրենքի 10 հոդվածի 1-ին կետի համաձայն իրենց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու մասին:
2. Հայտարարագրում հաշվապահի, գնահատողի, խորհրդատուի կամ ցանկացած այլ փորձագետի մասնագիտական կարծիքն օգտագործելու կամ այդ նպատակով նրանցից մասնագիտական կարծիք ստանալու դեպքում այդ կարծիքը պետք է ստորագրվի նրանց կողմից և ամբողջությամբ կամ մասնակիորեն ներառվի հայտարարագրի մեջ` միայն կարծիքը պատրաստած անձի գրավոր համաձայնությամբ, որը պետք է կցվի հայտարարագրին:
Սույն կետի առաջին մասով սահմանված գրավոր համաձայնության առկայությունը պարտադիր չէ, եթե դրա ձեռքբերումը հնարավոր չէ հարգելի պատճառով: Այս դեպքում հայտարարագրում պետք է նշում լինի գրավոր համաձայնության ձեռքբերման անհնարինության մասին:
(9-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 10. |
ԱԶԴԱԳՐՈՒՄ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Ազդագիրը պետք է ներառի ներդրողների պաշտպանության նպատակով Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված այն տեղեկությունները, որոնք վերաբերում են`
ա) թողարկողին, նրա հետ փոխկապակցված անձանց, նրա կառավարման համակարգին, մարմիններին և կառավարմանը մասնակցող անձանց, բաժնային արժեթղթերի նշանակալից սեփականատերերին.
բ) թողարկողի` նախկինում թողարկված արժեթղթերին.
գ) թողարկողի ֆինանսական վիճակին.
դ) թողարկողի գործունեությանը, նախատեսվող գործունեությանը, տվյալ գործունեության շուկային.
ե) թողարկվող արժեթղթերին:
2. Հայտարարագրի գրանցման օրվանից ինն ամսից ավելի օգտագործվող ազդագրում պարունակվող տեղեկությունները չեն կարող գրանցման օրվանից հաշված տասնվեց ամսից ավելի հին լինել, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված տեղեկությունների և այն դեպքերի, երբ նման տեղեկությունների թարմացումը հնարավոր չէ` դրանց փոփոխման փաստի անհայտ լինելու պատճառով:
3. Ազդագրում ներառվող ֆինանսական հաշվետվությունները պետք է ներկայացվեն համաձայն հետևյալ կարգի`
ա) եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները պետք է տվյալ եռամսյակի ավարտից հետո քառասունհինգ օրվա ընթացքում սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվեն Կենտրոնական բանկի գրանցմանը` գրանցումից հետո թողարկողի կողմից ազդագրում ներառելու համար.
բ) տարեկան ֆինանսական հաշվետվությունները (անկախ աուդիտորական եզրակացության առկայությամբ) պետք է մինչև հաշվետու տարվանը հաջորդող տարվա ապրիլի 30-ը ներառյալ սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվեն Կենտրոնական բանկի գրանցմանը` գրանցումից հետո թողարկողի կողմից ազդագրում ներառելու համար:
4. Ազդագրում ներառված տեղեկությունների էական փոփոխությունների դեպքում համապատասխան լրացումները դրանում պետք է կատարվեն սույն օրենքի 11 հոդվածով սահմանված կարգով:
5. Եթե ազդագիրը հրապարակվում է ռադիոյի, հեռուստատեսության կամ հեռահաղորդակցման այլ միջոցներով, ապա հրապարակման պատճենը պետք է ներկայացվի Կենտրոնական բանկին` վերջինիս որոշմամբ սահմանված կարգով:
Կենտրոնական բանկը կարող է իր որոշմամբ սահմանված կարգով պահանջել այն բոլոր ազդագրերի (ինչպես նաև ցանկացած այլ փաստաթղթի կամ հայտարարության) ներկայացումը, որոնք օգտագործվում են սույն օրենքին համապատասխան գրանցված արժեթղթերի առաջարկի կամ վաճառքի համար:
6. Կենտրոնական բանկը պատասխանատու չէ ազդագրում նշված տեղեկությունների ճշտության կամ իսկության համար:
Ազդագիրը պետք է դրույթ ներառի այն մասին, որ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գրանցումը չի հավաստում ներդրման ապահովությունը, ներկայացված տեղեկության ճշտությունը կամ իսկությունը: Այդ դրույթը, Կենտրոնական բանկի կողմից հաստատված խմբագրությամբ, պետք է զետեղվի գրավոր ազդագրի սկզբում` աչքի ընկնող տեղում և թավշյա տառատեսակով:
7. Եթե սույն օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկին ներկայացված հայտարարագիրը գրանցված չէ, կամ դրա գրանցումը մերժված (կասեցված) չէ, ապա այդ հայտարարագրով նախատեսված արժեթղթերի ազդագիրը պետք է դրույթ ներառի այն մասին, որ հայտարարագիրը գրանցված չէ, և ազդագրում արժեթուղթ վաճառելու առաջարկի ընդունումը (ակցեպտը) կարող է տեղի ունենալ միայն հայտարարագիրը սահմանված կարգով գրանցելուց հետո: Այդ դրույթը, Կենտրոնական բանկի կողմից հաստատված խմբագրությամբ, պետք է զետեղվի գրավոր ազդագրի սկզբում` աչքի ընկնող տեղում և թավշյա տառատեսակով:
(10-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-514-Ն, 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 11. |
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ և ԴՐԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ |
1. Հայտարարագիրը համարվում է գրանցված դրա ներկայացման 20-րդ աշխատանքային օրը, եթե Կենտրոնական բանկն այն չի գրանցում մինչ այդ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:
Եթե մինչև գրանցման օրը հայտարարագրում որևէ լրացում է ներկայացվում Կենտրոնական բանկ, ապա հայտարարագիրը ներկայացված է համարվում լրացումը ներկայացնելու օրվանից, բացառությամբ, եթե այն ներկայացվում է Կենտրոնական բանկի` մինչև գրանցման օրը տրված համաձայնությամբ կամ հանձնարարությամբ:
2. Եթե Կենտրոնական բանկը մինչև գրանցման օրը գտնի, որ հայտարարագիրը ոչ լիարժեք, էական սխալ կամ ապակողմնորոշող տեղեկություններ է պարունակում, ապա Կենտրոնական բանկը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, իր որոշմամբ մերժում է հայտարարագրի գրանցումը, մինչև մերժման որոշմամբ նախատեսված լրացումների կատարումը: Հայտարարագիրը գրանցված է համարվում այն օրը, երբ Կենտրոնական բանկը կգտնի, որ այն լրացված է որոշմանը համապատասխան: Կենտրոնական բանկը, վերոհիշյալ լրացումներն ստանալուց հետո` տաս օրվա ընթացքում, պարտավոր է նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ համապատասխան որոշում կայացնել:
3. Հայտարարագրի գրանցումից հետո ներկայացված լրացումները գրանցվում են սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով:
4. Եթե Կենտրոնական բանկը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, գտնի, որ գրանցված հայտարարագիրը ոչ լիարժեք, էական սխալ կամ ապակողմնորոշող տեղեկություններ է պարունակում, կամ եթե օրենքով նախատեսված տուրքը սահմանված ժամկետում չի վճարվել, ապա իր որոշմամբ ընդունված կարգադրությամբ կասեցնում է հայտարարագրի գրանցումը: Հայտարարագրի գրանցումը վերականգնված է համարվում այն օրը, երբ Կենտրոնական բանկը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, գտնի, որ այն լրացված է որոշմանը համապատասխան: Կենտրոնական բանկը վերոհիշյալ լրացումներն ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, պարտավոր է, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, որոշում կայացնել:
5. Հայտարարագրի գրանցումը մերժելու (կասեցնելու) Կենտրոնական բանկի որոշումը կարող է բողոքարկվել դատարան:
(11-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 12. |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԴԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
1. Սույն օրենքի 5 հոդվածով սահմանված պահանջների խախտումով իրականացված արժեթղթերի վաճառքի գործարքն առոչինչ է:
2. Բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի, գործարքը կարող է ճանաչվել անվավեր` որպես էական նշանակություն ունեցող մոլորության ազդեցության տակ կնքված, եթե որևէ անձ այդ գործարքով կամ դրա շրջանակներում արժեթուղթ է առաջարկել (վաճառել) ազդագրի կամ բանավոր հաղորդման միջոցով, որոնք էական փաստ են խեղաթյուրել (բաց թողել), և գնորդը դրա մասին տեղյակ չէր:
Գնորդին պատճառված վնասի հատուցման հարցը որոշելիս նրա մոլորությունը համարվում է սույն կետի առաջին մասում նշված անձի մեղքով առաջացած:
3. Վերադարձման ենթակա գումարի չափը որոշելու համար գործարքով ամբողջ ստացվածը ներառում է նաև արժեթղթի գնորդի կողմից արժեթղթով կամ արժեթղթի իրացումից ստացված ողջ եկամուտը:
4. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված գործարքն անվավեր չէ, եթե արժեթղթի վաճառք կամ առաջարկ իրականացնող անձն ապացուցում է, որ նա չգիտեր և ակնհայտորեն չէր կարող իմանալ նման խեղաթյուրման (բացթողման) մասին:
5. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում անվավեր է գործարքի այն մասը, որը վերաբերում է արժեթղթի առաջարկին (վաճառքին): Գործարքի մնացած մասերը համարվում են վավեր, եթե այլ բան սահմանված չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով:
Հոդված 13. |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
1. Եթե արժեթղթի գրանցման հայտարարագրի որևէ մասը գրանցման պահին էական փաստ է խեղաթյուրում (բացթողում), ապա այդ արժեթղթի գնորդը կարող է դատական կարգով սույն օրենքի 15 հոդվածով սահմանված չափերով վնասի հատուցում պահանջել թողարկողից կամ ցանկացած անձից, որը`
ա) ստորագրել է գրանցման հայտարարագիրը.
բ) սույն օրենքի 9 հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով հանդիսանում է հաշվապահ, գնահատող, խորհրդատու կամ այլ փորձագետ: Սույն ենթակետում նշված անձինք պատասխանատվություն են կրում միայն հայտարարագրում ներառված իրենց կողմից ներկայացված կարծիքի, հայտարարության, հաշվետվության, գնահատման ակտի կամ դրանց մասի համար.
գ) թողարկողի հետ կնքված պայմանագրին (համաձայնությանը) համապատասխան տվյալ արժեթղթի տեղաբաշխողն է:
Եթե գնորդը ձեռք է բերել արժեթուղթը թողարկողի կողմից հայտարարագրի գրանցման պահից առնվազն 12 ամսվա համար ֆինանսական հաշվետվությունները հրապարակելուց կամ արժեթղթերի սեփականատերերին այլ կերպ տրամադրելուց հետո, ապա նրա վնասը ենթակա է հատուցման, եթե նա ապացուցի, որ արժեթուղթը ձեռք է բերել` հիմնվելով գրանցման հայտարարագրի վրա և տեղյակ չի եղել նման խեղաթյուրման (բացթողման) մասին:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք գնորդի առջև կրում են համապարտ պատասխանատվություն (բացառությամբ «բ» ենթակետում նշված դեպքերի, երբ համապարտ է միայն նույն փաստաթուղթը կամ դրա նույն մասը ստորագրած երկու և ավելի փորձագետների պատասխանատվությունը)` որպես վնասը համատեղ պատճառած անձինք և միմյանց նկատմամբ օգտվում են հետադարձ պահանջի իրավունքից:
Հոդված 14. |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ |
1. Սույն օրենքի 13 հոդվածով սահմանված յուրաքանչյուր անձ, բացառությամբ թողարկողի, պատասխանատվություն չի կրում նույն հոդվածով սահմանված հիմքերով, եթե ապացուցում է, որ նա`
ա) մինչև տվյալ հայտարարագրի այն մասի գրանցման պահը, որի հիմքով հատուցում է պահանջվում`
1) իր նախաձեռնությամբ ազատվել է կամ ձեռնարկել է օրենքով թույլատրված բոլոր քայլերն ազատվելու այն պաշտոնից կամ հրաժարվել է և չի գործել այն պաշտոնում, դիրքում կամ կարգավիճակում, որը նշված էր գրանցման հայտարարագրում, և
2) այդ մասին գրավոր տեղեկացրել է Կենտրոնական բանկին ու թողարկողին` հայտարարելով, որ պատասխանատվություն չի ստանձնում գրանցման հայտարարագրի համապատասխան մասի համար.
բ) տեղյակ չի եղել հայտարարագրի գրանցման փաստի մասին, իսկ տեղեկանալուց հետո անմիջապես ձեռնարկել է սույն կետի «ա» ենթակետով նախատեսված գործողությունները, ինչպես նաև հնարավոր սեղմ ժամկետում հրապարակայնորեն հայտարարել է, որ պատասխանատվություն չի ստանձնում գրանցման հայտարարագրի համապատասխան մասի համար.
գ) բավարար ուսումնասիրությունից հետո բավարար հիմքեր է ունեցել հավատալու և հավատացել է, որ հայտարարագրի գրանցման պահին դրանում խեղաթյուրում (բացթողում) չի եղել, եթե հարցը վերաբերում է հայտարարագրի այն մասին, որը փորձագետի մասնագիտական կարծիքի հիման վրա չի կազմված, կամ դրա մասը (դրանից քաղվածք) չի ներառում.
դ) բավարար ուսումնասիրությունից հետո բավարար հիմքեր է ունեցել հավատալու և հավատացել է, որ հայտարարագրի գրանցման պահին տվյալ մասն արտացոլում է իր` որպես փորձագետի տված կարծիքը, կամ տվյալ հարցի առնչությամբ գրավոր ներկայացված կարծիքի ճշգրիտ պատճենը կամ քաղվածքն է, եթե հարցը վերաբերում է հայտարարագրի այն մասին, որը տվյալ փորձագետի մասնագիտական կարծիքի հիման վրա է կազմված կամ դրա մասը (դրանից քաղվածք) է ներառում.
ե) բավարար հիմքեր չի ունեցել կարծելու և չի կարծել, որ հայտարարագրի գրանցման պահին տվյալ մասը չի արտացոլել փորձագետի ներկայացրած կարծիքը, կամ տվյալ հարցի առնչությամբ գրավոր ներկայացված կարծիքի ճշգրիտ պատճենը կամ քաղվածքը չէ, եթե հարցը վերաբերում է հայտարարագրի այն մասին, որը փորձագետի մասնագիտական կարծիքի հիման վրա է կազմված կամ դրա մասը (դրանից քաղվածք) է ներառում.
զ) բավարար հիմքեր չի ունեցել կարծելու և չի կարծել, որ հայտարարագրի գրանցման պահին տվյալ մասը չի արտացոլել պաշտոնական հրապարակային փաստաթուղթը կամ հայտարարությունը (օրենքի, իրավական այլ ակտի, կառավարության, պետական մարմինների կամ պետական այլ պաշտոնատար անձանց պաշտոնական հայտարարության կամ հրապարակման), կամ դրա ճշգրիտ պատճենը կամ քաղվածքը չէ, եթե հարցը վերաբերում է հայտարարագրի այն մասին, որը պաշտոնական հրապարակային փաստաթղթի կամ հայտարարության հիման վրա է կազմված կամ դրա մասը (դրանից քաղվածք) է ներառում:
Սույն կետի իմաստով` ուսումնասիրությունը համարվում է բավարար, եթե այն կատարվել է տվյալ անձի պաշտոնեական, ծառայողական կամ պայմանագրային պարտականություններին համապատասխան:
2. Եթե անձը որևէ արժեթղթի տեղաբաշխող է դառնում դրա գրանցման հայտարարագրի այն մասի գրանցման պահից հետո, որի հիմքով հատուցում է պահանջվում, ապա սույն հոդվածի 1-ին կետի «գ», «դ», «ե» և «զ» ենթակետերով նախատեսված հիմքերով նրա պատասխանատվության հարցը որոշելու համար հայտարարագրի գրանցման պահ է համարվում նրա տեղաբաշխող դառնալու պահը:
(14-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 15. |
ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎՆԱՍՆԵՐԻ ՉԱՓԸ |
1. Սույն օրենքի 13 հոդվածով նախատեսված դեպքերում հատուցման ենթակա վնասը որոշվում է որպես տարբերություն գնորդի կողմից արժեթղթի համար վճարված գումարի և`
ա) հայցը հարուցելու պահին դրա գնի, կամ`
բ) այն գումարի, որն ստացվել է արժեթղթի օտարումից մինչև հայց հարուցելը, կամ`
գ) այն գումարի, որն ստացվել է արժեթղթի օտարումից հայցը հարուցելուց հետո մինչև վճիռ կայացնելը:
Սույն կետով սահմանված հատուցման ենթակա վնասի գումարը չի կարող գերազանցել այն գինը, որով իրականացվել է տվյալ արժեթղթի հրապարակային տեղաբաշխումը:
2. Հատուցման ենթակա վնասը, բացի սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված վնասից, ներառում է նաև իրավունքը խախտված անձի ծախսերը, որոնք կատարվել են կամ պետք է կատարվեն խախտված իրավունքը վերականգնելու համար:
3. Եթե սույն օրենքի 13 հոդվածով սահմանված դեպքերում պատասխանողն ապացուցում է, որ պահանջվող վնասն էական փաստի խեղաթյուրման (բացթողման) հետևանք չէ, ապա այդ վնասը հատուցման ենթակա չէ:
4. Տեղաբաշխողի պատասխանատվությունը սույն օրենքի 13 հոդվածով սահմանված դեպքերում սահմանափակվում է իր կողմից տեղաբաշխված արժեթղթի հրապարակային տեղաբաշխման գնով: Սույն կետը չի վերացնում սույն օրենքի 13 հոդվածի 2-րդ կետով սահմանված պատասխանատվության համապարտությունը:
Հոդված 16. |
ՀՍԿՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
Ցանկացած անձ, որը բաժնետոմսերի սեփականության, պայմանագրի կամ համաձայնության ուժով, միջոցով կամ այլ կերպ (ինքնուրույն կամ այլ անձանց հետ համատեղ) ուղղակիորեն կամ անուղղակիորեն հսկում է սույն օրենքի 12 և 13 հոդվածների հիմքով վնասների համար պատասխանատու անձին, տվյալ վնասները հատուցելու համար վերջինիս հետ համապարտ պատասխանատվություն է կրում, եթե չապացուցի, որ ինքը չգիտեր և բավարար հիմքեր չուներ կասկածելու պատասխանատվության հիմք հանդիսացող փաստերի գոյության մասին:
Հոդված 17. |
ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
1. Սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ կետի և 13 հոդվածի հիմքերով հայցային վաղեմության ժամկետը 1 տարի է` սկսած այն օրվանից, երբ գնորդը բացահայտել է կամ կարող էր ողջամիտ ուշադրություն գործադրելու դեպքում բացահայտել էական փաստի խեղաթյուրումը (բացթողումը):
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված վաղեմության ժամկետը համարվում է անցած, եթե`
ա) սույն օրենքի 13 հոդվածի հիմքերով ծագած պահանջների համար արժեթուղթը հրապարակայնորեն առաջարկելու օրվանից անցել է 3 տարի, կամ
բ) սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ կետի հիմքով ծագած պահանջների համար արժեթղթի վաճառքի օրվանից անցել է 3 տարի:
Հոդված 18. |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ և ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Հրապարակային տեղաբաշխումն սկսելու պահից յուրաքանչյուր 30-րդ օրվա ավարտից հետո` ոչ ուշ, քան 15-րդ օրը, ինչպես նաև տեղաբաշխման ավարտից հետո` 30 օրվա ընթացքում, թողարկողը պարտավոր է Կենտրոնական բանկին ներկայացնել հաշվետվություն` տեղաբաշխման ընթացքի և արդյունքների մասին:
2. Հաշվետվությունը պետք է ներառի`
ա) հաշվետու ժամանակաշրջանի սկզբի և ավարտի ամսաթվերը.
բ) արժեթղթերի հրապարակային տեղաբաշխման գինը և վաճառված արժեթղթերի միջին գինը.
գ) վաճառված արժեթղթերի քանակը:
3. Հաշվետվությունների ձևերը սահմանվում են Կենտրոնական բանկի որոշմամբ:
(18-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Գ Լ ՈՒ Խ III
ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 19. |
ՉԳՐԱՆՑՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ |
1. Բրոքերներին և դիլերներին արգելվում է որևէ արժեթղթով գործարք կատարել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում, իսկ ֆոնդային բորսաներին` թույլ տալ նման գործարքի կատարում (ցուցակելու միջոցով կամ այլ կերպ), եթե այդ արժեթուղթը տվյալ ֆոնդային բորսայում սույն օրենքով և դրանից բխող իրավական այլ ակտերով սահմանված կարգով գրանցված չէ, կամ եթե այդ գրանցումը կասեցված, դադարեցված կամ ուժը կորցրած է:
2. Սույն հոդվածի սահմանափակումը չի տարածվում սույն օրենքի 6 հոդվածի «ա», «բ», «գ», «ը» և «ժ» ենթակետերով նախատեսված գործարքների վրա:
(19-րդ հոդվածը փոփ. 09.04.07 ՀՕ-175-Ն)
Հոդված 20. |
ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ |
1. Արժեթուղթը կարող է գրանցվել ֆոնդային բորսայում թողարկողի կողմից ֆոնդային բորսային գրանցման հայտարարագիր ներկայացնելու միջոցով, որի 1 օրինակը միաժամանակ ներկայացվում է Կենտրոնական բանկին` վերջինիս որոշմամբ սահմանված կարգով:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված գրանցման հայտարարագիրը պետք է ներառի թողարկողի, նրա հետ փոխկապակցված անձանց, թողարկողի արժեթղթով նախատեսված պարտավորությունները կամ դրանց մի մասը երաշխավորած անձանց մասին Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված տեղեկությունները, որոնք վերաբերում են`
ա) նրանց կազմակերպական հարցերին և գործունեության տեսակին.
բ) նրանց նախկինում թողարկած արժեթղթերին և դրանցով վերապահվող իրավունքներին և արտոնություններին, թողարկման պայմաններին և ձևին.
գ) նրանց կողմից թողարկվող արժեթղթերի թողարկման պայմաններին և ձևին.
դ) թողարկողի խորհրդի անդամներին, տնօրեններին, գլխավոր հաշվապահին, կառավարմանը մասնակցող այլ անձանց, տեղաբաշխողներին և բաժնային արժեթղթերի նշանակալից սեփականատերերին, թողարկողի կողմից նրանց տրվող վարձատրությանը, ինչպես նաև թողարկողի և սույն կետի առաջին պարբերությունում նշված անձանց կապիտալում կամ այլ արժեթղթերում վերոհիշյալ անձանց մասնակցությանը.
ե) այն անձանց, որոնց` թողարկողի կողմից սահմանված տարեկան վարձատրությունը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը.
զ) թողարկողի կողմից սահմանված պարգևավճարներին, շահույթի բաշխման համաձայնություններին.
է) թողարկողի կնքած պայմանագրերին, եթե դրանց գինը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը.
ը) նրանց կողմից թողարկված արժեթղթերի նկատմամբ առկա օպցիոններին.
թ) գրանցման տարվանը նախորդող երեք ֆինանսական տարիների հաշվապահական հաշվեկշիռներին, եկամուտների և ծախսերի (ֆինանսական արդյունքների), սեփական կապիտալում փոփոխությունների և դրամական միջոցների մասին հաշվետվություններին` անկախ աուդիտորական եզրակացության առկայությամբ.
ժ) Կենտրոնական բանկի որոշմամբ պահանջվող եռամսյակային ֆինանսական հաշվետվություններին:
3. Սույն հոդվածով սահմանված գրանցման հայտարարագրին կից ներկայացվում են թողարկողի կանոնադրության, Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված կանոնակարգերի և այլ փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև հաշվետու թողարկող չհամարվող փոխկապակցված անձանց գրավոր համաձայնությունը` սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն իրենց մասին տեղեկություններ ներկայացնելու վերաբերյալ:
(20-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-514-Ն, 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 21. |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ: ՉՑՈՒՑԱԿՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Եթե ֆոնդային բորսան տեղեկացնում է Կենտրոնական բանկին (վերջինիս կողմից սահմանված ձևով), որ տվյալ արժեթուղթն ընդունված է գրանցման և հետագա ցուցակման համար, ապա ֆոնդային բորսայում այն գրանցված է համարվում այդ տեղեկացումը Կենտրոնական բանկի կողմից ստանալու 10-րդ կամ դրան նախորդող այն օրը, երբ Կենտրոնական բանկը հայտնում է տվյալ արժեթղթերի գրանցմանը չառարկելու մասին:
Նշված ժամկետում Կենտրոնական բանկը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, կարող է իր որոշմամբ առարկել արժեթղթերի գրանցմանը, եթե ներկայացված տեղեկությունները կամ փաստաթղթերը լիարժեք չեն: Այս դեպքում արժեթղթերը ֆոնդային բորսայում գրանցված են համարվում այն օրը, երբ Կենտրոնական բանկը գտնում է, որ հայտարարագիրը լրացված է որոշմանը համապատասխան: Կենտրոնական բանկը, վերոհիշյալ լրացումներն ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, պարտավոր է հայտնել չառարկելու կամ, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, իր որոշմամբ նոր առարկություն ներկայացնելու մասին:
2. Ֆոնդային բորսան իր կանոններով սահմանված ժամկետներում քննարկում է գրանցման հայտարարագիրը և կարող է մերժել արժեթղթի գրանցումը` Կենտրոնական բանկին ներկայացնելով մերժման որոշման պատճենը: Ֆոնդային բորսան կարող է ցուցակումն ու գրանցումը մերժել միայն այն դեպքում, եթե թողարկողը կամ նրա արժեթղթերը չեն համապատասխանում ցուցակման և գրանցման կանոններով սահմանված պահանջներին ու պայմաններին, կամ եթե ներկայացված տեղեկությունները կամ փաստաթղթերը լիարժեք չեն:
3. Ֆոնդային բորսայում ցուցակված արժեթղթերը մեկ այլ ֆոնդային բորսայում առանց գրանցման և ցուցակման վաճառելու արտոնություններ (այսուհետ` չցուցակված արժեթղթերի վաճառքի արտոնություններ) վերապահելը թույլատրվում է միայն Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված կարգով:
(21-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 22. |
ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՅՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ |
1. Ֆոնդային բորսայում արժեթղթի գրանցումը կարող է դադարեցվել (և արժեթուղթը ապացուցակվել) Կենտրոնական բանկի որոշումներին և ֆոնդային բորսայի կանոններին համապատասխան:
2. Արժեթղթի գրանցումը դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո թողարկողն ազատվում է սույն օրենքի IV գլխով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված պահանջների կատարումից:
(22-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 23. |
ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂԻ ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ Կենտրոնական բանկՈՒՄ |
1. Թողարկողը պարտավոր է գրանցել իր արժեթուղթը` Կենտրոնական բանկին գրանցման հայտարարագիր ներկայացնելով, տվյալ դասի արժեթղթի հիսուներորդ սեփականատիրոջ գրանցման և զուտ ակտիվների մեծությունը Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափի գերազանցման պահից` 60 օրվա ընթացքում:
Սույն կետի պահանջը չի տարածվում այն արժեթղթերի վրա, որոնք գրանցված են ֆոնդային բորսայում, ինչպես նաև սույն օրենքի 6 հոդվածի համաձայն բացառություն կազմող արժեթղթերի վրա:
Թողարկողը կարող է սույն հոդվածին համապատասխան գրանցել նաև այնպիսի արժեթուղթ, որի գրանցումը սույն հոդվածով չի պահանջվում:
2. Գրանցման հայտարարագիրը պետք է ներառի սույն օրենքի 20 հոդվածով և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերով սահմանված տեղեկություններն ու փաստաթղթերը: Գրանցման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի որոշմամբ: Հաշվետու թողարկողի այն արժեթղթերը, որոնց նկատմամբ սույն օրենքի 9 հոդվածով նախատեսված հայտարարագիրը գրանցված է, գրանցվում են Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված պարզեցված կարգով:
3. Արժեթուղթը սույն հոդվածին համապատասխան գրանցված է համարվում գրանցման հայտարարագիրը Կենտրոնական բանկի կողմից ստանալու պահից երեսուներորդ կամ դրան նախորդող այն օրը, երբ Կենտրոնական բանկն արժեթուղթը կգրանցի: Նշված ժամկետում Կենտրոնական բանկը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, կարող է իր որոշմամբ մերժել արժեթղթերի գրանցումը, եթե ներկայացված տեղեկությունները կամ փաստաթղթերը լիարժեք չեն: Այս դեպքում, արժեթղթերը գրանցված են համարվում այն օրը, երբ Կենտրոնական բանկը կգտնի, որ հայտարարագիրը լրացված է որոշմանը համապատասխան: Կենտրոնական բանկը վերոհիշյալ լրացումներն ստանալուց հետո` տաս օրվա ընթացքում, պարտավոր է գրանցել արժեթուղթը կամ, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, իր որոշմամբ մերժել գրանցումը:
(23-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 24. |
Կենտրոնական բանկՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԿԱՄԱՎՈՐ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ |
1. Կենտրոնական բանկում արժեթղթի գրանցումը կարող է դադարեցվել Կենտրոնական բանկի որոշումներին համապատասխան թողարկողի` Կենտրոնական բանկին ներկայացրած միջնորդության հիման վրա, եթե թողարկողը հիմնավորում է, որ տվյալ արժեթղթի գրանցված սեփականատերերի թիվը նվազում է 50-ից, կամ զուտ ակտիվների մեծությունը նվազում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափից: Միջնորդությունը քննարկվում է 30 օրվա ընթացքում և կարող է, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, մերժվել, եթե այն հիմնավոր չէ:
2. Արժեթղթի գրանցումը դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո թողարկողն ազատվում է սույն օրենքի IV գլխով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված պահանջների կատարումից:
(24-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 25. |
ԱՐԺԵԹՂԹԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ ԿԱՄ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀԱՄԱՐԵԼԸ |
1. Կենտրոնական բանկն իրավունք ունի, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, կասեցնել սույն գլխով սահմանված գրանցումը ոչ ավելի, քան 12 ամսով (ներառյալ` երկարաձգումները), կամ ուժը կորցրած համարել այն, եթե տվյալ արժեթղթի թողարկողը խախտում է սույն օրենքը և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերը, ինչպես նաև սահմանված ժամկետում չի վճարում պետական տուրքը:
2. Բրոքերներին և դիլերներին արգելվում է ցանկացած գործարք կատարել չգրանցված արժեթղթերով կամ այն արժեթղթերով, որոնց գրանցումը կասեցված կամ ուժը կորցրած է:
(25-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն, խմբ. 09.04.07 ՀՕ-175-Ն)
Հոդված 26. |
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ: ԳՐԱՆՑՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ |
1. Կենտրոնական բանկը պարտավոր է իր կողմից սահմանված կարգով հասարակության համար մատչելի դարձնել սույն օրենքի 20 և 23 հոդվածներով նախատեսված գրանցման հայտարարագրում ներառված տեղեկությունները: Կենտրոնական բանկը պարտավոր է ցանկացած անձի պահանջով տրամադրել գրանցման հայտարարագրի պատճենը` գանձելով պատճենահանման ծախսերը:
2. Սույն օրենքի 21 և 23 հոդվածներին համապատասխան արժեթղթերի գրանցման համար դիմողը պարտավոր է վճարել օրենքով սահմանված պետական տուրքը:
(26-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 27. |
ՀԱՇՎԵՏՈՒ ԹՈՂԱՐԿՈՂՆԵՐԻ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՈՒՄԸ |
Հաշվետու թողարկողները, որոնց արժեթղթերը ենթակա են գրանցման սույն գլխին համապատասխան, պարտավոր են տվյալ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարումը հանձնել Կենտրոնական դեպոզիտարիային` սույն օրենքով և Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված կարգով` մինչև դրանց գրանցումը սույն գլխին համապատասխան:
(27-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 28. |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ |
1. Ելնելով ներդրողների պաշտպանության ծայրահեղ անհրաժեշտությունից` Կենտրոնական բանկն իրավունք ունի պարզեցված կարգով (առանց նախնական ծանուցման և լսման հնարավորության ընձեռման) իր որոշմամբ կասեցնել ցանկացած արժեթղթով կատարվող գործարքները (բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածի առաջին պարբերության «ա-թ» ենթակետերով սահմանված արժեթղթերի) ոչ ավելի, քան 10 աշխատանքային օրով (ներառյալ` երկարաձգումները):
2. Ելնելով ներդրողների պաշտպանության ծայրահեղ անհրաժեշտությունից` Կենտրոնական բանկն իրավունք ունի պարզեցված կարգով իր որոշմամբ կասեցնել արժեթղթերով կատարվող գործարքները (բացառությամբ սույն օրենքի 6 հոդվածի առաջին պարբերության «ա-թ» ենթակետերով սահմանված արժեթղթերի), ոչ ավելի, քան 90 աշխատանքային օրով (ներառյալ` երկարաձգումները):
3. Սույն հոդվածով նախատեսված միջոցներից որևէ մեկը ձեռնարկելու դեպքում Կենտրոնական բանկը պարտավոր է անհապաղ հրապարակել տվյալ որոշումը` պատշաճ հիմնավորմամբ:
4. Սույն հոդվածի իմաստով` ներդրողների պաշտպանության ծայրահեղ անհրաժեշտությունն առկա է, եթե սույն օրենքի կամ դրան համապատասխան ընդունված որոշման (նորմատիվ իրավական ակտի) հնարավոր խախտման հետևանքով նրանց լայն շրջանակի իրավունքներին և օրինական շահերին էական վտանգ է սպառնում, կամ եթե սույն օրենքի 29 հոդվածի իմաստով առաջանում է արտակարգ իրավիճակ:
5. Կենտրոնական բանկն իրավունք ունի պարզեցված կարգով (առանց նախնական ծանուցման և լսման հնարավորության ընձեռման) իր որոշմամբ կասեցնելու կամ արգելելու Հայաստանի Հանրապետությունում սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված կարգով սույն օրենքի 6 հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված արժեթղթերի հրապարակային առաջարկը և (կամ) վաճառքը, եթե Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով տվյալ արժեթղթերի հրապարակային առաջարկը կամ վաճառքը Հայաստանի Հանրապետությունում վտանգում է ներդրողների շահերը:
Բրոքերներին և դիլերներին արգելվում է հրապարակային առաջարկ կամ վաճառք իրականացնել այն արժեթղթերով, որոնց հրապարակային առաջարկը և (կամ) վաճառքն արգելված կամ կասեցված է սույն կետով սահմանված կարգով:
(28-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն, փոփ., լրաց. 09.04.07 ՀՕ-175-Ն)
Հոդված 29. |
Կենտրոնական բանկԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ |
1. Արտակարգ իրավիճակում Կենտրոնական բանկն իրավունք ունի պարզեցված կարգով իր որոշմամբ փոփոխել կամ լրացնել գործող պահանջները, լրացուցիչ սահմանափակումներ կամ պահանջներ սահմանել Կենտրոնական բանկի կամ որևէ ինքնակարգավորվող կազմակերպության կարգավորմանը վերապահված բնագավառում կամ հարցում, նպատակ ունենալով`
ա) պահպանել կամ վերականգնել արժեթղթերի շուկայի կանոնավոր գործունեությունը, կամ
բ) երաշխավորել արժեթղթերով կատարվող գործարքների վճարահաշվարկային համակարգի և դրա միջոցով իրականացվող վերջնահաշվարկների արագությունը, անվտանգությունը և ճշգրտությունը:
2. Կենտրոնական բանկի նման որոշումը հրապարակվում և ուժի մեջ է մտնում հրապարակման կամ իր կողմից սահմանված օրը` 10 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետով (ներառյալ` երկարաձգումները)՝ առանց պետական լիազորված մարմնում գրանցում ստանալու:
3. Սույն հոդվածի իմաստով` արտակարգ իրավիճակը շուկայի ծավալուն ցնցումն է, ճգնաժամը կամ դրա ակնհայտ սպառնալիքը, որն արտահայտվում է`
ա) արժեթղթերի սովորական գների համատարած և շուկայի կանոնավոր գործունեությունը վտանգող կտրուկ և նշանակալից տատանումներով կամ դրանց ակնհայտ սպառնալիքով, կամ
բ) արժեթղթերով կատարվող գործարքների վճարահաշվարկային համակարգի անվտանգ և արդյունավետ գործողության նշանակալից խափանմամբ կամ դրա ակնհայտ սպառնալիքով:
(29-րդ հոդվածը լրաց., փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 30. |
ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ |
1. Բրոքերներին և դիլերներին արգելվում է կատարել ցանկացած գործարք այն արժեթղթերով, որոնց վաճառքը սույն օրենքի 28 հոդվածի 1-ին կետին համապատասխան կասեցված է, կամ որն իրականացվում է ի խախտումն Կենտրոնական բանկի` սույն օրենքի 28 հոդվածի 2-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշման:
Բրոքերներին և դիլերներին արգելվում է կատարել ցանկացած գործարք կամ այլ գործողություն` ի խախտումն Կենտրոնական բանկի` սույն օրենքի 29 հոդվածով նախատեսված որոշման:
2. Շահագրգիռ անձինք կարող են դատական կարգով բողոքարկել Կենտրոնական բանկի` սույն օրենքի 28 և 29 հոդվածներով նախատեսված որոշումները (կարգադրությունները):
(30-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն, փոփ. 09.04.07 ՀՕ-175-Ն)
Գ Լ ՈՒ Խ IV
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ
Հոդված 31. | Թողարկողի հաշվետվությունները |
1. Յուրաքանչյուր հաշվետու թողարկող պարտավոր է Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված ձևով և կարգով վերջինիս ներկայացնել`
ա) Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված այնպիսի տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են սույն օրենքի III գլխով նախատեսված գրանցման հայտարարագրերում ներառվող տեղեկությունների կամ դրանց կից ներկայացվող փաստաթղթերի, ինչպես նաև սույն օրենքի II գլխով նախատեսված գրանցման հայտարարագրում (եթե կիրառելի է տվյալ թողարկողի նկատմամբ) ներառվող տեղեկությունների և դրան կից ներկայացվող փաստաթղթերի արդիականությունը պահպանելու համար.
բ) տարեկան ֆինանսական հաշվետվությունները (անկախ աուդիտորական եզրակացությամբ) և եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները:
2. Յուրաքանչյուր հաշվետու թողարկող, որի արժեթղթերը գրանցված են ֆոնդային բորսայում սույն օրենքի III գլխին համապատասխան, պարտավոր է սույն հոդվածի 1-ին կետով սահմանված տեղեկությունների, փաստաթղթերի և հաշվետվությունների պատճենները ներկայացնել ֆոնդային բորսա:
3. Բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի, յուրաքանչյուր հաշվետու թողարկող պարտավոր է սույն հոդվածի 1-ին կետով սահմանված տեղեկությունները, փաստաթղթերը և հաշվետվությունները Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված ձևով և կարգով տրամադրել այն արժեթղթերի գրանցված սեփականատերերին կամ անվանատերերին, որոնք ենթակա են գրանցման սույն օրենքի III գլխի համաձայն:
4. Յուրաքանչյուր հաշվետու թողարկող, որի` սույն օրենքի III գլխի համաձայն գրանցման ենթակա արժեթղթերն ունեն 500 և ավելի գրանցված սեփականատերեր, կարող է բավարարել սույն հոդվածի 3-րդ կետի պահանջները` տեղեկությունները, փաստաթղթերը և հաշվետվությունները, հրապարակելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով և կարգով:
Կենտրոնական բանկը, ելնելով ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, կարող է իր որոշմամբ սահմանված կարգով հաշվետու թողարկողների որոշակի խմբից պահանջել տեղեկությունները, փաստաթղթերը և հաշվետվությունները հրապարակելուց բացի դրանք 3-րդ կետի համաձայն տրամադրել այդ արժեթղթերի գրանցված սեփականատերերին:
5. Թողարկողների որոշակի խմբի համար սույն հոդվածով սահմանված տեղեկությունների, փաստաթղթերի և հաշվետվությունների անկիրառելիության դեպքում Կենտրոնական բանկն իրավունք ունի դրանց փոխարեն պահանջել համարժեք այլ տեղեկություններ, փաստաթղթեր և հաշվետվություններ, որոնք կիրառելի են տվյալ թողարկողի կամ թողարկողների տվյալ խմբի համար:
(31-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-514-Ն, 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 32. | Ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջները |
1. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ հաշվետու թողարկողների համար սահմանել հաշվապահական հաշվառման ստանդարտների կիրառման պարտադիր պահանջներ, ինչպես նաև ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման ձևերի և եղանակների լրացուցիչ պահանջներ:
2. Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելու նպատակով իրավունք ունի սահմանել հաշվետու թողարկողների ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող լրացուցիչ պահանջներ` աուդիտորական գործունեության իրականացման աշխատանքներում ներգրավված մասնագետների քանակի, աուդիտորական գործունեության իրականացման աշխատանքներում ներգրավված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորում ստացած աուդիտորների քանակի և աուդիտորական գործունեությունից ստացված տարեկան հասույթի վերաբերյալ:
3. (մասն ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-508-Ն)
(32-րդ հոդվածը խմբ. 26.12.02 ՀՕ-514-Ն, խմբ., փոփ. 26.12.02 ՀՕ-508-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 33. | Հաշվետու թողարկողների գործարքների և միջոցների հաշվառումը |
1. Հաշվետու թողարկողը պարտավոր է կազմել և վարել հաշվապահական հաշվառման սկզբնական փաստաթղթեր և հաշվառման գրանցամատյաններ, կատարել գույքագրումներ:
2. Հաշվետու թողարկողը պարտավոր է մշակել և ներդնել ներքին հաշվառման և հսկողության համակարգ, որը բավարար երաշխիք կապահովի առ այն, որ`
ա) թողարկողի գործարքները կկատարվեն նրա ղեկավարության ընդհանուր կամ կոնկրետ լիազորությամբ (թույլտվությամբ).
բ) թողարկողի գործարքների գրանցումը թույլ կտա`
1) պատրաստել ֆինանսական հաշվետվությունները` օրենքով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին և մեթոդներին համապատասխան, և
2) վարել միջոցների հստակ հաշվառում և հաշվետվություն.
գ) թողարկողի միջոցները հասանելի կլինեն միայն նրա ղեկավարության ընդհանուր կամ կոնկրետ թույլտվությամբ, և
դ) միջոցների հաշվառման գրքերում տեղեկությունները, գրանցումներն ու հաշվառումը պարբերաբար կհամեմատվեն գոյություն ունեցող միջոցների հետ (գույքագրմամբ կամ այլ կերպ), և տարբերության մասով կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
(33-րդ հոդվածը խմբ. 26.12.02 ՀՕ-508-Ն)
Հոդված 34. | Նշանակալից ձեռքբերումների հայտարարագրումը |
1. Յուրաքանչյուր անձ, որը մեկ կամ ավելի գործարքների հետևանքով դառնում է տվյալ թողարկողի բաժնային արժեթղթերի նշանակալից սեփականատեր, պարտավոր է նշանակալից սեփականատեր դառնալու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում, պատվիրված նամակով թողարկողին և այն ֆոնդային բորսային, որտեղ վաճառվում են տվյալ արժեթղթերը (վերջիններիս գտնվելու վայրի հասցեով), ուղարկել և Կենտրոնական բանկ ներկայացնել սույն օրենքի 36 հոդվածի պահանջներին համապատասխանող հայտարարագիր:
Հայտարարագրում ներառված տեղեկությունների էական փոփոխության դեպքում անձը պարտավոր է այդ մասին տեղեկանալու օրվանից կամ այն օրվանից, երբ նա ակնհայտորեն կարող էր տեղեկանալ տվյալ փոփոխության մասին, 10 օրվա ընթացքում հայտարարագրում լրացում ներկայացնել թողարկողին, ֆոնդային բորսա և Կենտրոնական բանկ` վերջինիս որոշմամբ սահմանված կարգով:
2. Սույն հոդվածի 1-ին կետի պահանջը չի կիրառվում`
ա) ցանկացած ձեռքբերման կամ ձեռքբերման առաջարկի նկատմամբ, որը կատարվել է սույն օրենքի II գլխով նախատեսված գրանցման հայտարարագրի հիման վրա.
բ) սեփականության իրավունքով արժեթղթի ցանկացած ձեռքբերման նկատմամբ, որը դրան նախորդող 12 ամսվա ընթացքում նույն անձի կողմից տվյալ թողարկողի նույն դասի արժեթղթերի բոլոր ձեռքբերումների հետ չի գերազանցում տվյալ դասի արժեթղթերի 2 տոկոսը:
3. Թողարկողի արժեթուղթը ձեռք բերելու, տիրապետելու կամ օտարելու նպատակով համատեղ գործելու համաձայնությամբ (գրավոր կամ բանավոր) հանդես եկող անձինք սույն հոդվածի նպատակների համար համարվում են մեկ անձ, և նրանցից յուրաքանչյուրի ձեռք բերած նույն դասի արժեթղթերը միավորվում են` դրանց տոկոսային հարաբերությունը տվյալ դասի բոլոր արժեթղթերում որոշելու համար:
(34-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 35. | Նշանակալից ձեռքբերումների հայտարարագրում պահանջվող տեղեկությունները |
1. Սույն օրենքի 34 հոդվածով նախատեսված հայտարարագիրը պետք է ներառի`
ա) տեղեկություններ` արժեթղթեր ձեռք բերող անձի և նրա հետ համատեղ գործող անձանց ինքնության, գործունեության և քաղաքացիության մասին.
բ) տեղեկություններ` տվյալ արժեթղթերի ձեռքբերման համար օգտագործված միջոցների մեծության և նշում` դրանց սեփական կամ փոխառու լինելու մասին.
գ) տեղեկություններ` արժեթղթեր ձեռք բերող անձին և նրա հետ համատեղ գործող անձանց սեփականության իրավունքով պատկանող տվյալ արժեթղթերի քանակի, տվյալ թողարկողի նույն դասի այն արժեթղթերի քանակի մասին, որոնք նշված անձինք ձեռք բերելու իրավունք ունեն պայմանագրի ուժով, ինչպես նաև դրանց նկատմամբ նրանց սեփականության ձևի մասին.
դ) տեղեկություններ` տվյալ թողարկողի ցանկացած արժեթղթի վերաբերյալ պայմանագրի, պայմանավորվածության, համաձայնության կամ պարտավորվածության մասին, որին կողմ են ձեռք բերող անձը և նրա հետ համատեղ գործող անձինք.
ե) եթե ձեռքբերման նպատակն է`
- թողարկողի գործունեության նկատմամբ հսկողություն ստանալը,
- թողարկողին լուծարելը կամ նրա միջոցները (կամ դրանց նշանակալից մասը) վաճառելը,
- թողարկողին այլ անձի հետ միաձուլելը, այլ կերպ վերակազմակերպելը, կամ
- նրա գործունեության կամ կազմակերպական բնագավառում էական այլ փոփոխություն առաջացնելը, ապա պարզ նշում այդ մասին:
2. Սույն հոդվածով նախատեսված հայտարարագրի ձևը և դրա ստորագրման կարգը սահմանվում են Կենտրոնական բանկի որոշումներով:
3. Կենտրոնական բանկն իր որոշումներով իրավունք ունի սահմանել թողարկողների կողմից իրենց թողարկած արժեթղթերը գնելու համար հայտարարագրման ենթակա լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր, ինչպես նաև հայտարարագրի առանձին ձև և կարգ:
(35-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 36. | Ղեկավարների և խոշոր սեփականատերերի արժեթղթերի հայտարարագրումը |
1. Յուրաքանչյուր անձ, որը`
ա) մեկ կամ ավելի գործարքների արդյունքում հաշվետու թողարկողի բաժնային արժեթղթերի խոշոր սեփականատեր է դառնում, կամ
բ) հաշվետու թողարկողի տնօրենների խորհրդի (նման այլ մարմնի) անդամ է, գործադիր տնօրեն (գործադիր մարմնի անդամ), վերստուգիչ մարմնի անդամ կամ այլ պաշտոնատար անձ (ստորաբաժանման ղեկավար կամ խորհրդատու), տվյալ արժեթուղթը ֆոնդային բորսայում գրանցելիս կամ մինչև Կենտրոնական բանկում այն գրանցելը կամ խոշոր սեփականատեր դառնալու կամ վերոհիշյալ պաշտոններից որևէ մեկը զբաղեցնելու օրվանից հետո` 15 օրվա ընթացքում, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել (իսկ եթե արժեթղթերը գրանցված են ֆոնդային բորսայում, ապա նաև ֆոնդային բորսա ուղարկել) հայտարարագիր, որտեղ նշվում են`
- տվյալ անձի ինքնության, գործունեության, զբաղեցրած պաշտոնի և քաղաքացիության մասին տեղեկությունները, և
- տվյալ թողարկողի բաժնային այն արժեթղթերի քանակը, որոնք սեփականության իրավունքով պատկանում են տվյալ անձին:
Սույն հոդվածով նախատեսված հայտարարագրի ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի որոշմամբ:
2. Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո` 15 օրվա ընթացքում, սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք պարտավոր են Կենտրոնական բանկ ներկայացնել (իսկ եթե արժեթղթերը գրանցված են ֆոնդային բորսայում, ապա նաև ֆոնդային բորսա ուղարկել) հայտարարագիր, որտեղ նշվում են հաշվետու ամսվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները և տվյալ թողարկողի բաժնային այն արժեթղթերի քանակը, որոնք սեփականության իրավունքով պատկանում են տվյալ անձին հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ, եթե այդպիսի փոփոխություններ տեղի են ունեցել: Սույն կետով նախատեսված հայտարարագիրը չներկայացնելը համարվում է հայտարարություն առ այն, որ սեփականության փոփոխություն տեղի չի ունեցել:
(36-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 37. | Արժեթղթերի սեփականության ընդհանուր հայտարարագրումը |
1. Յուրաքանչյուր անձ, որը հաշվետու թողարկողի տվյալ դասի բաժնային արժեթղթերի ավելի քան 10 տոկոսի սեփականատեր է, Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված ձևով և ժամկետներում պարտավոր է թողարկողին ուղարկել և Կենտրոնական բանկ ներկայացնել հայտարարագիր, որը ներառում է տեղեկություններ`
ա) իր ինքնության և քաղաքացիության մասին.
բ) սեփականության իրավունքով իրեն պատկանող այդ արժեթղթերի քանակի մասին:
Հայտարարագրում ներառված տեղեկություններում որևէ էական փոփոխության դեպքում տվյալ անձը պարտավոր է հայտարարագրում լրացում ներկայացնել թողարկողին և Կենտրոնական բանկ` վերջինիս որոշմամբ սահմանված ձևով և ժամկետներում:
2. Սույն հոդվածի պահանջի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 34 հոդվածի 3-րդ կետով սահմանված կանոնները:
(37-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 38. | Հաշվետվությունների հրապարակայնությունը |
1. Կենտրոնական բանկը պարտավոր է իր որոշումներով սահմանված կարգով հասարակության համար մատչելի դարձնել սույն օրենքի 31, 34, 35, 36 և 37 հոդվածներով սահմանված տեղեկությունները, փաստաթղթերը, հաշվետվություններն ու հայտարարագրերը:
Կենտրոնական բանկը, ֆոնդային բորսան և թողարկողը պարտավոր են ցանկացած անձի պահանջով տրամադրել վերոհիշյալ տեղեկությունների, փաստաթղթերի, հաշվետվությունների ու հայտարարագրերի պատճենները` գանձելով պատճենահանման ծախսերը: Պետական մարմիններին դրանք տրվում են անվճար:
2. Կենտրոնական բանկն իրավունք ունի սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պարտականությունը ֆոնդային բորսայի կամ թողարկողի կողմից չկատարելու դեպքում դատական կարգով կիրառել տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Կենտրոնական բանկի համապատասխան պաշտոնատար անձինք (բացի Կենտրոնական բանկի անդամներից) սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պարտականությունը չկատարելու համար կրում են կարգապահական պատասխանատվություն` ընդհուպ աշխատանքից հեռացնելը:
3. Սույն օրենքի 31, 34, 35, 36 և 37 հոդվածներով սահմանված իր իրավասություններն իրականացնելիս Կենտրոնական բանկը պետք է ներդրողների շահերի պաշտպանության նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի`
ա) արժեթղթերի սեփականատերերի հայտարարագրման կենտրոնացված տեղեկատվական համակարգի ձևավորման, և
բ) հայտարարագրելու (հաշվետվություններ ներկայացնելու) պարտավորության անհարկի կրկնությունները բացառելու և սույն օրենքի ու դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերի պահանջների կատարման բեռը թեթևացնելու համար:
(38-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 39. | Գաղտնի համարվող տեղեկությունների հայտարարագրումը |
1. Եթե թողարկողը կամ սույն գլխի համաձայն հաշվետվություն կամ հայտարարագիր ներկայացնող այլ անձը (սույն հոդվածում այսուհետ` պատասխանատու անձ) դրանում ներառված ոչ էական որևէ տեղեկություն կամ փաստաթուղթ գաղտնի է համարում (որպես առևտրային կամ այլ գաղտնիք պարունակող) և ցանկանում է խուսափել դրա հրապարակումից, ապա նա կարող է հաշվետվության մեջ կամ հայտարարագրում այդ տեղեկությունը չլրացնել` նշում կատարելով, և այն առանձին տեղեկանքով ներկայացնել Կենտրոնական բանկ, իսկ փաստաթղթի դեպքում` նշագրել այն որպես գաղտնի, հաշվետվության մեջ կամ հայտարարագրում բացահայտել դրա գոյությունը և տվյալ փաստաթուղթը ներկայացնել միայն Կենտրոնական բանկ:
2. Գաղտնի տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի որոշմամբ: Կենտրոնական բանկը պարտավոր է ներքին կանոնակարգերով և այլ միջոցառումների ձեռնարկմամբ բացառել նման տեղեկությունների և փաստաթղթերի հրապարակումը մինչև սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան որոշում կայացնելը:
3. Գաղտնի տեղեկությունների կամ փաստաթղթերի ստացման պահից 20 օրվա ընթացքում, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, Կենտրոնական բանկը պարտավոր է որոշում ընդունել դրանց գաղտնիությունը հարգելու կամ մերժելու մասին:
Եթե Կենտրոնական բանկը բավարար հիմնավորումներով կգտնի, որ այդ տեղեկությունները կամ փաստաթղթերն էական են, կամ դրանք անմիջապես չհրապարակելը կարող է վտանգել ներդրողների շահերը կամ տվյալ արժեթղթերի արդար գնագոյացումը, ապա կարող է մերժել դրանց գաղտնիությունը:
4. Տեղեկատվության կամ փաստաթղթի գաղտնիությունը մերժելու օրվանից 3 օրվա ընթացքում պատասխանատու անձը պարտավոր է լրացում ներկայացնել Կենտրոնական բանկ և ուղարկել ֆոնդային բորսա ու թողարկողին` սույն գլխով սահմանված կարգով:
5. Եթե պահպանվել են սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով և դրանց համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված կարգը և ժամկետները, ապա տվյալ հաշվետվությունը կամ հայտարարագիրը համարվում է ժամանակին և պատշաճ կարգով ներկայացված:
Եթե պատասխանատու անձը չի կատարում իր պարտականությունը սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված ժամկետում, ապա Կենտրոնական բանկը կարող է ինքնուրույն ուղարկել այդ տեղեկություններն ու փաստաթղթերը ֆոնդային բորսա և թողարկողին, ինչպես պահանջվում է սույն գլխով, ինչը պատասխանատու անձին չի ազատում օրենքով սահմանված պատասխանատվությունից:
6. Հետևյալ տեղեկությունների գաղտնիությունն ամեն դեպքում բավարարվում է Կենտրոնական բանկի կողմից`
ա) անձին վարկ տված բանկի անվանումը.
բ) պատասխանատու անձից բացի, այլ անձանց բանկային հաշիվներին վերաբերող բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները.
գ) պետական գաղտնիք համարվող տեղեկությունները:
Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ սահմանել լրացուցիչ այլ տեղեկությունների ցանկը և նկարագրությունը, որոնց գաղտնիությունը Կենտրոնական բանկն ամեն դեպքում բավարարում է:
7. Կենտրոնական բանկը, սույն հոդվածով վերապահված իր իրավասությունն իրականացնելիս, ելնում է ներդրողների պաշտպանության և արժեթղթերի արդար գնագոյացման ապահովման, ինչպես նաև առևտրային և նման այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման բացասական հետևանքները նվազեցնելու անհրաժեշտությունից:
(39-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 40. | Ղեկավարների պարտականությունները հաշվետու թողարկողի արժեթղթերի սեփականատերերի նկատմամբ |
Հաշվետու թողարկողի տնօրենների խորհրդի անդամը (նման այլ մարմնի անդամը), գործադիր տնօրենը (գործադիր մարմնի անդամը), վերստուգիչ մարմնի անդամը կամ այլ պաշտոնատար անձ (ստորաբաժանման ղեկավար կամ խորհրդատու) պարտավոր են իրենց իրավունքներն ու պաշտոնեական պարտականություններն իրականացնելիս գործել բարեխղճորեն և բավարար ուշադրությամբ, որը կգործադրվեր համարժեք պաշտոն զբաղեցնող անձի կողմից համարժեք հանգամանքներում սեփական գործը ղեկավարելիս, ինչպես նաև այնպիսի որոշումներ կայացնել, որոնք իրենց կարծիքով բխում են նախ և առաջ թողարկողի և նրա արժեթղթերի սեփականատերերի շահերից:
Գ Լ ՈՒ Խ V
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ
Հոդված 41. | Հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերը |
1. Հրապարակայնորեն վաճառվող արժեթուղթը ցանկացած արժեթուղթն է, որը գրանցվել է, կամ որի գրանցումը պահանջվում է սույն օրենքի III գլխի համաձայն, որը ցուցակված է ֆոնդային բորսայում, վաճառվում է ֆոնդային բորսայում չցուցակված վաճառքի արտոնությունների համաձայն կամ հանդիսանում է սույն օրենքի 6 հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված արժեթուղթ:
2. Փաստաթղթային ձև ունեցող ցանկացած այլ արժեթուղթ (սահմանափակ շրջանառության արժեթուղթ) պետք է նշում պարունակի, որ դրա շրջանառությունը սահմանափակ է, և որ դրա վաճառքն արգելված է (բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածով նախատեսված դեպքերի)` առանց սույն օրենքով սահմանված ազդագրի պահանջները պահպանելու:
Սույն կետի պահանջը չի տարածվում սույն օրենքի 6 հոդվածով բացառություն կազմող արժեթղթերի վրա:
(41-րդ հոդվածը փոփ. 23.10.01 ՀՕ-246, խմբ. 09.04.07 ՀՕ-175-Ն)
Հոդված 42. | Հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերի ձևին ներկայացվող պահանջները |
1. Ներդրողների պաշտպանության, արժեթղթերի շուկայի բնականոն գործունեության ապահովման ու զարգացման նպատակով Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ արգելել փաստաթղթային ձև ունեցող որոշակի տեսակի հրապարակայնորեն վաճառվող արժեթղթեր թողարկելը, վաճառելը կամ վաճառելու կամ գնելու առաջարկ անելը կամ նման արժեթուղթ գնելու առաջարկի հրավերը:
2. Հրապարակայնորեն վաճառվող ըստ ներկայացնողի արժեթուղթ թողարկել, վաճառել կամ վաճառելու (գնելու) առաջարկ անել կամ նման արժեթուղթ գնելու առաջարկի հրավերն արգելվում է:
3. Բրոքերներին և դիլերներին արգելվում է որևէ արժեթուղթ գնել, վաճառել կամ գնելու, վաճառելու առաջարկ անել, իր կամ հաճախորդի նախաձեռնությամբ կամ արժեթղթով որևէ այլ գործարք կատարել, իսկ բորսաներին արգելվում է թույլատրել որևէ արժեթղթով գործարքի կատարումը` ի խախտումն սույն հոդվածին համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի):
Թողարկողին արգելվում է իր որևէ արժեթուղթը թողարկել, գնել կամ վաճառել` ի խախտումն սույն հոդվածին համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի):
4. Հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերը սույն օրենքին համապատասխան վերածվում են ոչ փաստաթղթային ձևի (ապանյութականացում) Կենտրոնական դեպոզիտարիայի և այլ պահառուների կողմից` մինչև դրանց գրանցումը սույն օրենքի III գլխի համաձայն:
Յուրաքանչյուր անձ, որը սույն հոդվածի համաձայն ապանյութականացման ենթակա արժեթղթի սեփականատեր կամ անվանատեր է, պարտավոր է ապանյութականացման մասին թողարկողի կամ լիազորված այլ անձի կողմից տեղեկացվելուց հետո` 10-օրյա ժամկետում, իր արժեթուղթը ներկայացնել ապանյութականացման: Հակառակ դեպքում այդ արժեթուղթն օտարելու գործարքներն անվավեր են, սակայն տվյալ արժեթղթով վերապահվող բոլոր իրավունքներն ու արտոնությունները պահպանվում են և կարող են փոխանցվել դրա ապանյութականացումից հետո:
5. Սույն հոդվածի կանոնները չեն տարածվում սույն օրենքի 6-րդ հոդվածի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված արժեթղթերի վրա:
(42-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-246, փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 43. | Առևտուրը չգրանցված բորսաներում: Որոշ արժեթղթերի առևտրի սահմանափակումը |
Բրոքերներին, դիլերներին և բորսաներին արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, որևէ բորսայի ցանկացած միջոց օգտագործելով, ցանկացած արժեթղթով գործարք կատարել կամ գրանցել, եթե տվյալ բորսան `
ա) սույն օրենքի համաձայն գրանցված չէ Կենտրոնական բանկում` որպես ֆոնդային բորսա, կամ`
բ) Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի 2 հոդվածով սահմանված հիմքերով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) հաստատված կարգով չի ազատվել բորսաների գրանցման պահանջից:
(43-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 44. | Փոխառության օգտագործման սահմանափակումները |
1. Հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերով կատարվող գործարքներում վարկային և այլ փոխառու միջոցների չարաշահումը բացառելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանափակել ցանկացած այդպիսի արժեթուղթ (բացի սույն օրենքի 6 հոդվածի «ա-թ» ենթակետերով սահմանված արժեթղթերից) ձեռք բերելու (պահպանելու) կամ արժեթղթի գրավով տրվող և սպասարկվող փոխառությունների ծավալը:
2. Բանկերին, վարկային կազմակերպություններին, բրոքերներին և դիլերներին արգելվում է արժեթուղթ ձեռք բերելու (պահպանելու) նպատակով ուղղակիորեն կամ անուղղակիորեն որևէ անձի վարկ կամ այլ փոխառություն տրամադրել կամ սպասարկել, միջնորդել նման վարկի տրամադրման կամ սպասարկման համար՝ ի խախտումն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների:
(44-րդ հոդվածը խմբ. 08.12.05 ՀՕ-254-Ն, փոփ. 09.04.07 ՀՕ-175-Ն)
Հոդված 45. | Բրոքերների (դիլերների) կողմից փոխառություն ստանալու կամ տալու սահմանափակումները |
1. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ նախատեսել բրոքերներին (դիլերներին) կամ նրանց հաճախորդներին պատկանող արժեթղթերով կամ արժեթղթերի գրավով փոխառություններ տրամադրելու սահմանափակումներ:
2. Բրոքերներին (դիլերներին) արգելվում է արժեթղթերով գործարքներ կատարել` ի խախտումն Կենտրոնական բանկի կողմից սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված որոշմամբ նախատեսված սահմանափակումների:
(45-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 46. | Արժեթղթի վաճառքը բացառապես բրոքերի (դիլերի) միջոցով |
1. Հրապարակայնորեն վաճառվող արժեթղթի վաճառքը թույլատրվում է բացառապես սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) համաձայն լիցենզավորված բրոքերի (դիլերի) միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:
2. Արգելվում է հրապարակայնորեն վաճառվող արժեթղթի վաճառքը սույն հոդվածի 1-ին կետի պահանջների խախտմամբ, բացառությամբ`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կատարվող գործարքների.
բ) մասնավոր գործարքների, այն է` այնպիսի գործարքների, որոնց կողմերը նախապես հայտնի են.
գ) թողարկողի կողմից իր արժեթղթերն իր այլ արժեթղթերով փոխանակելու կամ լրացուցիչ արժեթղթեր տրամադրելու գործարքների, եթե դրանց համար լրացուցիչ վճար նախատեսված չէ և ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի գանձվում.
դ) մասնավորեցման մասին օրենսդրությամբ սահմանված կարգով պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի մասնավորեցման գործարքների, բացառությամբ ֆոնդային բորսայում կատարվող գործարքների.
ե) սույն օրենքի 6-րդ հոդվածի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված արժեթղթերով կատարվող գործարքների.
զ) ներդրողների պաշտպանության նպատակով Կենտրոնական բանկի որոշումներով սահմանված այլ դեպքերի:
(46-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-246, փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 47. | Գործարքները ֆոնդային բորսայում: Սեփականության իրավունքի փոխանցման պահը |
1. Ներդրողների պաշտպանության և արժեթղթերի արդար գնագոյացման ապահովման նպատակով Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ սահմանել ֆոնդային բորսաներում արժեթղթի ցուցակման և վաճառքի պարտադիր պայմաններ և պահանջներ:
2. Բրոքերներին (դիլերներին) արգելվում է ֆոնդային բորսայում հրապարակայնորեն վաճառվող արժեթղթով որևէ գործարք կատարել` ի խախտումն սույն օրենքի, դրան համապատասխան Կենտրոնական բանկի ընդունած որոշումների և ֆոնդային բորսայի` դրանց համապատասխան ընդունված կանոնների, իսկ ֆոնդային բորսային արգելվում է թույլատրել նման գործարքը կամ չհետապնդել նման խախտումը:
3. Ֆոնդային բորսայում ցուցակված կամ չցուցակված վաճառքի արտոնության հիման վրա վաճառվող արժեթուղթն արգելվում է վաճառել ֆոնդային բորսայից դուրս, բացառությամբ`
ա) մասնավոր գործարքների, այն է` այնպիսի գործարքների, որոնց կողմերը նախապես հայտնի են.
բ) արժեթղթեր թողարկելու շրջանակներում տեղաբաշխողների կողմից իրականացվող գործարքների:
Սույն կետը չի արգելում մեկ ֆոնդային բորսայում ցուցակված արժեթուղթը մեկ այլ ֆոնդային բորսայում ցուցակելը և վաճառելը կամ սույն օրենքի համաձայն չցուցակված արժեթղթերի վաճառքի արտոնության հիման վրա վաճառելը:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն բացառություն կազմող որևէ գործարք է կատարվում ֆոնդային բորսայից դուրս բրոքերի (դիլերի) կողմից կամ նրա միջոցով, ապա վերջինս պարտավոր է այդ գործարքի գինը և նկարագրությունը ներկայացնել ֆոնդային բորսա` Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված ձևով և կարգով: Այդ տեղեկատվությունը հրապարակվում է ֆոնդային բորսայում:
5. Բրոքերը (դիլերը) ֆոնդային բորսայում արժեթղթով գործարք կատարելիս պարտավոր է իր անունից հայտ ներկայացնել և երաշխավորել գործարքի վերջնահաշվարկի համաձայնեցված օրը, ֆոնդային բորսայի կանոնների համաձայն`
ա) արժեթղթի դիմաց վճարումը (գնելու հայտի դեպքում), կամ
բ) արժեթղթի առաքումը, փոխանցումը կամ այլ կերպ հանձնումը գործարքի մյուս կողմին (վաճառելու հայտի դեպքում):
6. Ֆոնդային բորսայում արժեթղթի առուվաճառքի պայմանագիրը (գործարքը) համարվում է կնքված ֆոնդային բորսայում արված առաջարկը բանավոր, գրավոր, էլեկտրոնային եղանակով կամ այլ կերպ (ըստ ֆոնդային բորսայի կանոնների) ընդունելու (գործարքը կատարելու) պահից: Արժեթղթի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցված է համարվում այն պահից, երբ Կենտրոնական դեպոզիտարիայում կամ պահառուի մոտ այն գրանցվում է գնորդի (կամ նրա անվանատիրոջ) անունով:
(47-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 48. | Գնային չարաշահումների արգելումը |
1. Արգելվում է հրապարակայնորեն վաճառվող արժեթղթի վաճառքի ակտիվության կամ տվյալ արժեթղթի շուկայի մասին կեղծ, թվացյալ կամ ապակողմնորոշիչ պատկեր ստեղծելու նպատակով`
ա) այդ արժեթղթով մեկ կամ ավելի գործարքներ կատարելը, որոնց հետևանքով սեփականության իրավունքի փոխանցում փաստացի տեղի չի ունենում, կամ այլ առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության գործարքներ կատարելը (կեղծ գործարքներ).
բ) այդ արժեթղթերի վաճառքի (գնման) որևէ հայտ ներկայացնելը` գիտենալով, որ նույն արժեթղթերի էապես նույն ծավալի համար և էապես նույն գնով գնման (վաճառքի) հայտ է ներկայացվել կամ ներկայացվելու էապես նույն ժամանակահատվածում` նույն կամ տարբեր կողմերի անունից կամ նրանց համար.
գ) այդ արժեթուղթը վաճառող կամ վաճառելու առաջարկ անող կամ արժեթուղթը գնող կամ գնելու առաջարկ անող որևէ անձի կողմից այլ անձի կամ անձանց տվյալ արժեթուղթը գնելուն կամ վաճառելուն դրդելու նպատակով տեղեկություն տարածելը`
1) ըստ որի` տվյալ արժեթղթի գինն աճելու կամ նվազելու է այլ անձի կամ անձանց շուկայական գործառնությունների շնորհիվ, որոնց նպատակն է ազդել արժեթղթի գնի աճման կամ նվազեցման վրա,
2) որը տվյալ հանգամանքների ներքո կեղծ է կամ ապակողմնորոշիչ էական որևէ փաստի մասով, եթե դրա կեղծ կամ ապակողմնորոշիչ լինելու մասին տեղեկություն տարածող անձը գիտեր կամ բավարար հիմքեր ուներ գիտենալու.
դ) մեկ կամ ավելի անձանցով նման արժեթղթերով մի շարք գործարքներ կատարելը` փաստացի կամ թվացյալ ակտիվ վաճառք առաջացնելով կամ դրա գինն աճեցնելով կամ նվազեցնելով` այլ անձանց արժեթղթի առքի կամ վաճառքի դրդելու նպատակով:
2. Արգելվում է ֆոնդային բորսայում մեկ կամ ավելի անձանցով ֆոնդային բորսայում գրանցված արժեթուղթը գնելու և (կամ) վաճառելու մի շարք գործարքներ կատարելը` տվյալ արժեթղթի գինը պահպանելու, սահմանելու կամ կայունացնելու նպատակով այլ կերպ, քան սահմանված է Կենտրոնական բանկի կողմից ներդրողների պաշտպանության նպատակով ընդունված որոշումներով:
(48-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 49. | Ներքին տեղեկությունների օգտագործման արգելումը |
1. Ինսայդեր է համարվում յուրաքանչյուր անձ, որը հաշվետու թողարկողի կապիտալում իր մասնակցության, թողարկողի կառավարման որևէ մարմնում իր անդամության, պաշտոնի կամ այլ պարտականությունների կատարման կամ ծառայությունների մատուցման կապակցությամբ տիրապետում է ներքին տեղեկությունների: Յուրաքանչյուր անձ, որը ծանոթանում է ներքին տեղեկությանը, որի աղբյուրն ակնհայտորեն մեկ կամ ավելի ինսայդեր է, նույնպես համարվում է ինսայդեր:
2. Ինսայդերներին և նրանցից ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ ներքին տեղեկություն ստացած անձանց արգելվում է`
ա) իրենց կամ այլ անձանց հաշվին գնել (վաճառել) այն հաշվետու թողարկողի արժեթուղթը, որին այդ ներքին տեղեկությունը վերաբերում է.
բ) հրապարակայնորեն վաճառվող արժեթուղթը գնելու (վաճառելու) խորհուրդ տալ, առաջարկություն անել կամ այլ կերպ դրդել դրան.
գ) նման տեղեկությունը հայտնել երրորդ անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ դա տրվում է ինսայդերի պաշտոնեական կամ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում կամ հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցներով: Սույն դրույթը պատասխանատու անձանց չի ազատում առևտրային կամ նման այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակմամբ պատճառված վնասի համար սահմանված պատասխանատվությունից:
3. Ներքին (ինսայդերական) տեղեկություն է համարվում ցանկացած էական փաստ կամ տեղեկություն պարունակող ոչ հրապարակային տեղեկությունը (տեղեկատվություն), որը վերաբերում է մեկ կամ ավելի հաշվետու թողարկողներին կամ նրանց հրապարակայնորեն վաճառվող արժեթղթին:
Փաստը կամ տեղեկությունն էական է, եթե ողջամիտ ներդրողը կկարևորեր դա արժեթուղթը գնելու որոշումը կայացնելիս:
Տեղեկությունը ոչ հրապարակային է, եթե այն չի հրապարակվել այնպես, որ հայտնի դառնա ներդրողների լայն շրջանակներին: Տեղեկության հրապարակումը մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ զանգվածային լրատվության այլ (այդ թվում` նաև էլեկտրոնային) միջոցներով բավարար է այն հրապարակային համարելու համար:
Հոդված 50. | Արգելված միջոցները |
1. Կենտրոնական բանկը, ելնելով ներդրողների պաշտպանության անհրաժեշտությունից, իրավունք ունի իր որոշմամբ սահմանել այն գործողությունները, որոնք արգելված են և հետապնդվում են սույն օրենքի 48 և 49 հոդվածների և սույն հոդվածի 2-րդ կետի համաձայն:
2. Արգելվում է ցանկացած արժեթղթի գնման կամ վաճառքի կապակցությամբ խարդախության կամ խաբեության միջոցների դիմելը կամ դրանք օգտագործելը` ի խախտումն սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի): Նման խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
(50-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 51. | Արժեթղթերի պարտադիր ցուցակումը |
Ներդրողների պաշտպանության նպատակով Կենտրոնական բանկն իր որոշմամբ իրավունք ունի որոշակի պայմանների և չափանիշների համապատասխանող հաշվետու թողարկողների արժեթղթերի համար սահմանել ֆոնդային բորսայում պարտադիր ցուցակելու պահանջ:
(51-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Գ Լ ՈՒ Խ VI
ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐ: ԱՐԺԵԹՂԹԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ
Հոդված 52. | Քվեաթերթիկների օգտագործումը |
1. Ներդրողների պաշտպանության նպատակով Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ հրապարակայնորեն վաճառվող բաժնային արժեթղթերի սեփականատերերի կողմից քվեաթերթիկների օգտագործման լրացուցիչ պահանջներ և կարգ սահմանել:
2. Յուրաքանչյուր անձ, որը հրապարակայնորեն վաճառվող բաժնային արժեթղթերի սեփականատերերին քվեաթերթիկով քվեարկություն է առաջարկում, ինչպես նաև քվեարկության իրավունք կամ քվեարկելու համար լիազորություն է հայցում, կամ որոշակի հարցի օգտին կամ դեմ քվեարկելու առաջարկություն անում, պարտավոր է պահպանել Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված պահանջներն ու կարգը:
3. Յուրաքանչյուր պահառու, որը հրապարակայնորեն վաճառվող բաժնային արժեթուղթ է պահում իր հաճախորդի հաշվին, պարտավոր է Կենտրոնական բանկի որոշումներին համապատասխան նման արժեթղթի վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված գործողությունների կապակցությամբ`
ա) արժեթղթերի սեփականատերերի ցուցակը տրամադրել նման գործողություններ նախաձեռնած անձին, կամ`
բ) տվյալ անձի պահանջով` սեփականատերերին հասցեագրված տեղեկությունները և փաստաթղթերը տրամադրել (բաշխել) դրանց սեփականատերերին: Տրամադրման (բաշխման) հետ կապված ծախսերը կրում է սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված գործողությունները նախաձեռնած անձը:
4. Արգելվում է հրապարակայնորեն վաճառվող արժեթղթերի սեփականատերերին քվեաթերթիկով քվեարկություն առաջարկելը կամ նրանց այլ կերպ նման կարգով քվեարկելուն դրդելը, ինչպես նաև քվեարկության իրավունք կամ քվեարկելու համար լիազորություն հայցելը` որոշակի հարցի օգտին կամ դեմ քվեարկելու առաջարկություն անելու կապակցությամբ տրամադրվող (բաշխվող) տեղեկություններում և փաստաթղթերում ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ էական որևէ փաստ խեղաթյուրելով (բաց թողնելով):
(52-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 53. | Արժեթղթերը հանձնելու առաջարկը |
1. Արժեթղթերը հանձնելու (տենդերի) առաջարկը հրապարակայնորեն վաճառվող նույն դասի բաժնային արժեթղթերի որևէ մասի գնման հրապարակային առաջարկն է, ըստ որի առաջարկ անող անձը կամ անձինք (գնորդը) առաջարկում են տվյալ արժեթղթերի սեփականատերերին տվյալ դասի արժեթղթերի 10 և ավելի տոկոսն օտարել (հանձնել) գնորդին` շուկայական արժեքից բարձր գնով:
Եթե հրապարակայնորեն վաճառվող արժեթուղթը ցուցակված չէ ֆոնդային բորսայում կամ չի վաճառվում ֆոնդային բորսայում չցուցակված վաճառքի արտոնությունների համաձայն, ապա այդ արժեթղթերի շուկայական արժեքը որոշվում է անկախ գնահատողի (աուդիտորի) կողմից:
2. Արգելվում է մեկ կամ ավելի դասերի բաժնային արժեթղթերը հանձնելու առաջարկով հանդես գալը, առանց հետևյալ կանոնները պահպանելու`
ա) մինչև տվյալ առաջարկը (ներառյալ` լրացուցիչ այլ նյութերը) մամուլում հրապարակելու կամ տվյալ արժեթղթերի սեփականատերերին ուղարկելու կամ այլ կերպ տրամադրելու օրը տվյալ առաջարկով հանդես եկող անձը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել սույն օրենքի 35 հոդվածով սահմանված տեղեկությունները ներառող հայտարարագիրը: Առաջարկին զուգահեռ հրապարակվող կամ տրամադրվող բոլոր գովազդային և այլ նյութերը պետք է ներկայացվեն սույն ենթակետով նախատեսված հայտարարագրի հետ մեկտեղ և համարվում են դրա մասը.
բ) տվյալ առաջարկը Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված կարգով և հաճախականությամբ պետք է հրապարակվի առնվազն 1000 տպաքանակ ունեցող թերթում կամ տրամադրվի արժեթղթերի սեփականատերերին, և`
գ) հրապարակված կամ տվյալ արժեթղթերի սեփականատերերին տրամադրված առաջարկությունը և այլ նյութերը պետք է պարունակեն Կենտրոնական բանկի որոշմամբ հայտարարագրում ներառման ենթակա տեղեկությունները:
3. Առաջարկը հրապարակելուց հետո հրապարակվող կամ տրամադրվող լրացուցիչ հայտարարությունները և գովազդային այլ նյութերը պետք է ներառեն Կենտրոնական բանկի որոշումներով սահմանված տեղեկություններն ու դրույթները և մինչև հրապարակման կամ տրամադրման օրը ներկայացվեն Կենտրոնական բանկ:
4. Սույն հոդվածով նախատեսված առաջարկությունները, հայտարարությունները, հայտարարագրերը, տեղեկությունները, գովազդային և այլ նյութերը (այսուհետ` հայտարարություններ) պետք է ներկայացվեն նաև տվյալ արժեթղթերի թողարկողին ոչ ուշ, քան դրանց հրապարակման օրը:
5. Արժեթղթերի հանձնման առաջարկն ընդունելու կամ մերժելու մասին ցանկացած հրապարակային առաջարկություն կամ խորհուրդ պետք է կատարվի Կենտրոնական բանկի որոշումներին համապատասխան:
6. Արգելվում է արժեթղթերը հանձնելու առաջարկի կապակցությամբ սույն հոդվածի համաձայն հրապարակված կամ տրամադրված հայտարարության մեջ ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ էական որևէ փաստ խեղաթյուրելը (բաց թողնելը):
7. Արժեթղթերը հանձնելու առաջարկի ընթացքում առաջարկը ներկայացրած անձանց արգելվում է`
ա) առաջարկով նախատեսված արժեթուղթը (կամ դրա հետ փոխարկման ենթակա արժեթուղթը) գնել կամ այն գնելու առաջարկ անել այլ կերպ կամ միջոցով, քան նախատեսված է արժեթղթերը հանձնելու առաջարկով.
բ) վաճառել թողարկողի ցանկացած արժեթուղթ, որը նախատեսված է արժեթղթերը հանձնելու տվյալ առաջարկով, կամ որը կարող է փոխարկվել դրանով: Սույն կետը չի սահմանափակում արժեթղթերը հանձնելու առաջարկում տվյալ արժեթղթերի սեփականատերերին առաջարկվող հատուցումը կամ դրա մի մասն այլ թողարկողի կամ տվյալ թողարկողի այլ դասի արժեթղթերով նախատեսելու հնարավորությունը:
(53-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 54. | Հանձնելու առաջարկի պայմանները և դրանց փոփոխումը |
1. Արժեթղթերը հանձնելու առաջարկի պայմանները պետք է նույնը լինեն տվյալ դասի արժեթղթերի բոլոր սեփականատերերի համար: Այդ առաջարկի կապակցությամբ արժեթղթերի սեփականատերերին հայտարարություններ տրամադրելու դեպքում տվյալ դասի արժեթղթերի բոլոր սեփականատերերին պետք է տրամադրվեն նույն հայտարարությունները:
2. Արժեթուղթը հանձնելու առաջարկն ընդունած անձն իրավունք ունի հետ կանչել իր ակցեպտը` հանձնելու առաջարկի (դրանում փոփոխության) հրապարակման օրվանից հետո ցանկացած պահին` մինչև առաջարկի ժամկետի ավարտը:
3. Եթե իրավասու անձը փոփոխում է արժեթղթերը հանձնելու առաջարկի մեկ կամ ավելի պայմանները մինչև դրա ժամկետի ավարտը` մեծացնելով արժեթղթերի սեփականատերերին առաջարկվող հատուցման չափը, ապա նա պարտավոր է հատուցման մեծացված չափը վճարել հանձնված բոլոր արժեթղթերի դիմաց (իսկ եթե հատուցման նախկին չափն արդեն վճարված է, ապա վճարել դրանց տարբերությունը)` անկախ այն հանգամանքից, որ այդ արժեթղթերը հանձնվել և ընդունվել են մինչև տվյալ փոփոխության հայտարարումը:
Հոդված 55. | Հանձնելու առաջարկությամբ նախատեսվածից ավելի ներկայացված արժեթղթերի ընդունումը |
1. Եթե որևէ անձ արժեթղթերը հանձնելու առաջարկ է արել տվյալ դասի արժեթղթերի մի մասի համար, և այդ առաջարկի գործողության ժամկետում (առաջարկը հրապարակելու կամ տրամադրելու օրվանից մինչև դրա ժամկետի ավարտը) փաստացի թվով ավելի շատ արժեթղթեր են հանձնվել, քան նախատեսված էր առաջարկով, ապա արժեթղթերը պետք է ընդունվեն համամասնորեն` ըստ յուրաքանչյուր հանձնած սեփականատիրոջ արժեթղթերի քանակի:
2. Սույն հոդվածի 1-ին կետի պահանջները կիրառվում են նաև այն արժեթղթերի նկատմամբ, որոնք հանձնվել են սույն օրենքի 54 հոդվածի 3-րդ կետով նախատեսված փոփոխության գործողության ժամկետում:
Հոդված 56. | Բացառություն կազմող գործարքները: Անձանց միավորման կարգը |
1. Սույն օրենքի 53, 54 և 55 հոդվածների պահանջները չեն կիրառվում սույն օրենքի 6 հոդվածով սահմանված արժեթղթերով կատարվող գործարքների նկատմամբ:
2. Սույն օրենքի 53, 54, 55 և 57 հոդվածների իմաստով` թողարկողի արժեթուղթը ձեռք բերելու, տիրապետելու կամ օտարելու նպատակով համատեղ գործելու համաձայնությամբ (գրավոր կամ բանավոր) հանդես եկող անձինք սույն հոդվածի նպատակների համար համարվում են մեկ անձ, և նրանցից յուրաքանչյուրի ձեռք բերած նույն դասի արժեթղթերը միավորվում են` դրանց տոկոսային հարաբերությունը տվյալ դասի բոլոր արժեթղթերում որոշելու համար:
Հոդված 57. | Հանձնելու առաջարկը որոշիչ հսկողության դեպքում |
Յուրաքանչյուր անձ, որը հաշվետու թողարկողի բաժնային արժեթղթով մեկ կամ ավելի գործարքի հետևանքով դառնում է տվյալ դասի արժեթղթերի 75 և ավելի տոկոսի սեփականատեր, պարտավոր է 60 օրվա ընթացքում, սույն գլխի պահանջներին համապատասխան, տվյալ դասի արժեթղթերն իրեն հանձնելու առաջարկ անել, եթե թողարկողը դիմում է Կենտրոնական բանկին` հաշվետու թողարկողի կարգավիճակը դադարեցնելու միջնորդությամբ` սույն օրենքի 24 հոդվածի համաձայն:
(57-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Գ Լ ՈՒ Խ VII
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
§ 1. Մասնագիտական որակավորումը
Հոդված 58. |
Մասնագիտական որակավորման պահանջները |
1. Ֆիզիկական անձանց, առանց Կենտրոնական բանկի որոշումներին համապատասխան մասնագիտական գործունեություն իրականացնելու որակավորում (այսուհետ` մասնագիտական որակավորում կամ որակավորում) ստանալու, արգելվում է մասնագիտացված անձի անունից, նրա կազմում կամ այլ կերպ մասնագիտացված որևէ գործունեություն իրականացնելը կամ նման գործունեություն իրականացնելու առաջարկությամբ հանդես գալը, ինչպես նաև այդ անձի գործադիր տնօրենի պաշտոն զբաղեցնելը:
2. Մասնագիտական որակավորումը տրվում է Կենտրոնական բանկի կողմից անցկացվող համապատասխան գրավոր (համակարգչային) քննության հիման վրա, որի հարցերը և անցկացման պարբերականությունը սահմանում է Կենտրոնական բանկը:
Կենտրոնական բանկը կարող է մրցութային կարգով սույն լիազորությունը պատվիրակել մեկ կամ ավելի ինքնակարգավորվող կազմակերպություններին:
3. Մասնագիտական որակավորման քննությանը մասնակցելու իրավունք ունի ցանկացած ֆիզիկական անձ, որը`
ա) որակավորման համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում չի դատապարտվել դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար, և
բ) որակավորման համար դիմում ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 59 հոդվածով սահմանված հիմքերով չի զրկվել մասնագիտական որակավորումից.
գ) վճարել է օրենքով սահմանված պետական տուրքը:
(58-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 59. |
Մասնագիտական որակավորումից զրկելը: Որակավորման անժամկետայնությունը |
1. Կենտրոնական բանկն իրավունք ունի, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, անձին զրկել մասնագիտական որակավորումից, եթե նա`
ա) որակավորումն ստանալուց հետո դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար.
բ) սույն օրենքը, դրան համապատասխան ընդունված որոշումները (նորմատիվ իրավական ակտերը) և ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող այլ կազմակերպության կանոնները խախտելու կամ դրանց խախտմամբ գործելու համար ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող կազմակերպության կողմից զրկվել է մասնագիտացված անձի կազմում կամ նրա անունից ֆոնդային բորսայում գործարքներ կատարելու իրավունքից կամ տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունից.
գ) պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ խախտել է (չի կատարել) կամ շարունակում է խախտել (չկատարել) սույն օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների պահանջները:
2. Անձի որակավորումն անժամկետ է, և նա կարող է դրանից զրկվել միայն սույն հոդվածով սահմանված հիմքերով:
(59-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
§ 2. Մասնագիտացված գործունեությունն արժեթղթերի շուկայում
Հոդված 60. |
Մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք |
1. Արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք են բրոքերային (դիլերային) ընկերությունները, արժեթղթերի հավատարմագրային կառավարիչները, արժեթղթերի պահառուները և օրենքով սահմանված այլ անձինք (այսուհետ` մասնագիտացված անձինք): Մասնագիտացված անձ կարող է լինել միայն իրավաբանական անձը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
2. Մասնագիտացված անձինք իրավունք ունեն, իսկ Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված դեպքերում` պարտավոր են իրենց անվանման մեջ օգտագործել սույն հոդվածի 1-ին կետում նշված անվանումները:
(60-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 61. |
Մասնագիտացված գործունեությունը: Լիցենզիայի պահանջը |
1. Արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեությունն այն գործունեությունն է, որը ենթակա է լիցենզավորման` Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքի VII և VIII գլուխների և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) համաձայն:
2. Առանց մասնագիտացված գործունեության լիցենզիայի, արգելվում է`
ա) արժեթղթերի շուկայում նման գործունեություն իրականացնելը, դրա իրականացման առաջարկությամբ հանդես գալը կամ որպես այն իրականացնող անձ ներկայանալը.
բ) սույն օրենքի 60 հոդվածի 1-ին կետում նշված անվանումներն օգտագործելն իր անվանման մեջ կամ գովազդային նյութերում` սեփական գործունեությունը նկարագրելու կամ բնութագրելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ անվանման օգտագործման իմաստից ակնհայտ է, որ խոսքն արժեթղթերի շուկայում տվյալ մասնագիտացված գործունեությանը չի վերաբերում:
3. Մասնագիտական գործունեության առանձին տեսակների լիցենզիաները տրվում են Կենտրոնական բանկի կողմից` սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված որոշմամբ սահմանված կարգով:
4. Արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության մեկից ավելի տեսակներ իրականացնելը թույլատրվում է յուրաքանչյուր գործունեության համար նախատեսված լիցենզիայի առկայության դեպքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:
5. Մասնագիտացված գործունեության լիցենզիան տրվում է անժամկետ: Լիցենզիան կամ դրանով նախատեսված իրավունքներն ու արտոնությունները չեն կարող փոխանցվել կամ այլ կերպ օտարվել: Լիցենզիայի ձևը սահմանում է Կենտրոնական բանկը:
(61-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 62. |
Լիցենզիայի դիմումը |
1. Մասնագիտացված գործունեության լիցենզիա ստանալու համար Կենտրոնական բանկին ներկայացվում է դիմում, որը պետք է Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված տեղեկություններ ներառի`
ա) տվյալ անձի ինքնության, գտնվելու վայրի (հասցեի) վերաբերյալ.
բ) այն անձանց մասին, որոնք տվյալ անձի տնօրենների խորհրդի (նման այլ մարմնի) անդամ են, գործադիր տնօրեն (գործադիր մարմնի անդամ), վերստուգիչ մարմնի անդամ կամ այլ ղեկավար անձ (ստորաբաժանման ղեկավար կամ խորհրդատու), կամ որոնց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է տվյալ անձի որևէ դասի բաժնային արժեթղթերի 5-ից ավելի տոկոսը.
գ) այն անձանց մասին, որոնց որևէ դասի բաժնային արժեթուղթն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է տվյալ անձին.
դ) այն անձանց մասնագիտական որակավորման մասին, որոնք տվյալ անձի կազմում կամ նրա անունից մասնագիտացված գործունեություն են իրականացնելու կամ գործադիր տնօրենի պաշտոն են զբաղեցնելու.
ե) տվյալ անձի կապիտալի և ֆինանսական ցուցանիշների մասին.
զ) գործունեության համար նախատեսված տարածքի, դրա պայմանների և հագեցվածության մասին:
2. Դիմումին կից ներկայացվում են`
ա) տվյալ անձի կանոնադրությունը, պետական գրանցման վկայականի պատճենը.
բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:
3. Դիմումը (հետագա լրացումները) ներկայացված է համարվում Կենտրոնական բանկի կողմից այն ստանալու պահից, սակայն պետական տուրքի վճարման անդորրագիրը ստանալու օրվանից ոչ շուտ:
4. Լիցենզիայի դիմումում կամ դրան կից ներկայացվող փաստաթղթերում էական փաստ խեղաթյուրելն (բաց թողնելը) արգելվում է ու դիմումը մերժելու և լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու բավարար հիմք է համարվում:
(62-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 63. |
Լիցենզիան տրամադրելը |
1. Լիցենզիայի դիմումը բավարարված է համարվում այն ներկայացնելու 30-րդ օրը, եթե Կենտրոնական բանկն այն չի բավարարել մինչ այդ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:
Եթե մինչև դիմումը բավարարելու օրը դրանում որևէ լրացում (կից որևէ լրացուցիչ փաստաթուղթ) է ներկայացվում Կենտրոնական բանկ, ապա դիմումը ներկայացված է համարվում այդ լրացումը ներկայացնելու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ լրացումը ներկայացվում է Կենտրոնական բանկի` մինչև դիմումը բավարարելու օրը տրված համաձայնությամբ կամ հանձնարարությամբ:
Կենտրոնական բանկը պարտավոր է լիցենզիան տրամադրել դիմումը բավարարելու օրվանից հետո` 3 օրվա ընթացքում:
2. Կենտրոնական բանկը մինչև դիմումը բավարարելու օրը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, իր որոշմամբ մերժում է լիցենզիայի դիմումի բավարարումը` նշելով դրա հիմքերը, եթե`
ա) ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերը ոչ լիարժեք են, կամ դրանցում էական փաստ է խեղաթյուրվել (բաց թողնվել),
բ) առկա է սույն օրենքին կամ դրան համապատասխան ընդունված որոշումներին (նորմատիվ իրավական ակտերին) էական որևէ անհամապատասխանություն կամ դրանցով սահմանված մերժման որևէ այլ հիմք, կամ
գ) լիցենզիայի դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 64 հոդվածով սահմանված հիմքերով տվյալ անձի լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել:
3. Դիմումը բավարարելուց հետո դրանում ներառված տեղեկությունների փոփոխման դեպքում մասնագիտացված անձը պարտավոր է այդ մասին տեղեկանալու օրվանից հետո` 15 օրվա ընթացքում, համապատասխան լրացում ներկայացնել Կենտրոնական բանկ, այն բացառություններով, որոնք սահմանվում են Կենտրոնական բանկի որոշմամբ:
(63-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 64. |
Լիցենզիան կասեցնելը, ուժը կորցրած ճանաչելը և դադարելը: Կորցրած լիցենզիան վերականգնելը |
1. Կենտրոնական բանկը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, իր որոշմամբ կասեցնում է մասնագիտացված անձի լիցենզիան` նշելով դրա հիմքերը և կարգադրելով դրանք վերացնել և (կամ) հետագայում թույլ չտալ, եթե`
ա) սույն օրենքը, դրան համապատասխան ընդունված որոշումները (նորմատիվ իրավական ակտերը) և ինքնակարգավորվող կազմակերպության կանոնները խախտելու կամ դրանց խախտմամբ գործելու համար ինքնակարգավորվող կազմակերպության կողմից կասեցվել է տվյալ անձի ֆոնդային բորսայում գործարքներ կատարելու իրավունքը կամ տվյալ ինքնակարգավորվող կազմակերպությունում նրա անդամությունը` մինչև այդ իրավունքը կամ անդամությունը վերականգնելը, բայց ոչ ավելի, քան 60 օր ժամկետով.
բ) տվյալ անձը պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ`
- խախտել է կամ գործում է ի խախտումն սույն օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) պահանջների, կամ
- չի կատարել կամ շարունակում է չկատարել Կենտրոնական բանկի որոշմամբ իր իրավասության շրջանակներում տրված կարգադրությունը:
Սույն կետի «բ» ենթակետի հիման վրա լիցենզիան չի կարող կասեցվել ավելի, քան 30 օր ժամկետով:
2. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, կարգադրություն արձակել, որով ուժը կորցրած է ճանաչում մասնագիտացված անձի լիցենզիան` նշելով դրա հիմքերը, եթե տվյալ անձը չի կատարել կամ շարունակում է չկատարել սույն հոդվածի 1-ին կետի համաձայն ընդունված որոշմամբ տրված կարգադրությունը:
3. Լիցենզիան կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու որոշումը տրամադրվում է մասնագիտացված անձին այն կայացնելու օրվանից 3 օրվա ընթացքում: ՈՒժը կորցրած ճանաչված լիցենզիան ենթակա է վերադարձման հնարավոր կարճ ժամկետում:
4. Լիցենզիան դադարում է մասնագիտացված անձի լուծարման, այլ անձին նրա միացման, միաձուլման կամ բաժանման, ինչպես նաև 24 ամսվա ընթացքում մասնագիտացված գործունեություն չիրականացնելու դեպքում:
5. Լիցենզիան կորցնելու դեպքում այն վերականգնվում է նույն համարով, ամսաթվով և պայմաններով, որոնցով տրված էր նախկին լիցենզիան: Լիցենզիայի կորուստը այլ հետևանքներ չի առաջացնում:
(64-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
§ 3. Մասնագիտացված գործունեության կարգավորումն ու վերահսկողությունը
Հոդված 65. |
Մասնագիտացված անձանց գործունեության կարգավորումը և վերահսկողությունը |
1. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ մասնագիտացված անձանց գործունեության մասով սույն օրենքի պահանջների կիրառումն ապահովող կանոններ սահմանել, այդ թվում` նաև սույն օրենքով նախատեսված տնտեսական նորմատիվների նվազագույն կամ առավելագույն չափերը:
2. Կենտրոնական բանկն ունի մասնագիտացված անձանց գործունեությունը վերահսկելու իրավունք:
Մասնագիտացված անձինք պարտավոր են Կենտրոնական բանկին ներկայացնել հաշվետվություններ, որոնց ձևը և ներկայացման կարգը սահմանվում է սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով):
Կենտրոնական բանկն իրավունք ունի իրականացնել մասնագիտացված անձանց գործունեության ստուգումներ` սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված կարգով: Մասնագիտացված անձը պարտավոր է Կենտրոնական բանկին ստուգումների ընթացքում տրամադրել սույն օրենքի 66 հոդվածով սահմանված հաշվառման բոլոր փաստաթղթերը, հակառակ դեպքում դա համարվում է բավարար հիմք լիցենզիան կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու համար:
(65-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 66. |
Մասնագիտացված անձանց հաշվառումն ու հաշվետվությունները |
1. Մասնագիտացված անձանց ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջները սահմանում է Կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ: Մասնագիտացված անձանց նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածների պահանջները:
2. Յուրաքանչյուր մասնագիտացված անձ պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել իր և իր կազմում (կամ անունից) մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց, ինչպես նաև իր մասնակիցների վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված ընթացիկ հաշվետվությունները, այդ թվում` նաև եռամսյակային և անկախ աուդիտորի կողմից հաստատված տարեկան ֆինանսական հաշվետվությունները` սահմանված ձևով, կարգով և ժամկետներում:
3. Նման հաշվետվությունների ներկայացման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի որոշմամբ: Կենտրոնական բանկը պարտավոր է ներքին կանոնակարգերով և այլ միջոցառումների ձեռնարկմամբ բացառել նման հաշվետվությունների հրապարակումը, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների և սույն օրենքով սահմանված տեղեկությունների:
4. Կենտրոնական բանկն իրավունք ունի մասնագիտացված անձանց յուրաքանչյուր տեսակի համար կամ մասնագիտացված գործունեության մեկից ավելի տեսակներ իրականացնող անձանց համար սահմանել հաշվառման առանձին պահանջներ, հաշվետվությունների առանձին ձևեր և ներկայացման առանձին կարգ:
(66-րդ հոդվածը խմբ. 26.12.02 ՀՕ-508-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 67. |
Մասնագիտացված անձանց համար սահմանվող տնտեսական նորմատիվները |
1. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ մասնագիտացված անձանց գործունեության կամ առանձին գործարքների համար սահմանել հետևյալ պարտադիր տնտեսական նորմատիվները`
ա) մասնագիտացված անձի սեփական կապիտալի նվազագույն չափը.
բ) մասնագիտացված անձի հաճախորդին և նրա հետ փոխկապակցված անձանց արժեթղթերի ձեռքբերման նպատակով տրամադրվող փոխառությունների առավելագույն չափը.
գ) մասնագիտացված անձի հաճախորդին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված փոխառությունների, նրանց պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների հանրագումարի` մասնագիտացված անձի կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափը:
2. Գործունեության նույն տեսակն ու ծավալն իրականացնող մասնագիտացված անձանց համար սահմանվում են տնտեսական նորմատիվների նույն սահմանաչափերը: Գործունեության մեկից ավելի տեսակներ իրականացնող մասնագիտացված անձանց նկատմամբ կիրառվում է դրանցից յուրաքանչյուրի համար սահմանված տնտեսական նորմատիվի այն սահմանաչափը, որն առավել խիստ է:
Տնտեսական նորմատիվների սահմանաչափերը, հաշվարկման կարգը, այդ թվում` նաև հաշվարկում օգտագործվող մեծությունների կազմը սահմանվում են Կենտրոնական բանկի որոշմամբ:
Տնտեսական նորմատիվները խստացնող որոշումն ուժի մեջ է մտնում ոչ շուտ, քան Կենտրոնական բանկի կողմից հաստատելու 180-րդ օրը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
3. Արժեթղթերի շուկայի ընդհանուր կայունությունն ու իրացվելիությունն ապահովելու նպատակով և միայն արտակարգ դեպքերում Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանել հատուկ տնտեսական նորմատիվներ, որոնց գործողության ժամկետը չի կարող գերազանցել 6 ամիսը:
Հատուկ նորմատիվների գործողությունը դադարում է տվյալ տնտեսական նորմատիվի գործողության ժամկետի ավարտման օրը: Հատուկ տնտեսական նորմատիվները գործողության մեջ են դրվում Կենտրոնական բանկի սահմանած այնպիսի ժամկետում, որը թույլ կտա մասնագիտացված անձանց գործունեությունը համապատասխանեցնել տվյալ հատուկ նորմատիվի պահանջներին:
(67-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
§ 4. Ծառայողական տեղեկությունները
Հոդված 68. |
Ծառայողական տեղեկատվությունը |
1. Սույն օրենքի իմաստով` ծառայողական տեղեկատվություն (այսուհետ նաև` տեղեկություն) է համարվում հաճախորդին սպասարկելու կապակցությամբ մասնագիտացված անձին (այդ թվում նաև` Կենտրոնական դեպոզիտարիային) հաճախորդի հայտնի դարձած հաշիվների վերաբերյալ որևէ տեղեկությունը, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունը, ինչպես նաև հաճախորդի առևտրային կամ ծառայողական գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի կամ օգտակար մոդելի մասին տեղեկությունը և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել և մասնագիտացված անձը տեղյակ է եղել կամ պետք է տեղյակ լիներ այդ մտադրության մասին:
2. Մասնագիտացված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման կապակցությամբ նրանց հաճախորդների վերաբերյալ Կենտրոնական բանկին տրամադրված սույն հոդվածի առաջին մասով սահմանված տեղեկությունը համարվում է ծառայողական տեղեկատվություն:
(68-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 69. |
Ծառայողական տեղեկության հրապարակումը |
1. Ծառայողական տեղեկությունների հրապարակումը այն անձի, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով, արգելվում է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի: Մասնագիտացված անձը, նրա ղեկավարը կամ ծառայողը պարտավոր են մերժել ծառայողական տեղեկության տրամադրման ցանկացած միջնորդություն կամ պահանջ, եթե այն չի ներկայացվել սույն օրենքի դրույթներին համապատասխան:
Ծառայողական տեղեկության հրապարակում է համարվում այդ տեղեկությունը (կամ դրա ցանկացած կրիչը) բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը, երրորդ անձին հայտնի դարձնելը կամ տարածելը, երրորդ անձանց նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը (թույլատրելը, չխոչընդոտելը կամ այդ տեղեկության պահպանման կարգի խախտման հետևանքով դրա հրապարակումը հնարավոր դարձնելը):
2. Ծառայողական տեղեկության հրապարակում չի համարվում և սույն հոդվածի 1-ին կետով չի արգելվում`
ա) մասնագիտացված անձին իրավաբանական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչական ծառայություններ մատուցող կամ նրա համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց և կազմակերպություններին տվյալ մասնագիտացված անձի կողմից ծառայողական տեղեկություն հայտնելը կամ տրամադրելը, եթե դա անհրաժեշտ է այդ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար, և եթե այդ անձինք և կազմակերպությունները գրավոր պարտավորություն են տվել պահպանել տեղեկությունը և ձեռնպահ մնալ այն հրապարակելուց.
բ) մասնագիտացված անձի հաճախորդի կողմից կամ վերջինիս գրավոր կամ դատարանում տրված բանավոր թույլտվությամբ միայն իրեն վերաբերող տեղեկությունների հրապարակումը.
գ) մասնագիտացված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում Կենտրոնական բանկին ծառայողական տեղեկությունների տրամադրումը: Կենտրոնական բանկն իրավունք ունի մասնագիտացված անձանց վերահսկողության ընթացքում ստանալ և ծանոթանալ մասնագիտացված անձանց հաճախորդներին վերաբերող տեղեկություններին, եթե այդ տեղեկություններն անհրաժեշտ են վարկային և այլ ներդրումների, այլ ակտիվների գնահատման կամ վերահսկողության սույն օրենքով սահմանված այլ նպատակների համար.
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան ծառայողական տեղեկատվության տրամադրումը:
(69-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 70. |
Ծառայողական տեղեկությունները պահպանելու պարտականությունը |
1. Մասնագիտացված անձինք պարտավոր են ծառայողական տեղեկությունները պահպանել սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:
2. Մասնագիտացված անձի ղեկավարներին, ծառայողներին, նախկինում ղեկավար կամ ծառայող հանդիսացող անձանց, ինչպես նաև այն անձանց ու կազմակերպություններին, որոնք մասնագիտացված անձին ծառայություններ (աշխատանքներ) են մատուցում կամ մատուցել են նախկինում, արգելվում է ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ իրենց վստահված կամ հայտնի դարձած ծառայողական տեղեկություն հրապարակելը, ինչպես նաև իրենց անձնական կամ երրորդ անձանց շահերից ելնելով` դրանք օգտագործելը, երրորդ անձանց կողմից այդպիսի օգտագործման հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընձեռելը (թույլատրել, չխոչընդոտել կամ այդ տեղեկության պահպանման կարգի խախտման հետևանքով դրա հրապարակումը հնարավոր դարձնելը):
3. Մասնագիտացված անձինք պարտավոր են տեխնիկական այնպիսի միջոցներ ձեռնարկել և կազմակերպչական այնպիսի կանոններ սահմանել, որոնք անհրաժեշտ են ծառայողական տեղեկությունները պատշաճ պահպանելու համար:
Հոդված 71. |
Ծառայողական տեղեկությունների տրամադրումը |
1. Ծառայողական տեղեկությունների տրամադրումը, սույն օրենքով սահմանված դեպքերում և հիմքերով, պետական մարմիններին, պաշտոնատար անձանց ու քաղաքացիներին այդ տեղեկությունները բանավոր կամ գրավոր ձևով հաղորդելն է:
2. Այն անձը (բացառությամբ մասնագիտացված անձի), որին ծառայողական տեղեկությունները վստահված են եղել կամ հայտնի են դարձել իր ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ, իրավունք չունի դրանք այլ անձանց տրամադրել: Մասնագիտացված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացման կապակցությամբ նրանց հաճախորդներին վերաբերող Կենտրոնական բանկին հայտնի դարձած ծառայողական տեղեկությունների տրամադրումը կարող է իրականացվել միայն սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան:
(71-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 72. |
Ծառայողական տեղեկությունների տրամադրումը քաղաքացիական և քրեական գործերով |
1. Մասնագիտացված անձը քաղաքացիական գործերով պահանջվող ծառայողական տեղեկությունները տրամադրում է միայն դատարանի կողմից` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ընդունված որոշման հիման վրա, որի մեջ պետք է նշվի նաև անձը և նրան վերաբերող այն տեղեկությունները, որոնք ենթակա են տրամադրման:
2. Քրեական գործերով ծառայողական տեղեկությունների տրամադրումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:
3. Արգելվում է սույն հոդվածի 1-ին կետով սահմանված որոշման հիման վրա այդ որոշման մեջ չնշված այլ անձանց վերաբերյալ ծառայողական տեղեկությունների տրամադրումը:
Հոդված 73. |
Ծառայողական տեղեկությունների տրամադրումը հաճախորդի ժառանգներին (իրավահաջորդներին) |
Մասնագիտացված անձի կողմից ծառայողական տեղեկությունների տրամադրումը հաճախորդի ժառանգներին (իրավահաջորդներին) իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ VIII
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ:
ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ
§ 1. Բրոքերային (դիլերային) ընկերությունները
Հոդված 74. |
ԲՐՈՔԵՐԱՅԻՆ և ԴԻԼԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ |
1. Բրոքերային գործունեություն է համարվում հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա այլ անձի կամ անձանց հաշվին արժեթղթերով գործարքներ կատարելու գործունեությունը: Բրոքերային գործունեությունը ենթակա է լիցենզավորման` որպես մասնագիտացված գործունեություն, բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից սույն օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված արժեթղթերով իրականացվող բրոքերային գործունեության:
Բրոքերային ընկերությունն իրավաբանական անձ է, որը գործում է բրոքերային գործունեության լիցենզիայի հիման վրա: Բրոքերն այն ֆիզիկական անձն է, որն իրականացնում է բրոքերային գործունեություն, ընդ որում, նման գործունեություն իրականացնելը թույլատրվում է միայն բրոքերային ընկերության կազմում կամ անունից, ինչպես նաև սույն կետով նախատեսված դեպքերում` բանկի կամ վարկային կազմակերպության կազմում կամ անունից:
2. Դիլերային գործունեություն է համարվում տվյալ անձի հաշվին արժեթղթերի առուվաճառքի գործունեությունը, եթե այն տվյալ անձի գործունեության հիմնական մասն է կազմում: Դիլերային գործունեությունը ենթակա է լիցենզավորման` որպես մասնագիտացված գործունեություն, բացառությամբ այն դեպքի, երբ այն իրականացնում են բանկերը կամ վարկային կազմակերպությունները:
Դիլերային ընկերությունն իրավաբանական անձ է, որը գործում է սույն օրենքով սահմանված դիլերային գործունեության լիցենզիայի հիման վրա: Դիլերն այն ֆիզիկական անձն է, որն իրականացնում է դիլերային գործունեությունը, ընդ որում, նման գործունեություն իրականացնելը թույլատրվում է միայն դիլերային կամ բրոքերային ընկերության կամ բանկի կամ վարկային կազմակերպության կազմում կամ անունից:
(74-րդ հոդվածը խմբ. 23.10.01 ՀՕ-246, լրաց. 04.10.05 ՀՕ-179-Ն)
Հոդված 75. |
Բրոքերային (դիլերային) գործարքները: Սահմանափակումները |
1. Բրոքերը (դիլերը) սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված պահանջների պահպանմամբ իրավունք ունի բրոքերային ընկերության կազմում կամ դրա անունից և դրա լիցենզիայի հիման վրա`
ա) ընդունել, հաղորդել կամ կատարել արժեթղթերի գնման կամ վաճառքի հանձնարարություններ, հաճախորդի հաշվին և միջոցներով արժեթղթերով գործարքներ կատարել.
բ) կառավարել իր հաճախորդների արժեթղթերի փաթեթը (պորտֆելը) և արժեթղթերում ներդրման համար նախատեսված միջոցները, իրականացնել արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեություն, եթե բրոքերային ընկերությունն ունի նման գործունեության համար առանձին լիցենզիա.
գ) իրականացնել դիլերային գործունեություն.
դ) արժեթղթերով փոխառություններ տրամադրել և ստանալ, ինչպես նաև սեփական միջոցներով իր հաճախորդների համար արժեթղթեր գնել, Կենտրոնական բանկի որոշմամբ նախատեսված կարճ վաճառք իրականացնել.
ե) կազմակերպել և (կամ) իրականացնել թողարկողի արժեթղթերի չերաշխավորված տեղաբաշխումը.
զ) կազմակերպել թողարկողի արժեթղթերի երաշխավորված տեղաբաշխումը և (կամ) իրականացնել այն.
է) տեղաբաշխման կապակցությամբ թողարկողին խորհրդատվություն տրամադրել արժեթղթեր թողարկելու և դրանցով միջոցներ ներգրավելու հարցերով.
ը) իր հաճախորդներին խորհրդատվություն տրամադրել ներդրումների վերաբերյալ, ներառյալ` արժեթղթերի գնի, դրանցում ներդրումներ անելու, դրանք գնելու կամ վաճառելու հարցերով:
2. Դիլերը սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված պահանջների պահպանմամբ իրավունք ունի դիլերային ընկերության կազմում կամ դրա անունից և լիցենզիայի հիման վրա իրականացնել միայն սույն հոդվածի 1-ին կետի «գ», «ե», «զ» և «է» ենթակետերով նախատեսված գործարքներ:
3. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված գործարքներից բացի, բրոքերային (դիլերային) ընկերությունը սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված պահանջների պահպանմամբ իրավունք ունի արժեթղթերի պահառության գործունեություն իրականացնել, եթե բրոքերային (դիլերային) ընկերությունն ունի նման գործունեության համար առանձին լիցենզիա:
4. Բրոքերներին (դիլերներին) արգելվում է առանց լիցենզիայի սույն հոդվածով նախատեսված գործարքներ իրականացնել կամ առանց համապատասխան լիազորության ներկայանալ որպես բրոքերային (դիլերային) ընկերության կազմում կամ անունից գործող բրոքեր (դիլեր): Սույն սահմանափակման խախտումը մասնագիտական որակավորումը չեղյալ համարելու հիմք է:
5. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ բրոքերային (դիլերային) ընկերություններին թույլատրել լրացուցիչ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են սույն հոդվածով նախատեսված գործունեությանը` անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ:
Բրոքերային (դիլերային) ընկերություններին, բրոքերներին (դիլերներին) արգելվում է իրականացնել սույն հոդվածով չնախատեսված որևէ այլ գործունեություն, եթե այլ բան սահմանված չէ սույն կետին համապատասխան ընդունված իրավական ակտերով: Սույն սահմանափակման խախտումը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմք է:
(75-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 76. |
Բրոքերային (դիլերային) ընկերություններին ներկայացվող պահանջները |
1. Անձը կարող է բրոքերային (դիլերային) գործունեության լիցենզիա ստանալ, եթե կազմակերպված է որպես ընկերակցություն կամ ընկերություն:
2. Բրոքերային (դիլերային) ընկերությունը պարտավոր է սահմանել բրոքերային (դիլերային) գործարքները կարգավորող կանոններ, որոնք պետք է համապատասխանեն Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված պահանջներին:
3. Բրոքերային (դիլերային) ընկերությունը պարտավոր է ունենալ բրոքերների (դիլերների) գործունեությունը վերահսկող ծառայություն, որի գործառույթները սահմանվում են Կենտրոնական բանկի որոշմամբ: Այդ ծառայությունը պարտավոր է բրոքերների (դիլերների) և ընկերության գործունեության մեջ հայտնաբերված խախտումների կամ թերացումների մասին հայտնել Կենտրոնական բանկին` հայտնաբերման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Բրոքերային (դիլերային) ընկերությանն արգելվում է թույլատրել հաճախորդի բրոքերային (դիլերային) մասնագիտական սպասարկումը համապատասխան մասնագիտական որակավորում չունեցող անձանց կողմից: Սույն դրույթը չի սահմանափակում բրոքերի (դիլերի) հսկողության ներքո գործող որակավորում չունեցող աշխատակազմի ներգրավումը հաճախորդի նման սպասարկման հարցերում:
5. Բրոքերային (դիլերային) ընկերության տնօրենների խորհրդի կամ նման իրավասություն իրականացնող մարմնի անդամ չեն կարող լինել այն անձինք, որոնք չունեն մասնագիտական որակավորման քննություն հանձնելու իրավունք` սույն օրենքի 58 հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի հիմքերով: Բրոքերային (դիլերային) ընկերության գործադիր տնօրեն կամ նման պարտականություններ կատարող անձ չի կարող լինել համապատասխան մասնագիտական որակավորում չունեցող անձը:
6. Ներդրողների պաշտպանության նպատակով Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ սահմանել բրոքերներին (դիլերներին) և բրոքերային (դիլերային) գործունեությանը ներկայացվող լրացուցիչ պահանջներ, ներառյալ` որևէ ինքնակարգավորվող կազմակերպությանը բրոքերային (դիլերային) ընկերությունների պարտադիր անդամակցության պահանջը:
7. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի պահանջների խախտումը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և մասնագիտական որակավորումից զրկելու հիմք է:
(76-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 77. |
Գործունեությունը և մասնակցությունը միայն մեկ բրոքերային ընկերությունում |
1. Նույն անձին արգելվում է սույն օրենքի 75 հոդվածի 1-ին և 3-րդ կետերով սահմանված գործունեություններն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մեկից ավելի բրոքերային ընկերության կազմում կամ նրա անունից իրականացնելը:
2. Նույն անձին արգելվում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն մեկից ավելի բրոքերային (դիլերային) ընկերության մասնակից լինելը: Եթե անձը դառնում է մեկից ավելի բրոքերային (դիլերային) ընկերությունների մասնակից, ապա նա պարտավոր է այդ մասին անմիջապես գրավոր տեղեկացնել Կենտրոնական բանկին և միջոցներ ձեռնարկել մեկից ավելի ընկերություններում իր մասնակցությունը դադարեցնելու համար:
Սույն սահմանափակումը և պահանջները չեն կիրառվում այն բրոքերային (դիլերային) ընկերություններում մասնակցության նկատմամբ, որոնք սույն օրենքի իմաստով հաշվետու թողարկող են և ունեն բաժնային արժեթղթի 500-ից ավելի սեփականատեր:
3. Սույն հոդվածի պահանջների խախտումը մասնագիտական որակավորումից զրկելու հիմք է:
(77-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 78. |
Բրոքերային (դիլերային) ծառայությունների պայմանագիրը |
1. Բրոքերային (դիլերային) ծառայությունների պայմանագիրը կարող է հաճախորդի կողմից միակողմանիորեն լուծվել` բրոքերային ընկերությանն առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, բրոքերային ընկերությունը պարտավոր է հաճախորդին կամ նրա ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները: Սույն կետով սահմանված իրավունքը չի կարող սահմանափակվել պայմանագրով:
Կենտրոնական բանկն իրավունք ունի, ներդրողների պաշտպանությունն ապահովելու նպատակով, սահմանել նման պայմանագրերին ներկայացվող պարտադիր այլ պահանջներ, որոնց ներառումը պայմանագրերում բրոքերային ընկերության պարտականությունն է:
2. Բրոքերային ընկերությունը, նրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր հաճախորդների հանձնարարականները և իրականացնել պայմանագրով իրեն հանձնարարված արժեթղթերի սեփականատիրոջ իրավունքները` ելնելով հաճախորդի շահերից (ֆիդուցիար պարտականություն): Իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակներում բրոքերային ընկերությունը (բրոքերը) պարտավոր է պարզել ներդրումային ռիսկերը կրելու իր հաճախորդի ցանկության և կարողության աստիճանը` հիմք ընդունելով վերջինիս կողմից տրամադրված տեղեկություններն ու հայտարարությունները:
3. Բրոքերային ընկերությունը, նրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձը պարտավոր է կատարել իր հաճախորդների հանձնարարականները` ըստ դրանց ստացման հաջորդականության: Բրոքերային ընկերության կողմից իր անունից և իր հաշվին գործարքներ կատարելիս հաճախորդների հանձնարարականներով կատարվող գործարքները ենթակա են առաջնահերթ կատարման:
4. Եթե բրոքերային ընկերության (նրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձի) և նրա հաճախորդի կամ բրոքերային ընկերության տարբեր հաճախորդների միջև առկա է կամ հնարավոր է շահերի բախում, որի մասին կողմերը նախօրոք տեղյակ չեն եղել, և որը հանգեցնում է բրոքերային ընկերության կողմից հաճախորդի շահերին վնասող գործողությունների կատարմանը, կամ եթե բրոքերային ընկերությունն անբարեխղճորեն է գործում հաճախորդների շահերին առնչվող հարցերում, ապա նա պարտավոր է փոխհատուցել հաճախորդների կրած վնասները` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Բրոքերային ընկերությունը, նրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձը պարտավոր են անմիջապես տեղեկացնել Կենտրոնական բանկին` իր և իր հաճախորդի միջև վերջինիս սպասարկման կապակցությամբ առաջացած կամ հնարավոր շահերի բախման մասին:
5. Բրոքերային ընկերությունը պարտավոր է առանձին հաշիվներ ունենալ յուրաքանչյուր հաճախորդի, ինչպես նաև բրոքերի և իր հաճախորդների արժեթղթերի և դրամական միջոցների համար:
6. Բրոքերային ընկերության մոտ գտնվող հաճախորդի արժեթղթերն ու դրամական միջոցները, ինչպես նաև դրանց օգտագործման հետևանքով ստացված շահույթը չի կարող գրավ դրվել կամ բռնագանձվել բրոքերի պարտքերի դիմաց` առանց հաճախորդի համաձայնության:
Բրոքերային ընկերության սնանկացման կամ անվճարունակության դեպքում նրա կառավարմանը հանձնված արժեթղթերը, դրամական միջոցները և դրանց կառավարման հետևանքով առաջացած շահույթն առանձնացվում են նրա գույքից և վերադարձվում են հաճախորդին` նրա առաջին իսկ պահանջով:
Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանել անհրաժեշտ պարտադիր կանոններ` հաճախորդի` սույն կետով նախատեսված իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար:
7. Բրոքերները (դիլերները) մինչև սույն օրենքի 6 հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված արժեթղթերի վաճառքի առաջարկ անելը և (կամ) վաճառելը պարտավոր են տվյալ արժեթղթերի և թողարկողի վերաբերյալ հրապարակել տեղեկություններ, որոնց կազմին և հրապարակման կարգին ներկայացվող նվազագույն պահանջները կարող է սահմանել Կենտրոնական բանկը:
Բրոքերը (դիլերը) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով հրապարակված տեղեկատվության կեղծ, սխալ կամ ապակողմնորոշիչ լինելու համար, բացառությամբ եթե ապացուցվի, որ բավարար ջանքեր է գործադրել պարզելու համար այդ տեղեկատվության արժանահավատությունը և չէր կարող իմանալ այդ տեղեկատվության կեղծ, սխալ կամ ապակողմնորոշիչ լինելու մասին:
8. Բրոքերներին և դիլերներին արգելվում է սույն օրենքի 6 հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված արժեթղթերի վաճառքի առաջարկ անելը և (կամ) վաճառելը, եթե նրանք գիտեին կամ կարող էին իմանալ օտարերկրյա պետությունների արժեթղթերի շուկան վերահսկող համապատասխան պետական մարմիններում կամ օտարերկրյա բորսաներում այդ արժեթղթերի գրանցման, ցուցակման կամ վաճառքի թույլտվության կասեցման կամ դադարեցման մասին
(78-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն, լրաց. 09.04.07 ՀՕ-175-Ն)
Հոդված 79. |
Հաճախորդներին հաշվետվությունների տրամադրումը: Գործարքների հրապարակումը |
1. Բրոքերային (դիլերային) ընկերությունը պարտավոր է անկախ աուդիտորի կողմից հաստատված իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացնել իր հաճախորդներին` Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:
2. Բրոքերային (դիլերային) ընկերությունը և բրոքերները (դիլերները) պարտավոր են իրենց հաճախորդներին տրամադրել Կենտրոնական բանկի որոշմամբ և ինքնակարգավորվող կազմակերպության կանոններով սահմանված հաշվետվությունները` սահմանված ձևով և կարգով:
3. Բրոքերային (դիլերային) ընկերությունը պարտավոր է իր կողմից կատարվող կամ առաջարկվող գործարքների մասին հրապարակել Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված տեղեկությունները, այդ թվում` նաև իր կողմից արժեթղթերի գնանշումը: Գործարքի մյուս կողմ հանդիսացող անձի ինքնության մասին տեղեկությունների հրապարակում չի կարող պահանջվել:
Կենտրոնական բանկն իր որոշմամբ սահմանում է հրապարակման ձևը, կարգը և տեղեկատվության այն միջոցները, որոնցով այն պետք է իրականացվի:
(79-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
§ 2. Արժեթղթերի հավատարմագրային կառավարիչները
Հոդված 80. |
Արժեթղթերի հավատարմագրային կառավարումը և հավատարմագրային կառավարիչը |
1. Արժեթղթերի հավատարմագրային կառավարումը (այսուհետ` հավատարմագրային կառավարում) անձի կողմից պարգևավճարի դիմաց իր տիրապետմանը հանձնված այլ անձին պատկանող և նրա օգտին կամ նրա կողմից նշված երրորդ անձանց օգտին (շահառու) կառավարչի անունից արժեթղթերի, արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցների, հավատարմագրային կառավարման հետևանքով ստացված արժեթղթերի և դրամական միջոցների կառավարումն է: Հավատարմագրային կառավարման գործունեությունը ենթակա է լիցենզավորման, բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից սույն օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» ենթակետերով սահմանված արժեթղթերի հավատարմագրային կառավարման գործունեության:
2. Հավատարմագրային կառավարիչը (այսուհետ նաև` կառավարիչ) Կենտրոնական բանկի կողմից հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձն է:
(80-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-246, 04.10.05 ՀՕ-179-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 81. |
Կառավարիչներին ներկայացվող պահանջները |
1. Կառավարիչը պարտավոր է սահմանել հավատարմագրային կառավարման գործունեությունը կարգավորող կանոններ, որոնք պետք է համապատասխանեն Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված պահանջներին:
2. Կառավարիչը պարտավոր է ունենալ իր հավատարմագրային կառավարման գործունեությունը վերահսկող ծառայություն, որի գործառույթները սահմանվում են Կենտրոնական բանկի որոշմամբ: Այդ ծառայությունը կառավարչի գործունեության մեջ հայտնաբերված բոլոր խախտումների կամ թերացումների մասին պարտավոր է հայտնել Կենտրոնական բանկին` հայտնաբերման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն հոդվածի 1-ին կետի պահանջների խախտումը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմք է:
3. Կառավարչի տնօրենների խորհրդի կամ նման իրավասություն իրականացնող մարմնի անդամ չեն կարող լինել այն անձինք, որոնք չունեն մասնագիտական որակավորման քննություն հանձնելու իրավունք` սույն օրենքի 58 հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի հիմքերով: Կառավարչի գործադիր տնօրեն կամ նման պարտականություններ կատարող չի կարող լինել մասնագիտական որակավորում չունեցող անձը:
4. Կառավարչին արգելվում է իրականացնել հավատարմագրային կառավարման ծառայությունների մատուցման հետ չառնչվող գործունեություն, բացառությամբ բրոքերային ընկերություններին և պահառուներին թույլատրված գործունեությունների:
(81-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 82. |
Հավատարմագրային կառավարման պայմանագիրը |
1. Հավատարմագրային կառավարման պայմանագիրը պետք է ներառի դրույթ` հաճախորդի կողմից այն միակողմանիորեն լուծելու իրավունքի մասին` կառավարչին առնվազն 10 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, կառավարիչը պարտավոր է հաճախորդին կամ նրա ներկայացուցչին փոխանցել հաճախորդին պատկանող արժեթղթերն ու դրամական միջոցները:
Կենտրոնական բանկն իրավունք ունի ներդրողների պաշտպանությունն ապահովելու նպատակով սահմանել նման պայմանագրերին ներկայացվող պարտադիր այլ պահանջներ, որոնց ներառումը պայմանագրում կառավարչի պարտականությունն է:
2. Կառավարիչը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր հաճախորդի հանձնարարականները և իրականացնել պայմանագրով իրեն հանձնարարված արժեթղթերի սեփականատիրոջ իրավունքները` ելնելով հաճախորդի շահերից (ֆիդուցիար պարտականություն): Իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակներում կառավարիչը պարտավոր է պարզել ներդրումային ռիսկերը կրելու իր հաճախորդի ցանկության և կարողության աստիճանը` հիմք ընդունելով վերջինիս կողմից տրամադրված տեղեկություններն ու հայտարարությունները:
Առանց հաճախորդի գրավոր համաձայնության կառավարիչն իրավունք չունի այլ անձանց փոխանցել (պատվիրակել) պայմանագրով ստանձնած իր պարտականությունների կատարումը:
3. Կառավարիչը պարտավոր է օրենքով և Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված կարգով առանձնացնել և առանձին ունենալ իր և իր հաճախորդների արժեթղթերի և դրամական միջոցների հաշիվները:
4. Կառավարչին հավատարմագրային կառավարման հանձնված արժեթղթերը չեն կարող գրավադրվել կամ բռնագանձվել հավատարմագրային կառավարչի պարտքերի դիմաց:
Կառավարչի սնանկացման կամ անվճարունակության դեպքում նրա հավատարմագրային կառավարմանը հանձնված արժեթղթերը, դրամական միջոցները և դրանց կառավարման հետևանքով ստացված շահույթն առանձնացվում են նրա գույքից և վերադարձվում են հաճախորդին` նրա առաջին իսկ պահանջով:
Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանել պարտադիր կանոններ` հաճախորդի` սույն կետով նախատեսված իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար:
5. Եթե կառավարչի և նրա հաճախորդի կամ կառավարչի տարբեր հաճախորդների միջև առկա է կամ հնարավոր է շահերի բախում, որի մասին կողմերը նախօրոք տեղյակ չեն եղել, և որը հանգեցնում է կառավարչի կողմից հաճախորդի շահերին վնասող գործողությունների կատարմանը, կամ եթե կառավարիչն անբարեխղճորեն է գործում հաճախորդների շահերին առնչվող հարցերում, ապա կառավարիչը պարտավոր է փոխհատուցել հաճախորդների կրած վնասները` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
(82-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 83. |
Հաճախորդներին հաշվետվություններ տրամադրելը |
1. Կառավարիչը պարտավոր է անկախ աուդիտորի կողմից հաստատված իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացնել իր հաճախորդներին` Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:
2. Կառավարիչը պարտավոր է իր հաճախորդներին տրամադրել Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված հաշվետվությունները` սահմանված ձևով և կարգով:
(83-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
§ 3. Արժեթղթերի պահառուները
Հոդված 84. |
Արժեթղթերի պահառության գործունեությունը |
1. Արժեթղթերի պահառության գործունեությունը (այսուհետ` պահառության գործունեություն) արժեթղթերի պահպանության, պահառության և արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման ու փոխանցման գործունեությունն է: Պահառության գործունեությունը, որպես մասնագիտացված գործունեություն, ենթակա է լիցենզավորման, բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից սույն օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» ենթակետերով սահմանված արժեթղթերի պահառության գործունեության:
2. Արժեթղթերի պահառու է համարվում պահառության գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձը, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիան:
3. Յուրաքանչյուր պահառու համարվում է Կենտրոնական դեպոզիտարիայի ենթապահառու` Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված բացառություններով: Ենթապահառուի գործառույթներն իրականացվում են Կենտրոնական բանկի որոշումներին համապատասխան կնքված պայմանագրի հիման վրա:
(84-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-246, 04.10.05 ՀՕ-179-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 85. |
Պահառության ծառայությունները |
1. Պահառուն Կենտրոնական բանկի որոշումներին համապատասխան պարտավոր է պայմանագրով իր հաճախորդին առաջարկել հետևյալ ծառայությունները`
ա) հաճախորդի արժեթղթերի նկատմամբ իրավունքների և պարտավորությունների գրանցում.
բ) հաճախորդի արժեթղթերի անվանատեր հանդես գալը.
գ) հաճախորդի համար առանձին դեպո հաշիվ վարելը` գրանցելով այդ հաշվի հետ կապված յուրաքանչյուր գործարքի ժամկետն ու էական պայմանները.
դ) հաճախորդին արժեթղթերի վերաբերյալ թողարկողից, Կենտրոնական դեպոզիտարիայից և այլ պահառուից ստացված ամբողջական տեղեկատվության տրամադրումը.
ե) հաճախորդին սույն օրենքի 52 հոդվածով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկությունների տրամադրումը:
2. Պահառուն իրավունք ունի իր հաճախորդներին լրացուցիչ այլ ծառայություններ մատուցել` Կենտրոնական բանկի որոշումներին համապատասխան:
(85-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 86. |
Պահառուներին ներկայացվող պահանջները |
1. Յուրաքանչյուր պահառու պարտավոր է սահմանել պահառության գործունեությունը կարգավորող կանոններ, որոնք պետք է համապատասխանեն սույն օրենքին և Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված պահանջներին:
2. Պահառուն պարտավոր է ունենալ իր գործունեությունը վերահսկող ծառայություն, որի գործառույթները սահմանվում են Կենտրոնական բանկի որոշմամբ: Այդ ծառայությունը պարտավոր է պահառուի գործունեության մեջ հայտնաբերված բոլոր խախտումների կամ թերացումների մասին հայտնել Կենտրոնական բանկին` հայտնաբերման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Սույն հոդվածի 1-ին կետի պահանջների խախտումը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմք է:
3. Յուրաքանչյուր պահառու պարտավոր է լիցենզիայի համար Կենտրոնական բանկին դիմելիս`
ա) հիմնավորել, որ իր տեխնիկական հագեցվածությունը և աշխատակազմի պատրաստվածությունը բավարարում են պահառության ծառայությունները մատուցելու համար Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված պահանջներին, և
բ) եթե այլ բան սահմանված չէ Կենտրոնական բանկի որոշմամբ, հիմնավորել, որ օգտագործվող միջոցները կարող են համակցվել Կենտրոնական դեպոզիտարիայի միջոցների հետ, և ներկայացնել Կենտրոնական դեպոզիտարիայի հետ ստորագրված պայմանագիրը:
4. Պահառուի տնօրենների խորհրդի կամ նման իրավասություն իրականացնող մարմնի անդամ չեն կարող լինել այն անձինք, որոնք չունեն մասնագիտական որակավորման քննություն հանձնելու իրավունք` սույն օրենքի 58 հոդվածի 3-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի հիմքերով: Մասնագիտական որակավորում չունեցող անձը չի կարող լինել պահառուի գործադիր տնօրեն կամ նման պարտականություններ կատարող անձ:
5. Պահառուներին արգելվում է պահառության ծառայությունների մատուցման հետ չառնչվող գործունեություն իրականացնելը, բացառությամբ բրոքերային ընկերություններին և հավատարմագրային կառավարիչներին թույլատրված գործունեության:
(86-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 87. |
Պահառության պայմանագիրը |
1. Պահառության պայմանագիրը հաճախորդի կողմից կարող է միակողմանիորեն լուծվել` պահառուին առնվազն 20 օր առաջ տեղեկացնելու պայմանով: Պայմանագիրը լուծելուց հետո` եռօրյա ժամկետում, պահառուն պարտավոր է հաճախորդին փոխանցել նրա արժեթղթերը և դրամական միջոցները: Սույն դրույթով սահմանված իրավունքը չի կարող սահմանափակվել պայմանագրով:
2. Պահառուն պարտավոր է բարեխղճորեն կատարել հաճախորդի հանձնարարականները և, նրա շահերից ելնելով, իրականացնել արժեթղթերի սեփականատիրոջ այն իրավունքները, որոնց կատարման կամ իրականացման պարտավորությունն ստանձնել է պայմանագրով:
Հոդված 88. |
Հաճախորդներին հաշվետվություններ տրամադրելը |
1. Պահառուն պարտավոր է անկախ աուդիտորի կողմից հաստատված իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները ներկայացնել իր հաճախորդներին` Կենտրոնական բանկի կողմից սահմանված ձևով և կարգով:
2. Պահառուն պարտավոր է իր հաճախորդներին տրամադրել Կենտրոնական բանկի որոշմամբ նախատեսված հաշվետվությունները` սահմանված ձևով, կարգով և պարբերականությամբ:
(88-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Գ Լ ՈՒ Խ IX
ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
§ 1. Ընդհանուր դրույթներ
Հոդված 89. |
Ընդհանուր դրույթներ |
1. Մասնագիտացված անձանց ինքնակարգավորվող կազմակերպությունը (այսուհետ` ինքնակարգավորվող կազմակերպություն) արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց կամավոր միավորումն է (կազմակերպությունը), որը հանդիսանում է ոչ առևտրային իրավաբանական անձ և սույն օրենքով սահմանված կարգով գրանցված է Կենտրոնական բանկի կողմից:
2. Ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նպատակն իր անդամների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է (ներառյալ` առևտրի կազմակերպումը), նրանց գործունեության կարգավորումն ու վերահսկողությունը, հավաքական շահերի պաշտպանությունը, իր անդամների համար մասնագիտական վարքագծի էթիկայի կանոնների մշակումն ու կիրառումը, ինչպես նաև սույն օրենքի կարգավորման նպատակների իրագործումը:
3. Ինքնակարգավորվող կազմակերպության ստեղծման և գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) և ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրությամբ:
4. Ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը պետք է ցուցում պարունակի նրա գործունեության հիմնական ուղղության կամ դրա թեկուզ մեկ տարրի մասին և ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը, կամ «ԻԿԿ» հապավումը, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ, իսկ ֆոնդային բորսայի անվանումը` «ֆոնդային բորսա» բառերը:
5. Ինքնակարգավորվող կազմակերպության անդամների (հիմնադիրների) կողմից նրան փոխանցվող գույքը հանդիսանում է ինքնակարգավորվող կազմակերպության սեփականություն: Ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ գույքն օգտագործում է իր կանոններով սահմանված նպատակների և անդամների շահերի ու խնդիրների իրականացման համար: Ինքնակարգավորվող կազմակերպության անդամները պատասխանատվություն չեն կրում ինքնակարգավորվող կազմակերպության պարտավորությունների համար: Ինքնակարգավորվող կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար: Ինքնակարգավորվող կազմակերպությունը պատասխանատվություն է կրում իր կողմից սույն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների խախտման հետևանքով ծագած վնասների համար:
6. Ինքնակարգավորվող կազմակերպությունը հիմնադրվում է արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց ինքնակարգավորվող կազմակերպության անդամ դառնալու և կառավարման մեջ հավասար մասնակցություն ունենալու իրավունքի և «մեկ անդամ` մեկ ձայն» սկզբունքի հիման վրա:
(89-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 90. |
Ինքնակարգավորվող կազմակերպության գործառույթները |
1. Ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի`
ա) վերահսկել իր անդամների և նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց գործունեությունը` ինքնակարգավորվող կազմակերպության կանոններին համապատասխանեցնելու նպատակով: Նշված վերահսկողությունը ներառում է արժեթղթերի շուկայում ինքնակարգավորվող կազմակերպության կանոններին համապատասխան իրականացվող գործունեության հետ առնչվող մատյանների, գրառումների և այլ փաստաթղթերի ստուգման իրավունքը.
բ) ընդունել կարգեր և կանոններ արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անդամների համար պատշաճ պայմանների ապահովման, անդամների որակավորումն իրականացնելու, մասնագիտական էթիկայի կանոնների կիրառումն ապահովելու, արժեթղթերի սեփականատերերի և ինքնակարգավորվող կազմակերպության անդամների այլ հաճախորդների շահերի պաշտպանությունն ապահովելու, սույն օրենքով և Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված տնտեսական նորմատիվների և այլ պահանջների կիրառման և արժեթղթերի թափանցելի ու կանոնակարգված շուկայի զարգացմանն աջակցելու նպատակով.
գ) իր անդամների և այլ մասնակիցների համար սահմանել վերապատրաստման և կրթական այլ պահանջներ` էթիկայի, տեխնիկական և մասնագիտացված գործունեության վարքագծի չափանիշների բավարարման նպատակով.
դ) իր անդամների և նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել և տույժեր կիրառել (այդ թվում նաև` դրամական), կասեցնել կամ չեղյալ հայտարարել անդամությունը` օրենքի, Կենտրոնական բանկի որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) և ինքնակարգավորվող կազմակերպության կանոնների և որոշումների խախտման համար.
ե) օրենքով և այլ որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) նախատեսված դեպքերում կազմակերպել արժեթղթերի առևտուր.
զ) լուծել իր անդամների միջև ծագած վեճերը` ստեղծելով արբիտրաժային տրիբունալ կամ այլ կերպ:
2. Ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի իրականացնել նաև օրենքով և Կենտրոնական բանկի որոշմամբ թույլատրված այլ գործառնություններ:
(90-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն, 25.12.06 ՀՕ-67-Ն)
Հոդված 91. |
Ինքնակարգավորվող կազմակերպության կանոնները |
1. Ինքնակարգավորվող կազմակերպության կանոններն են` տվյալ կազմակերպության կանոնադրությունը, ներքին կանոնակարգերը, կարգերը, ինչպես նաև Կենտրոնական բանկի որոշմամբ պահանջվող այլ ակտերը, որոնք ընդունվում են ընդհանուր ժողովի կամ դիտորդ խորհրդի կողմից:
2. Ինքնակարգավորվող կազմակերպության կանոնները և դրանցում փոփոխություններն ու լրացումներն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքին համապատասխան դրանց գրանցման պահից:
3. Ինքնակարգավորվող կազմակերպության անդամներին, նրանց կազմում կամ անունից գործող անձանց, տվյալ կազմակերպության պաշտոնատար անձանց արգելվում է Կենտրոնական բանկի կողմից գրանցված կանոնների խախտմամբ գործելը, իսկ ինքնակարգավորվող կազմակերպություններին` նման խախտումներով գործելը թույլատրելը կամ չհետապնդելը:
(91-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 92. |
Անդամությունն ինքնակարգավորվող կազմակերպությունում |
1. Ինքնակարգավորվող կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 անդամ:
2. Ինքնակարգավորվող կազմակերպության կանոնները պետք է սահմանեն, որ`
ա) ինքնակարգավորվող կազմակերպության անդամ կարող է լինել որոշակի տեսակի մասնագիտացված անձ, բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքերի.
բ) յուրաքանչյուր անդամ և նրա հետ փոխկապակցված անձինք տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովում ունեն միայն մեկ ձայն: Փոխկապակցվածության հիմքերի բացահայտման պահից 30 օրվա ընթացքում ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովը կամ կառավարման այլ մարմինը պարտավոր է իր կամ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ միավորել փոխկապակցված անձանց ձայները (ձայների միավորում)` նրանց վերապահելով միայն մեկ ձայնի իրավունք.
գ) ինքնակարգավորվող կազմակերպության անդամ չի կարող լինել, իսկ նրա կազմում կամ անունից մասնագիտական գործունեություն չի կարող իրականացնել`
- տվյալ տեսակի մասնագիտական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձը,
- այն անձը, որը տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության կողմից անդամության թույլատրման հարցը քննարկելուն նախորդող մեկ տարվա ընթացքում զրկվել է որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունից.
դ) ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է իր համապատասխան մարմինների միջոցով վերահսկել իր անդամների (և դրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց) գործունեությունը և սույն օրենքի, դրան համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) և տվյալ կազմակերպության կանոնների խախտման դեպքում կիրառել համապատասխան կարգապահական տույժեր (այդ թվում նաև` դրամական տույժեր կիրառել և կասեցնել կամ չեղյալ հայտարարել անդամությունը) և ապահովել դրանց պահանջների կատարումը.
ե) յուրաքանչյուր անդամ կամ դրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձը` մեկ այլ անդամի կամ դրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձի կողմից սույն օրենքի, դրան համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) և տվյալ կազմակերպության կանոնների խախտման մասին տեղեկանալու դեպքում պարտավոր է անմիջապես հայտնել տվյալ կազմակերպության վերահսկողական ծառայություն.
զ) անդամները միանվագ և (կամ) պարբերական վճարներ են կատարում իրենց անդամության և ինքնակարգավորվող կազմակերպության ծառայություններից օգտվելու համար.
է) ինքնակարգավորվող կազմակերպության շահույթը չի կարող շահաբաժինների ձևով կամ այլ կերպ ուղղակիորեն կամ անուղղակիորեն բաշխվել նրա անդամներին կամ այլ անձանց` նրանց մասնակցության դիմաց, և պետք է օգտագործվի բացառապես կանոնադրական նպատակների իրագործման համար: Սույն կետը չի բացառում ինքնակարգավորվող կազմակերպության լուծարման դեպքում նրա մնացած գույքն անդամներին բաշխելու հնարավորությունը:
(92-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 93. |
Ինքնակարգավորվող կազմակերպության անդամների ընդհանուր ժողովը |
Եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ, ապա ինքնակարգավորվող կազմակերպության կանոններով պետք է սահմանվի, որ`
ա) նրա կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է, որն իրականացնում է ինքնակարգավորվող կազմակերպության ղեկավարումը` տարեկան կամ արտահերթ ժողովներ գումարելու միջոցով.
բ) ընդհանուր ժողովն իրավազոր է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե դրան մասնակցում են ձայնի իրավունք ունեցող անդամների երկու երրորդը, իսկ ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը վերապահված հարցերով որոշումներն ընդունվում են ժողովին մասնակցող անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդով, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով.
գ) ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`
1) ինքնակարգավորվող կազմակերպության համապատասխան կանոնների ընդունումը և դրանցում փոփոխությունների կատարումը,
2) ինքնակարգավորվող կազմակերպության անդամին անդամությունից զրկելը,
3) ինքնակարգավորվող կազմակերպության անդամների դիտորդ խորհրդի, դրա նախագահի, վերահսկիչ ծառայության անդամների և ղեկավարի ընտրությունն ու նրանց լիազորությունների դադարեցումը,
4) ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների, այդ թվում` հաշվապահական հաշվեկշիռների և ֆինանսական այլ հաշվետվությունների հաստատումը,
5) ինքնակարգավորվող կազմակերպության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումների ընդունումը,
6) ինքնակարգավորվող կազմակերպության կանոններով սահմանված այլ հարցեր:
Հոդված 94. |
Ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհուրդը և գործադիր մարմինը |
1. Ինքնակարգավորվող կազմակերպության կանոններով պետք է սահմանվեն`
ա) ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի և դրա նախագահի իրավասությունն ու գործունեության կարգը, դիտորդ խորհրդի անդամների քանակն ու կազմը.
բ) դրույթ, որ դիտորդ խորհրդի բացառիկ իրավասությանն է վերապահվում ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր մարմինների գործունեության վերահսկողությունը.
գ) դրույթ, որ դիտորդ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ հանդիսանալ ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր տնօրեն կամ վարչության անդամ կամ դրա նախագահ և պետք է ունենա այնպիսի մասնագիտական որակավորում, որը պահանջվում է կազմակերպության անդամների կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանցից.
դ) դրույթ, որ դիտորդ խորհրդի բացառիկ իրավասությանը կանոններով վերապահված հարցերը չեն կարող նրա կողմից փոխանցվել ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր մարմինների իրավասությանը:
2. Ինքնակարգավորվող կազմակերպության կանոններով պետք է սահմանվեն`
ա) ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր տնօրենի (նախագահի) կամ վարչության և վարչության նախագահի ընտրության կամ նշանակման կարգը, նրանց իրավասությունն ու որոշումների ընդունման կարգը.
բ) դրույթ, որ ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր տնօրենը կամ վարչությունը և վարչության նախագահը ընտրվում կամ նշանակվում են դիտորդ խորհրդի կողմից և հաշվետու են դրան.
գ) դրույթ, որ գործադիր տնօրենը (նախագահը) կամ վարչության անդամը և նախագահը, ինչպես նաև ինքնակարգավորվող կազմակերպության ցանկացած այլ պաշտոնատար անձ կամ աշխատակից (բացի դիտորդ խորհրդի անդամից կամ նախագահից) իրավունք չունեն լինել որևէ մասնագիտացված անձի կամ դրա հետ փոխկապակցված անձանց անդամ, պաշտոնատար անձ, աշխատակից կամ մասնակից:
Հոդված 95. |
Ինքնակարգավորվող կազմակերպության վերահսկիչ ծառայությունը |
Ինքնակարգավորվող կազմակերպության կանոններով պետք է սահմանվեն`
ա) ինքնակարգավորվող կազմակերպության վերահսկիչ ծառայության իրավասությունն ու գործունեության կարգը, դրա ղեկավարի և անդամների քանակն ու կազմը.
բ) դրույթ, որ վերահսկիչ ծառայության ղեկավարը, անդամը և աշխատակիցն իրավունք չունեն լինել որևէ մասնագիտացված անձի կամ դրա հետ փոխկապակցված անձանց անդամ, պաշտոնատար անձ, աշխատակից կամ մասնակից, տվյալ կազմակերպության դիտորդ խորհրդի անդամ, նախագահ, գործադիր տնօրեն կամ գործադիր մարմնի աշխատակից.
գ) դրույթ, որ վերահսկիչ ծառայության ղեկավարը, անդամը կամ աշխատակիցը պետք է ունենա այնպիսի մասնագիտական որակավորում, որը պահանջվում է կազմակերպության անդամների կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանցից.
դ) դրույթ, որ վերահսկիչ ծառայությունը վերահսկում է անդամների և դրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց գործունեության համապատասխանությունը սույն օրենքին, Կենտրոնական բանկի որոշումներին և ինքնակարգավորվող կազմակերպության կանոններին.
ե) դրույթ, որ վերահսկիչ ծառայության անդամներն ինքնակարգավորվող կազմակերպության անդամների կամ անդամների կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց գործունեության մեջ հայտնաբերված խախտումների կամ թերացումների մասին պարտավոր են հայտնաբերման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտնել դիտորդ խորհրդի անդամներին և Կենտրոնական բանկին, ինչպես նաև հարուցել կարգապահական վարույթ:
(95-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
§ 2. Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցումը
Հոդված 96. |
Չգրանցված ինքնակարգավորվող կազմակերպությունը |
1. Կենտրոնական բանկում սույն օրենքին համապատասխան որպես ինքնակարգավորվող կազմակերպություն չգրանցված կազմակերպություններին արգելվում է հանդես գալ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն կամ օգտագործել այդ անվանումը սեփական անվանման մեջ կամ գովազդային նյութերում` սեփական գործունեությունը նկարագրելու կամ բնութագրելու համար (չգրանցված ինքնակարգավորվող կազմակերպություն):
2. Մասնագիտացված անձանց արգելվում է չգրանցված ինքնակարգավորվող կազմակերպությանն անդամակցելը կամ անդամ ներկայանալը, քանի դեռ այդ կազմակերպության գրանցման դիմումը սույն օրենքի համաձայն չի ներկայացվել Կենտրոնական բանկ, կամ եթե այն մերժվել է, կամ կազմակերպության գրանցումը դադարեցվել է:
3. Սույն հոդվածը չի արգելում դրանով նախատեսված անձանց կատարել սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված գործողությունները, եթե`
ա) արգելված գործողությունները կատարելու միակ նպատակը սույն օրենքով սահմանված կարգով գրանցման ենթակա ինքնակարգավորվող կազմակերպության ստեղծումն է, և
բ) հնարավոր սեղմ ժամկետում Կենտրոնական բանկին է ներկայացվում ինքնակարգավորվող կազմակերպության սույն գլխով նախատեսված գրանցման դիմումը:
(96-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 97. |
Գրանցման դիմումը |
1. Որպես ինքնակարգավորվող կազմակերպություն գրանցվելու համար սույն օրենքի պահանջներին համապատասխանող ոչ առևտրային կազմակերպությունը Կենտրոնական բանկին գրանցման դիմում է ներկայացնում, որը պետք է Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված տեղեկություններ ներառի`
ա) տվյալ կազմակերպության իսկության, գտնվելու վայրի (հասցեի) մասին.
բ) այն անձանց մասին, որոնք տվյալ կազմակերպության անդամ են, դրա անդամների դիտորդ խորհրդի անդամ կամ նախագահ, գործադիր տնօրեն կամ գործադիր մարմնի անդամ, վերահսկիչ ծառայության ղեկավար, անդամ կամ այլ պաշտոնատար անձ են: Ֆոնդային բորսայի գրանցման դիմումը պետք է նաև ներառի տեղեկություններ այն անձանց մասին, որոնց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է տվյալ կազմակերպության որևէ դասի բաժնային արժեթղթերի 5 տոկոսից ավելին.
գ) այն անձանց մասին, որոնցում տվյալ կազմակերպությանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է որևէ դասի բաժնային արժեթուղթ կամ որևէ այլ մասնակցություն.
դ) տվյալ կազմակերպության կապիտալի և ֆինանսական ցուցանիշների մասին.
ե) տվյալ կազմակերպության գործունեության համար նախատեսված տարածքի, դրա պայմանների և հագեցվածության մասին.
զ) տվյալ կազմակերպության համար սույն օրենքով սահմանված պահանջների բավարարումը պարզելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր:
2. Դիմումին կից ներկայացվում են`
ա) տվյալ կազմակերպության կանոնները, ֆոնդային բորսայի դեպքում` նաև տեխնիկական միջոցների փաստաթղթերը.
բ) օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը.
գ) սույն օրենքով և Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված այլ փաստաթղթեր:
3. Դիմումը (ինչպես նաև հետագա լրացումները) Կենտրոնական բանկին ներկայացված է համարվում Կենտրոնական բանկի կողմից այն ստանալու պահից, սակայն ոչ շուտ` օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը ստանալու օրվանից:
4. Գրանցման դիմումում կամ դրան կից ներկայացվող փաստաթղթերում էական փաստը խեղաթյուրելը (բաց թողնելը) համարվում է դիմումը մերժելու կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հիմք:
(97-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 98. |
Ինքնակարգավորվող կազմակերպությունը գրանցելը |
1. Գրանցման դիմումը բավարարված է համարվում այն ներկայացնելու 45-րդ օրը, եթե Կենտրոնական բանկն այն չի բավարարում մինչև այդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի: Դիմումը բավարարելուց առաջ Կենտրոնական բանկը սույն օրենքի 100 հոդվածին համապատասխան գրանցում է կազմակերպության կանոնները:
Եթե մինչև դիմումը բավարարելու օրը դրանում որևէ լրացում (դրան կից որևէ լրացուցիչ փաստաթուղթ) է ներկայացվում Կենտրոնական բանկ, ապա դիմումը ներկայացված է համարվում տվյալ լրացումը ներկայացնելու օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ այն ներկայացվում է Կենտրոնական բանկի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, որը տրվել է մինչև դիմումը բավարարելու օրը:
Կենտրոնական բանկը պարտավոր է կազմակերպությանը գրանցման վկայական տրամադրել դիմումը բավարարելու օրվանից` 3 օրվա ընթացքում:
2. Կենտրոնական բանկը դիմումը ներկայացնելու օրվանից` 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է դիմումը ներկայացնելու մասին հայտարարություն հրապարակել և շահագրգիռ անձանց հնարավորություն ընձեռել ներկայացնելու դիմումի վերաբերյալ գրավոր առաջարկություններ, դիտողություններ և փաստարկներ:
3. Կենտրոնական բանկը, մինչև դիմումը բավարարելու օրը նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, իր որոշմամբ կարգադրություն է արձակում, որով մերժում է դիմումի բավարարումը` նշելով դրա հիմքերը, եթե`
ա) դիմումում պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը ոչ լիարժեք են, կամ դրանցում էական փաստ է խեղաթյուրվել (բաց թողնվել),
բ) առկա է սույն օրենքին կամ դրան համապատասխան ընդունված այլ որոշումներին (նորմատիվ իրավական ակտերին) էական որևէ անհամապատասխանություն կամ դրանցով սահմանված մերժման որևէ այլ հիմք, կամ
գ) գրանցման դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 99 հոդվածով սահմանված հիմքերով տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության գրանցումը դադարել է (բացառությամբ կամավոր դադարեցման դեպքի):
4. Դիմումը բավարարելուց հետո դրանում ներառված տեղեկությունների փոփոխման դեպքում մասնագիտացված անձը պարտավոր է այդ մասին տեղեկանալու օրվանից` 15 օրվա ընթացքում, համապատասխան լրացում ներկայացնել Կենտրոնական բանկ` վերջինիս որոշմամբ սահմանված կարգով:
(98-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 99. |
Գրանցումը կասեցնելը և դադարեցնելը |
1. Կենտրոնական բանկը, դիմումը բավարարելու օրվանից հետո, իրավունք ունի, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, իր որոշմամբ կասեցնել ինքնակարգավորվող կազմակերպության գրանցումը` նշելով կասեցման հիմքերը և կարգադրելով դրանք վերացնել և (կամ) հետագայում թույլ չտալ, եթե ինքնակարգավորվող կազմակերպությունը պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ կամ անտարբերությամբ`
ա) խախտել է կամ գործում է ի խախտումն սույն օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) պահանջների.
բ) չի կատարում իր կանոններով սահմանված գործառույթները կամ պահանջները, չի ապահովում իր կանոններով սահմանված պահանջների պահպանումը կամ չի հետապնդում դրանք խախտած անձանց.
գ) չի կատարել կամ շարունակում է չկատարել Կենտրոնական բանկի` իր իրավասության շրջանակներում ընդունված որոշմամբ տրված կարգադրությունը, բացի սույն կետի համաձայն կայացված որոշմամբ տրված կարգադրությունից: Սույն ենթակետի համաձայն գրանցումը չի կարող կասեցվել ոչ ավելի, քան 30 օր ժամկետով:
2. Կենտրոնական բանկը, դիմումը բավարարելուց հետո, իրավունք ունի, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, իր որոշմամբ (կարգադրությամբ) դադարեցնել ինքնակարգավորվող կազմակերպության գրանցումը` նշելով դրա հիմքերը (հարկադիր դադարեցում), եթե նա`
ա) չի կատարել կամ շարունակում է չկատարել սույն հոդվածի 1-ին կետի համաձայն տրված կարգադրությունը, կամ
բ) առկա է գրանցումը դադարեցնելու` սույն օրենքով կամ դրան համապատասխան ընդունված այլ որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված որևէ այլ հիմք:
3. Գրանցումը կասեցնելու կամ դադարեցնելու որոշումը (կարգադրությունը) այն կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում տրամադրվում է ինքնակարգավորվող կազմակերպությանը:
4. Գրանցումը դադարեցնելու դեպքում ինքնակարգավորվող կազմակերպությունը ենթակա է լուծարման, եթե Կենտրոնական բանկի որոշումը (կարգադրությունը) սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան տրամադրելու օրվանից` 10 օրվա ընթացքում, չի բողոքարկվել դատական կարգով:
5. Ինքնակարգավորվող կազմակերպության գրանցումը կարող է դադարեցվել նաև սեփական դիմումի հիման վրա (կամավոր դադարեցում), եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:
6. Կենտրոնական բանկը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, կարող է մերժել ինքնակարգավորվող կազմակերպության կամավոր դադարեցումը կամ հարկադիր դադարեցում չկիրառել, եթե`
ա) գրանցման դադարեցումը կզրկի արժեթղթերի շուկան կենսական նշանակության միակ ծառայությունից, կամ
բ) գրանցման դադարեցմամբ կարող է ստեղծվել արտակարգ իրավիճակ առաջանալու իրական սպառնալիք:
(99-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
§ 3. Ինքնակարգավորվող կազմակերպության կարգավորումն ու վերահսկողությունը
Հոդված 100. |
Ինքնակարգավորվող կազմակերպության կանոնների գրանցումը |
1. Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից ընդունվող կանոնները և դրանցում լրացումներն ու փոփոխությունները պետք է ներկայացվեն Կենտրոնական բանկի գրանցմանը և ուժի մեջ են մտնում գրանցման օրվանից: Կանոնների գրանցման նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 98 հոդվածի 1, 2 և 4-րդ կետերի կանոնները:
2. Կենտրոնական բանկը մինչև դիմումը բավարարելու օրը, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, իր որոշմամբ (կարգադրությամբ) կարող է մերժել կանոնների (դրանցում լրացումների կամ փոփոխությունների) գրանցումը` նշելով դրա հիմքերը, եթե այդ կանոնները կամ դրանց առանձին դրույթները հակասում են սույն օրենքին և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերին:
(100-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 101. |
Կանոններ սահմանելու կամ որոշում ընդունելու կարգադրությունը |
1. Կենտրոնական բանկն իրավունք ունի, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, իր որոշմամբ կարգադրել ինքնակարգավորվող կազմակերպությանը որոշակի կանոն (կանոններ) կամ դրա իրավասության շրջանակներում որոշակի որոշում ընդունել կամ այլ գործողություն ձեռնարկել` նշելով նման որոշման (կարգադրության) հիմքերը, եթե պարզի, որ`
ա) ինքնակարգավորվող կազմակերպությունը հնարավորություն չունի կարգավորել կամ չի կարգավորում անդամների կողմից իրականացվող գործունեությունը.
բ) ինքնակարգավորվող կազմակերպությունը հնարավորություն չունի կամ չի վերահսկում իր անդամների գործունեության համապատասխանությունը սույն օրենքին, դրան համապատասխան ընդունված որոշումներին (նորմատիվ իրավական ակտերին) կամ ինքնակարգավորվող կազմակերպության կանոններին.
գ) ինքնակարգավորվող կազմակերպությունը չի կատարում իր կանոններով սահմանված գործառույթները կամ պահանջները, կամ չի ապահովում իր կանոններով սահմանված պահանջների պահպանումը, կամ չի հետապնդում դրանք խախտած անձանց.
դ) նման կանոնները կամ գործողությունները անհրաժեշտ են ներդրողների պաշտպանության համար:
2. Կենտրոնական բանկի սույն հոդվածի համաձայն կայացված որոշմամբ տրված կարգադրությունը դրանում սահմանված ողջամիտ ժամկետում չկատարելու դեպքում Կենտրոնական բանկն իրավունք ունի ինքնուրույն ընդունել նման կանոններ, որոշումներ կամ ինքնուրույն ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ:
Կենտրոնական բանկի նման կարգով ընդունված կանոնը կամ որոշումը (այլ գործողությունը) պարտադիր է ինքնակարգավորվող կազմակերպության և դրա անդամների համար, իսկ այն չկատարելու դեպքում Կենտրոնական բանկն իրավունք ունի, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, ինքնակարգավորվող կազմակերպության առանձին անդամների զրկել անդամությունից, կասեցնել կամ դադարեցնել ինքնակարգավորվող կազմակերպության գրանցումը:
(101-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 102. |
Որոշումների վերանայումը |
1. Կենտրոնական բանկն իր կամ շահագրգիռ անձի նախաձեռնությամբ, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, իրավունք ունի վերանայել (լրացնել, փոփոխել, վերացնել կամ ուժի մեջ թողնել) ինքնակարգավորվող կազմակերպության որոշումները` անդամության մերժման, արժեթղթերի ցուցակման կամ առևտրային համակարգում արժեթղթեր ընդգրկելու վերաբերյալ թողարկողի դիմումի մերժման, անդամի նկատմամբ կիրառված տույժերի, թողարկողի դիմումով ֆոնդային բորսայում ցուցակված կամ առևտրային համակարգում ընդգրկված արժեթղթերը շրջանառությունից ժամանակավորապես կամ վերջնականապես հանելու մասին, ինչպես նաև ինքնակարգավորվող կազմակերպության իրավասության շրջանակներում իր անդամների կամ երրորդ անձանց վերաբերյալ ընդունված այլ ակտերը:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված իրավասությունն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանել այն որոշումները և գործողությունները, որոնք ենթակա են ներկայացման իրեն: Սույն կետի համաձայն ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) պահանջների չկատարումը համարվում է ինքնակարգավորվող կազմակերպության գրանցումը հարկադիր դադարեցնելու հիմք:
(102-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 103. |
Ինքնակարգավորվող կազմակերպության կարգավորումը և վերահսկողությունը |
1. Կենտրոնական բանկն ունի ինքնակարգավորվող կազմակերպության գործունեությունը կարգավորելու և վերահսկելու իրավունք: Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ սահմանել ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նկատմամբ սույն օրենքի պահանջների կիրառումն ապահովող կանոններ:
2. Ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություններ, որոնց ձևը, բովանդակությունը և ներկայացման կարգը սահմանվում են սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտով):
3. Կենտրոնական բանկն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով և պարբերականությամբ իրականացնել ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության ստուգումներ: Ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է ստուգումների ընթացքում Կենտրոնական բանկին տրամադրել պահանջվող բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը:
Վերջիններիս չտրամադրումը համարվում է ինքնակարգավորվող կազմակերպության գրանցումը հարկադիր դադարեցնելու հիմք:
4. Կենտրոնական բանկը պարտավոր է գաղտնի պահել վերահսկողության ընթացքում իրեն հայտնի դարձած օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված գաղտնի տեղեկությունները, բացառությամբ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված դեպքերի:
(103-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 104. |
Ինքնակարգավորվող կազմակերպության հաշվառումն ու հաշվետվությունները |
1. Ինքնակարգավորվող կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջները սահմանում է Կենտրոնական բանկը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ: Ինքնակարգավորվող կազմակերպությունների նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածների պահանջները:
2. Ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել իր և իր անդամների, ինչպես նաև իր մասնակիցների (ֆոնդային բորսայի դեպքում) վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված ընթացիկ հաշվետվությունները, այդ թվում` նաև իր եռամսյակային և անկախ աուդիտորական եզրակացությամբ իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները` սահմանված ձևով, կարգով և ժամկետներում:
Բացի ընթացիկ հաշվետվություններից, Կենտրոնական բանկն իրավունք ունի պահանջել ինքնակարգավորվող կազմակերպության և դրա անդամների կամ նրանց գործունեության վերաբերյալ ցանկացած այլ հաշվետվություն, տեղեկանք կամ բացատրություն, որն անհրաժեշտ է սույն օրենքով սահմանված իրավասություններն իրականացնելու համար:
3. Հաշվետվությունների ներկայացման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի որոշմամբ: Կենտրոնական բանկը պարտավոր է իր ներքին կանոնակարգերով և այլ միջոցառումների ձեռնարկմամբ բացառել նման հաշվետվությունների հրապարակումը, բացառությամբ ֆինանսական հաշվետվությունների և սույն օրենքով սահմանված այլ տեղեկությունների ու փաստաթղթերի:
(104-րդ հոդվածը փոփ. 26.12.02 ՀՕ-514-Ն, խմբ. 26.12.02 ՀՕ-508-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Գ Լ ՈՒ Խ X
ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐ
Հոդված 105. |
Ֆոնդային բորսան: Ընդհանուր դրույթներ |
1. Ֆոնդային բորսան ինքնակարգավորվող կազմակերպություն է, որի վրա տարածվում են սույն օրենքի IX գլխի պահանջները, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ:
2. Ֆոնդային բորսան սույն օրենքով, Կենտրոնական բանկի որոշմամբ և իր կանոններով սահմանված կարգով կազմակերպում է արժեթղթերի հրապարակային առևտուր՝ արժեթղթերի գնանշում, դրանց հիման վրա գործարքների կնքում, կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշում և հաշվանցում (քլիրինգ):
Ֆոնդային բորսան իրավունք ունի կազմակերպելու արտարժույթի հրապարակային առևտուր միայն արտարժույթի առքուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզիայի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած կարգով: Այդ դեպքում ֆոնդային բորսան իրավունք ունի իրականացնելու նաև արտարժույթի հրապարակային առևտրի ընթացքում կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշում և հաշվանցում (քլիրինգ):
Ֆոնդային բորսան իրավունք ունի կազմակերպելու ֆոնդային այլ ապրանքների հրապարակային առևտուր` օրենքով, դրան համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով և իր կանոններով սահմանված պահանջներին համապատասխան:
Ֆոնդային բորսան ֆոնդային ապրանքներով առևտրի ընթացքում կնքված գործարքների վերջնահաշվարկի կատարման հարցում կարող է հանդես գալ որպես կողմերի գործակալ:
3. Ֆոնդային բորսան Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով ստեղծում է երաշխիքային հիմնադրամ՝ ֆոնդային ապրանքներով առևտրի ընթացքում առաջացող ռիսկերը նվազեցնելու համար:
4. Ֆոնդային բորսան իրավունք ունի կազմակերպելու և անցկացնելու արժեթղթերի շուկայի վերաբերյալ ուսումնական դասընթացներ, ինչպես նաև մասնագիտական որակավորման քննություններ, եթե վերջինս սույն օրենքով և Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված կարգով պատվիրակվել է տվյալ ֆոնդային բորսային:
Ֆոնդային բորսան իրավունք ունի իրականացնելու Կենտրոնական բանկի որոշմամբ (նորմատիվ իրավական ակտով) թույլատրված լրացուցիչ այնպիսի գործունեություն, որն անհրաժեշտ է սույն հոդվածի 2-րդ կետում նշված գործառույթների իրականացման համար:
Ֆոնդային բորսան իրավունք չունի իրականացնելու սույն հոդվածում չնախատեսված որևէ այլ գործունեություն:
5. Կենտրոնական բանկում, սույն օրենքին համապատասխան, որպես ֆոնդային բորսա չգրանցված անձին կամ անձանց խմբին արգելվում է «ֆոնդային բորսա» բառակապակցությունը, դրա հոլովված ձևերը, թարգմանությունները կամ դրանց զուգորդություններն օգտագործել իր անվանման մեջ կամ գովազդային նյութերում, բացառությամբ, եթե`
ա) արգելված գործողությունները կատարելու միակ նպատակը սույն օրենքով սահմանված կարգով գրանցման ենթակա ֆոնդային բորսայի ստեղծումն է, և
բ) 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկին է ներկայացվում որպես ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպության սույն օրենքով նախատեսված գրանցման դիմումը:
(105-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-179-Ն, լրաց., փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 106. |
Անդամությունը ֆոնդային բորսայում |
1. Ֆոնդային բորսայի անդամ կարող են դառնալ միայն բրոքերային (դիլերային) ընկերությունները:
2. Ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ արժեթղթերի հրապարակային առևտրին ուղղակիորեն մասնակցելու իրավունք ունեն նրա անդամները: Ֆոնդային բորսայի կանոններով սահմանված կարգով ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված արժեթղթերով գործարքների կատարմանը կարող են ուղղակիորեն մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները:
Ֆոնդային բորսայի կանոններով սահմանված կարգով ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ արտարժույթով հրապարակային առևտրին ուղղակիորեն մասնակցելու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերը, վարկային կազմակերպությունները և արտարժույթի դիլերային առքուվաճառք իրականացնող անձինք:
Ֆոնդային բորսայի կանոններով սահմանված կարգով ֆոնդային բորսայի միջոցների օգտագործմամբ ֆոնդային այլ ապրանքներով հրապարակային առևտրին ուղղակիորեն մասնակցելու իրավունք ունեն միայն օրենքով նման գործառնությունների իրականացման իրավունք ունեցող անձինք:
Այլ անձինք կարող են մասնակցել ֆոնդային բորսայում իրականացվող գործարքներին միայն սույն կետով նախատեսված անձանց միջոցով:
(106-րդ հոդվածը լրաց. 23.10.01 ՀՕ-246, խմբ. 04.10.05 ՀՕ-179-Ն)
Հոդված 107. |
Ֆոնդային բորսայի կառավարման առանձնահատկությունները |
1. Եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ, ֆոնդային բորսայի անդամների ընդհանուր ժողովի վրա տարածվում են սույն օրենքի 92 և 93 հոդվածների պահանջները:
2. Ֆոնդային բորսայի անդամների դիտորդ խորհրդին և դրա նախագահին ընտրում և ազատում է անդամների ընդհանուր ժողովը: Բորսայի անդամների դիտորդ խորհրդի նախագահը կարող է միաժամանակ զբաղեցնել նաև բորսայի գործադիր տնօրենի պաշտոնը: Եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ, ֆոնդային բորսայի վրա տարածվում են սույն օրենքի 94 հոդվածի պահանջները:
3. Ֆոնդային բորսայի աշխատակիցներին արգելվում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնագիտացված անձանց կապիտալում ունենալ նշանակալից մասնակցություն, դրանցում զբաղեցնել որևէ պաշտոն կամ դրանց համար կատարել վճարովի այլ աշխատանք:
4. Մասնագիտացված անձինք, նրանց տնօրեններն ու այլ ղեկավարները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձինք իրավունք չունեն լինել ֆոնդային բորսայի գործադիր տնօրեն կամ գործադիր մարմնի անդամ:
5. Կենտրոնական բանկն իր որոշմամբ իրավունք ունի սահմանել պահանջներ, որոնք անհրաժեշտ են ֆոնդային բորսայի կառավարման մարմինների իրավասությունները հստակ տարանջատելու համար:
(107-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 108. |
Ֆոնդային բորսայի կանոնադրությունը |
Կենտրոնական բանկն իր որոշմամբ իրավունք ունի սահմանել ֆոնդային բորսայի տիպային կանոնադրություն` ելնելով ֆոնդային բորսայի կառավարման մարմինների իրավասությունները հստակ տարանջատելու և ներդրողների պաշտպանության անհրաժեշտությունից:
Ֆոնդային բորսայի կանոնադրությունը պետք է սահմանի դրույթ, որ արտարժույթի հրապարակային առևտրի (արտարժույթի գնանշման, դրանց հիման վրա գործարքների կնքման, կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման և հաշվանցման) կանոնները, դրանցում փոփոխություններն ու լրացումները ֆոնդային բորսայի կողմից ենթակա են պարտադիր ընդունման, եթե դրանք արժանացել են ֆոնդային բորսայում արտարժույթով առևտրին մասնակցող անձանց առնվազն 2/3-ի հավանությանը:
(108-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-179-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 109. |
Ֆոնդային բորսայի վճարները |
1. Ֆոնդային բորսան իրավունք ունի սահմանել միանվագ և տարեկան անդամավճարներ և դրանց միջոցներով իրականացվող գործարքներից միջնորդավճարներ: Վճարները սահմանվում են ֆոնդային բորսայի անդամների ընդհանուր ժողովի կողմից: Ֆոնդային բորսայի կանոնադրությամբ այդ իրավասությունը կարող է վերապահվել անդամների դիտորդ խորհրդին:
2. Ֆոնդային բորսայի անդամների կողմից ֆոնդային բորսայի միջոցներով իրականացվող գործարքների դիմաց հաճախորդից գանձվող վարձատրության չափի սահմանափակումներ կարող է նախատեսել միայն ֆոնդային բորսայի անդամների ընդհանուր ժողովը:
Հոդված 110. |
Ֆոնդային բորսայում առևտրի թափանցիկությունը |
1. Ֆոնդային բորսան պարտավոր է ձեռնարկել սույն օրենքով և Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված միջոցառումներ` ֆոնդային բորսայում իրականացվող գործարքների թափանցիկությունը և արժեթղթերի արդար գնագոյացումն ապահովելու նպատակով:
2. Ֆոնդային բորսան պարտավոր է ապահովել բորսայական առևտրի մասին տեղեկատվության հրապարակայնությունը` նրա անդամներին տրամադրելով առևտրային գործարքների կատարման տեղի ու ժամանակի, բորսայական շրջանառության համար ցուցակված արժեթղթերի ցանկի, գների, առևտրային նստաշրջանների արդյունքների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև արժեթղթերի կանոնակարգված, թափանցիկ շուկայի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ, որոնց ցանկը կարող է սահմանվել Կենտրոնական բանկի որոշմամբ:
(110-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Գ Լ ՈՒ Խ XI
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՆ
Հոդված 111. |
Կենտրոնական դեպոզիտարիան |
1. Կենտրոնական դեպոզիտարիան ինքնակարգավորվող կազմակերպություն է, որն իրականացնում է կենտրոնացված պահառուի, արժեթղթերի ռեեստրի և վերջնահաշվարկի գործառույթները:
Կենտրոնական դեպոզիտարիան, ֆոնդային բորսայի հետ կնքված պայմանագրի հիման վրա, իրավունք ունի իրականացնելու ֆոնդային բորսայում արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման և հաշվանցման (քլիրինգի) գործառույթը:
2. Կենտրոնական դեպոզիտարիայի անդամ կարող են լինել ֆոնդային բորսան, մասնագիտացված անձինք, բանկերը (այդ թվում` նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը):
(111-րդ հոդվածը փոփ., լրաց. 04.10.05 ՀՕ-179-Ն)
Հոդված 112. |
Կենտրոնական դեպոզիտարիայի գործառույթները |
1. Կենտրոնական դեպոզիտարիան սույն օրենքով, Կենտրոնական բանկի որոշմամբ և իր կանոններով սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) որպես կենտրոնացված պահառու`
- մատուցում է հաճախորդներին պահառության ծառայություններ,
- օրենքով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) սահմանված կարգով ապանյութականացնում է արժեթղթերը և վարում դրանց հաշիվները.
բ) որպես արժեթղթերի կենտրոնացված ռեեստր` թողարկողի հետ կնքած պայմանագրի հիման վրա իրականացնում է արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի), արժեթղթերի քանակի, տեսակի և դասի վերաբերյալ տվյալների միասնական համակարգի (ռեեստրի) վարումը.
գ) որպես արժեթղթերով կնքված գործարքների քլիրինգ և վերջնահաշվարկ իրականացնող գործակալ`
1) որոշում և հաշվանցում է փոխադարձ պարտավորությունները (տեղեկատվության հավաքում, ճշտում և հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պատրաստում),
2) արժեթղթերով գործարքների արդյունքում փոխանցում է արժեթղթերը հաշիվներում և կատարում վերջնահաշվարկ (վերջնահաշվարկ),
3) Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված կարգով և չափով ստեղծում է երաշխիքային հիմնադրամներ` իր գործառույթների իրականացման ռիսկերը (համակարգային ռիսկեր) նվազեցնելու համար,
4) վճարման և վերջնահաշվարկի հարցերում կարող է հանդես գալ որպես կողմերի գործակալ:
2. Կենտրոնական դեպոզիտարիան, իր կանոններին համապատասխան, իրավունք ունի իրականացնել սույն հոդվածով նախատեսված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ կամ նպատակահարմար, ինչպես նաև դրանց առնչվող այլ ծառայություններ` Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով:
(112-րդ հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-179-Ն, փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 113. |
Ծառայությունների գների կարգավորումը: Սպառողների շահերի պաշտպանությունը |
1. Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների գները կարգավորվում են Կենտրոնական բանկի կողմից: Կենտրոնական բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի կամ իր նախաձեռնությամբ, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, սահմանում է Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների գների առավելագույն չափերը:
2. Կենտրոնական բանկի կողմից սահմանված գների առավելագույն չափերը պետք է հնարավորություն ընձեռեն ծածկել մատուցվող ծառայության ողջամիտ ինքնարժեքը և թույլատրել շահութաբերության այնպիսի տոկոս, որը կապահովի քլիրինգի և վերջնահաշվարկների համակարգի զարգացումը:
3. Ծառայությունների գները և պայմանները հրապարակային են: Զեղչված գներից օգտվելու հնարավորությունը, որը համապատասխանում է նման գներից օգտվելու իրավունք ունեցող անձանց համար սահմանված չափանիշներին, պետք է հավասարաչափ ընձեռվի ցանկացած անձի:
(113-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 114. |
Արժեթղթերի հաշիվները Կենտրոնական դեպոզիտարիայում |
1. Կենտրոնական դեպոզիտարիայի անդամներն իրավունք ունեն հաշիվներ բացել և կառավարել Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից սահմանված կարգով: Նման հաշիվներ կարող են բացվել նաև այլ անձանց համար` Կենտրոնական բանկի որոշումներով և դրանց համապատասխան ընդունված` Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով նախատեսված դեպքերում և կարգով:
2. Կենտրոնական դեպոզիտարիան ի պահ ընդունված կամ ապանյութականացված արժեթղթերի սեփականատերերի կամ անվանատերերի պահանջով պարտավոր է նրանց անհապաղ տրամադրել իրենց արժեթղթերի հաշվի քաղվածքը, որի ձևը սահմանվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով:
(114-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 115. |
Արժեթղթերի ապանյութականացումը |
1. Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից արժեթղթերի ապանյութականացումն իրականացվում է սույն օրենքին և Կենտրոնական բանկի որոշումներին համապատասխան:
2. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից ապանյութականացված արժեթղթերի փոխանցումը կարող է իրականացվել միայն Կենտրոնական դեպոզիտարիայում բացված հաշիվներով, քանի դեռ դրանց վարումը վերջինիս կողմից պարտադիր է:
(115-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 116. |
Լրացուցիչ պահանջներ սահմանելու իրավասությունը |
Կենտրոնական բանկն իրավունք ունի իր որոշմամբ Կենտրոնական դեպոզիտարիայի գործունեության նկատմամբ սահմանել այնպիսի պահանջներ, որոնք անհրաժեշտ են արագ և հուսալի վերջնահաշվարկ իրականացնելու համար:
(116-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Գ Լ ՈՒ Խ XII
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
(գլուխն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-254-Ն)
Գ Լ ՈՒ Խ XIII
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ: ԼՍՈՒՄՆԵՐ
Հոդված 132. |
Կենտրոնական բանկԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ և պատասխանատվության միջոցների ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ: ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
(վերնագիրը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
1. Կենտրոնական բանկն իր իրավասության շրջանակներում վերահսկում է մասնագիտացված անձանց, նրանց տնօրեններին և այլ ղեկավարներին, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց, թողարկողներին, նրանց խոշոր բաժնետերերին, տնօրեններին և այլ ղեկավարների, ինչպես նաև արժեթղթերի շուկայում կատարվող խոշոր գործարքներում ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված անձանց և օրենքով սահմանված դեպքերում և կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ նրանց նկատմամբ:
2. Վերահսկողության իր իրավասությունը Կենտրոնական բանկն իրականացնում է հեռակա վերահսկողության և ստուգումների միջոցով:
3. Կենտրոնական բանկը հեռակա վերահսկողությունը և ստուգումներն իրականացնում է սույն օրենքով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված կարգով և պայմաններով:
(132-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 133. |
Կենտրոնական բանկԻ ՀԵռԱԿԱ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ |
(վերնագիրը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
1. Հեռակա վերահսկողություն իրականացնելու նպատակով Կենտրոնական բանկն իրավունք ունի որոշել սույն օրենքով և իր որոշմամբ նախատեսված հաշվետվությունների, տեղեկանքների, բացատրագրերի և նման այլ փաստաթղթերի ներկայացման կարգն ու ժամկետները: Սույն կետով նախատեսված փաստաթղթերի համար կարող է սահմանվել ներկայացման էլեկտրոնային եղանակ:
2. Հաշվետվությունները, տեղեկանքները, բացատրությունները և նման այլ փաստաթղթերը Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով մատչելի են դարձվում հասարակության համար, եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ: Կենտրոնական բանկն իրավասու է սույն կանոնից բացառություններ սահմանել, եթե գտնում է, որ այդ փաստաթղթերի հրապարակայնությունը կարող է վտանգել ներդրողների օրինական շահերը կամ հանգեցնել պետական, բանկային կամ առևտրային գաղտնիքի բացահայտմանը:
3. Մասնագիտացված անձի կամ թողարկողի կողմից սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու, ուշացումով, սահմանված կարգի էական այլ խախտումներով կամ ոչ լիարժեք փաստաթղթեր ներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկը տալիս է նախազգուշացում՝ թույլ տված խախտումը Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնելու և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական:
Ցանկացած 360 օրվա ընթացքում երկուսից ավելի խախտում թույլ տալու դեպքում Կենտրոնական բանկն իրավունք ունի նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Անկախ սույն կետով սահմանված որևէ տույժի կիրառումից` Կենտրոնական բանկը փաստաթղթի ուշացման յուրաքանչյուր օրվա համար մասնագիտացված անձի կամ թողարկողի նկատմամբ նշանակում է տուգանք` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` սկսած ուշացման երրորդ օրվանից:
Սույն կետով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկն իրավունք ունի նաև որակավորումից զրկել և մինչև երկու տարի որակավորման չթույլատրել մասնագիտացված անձի տնօրենին ու փոխտնօրեններին (անկախ նրանց մեղքից), ինչպես նաև դրա այն ղեկավարներին, որոնք մեղավոր են տվյալ խախտման համար:
4. Սույն հոդվածի 3-րդ կետում թվարկված և դրանց կապակցությամբ թույլ տրված այլ խախտումների համար մասնագիտացված անձի կամ թողարկողի ղեկավարներն ու ծառայողները օրենքով սահմանված կարգով ենթարկվում են վարչական կամ քրեական պատասխանատվության:
(133-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 134. |
Կենտրոնական բանկԻ` ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ |
(վերնագիրը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
1. Կենտրոնական բանկն իրականացնում է ստուգումներ` ըստ անհրաժեշտության օրենսդրությամբ սահմանված կարգով և հաճախականությամբ: Կենտրոնական բանկն իրավունք ունի կազմել ստուգումների ծրագիր (ծրագրավորված ստուգումներ) և (կամ) ստուգումներն իրականացնել ըստ անհրաժեշտության:
2. Սույն օրենքի 132 հոդվածում նշված անձանց կողմից ստուգումներին խոչընդոտելու կամ դրանց ընթացքում պահանջված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկը նախազգուշացնում է այդ անձին կամ անձանց՝ հանձնարարելով Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամկետում վերացնել և (կամ) ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկել:
Ցանկացած 360 օրվա ընթացքում մեկից ավելի նման խախտում թույլ տալու դեպքում Կենտրոնական բանկն իրավունք ունի նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Սույն կետով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկն իրավունք ունի նաև որակավորումից զրկել և մինչև 2 տարի որակավորման չթույլատրել մասնագիտացված անձի տնօրենին ու փոխտնօրեններին (անկախ նրանց մեղքից), ինչպես նաև մյուս այն ղեկավարներին, որոնք մեղավոր են տվյալ խախտման համար:
(134-րդ հոդվածը լրաց., փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 135. |
Պատասխանատվության միջոցների կիրառման իրավասությունը |
(վերնագիրը խմբ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
1. Օրենքով նախատեսված դեպքերում Կենտրոնական բանկն իրավասու է կիրառելու հետևյալ պատասխանատվության միջոցները՝
ա) նախազգուշացում՝ խախտումն ուղղելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարությամբ (այսուհետ նաև՝ նախազգուշացում).
բ) տուգանք.
գ) լիցենզիայի գործողության կասեցում.
դ) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում:
Կենտրոնական բանկն իրավունք ունի յուրաքանչյուր խախտման համար նախազգուշացման հետ միաժամանակ կիրառելու նաև (կամ) տուգանք:
2. Պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(135-րդ հոդվածը խմբ., փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 136. |
ԼՍՈՒՄՆԵՐԸ |
1. Եթե օրենքով նախատեսվում է որևէ հարցի վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշում կայացնել նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, ապա Կենտրոնական բանկը պարտավոր է ապահովել տվյալ հարցի քննարկումը սույն հոդվածի կանոններին համապատասխան:
2. Լսումներն իրականացնում է Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա կողմից լիազորված մեկ կամ մի քանի պաշտոնատար անձինք կամ նրա կողմից ձևավորված հանձնաժողովը:
3. Լսումներն իրականացվում են Կենտրոնական բանկի դռնբաց նիստում: Եթե Կենտրոնական բանկը (լսումներն իրականացնող պաշտոնատար անձինք) գտնի, որ դռնբաց նիստ անցկացնելը կարող է վնաս հասցնել ներդրողների շահերին կամ ապակողմնորոշել արժեթղթերի շուկան, ապա որպես բացառություն կարող է անցկացնել դռնփակ լսումներ: Լսումներն արձանագրվում են պատշաճ մանրամասնությամբ:
4. Լսումներին մասնակցելու` շահագրգիռ անձի իրավունքը (լսման հնարավորությունը) երաշխավորվում է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
Կենտրոնական բանկը տույժը կիրառելուց առնվազն հինգ օր առաջ պատշաճ կերպով ծանուցում է շահագրգիռ անձին լսումների տեղի, օրվա և ժամի մասին` նշելով քննարկման ենթակա հարցի բնույթն ու համառոտ նկարագրությունը և կցելով այն նյութերը, ապացույցները և դրանց գոյացման աղբյուրը, որոնք առկա են և կարող են ազդել գործի ելքի վրա:
Ծանուցված շահագրգիռ անձի չներկայանալը լսումներն անցկացնելու խոչընդոտ չէ:
5. Շահագրգիռ անձը լսումների ընթացքում իրավունք ունի ներկայացնել գրավոր և (կամ) բանավոր ապացույցներ, բացատրություններ և փաստարկներ, անել առարկություններ նախատեսվող տույժի կիրառման վերաբերյալ, ինչպես նաև հարուցել այլ միջնորդություններ:
6. Լսումներից հետո Կենտրոնական բանկի անունից կայացվում է հիմնավորված որոշում այն փաստերի շարադրմամբ, որոնք դրված են տվյալ որոշման հիմքում:
7. Որոշման պատճենը, հնարավոր սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան դրա ընդունման երրորդ օրը, տրամադրվում է այն անձին, որի վերաբերյալ կայացվել է տվյալ որոշումը, կամ նրան է ուղարկվում պատվիրված նամակով:
8. (կետն ուժը կորցրել է 08.12.05 ՀՕ-254-Ն)
(136-րդ հոդվածը խմբ., փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Գ Լ ՈՒ Խ XIV
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
§1. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 137. |
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ |
(վերնագիրը խմբ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
1. Որևէ անձի կողմից սույն օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքի և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է, նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ, տալու նախազգուշացում:
2. Նախազգուշացումն ուժի մեջ է մտնում այն արձակելու (որոշումը հրապարակելու) օրվանից և ենթակա է պարտադիր կատարման նախազգուշացվող անձի կողմից: Նախազգուշացումը կարող է ներառել նախազգուշացվող անձի գործունեությունն օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանեցնելու վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների իրականացման հաջորդականություն:
3. Կենտրոնական բանկը կարող է իր որոշմամբ նախազգուշացում արձակել` առանց սույն օրենքով նախատեսված լսման հնարավորության ընձեռման այն դեպքում, երբ նախազգուշացումն անմիջապես արձակելն անհրաժեշտ է ներդրողների պաշտպանության կամ արտակարգ իրավիճակի ծագումը կանխելու համար: Նման նախազգուշացումն ուժի մեջ է մտնում այն տալու վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշումը հասցեատիրոջը հանձնելու պահից:
4. Նախազգուշացումը պետք է հիմնավորվի դրա պատճառների, այդ թվում` նաև այն փաստերի գրավոր շարադրմամբ, որոնք հիմք են հանդիսացել Կենտրոնական բանկի որոշման համար: Կենտրոնական բանկի որոշման համար կարող են հիմք հանդիսանալ նաև նախազգուշացվող անձի այնպիսի գործողությունները, որոնք կարող են հանգեցնել արժեթղթերի շուկան կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի խախտմանը:
(137-րդ հոդվածը խմբ., փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 138. |
Տուգանքի կիրառումը |
(վերնագիրը խմբ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
1. Որևէ անձի կողմից սույն օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքի և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախազգուշացմամբ տրված հանձնարարականի չկատարման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է կիրառելու սույն հոդվածով նախատեսված տուգանքները: Կենտրոնական բանկի կողմից կիրառվող տուգանքների չափը խախտման յուրաքանչյուր տեսակի համար սահմանվում է Կենտրոնական բանկի որոշմամբ (նորմատիվ իրավական ակտով):
2. Եթե սույն գլխով կամ այլ օրենքով առանձին խախտումների համար ավելի մեծ չափի վարչական տուգանք սահմանված չէ, ապա դրա չափը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի`
ա) հազարապատիկը` ֆիզիկական անձանց համար.
բ) երկուհազարապատիկը` իրավաբանական անձանց համար:
3. Շարունակական խախտումների համար գանձվում է լրացուցիչ տուգանք` յուրաքանչյուր խախտման յուրաքանչյուր օրվա համար ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի`
ա) հարյուրապատիկը` ֆիզիկական անձանց համար.
բ) երկուհարյուրապատիկը` իրավաբանական անձանց համար:
4. Տուգանքի չափը որոշելիս Կենտրոնական բանկը հաշվի է առնում`
ա) խախտման բնույթը (խաբեության, խարդախության և նման այլ դիտավորության առկայությունը).
բ) խախտմամբ այլ անձանց հասցված վնասի առկայությունը և դրա չափը.
գ) անհիմն հարստացման աստիճանը` հաշվի առնելով այլ անձանց տրված հատուցումները.
դ) նախկինում նույն անձի կողմից նույն կամ որևէ այլ խախտում թույլ տալը և դրա համար պատասխանատվության ենթարկվելը, ինչպես նաև նախկին պատասխանատվության չափն ու բնույթը.
ե) նույն և այլ անձանց կողմից նման խախտումները հետագայում բացառելու անհրաժեշտության աստիճանը և այլն:
5. Սույն հոդվածով սահմանված տուգանքները գանձվում են պետական բյուջե: Չվճարելու դեպքում դրանք գանձվում են դատական կարգով` Կենտրոնական բանկի հայցի հիման վրա: Կենտրոնական բանկն ազատվում է հայցադիմում ներկայացնելու համար սահմանված պետական տուրքից:
Միջոցների փաստացի կամ հնարավոր անբավարարության դեպքում տուգանքները գանձվում են քաղաքացիական հայցերով պահանջների բավարարումից, ինչպես նաև այլ օրենքներով սահմանված տուգանքները կամ այլ տուգանքները վճարելուց հետո:
6. Մասնագիտական որակավորում չունեցող կամ հաշվետու թողարկողի պաշտոնատար անձ չհամարվող քաղաքացիների կողմից Կենտրոնական բանկի որոշմամբ տրված կարգադրությունները չկատարելը կանխելու նպատակով Կենտրոնական բանկը մինչև սույն օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն կիրառելը պարտավոր է միջոցներ ձեռնարկել` նրանց բացատրելու իր կարգադրությունների նպատակը, իմաստը և դրանք չկատարելու իրավական հետևանքները:
(138-րդ հոդվածը խմբ., փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 139. |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ |
1 . Ծառայողական տեղեկության հրապարակումը կամ նման տեղեկության պահպանման պարտականության խախտումն առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև տասհազարապատիկի չափով: Տուգանքը կիրառվում է դատական կարգով` Կենտրոնական բանկի կամ շահագրգռված անձի պահանջով:
2. Մասնագիտացված անձի աշխատակցի կողմից սույն հոդվածի 1-ին կետով սահմանված խախտման համար պատասխանատու է նաև մասնագիտացված անձը, եթե վերջինս չի կատարել ծառայողական տեղեկության պահպանման` սույն օրենքով սահմանված պարտականությունը: Ընդ որում, մասնագիտացված անձի կողմից ծառայողական տեղեկությունների պատշաճ պահպանության համար ձեռնարկված անհրաժեշտ տեխնիկական միջոցների կամ սահմանված կազմակերպչական կանոնների անբավարարությունն ինքնին սույն հոդվածով սահմանված պատասխանատվության հիմք լինել չի կարող:
(139-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 140. |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՔԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ |
1. Բացի սույն օրենքի 138 հոդվածով սահմանված տուգանքներից, Կենտրոնական բանկն իրավունք ունի սույն օրենքի 49 հոդվածի պահանջների խախտման համար տուգանք նշանակելու պահանջով դիմել դատարան:
2. Դատարանը, խախտման կատարման փաստը հաստատելու դեպքում, այն թույլ տված անձի և նրան տվյալ խախտմանը դրդող, դրանում օժանդակող և այն պարտակող անձանց նկատմամբ տուգանք է նշանակում հետևյալ գումարներից առավելագույնի չափով`
ա) նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի, կամ
բ) խախտման հետևանքով ստացված շահույթի կամ նման խախտմամբ պատճառված վնասի (կորստի) եռապատիկի չափով:
3. Տուգանքը նշանակելիս դատարանը հաշվի է առնում սույն օրենքի 138 հոդվածի 4-րդ կետով նախատեսված հանգամանքները, իսկ ֆիզիկական անձի դեպքում` նաև նրա նյութական (գույքային) վիճակը:
4. Սույն հոդվածով սահմանված տուգանքները գանձվում են պետական բյուջե: Չվճարելու դեպքում դրանք գանձվում են դատական կարգով` Կենտրոնական բանկի հայցի հիման վրա: Միջոցների փաստացի կամ հնարավոր անբավարարության դեպքում հիշյալ տուգանքները գանձվում են քաղաքացիական հայցերով պահանջների բավարարումից, ինչպես նաև այլ օրենքներով սահմանված տուգանքները վճարելուց հետո:
5. Սույն հոդվածով սահմանված պահանջի հայցային վաղեմության ժամկետը հինգ տարի է` խախտումը կատարելու օրվանից:
6. Սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի իմաստով «ստացված շահույթը» կամ «պատճառված վնասը» կազմում է տարբերությունը`
- արժեթղթի գնման կամ վաճառքի գնի և
- տվյալ արժեթղթի շուկայական արժեքի, որը ձևավորվել է ներքին տեղեկությունների հրապարակումից հետո և արդյունքում` ողջամիտ ժամանակում:
(140-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 141. |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
Սույն գլխով նախատեսված պատասխանատվությունը կիրառվում է օրենքով սահմանված պատասխանատվության ցանկացած այլ ձևի (քրեական, վարչական, քաղաքացիական կամ այլ) հետ մեկտեղ` որպես հիմնական կամ լրացուցիչ պատասխանատվություն:
(141-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
§ 2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 142. |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԵՂԱԹՅՈՒՐՄԱՆ ՀԱՄԱՐ |
1. Յուրաքանչյուր անձ, որը սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված որոշումներով (նորմատիվ իրավական ակտերով) նախատեսված և ներկայացված որևէ դիմումում, հայտարարագրում, հաշվետվությունում կամ նման այլ փաստաթղթում, դրանցում ներառվող կամ դրանց կից ներկայացվող փաստաթղթերում ներառված որևէ դրույթում (հայտարարության կամ տեղեկության մեջ) էական փաստ է խեղաթյուրում (բաց թողնում) կամ այլ կերպ դարձնում ապակողմնորոշիչ, պատասխանատվություն է կրում ցանկացած անձին պատճառված վնասների համար, որը, չգիտենալով տվյալ տեղեկատվության խեղաթյուրված կամ ապակողմնորոշիչ լինելու մասին և դրա վրա հիմնվելով, արժեթուղթ է գնել կամ վաճառել տվյալ տեղեկատվության ազդեցության արդյունքում ձևավորված գնով:
Սույն պատասխանատվությունը չի ծագում այն գործողությունների դեպքում, որոնց համար պատասխանատվություն է սահմանված սույն օրենքի II գլխով:
2. Գնորդի իրական վնասների հատուցման հարցը որոշելու նպատակով գնորդի մոլորությունը համարվում է սույն հոդվածի 1-ին կետի առաջին մասով նախատեսված գործողությունները կատարած անձի մեղքով առաջացած, եթե վերջինս չապացուցի, որ գործելով բարեխղճորեն, նա տեղյակ չէր այդ տեղեկատվության խեղաթյուրման կամ բացթողման մասին:
3. Յուրաքանչյուր անձ, որը սույն օրենքի համաձայն պաշտպանված համարվող տեղեկություն է հրապարակում կամ չի կատարում նման տեղեկության պահպանման պարտականությունը, պատասխանատվություն է կրում հաճախորդին նման խախտմամբ պատճառված վնասի համար: Ընդ որում, մասնագիտացված անձի կողմից պաշտպանված տեղեկությունների պատշաճ պահպանության համար ձեռնարկված անհրաժեշտ տեխնիկական միջոցների կամ սահմանված կազմակերպչական կանոնների անբավարարությունն ինքնին սույն կետով սահմանված գույքային պատասխանատվության հիմք լինել չի կարող:
4. Նման պահանջներով հայցային վաղեմությունը մեկ տարի է` հիշյալ խեղաթյուրումը (բացթողումը) բացահայտելու օրվանից, բայց ոչ ավելի, քան երեք տարի` նման դրույթ ներառող փաստաթուղթը ներկայացնելու օրվանից:
Հոդված 143. |
ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հաշվետու թողարկողի խորհրդի (նման այլ մարմնի) կամ գործադիր մարմնի անդամը (եթե այդ մարմինը որոշումներ է ընդունում քվեարկությամբ) քվեարկելով որևէ որոշման կողմ` ի խախտումն սույն օրենքի 40 հոդվածով սահմանված պարտականությունների, կամ հաշվետու թողարկողի որևէ տնօրեն (գործադիր մարմնի անդամ) կամ պաշտոնատար անձ (ստորաբաժանման ղեկավար կամ խորհրդատու), որոշում կայացնելով կամ գրավոր խորհուրդ տալով` ի խախտումն սույն օրենքի 40 հոդվածով սահմանված պարտականությունների, համապարտ պատասխանատվություն են կրում (նման որոշման օգտին քվեարկած կամ նման որոշում կայացրած կամ խորհուրդ տված այլ անձանց հետ) թողարկողին այդ որոշմամբ կամ խորհրդով պատճառած վնասների համար, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:
Այդ վնասի հատուցումը դատական կարգով կարող է պահանջել թողարկողը, իսկ եթե վերջինս հրաժարվում է վնասների հատուցում պահանջելուց, ապա տվյալ թողարկողի` սույն օրենքի II և (կամ) III գլուխների համաձայն գրանցված կամ գրանցման ենթակա արժեթղթի ցանկացած սեփականատեր:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձը (սույն կետում այսուհետ` պատասխանատու անձ) ազատվում է նույն կետով սահմանված պատասխանատվությունից, եթե`
ա) պատասխանատու անձը (բացառությամբ որոշումը միանձնյա կայացրած անձի` իր որոշման մասով և խորհրդատուի` իր տված խորհրդի մասով)`
1) իր պաշտոնեական պարտականությունների շրջանակում հրաժարվել է տվյալ որոշման պահանջների կատարումից, և
2) որոշման ընդունման օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացրել է Կենտրոնական բանկին ու խորհրդի (նման այլ մարմնի) անդամներին` հայտարարելով, որ պատասխանատվություն չի ստանձնում որոշման կամ դրա համապատասխան մասի հետևանքների համար, կամ
բ) ապացուցում է, որ նման որոշումը կամ խորհուրդը պարտադրված է օրենքով կամ իրավական այլ ակտերով, կամ
գ) ապացուցում է, որ որոշմանը կողմ քվեարկելիս, որոշումը կայացնելիս, խորհուրդ տալիս կամ իր պաշտոնեական այլ պարտականությունները կատարելիս չի իմացել, որ այն կարող էր վնաս պատճառել, և հիմնվել է այնպիսի տեղեկատվության, մասնագիտական կարծիքի, հաշվետվությունների կամ ձեռնարկների (փաստաթղթերի) վրա, որոնք պատրաստվել կամ առաջարկվել են`
1) թողարկողի մեկ կամ ավելի պաշտոնատար անձանց կամ աշխատակիցների կողմից` իրենց պաշտոնեական պարտականությունների շրջանակներում, կամ
2) թողարկողի աշխատակցի կամ պայմանագրով ծառայություններ մատուցող իրավախորհրդատուի, հաշվապահի, աուդիտորի, ֆինանսական հարցերով խորհրդատուի կամ այլ մասնագիտական կարծիք տալու իրավունք ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:
3. Պատասխանատու անձը սույն հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի հիմքով պատասխանատվությունից չի ազատվում, եթե ապացուցվի, որ`
ա) նա տեղյակ էր վերոհիշյալ փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալի կամ անբարեխղճության մասին, որի հետևանքով առաջացել է վնասը, կամ
բ) նրա պաշտոնն ու տվյալ առարկայի իմացությունը թույլ էին տալիս ողջամիտ ուսումնասիրության արդյունքում բացահայտել սխալը կամ անբարեխղճությունը կամ վնասի անխուսափելիությունը, և նա բարեխիղճ ուսումնասիրություն չի իրականացրել:
4. Նման պահանջներով հայցային վաղեմությունը 1 տարի է խախտումը բացահայտելու օրվանից, բայց ոչ ավելի, քան երեք տարի` խախտումը կատարելու օրվանից:
(143-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 144. |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՅԻՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ և ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ |
1. Յուրաքանչյուր անձ, որն ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ սույն օրենքի 48 հոդվածով և 50 հոդվածի 2-րդ կետով արգելված գործողություններ կամ գործարքներ է կատարել, համապարտ պատասխանատվություն է կրում ցանկացած անձի հասցրած վնասի համար, որը տվյալ գործողության կամ գործարքի հետևանքով խեղաթյուրված գնով արժեթուղթ է գնել կամ վաճառել:
2. Նման պահանջներով հայցային վաղեմությունը մեկ տարի է խախտումը բացահայտելու օրվանից, բայց ոչ ավելի, քան երեք տարի` խախտումը կատարելու օրվանից:
Հոդված 145. |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐՔԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ |
1. Յուրաքանչյուր անձ, որը խախտում է սույն օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) պահանջները` որևէ ներքին տեղեկության տիրապետմամբ արժեթուղթ գնելով կամ վաճառելով, պատասխանատվություն է կրում ցանկացած անձի հասցրած վնասի համար, որը նման գնմանը կամ վաճառքին զուգահեռ կամ էապես նույն ժամանակահատվածում նույն դասի արժեթղթեր է գնել (եթե խախտումը կատարվել է վաճառելով) կամ վաճառել (եթե խախտումը կատարվել է գնելով):
2. Յուրաքանչյուր անձ, որը խախտում է սույն օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) պահանջները որևէ ներքին տեղեկության հաղորդմամբ կամ այլ գործողությամբ` ի խախտումն սույն օրենքի 49 հոդվածի 2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերի, համապարտ պատասխանատվություն է կրում սույն հոդվածի 1-ին կետի համաձայն պատասխանատու այն անձի հետ, որին նման տեղեկություն է հայտնել կամ այլ գործողություն կատարել:
3. Հատուցման ենթակա վնասի ընդհանուր չափը չպետք է գերազանցի սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված խախտման հետևանքով ստացված շահույթի կամ խախտմամբ պատճառված վնասի (կորստի) չափը:
4. Եթե որևէ դասի արժեթղթով գործարքը կատարվում է ի խախտումն սույն օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) պահանջների` առաջացնելով սույն հոդվածով սահմանված պատասխանատվություն, ապա նման արժեթղթից ածանցյալ որևէ արժեթղթի գնման կամ վաճառքի կապակցությամբ նույն վարքագիծն առաջացնում է սույն հոդվածով սահմանված համարժեք պատասխանատվություն:
5. Սույն հոդվածի 3-րդ կետի իմաստով «ստացված շահույթը» կամ «պատճառված վնասը» կազմում է տարբերությունը`
- արժեթղթի գնման կամ վաճառքի գնի և
- տվյալ արժեթղթի շուկայական արժեքի, որը ձևավորվել է ներքին տեղեկությունների հրապարակումից հետո և արդյունքում` ողջամիտ ժամանակում:
6. Նման պահանջներով հայցային վաղեմությունը հինգ տարի է` խախտում համարվող վերջին գործարքի կատարման օրվանից:
Հոդված 146. |
ՀՍԿՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
1. Յուրաքանչյուր անձ, որը բաժնետոմսերի սեփականության, պայմանագրի կամ համաձայնության ուժով (միջոցով) կամ այլ կերպ (ինքնուրույն կամ այլ անձանց հետ համատեղ) ուղղակիորեն կամ անուղղակիորեն հսկում է (հսկող անձ) սույն օրենքի համաձայն քաղաքացիական պատասխանատվություն կրող որևէ անձի (հսկվող անձ), նրա հետ համապարտ պատասխանատվություն է կրում այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատասխանատվություն է կրում հսկվող անձը, բացառությամբ այն դեպքերի, երբ հսկող անձը գործել է բարեխղճորեն և տեղյակ չի եղել այդ խախտման փաստին, իսկ տեղեկանալու դեպքում անմիջապես հայտնել է Կենտրոնական բանկին և հնարավորության սահմաններում միջոցներ ձեռնարկել խախտումը կամ դրա ընթացքը կանխելու համար:
2. Անձը պատասխանատվություն չի կրում սույն հոդվածի հիմքով քաղաքացիական պատասխանատվություն կրող որևէ անձի գործատուն լինելու հանգամանքով, բացառությամբ հսկող անձանց, որոնք պատասխանատվություն են կրում սույն հոդվածի 1-ին կետի համաձայն:
(146-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 147. |
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
1. Սույն գլխի դրույթներով սահմանված իրավունքները և պատասխանատվությունը չեն սահմանափակում այլ օրենքներով սահմանված իրավունքների իրագործումն ու պատասխանատվության կիրառումը:
2. Սույն գլխով սահմանված քաղաքացիական պատասխանատվությունը չի առաջանում սույն օրենքի II գլխով սահմանված որևէ դրույթի խախտման դեպքում, եթե տվյալ խախտման համար պատասխանատվություն է առաջանում սույն օրենքի 12, 13 և 16 հոդվածներով:
§ 3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 148. |
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ |
Սույն օրենքի պահանջների խախտմամբ կամ դրանք փոփոխելու պայմանով կնքված ցանկացած գործարք կամ համաձայնություն առոչինչ է:
Հոդված 149. |
ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՎԵՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Սույն օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) որևէ դրույթի խախտմամբ կնքված պայմանագիրը, ինչպես նաև այն պայմանագիրը, որի կատարումը ենթադրում է դրա խախտումը, առոչինչ է այն անձի իրավունքների մասով, որը`
ա) կնքել կամ կատարել (կատարում) է տվյալ պայմանագիրը` ի խախտումն սույն օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) որևէ դրույթի.
բ) պայմանագրի կողմ չի հանդիսացել, բայց դրան համապատասխան իրավունքներ է ձեռք բերել` տեղյակ լինելով այն փաստերին, որոնց ուժով տվյալ պայմանագրի կնքումը կամ կատարումը հանգեցնում է օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) որևէ դրույթի խախտմանը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:
2. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն պայմանագիրը համապատասխան մասով անվավեր (վիճահարույց) է, եթե հայցը ներկայացրել է այն անձը, որից (որի համար) որևէ բրոքեր արժեթուղթ է գնել, կամ որին (որի համար) որևէ բրոքեր արժեթուղթ է վաճառել` ի խախտումն սույն օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) որևէ դրույթի: Սույն կետի հիմքով ներկայացված պահանջների հայցային վաղեմության ժամկետը մեկ տարի է այն օրվանից, երբ պահանջը ներկայացնող անձն իմացել է, որ տվյալ գործարքը կատարվել է նման խախտմամբ, բայց ոչ ավելի, քան խախտման օրվանից հետո` երեք տարի:
3. Սույն հոդվածը հիմք չի տալիս առարկելու որևէ պահանջի դեմ, որը ներկայացվում է տվյալ պահանջի իրավունքը բարեխղճորեն և հատուցմամբ ձեռք բերած անձի կողմից, որն այն ձեռք բերելիս չի իմացել նման խախտման մասին:
Սույն հոդվածի դրույթները չեն փոփոխում այն գործարքների վավերությունը, որոնք կնքվել կամ կատարվել են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:
Գ Լ ՈՒ Խ XV
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 150. |
ՕՐԵՆՔԻ և ԴՐԱ ԱՌԱՆՁԻՆ ՆՈՐՄԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ և ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 1-ից, բացառությամբ սույն գլխով նախատեսված նորմերի:
2. Սույն օրենքի 5 հոդվածն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 9 և 10 հոդվածներով պահանջվող որոշումները (նորմատիվ իրավական ակտերը) հրապարակելու 10-րդ օրը, բայց 2000 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ ուշ:
3. Սույն օրենքի`
ա) 19 հոդվածն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 20 հոդվածով պահանջվող որոշումները (նորմատիվ իրավական ակտերը) հրապարակելու 10-րդ օրը, բայց 2000 թվականի նոյեմբերի 1-ից ոչ ուշ.
բ) 23 հոդվածի 1-ին կետն ուժի մեջ է մտնում նույն հոդվածի 2-րդ կետով պահանջվող որոշումները (նորմատիվ իրավական ակտերը) հրապարակելու 10-րդ օրը, բայց 2000 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ ուշ.
գ) 4 հոդվածի 1-ին կետի «Հաշվետու թողարկող» սահմանման «բ» ենթակետի համաձայն հաշվետու թողարկող է համարվում այն անձը, որը բավարարում է տվյալ ենթակետի պայմանները 2000 թվականի հոկտեմբերի 1-ից:
4. Սույն օրենքի`
ա) 31 հոդվածն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 31 և 32 հոդվածներով պահանջվող որոշումները (նորմատիվ իրավական ակտերը) հրապարակելու 10-րդ օրը, բայց 2000 թվականի դեկտեմբերի 1-ից ոչ ուշ: Ընդ որում, 31 հոդվածին համապատասխան առաջին եռամսյակային հաշվետվությունը հրապարակվում է 2000 թվականի երրորդ եռամսյակի, իսկ տարեկան հաշվետվությունը` 2000 թվականի համար: Մինչև տվյալ հոդվածի ուժի մեջ մտնելը թողարկողների հաշվետվությունների նկատմամբ կիրառվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող օրենքների և որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) պահանջները: Մինչև սույն օրենքի 32 հոդվածով պահանջվող որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) ընդունումը ֆինանսական հաշվետվությունների նկատմամբ կիրառվում են գործող օրենքների և որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) կանոնները.
բ) 34, 36 և 37 հոդվածներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի 34, 35, 36 և 37 հոդվածներով պահանջվող որոշումները (նորմատիվ իրավական ակտերը) հրապարակելու 10-րդ օրը, բայց 2000 թվականի հոկտեմբերի 1-ից ոչ ուշ:
5. Սույն օրենքի 57 հոդվածի կանոնները չեն կիրառվում այն գործարքների նկատմամբ, որոնց հետևանքով որևէ անձ դարձել է թողարկողի որևէ դասի բաժնային արժեթղթերի 75 և ավելի տոկոսի սեփականատեր մինչև 2000 թվականի սեպտեմբերի 1-ը, եթե տվյալ անձը 2000 թվականի օգոստոսի 31-ից հետո տվյալ դասի լրացուցիչ արժեթղթեր ձեռք չի բերել:
6. Սույն օրենքի IX գլխի նորմերը` ֆոնդային բորսաների մասով, և X գլխի նորմերն ուժի մեջ են մտնում 2000 թվականի հոկտեմբերի 1-ից:
7. Կենտրոնական բանկը պարտավոր է հրապարակային բացատրական աշխատանք կազմակերպել` սույն օրենքով սահմանված պահանջների և այլ կանոնների մասին հասարակությանն իրազեկ դարձնելու նպատակով:
(150-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 151. |
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆՈՂ ՆՈՐՄԵՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
1. Պատասխանատվություն սահմանող նորմերը կիրառվում են այն խախտումների նկատմամբ, որոնք կատարվել են դրանց ուժի մեջ մտնելու օրվանից հետո: Կենտրոնական բանկը պարտավոր է հրապարակային բացատրական աշխատանք կազմակերպել սույն օրենքի դրույթներով սահմանված պատասխանատվության մասին հասարակությանն իրազեկելու նպատակով:
2. Սույն օրենքի 12, 13 և 16 հոդվածներն ուժի մեջ են մտնում 2000 թվականի նոյեմբերի 1-ից:
3. Սույն օրենքի 142, 143, 144, 145 և 146 հոդվածներն ուժի մեջ են մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
4. Սույն օրենքի 138 հոդվածն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 1-ից, իսկ դրանով նախատեսված տույժերը կիրառվում են այդ օրվանից հետո խախտում կատարած անձանց նկատմամբ:
5. Սույն օրենքի 139 հոդվածն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 1-ից, իսկ դրանով նախատեսված տույժերը կիրառվում են այդ օրվանից հետո խախտում կատարած անձանց նկատմամբ:
(151-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 152. |
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՁևԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ |
1. Սույն օրենքի 41 հոդվածի 2-րդ կետի պահանջները տարածվում են 2001 թվականի ապրիլի 1-ից հետո թողարկվող արժեթղթերի վրա, իսկ 2001 թվականի օգոստոսի 1-ից` բոլոր արժեթղթերի վրա:
2. Սույն օրենքի 42 հոդվածի կանոնները տարածվում են 2000 թվականի հոկտեմբերի 1-ից հետո թողարկվող արժեթղթերի վրա, իսկ 2002 թվականի հունվարի 1-ից` բոլոր արժեթղթերի վրա:
Հոդված 153. |
ԳՈՐԾՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՈՒՄԸ |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 469 որոշմամբ Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությանը վերապահված լիազորությունները սույն օրենքի ուժով վերապահվում են Կենտրոնական բանկին:
3. Արժեթղթերի շուկայի կարգավորման բնագավառում ընդունված այլ որոշումները (նորմատիվ իրավական ակտերը) շարունակում են գործել մինչև Կենտրոնական բանկի կողմից դրանց ուժը կորցրած համարելը կամ դրանցում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելը, սակայն Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքին համապատասխան չընդունված ակտերի գործողությունն ինքնաբերաբար դադարում է 2000 թվականի դեկտեմբերի 1-ից, եթե սույն գլխով այլ բան սահմանված չէ:
(153-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 154. |
Կենտրոնական բանկԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ |
(վերնագիրը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 10 օրվա ընթացքում, Հանրապետության Նախագահը սույն օրենքի 120 հոդվածի 3-րդ կետին համապատասխան նշանակում է Կենտրոնական բանկի նախագահին, նրա տեղակալին և անդամներին:
2. Սույն օրենքի 129 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի դրույթը ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:
(154-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 155. |
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ |
1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության լիցենզիա ստացած անձինք գործում են սույն օրենքին համապատասխան և պահպանում են իրենց լիցենզիան մինչև`
ա) սույն օրենքի 62 և 63 հոդվածներով պահանջվող որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 60-րդ օրը ներառյալ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերի: Կենտրոնական բանկը կարող է իր որոշմամբ տվյալ ժամկետը երկարաձգել ևս 15 օրով, կամ
բ) սույն օրենքին համապատասխան լիցենզիա ստանալը:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության համար տրված լիցենզիաները կորցնում են իրենց ուժը, եթե տվյալ գործունեության համար սույն օրենքի համաձայն լիցենզիա չի պահանջվում:
(155-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հոդված 156. |
ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ |
1. Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսաների կամ ֆոնդային ստորաբաժանում ունեցող բորսաների բորսայական գործունեության լիցենզիաներն ուժի մեջ են մնում մինչև դրանց դադարումը` սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:
2. Մինչև 2000 թվականի դեկտեմբերի 1-ը սույն օրենքի 97 հոդվածին համապատասխան գրանցման դիմում չներկայացրած բորսաների գործող լիցենզիաներն ուժը կորցնում են նույն օրը, իսկ նման ֆոնդային բորսաները պարտավոր են դադարեցնել իրենց գործունեությունը (վերակազմավորվել այլ գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ լուծարվել):
3. Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսաները, որոնք սույն օրենքի 97 հոդվածին համապատասխան ներկայացրել են գրանցման դիմում, պահպանում են իրենց լիցենզիան մինչև սույն օրենքի 98 հոդվածի համաձայն գրանցման դիմումը բավարարելը կամ գրանցումը մերժելու որոշում կայացնելը, որից հետո լիցենզիան ուժը կորցնում է:
Հոդված 157. |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ և ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 8-ի թիվ 210 որոշմամբ ստեղծված «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մինչև 2001 թվականի հունիսի 30-ը ենթակա են փոխանցման սույն օրենքին համապատասխան ստեղծված ինքնակարգավորվող կազմակերպությանը, որը սույն հոդվածով սահմանված կարգով ընտրվել կամ ստեղծվել է որպես Կենտրոնական դեպոզիտարիա: Բաժնետոմսերը փոխանցվում են անհատույց (բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի), բայց պայմանով, որ Կենտրոնական դեպոզիտարիայի անդամները վճարում են սահմանված միանվագ անդամավճարները կամ պարտավորություն են ստանձնում դրանք վճարել մեկ տարվա ընթացքում:
2. Վերոհիշյալ բաժնետոմսերը սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան Կենտրոնական դեպոզիտարիային փոխանցելուց հետո «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպվում է սույն օրենքի ուժով: «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» փակ բաժնետիրական ընկերության իրավունքները և պարտականություններն անցնում են Կենտրոնական դեպոզիտարիային:
3. Վերակազմակերպման ողջ ընթացքում սույն օրենքի 112 հոդվածով սահմանված գործառույթները պետք է իրականացվեն անխափան: Սույն կետի պահանջի իրագործումն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկն իրավունք ունի բաժնետոմսերի փոխանցման և վերակազմակերպման ընթացակարգի համար սահմանել անհրաժեշտ պայմաններ:
4. Կենտրոնական բանկը մինչև 2001 թվականի փետրվարի 1-ը սահմանում և հրապարակում է գրանցված ինքնակարգավորվող կազմակերպությունների (բացի ֆոնդային բորսաներից) մրցույթի պայմանները:
Մրցույթին մասնակցող կազմակերպությունները պետք է ստեղծված լինեն որպես իրավաբանական անձանց միություն` բացառապես սույն օրենքի 112 հոդվածով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով:
Կազմակերպության տեխնիկական հագեցվածությունը դրա գրանցման կամ մրցույթին մասնակցելու նախապայման չէ:
5. Ինքնակարգավորվող կազմակերպության ընտրության համար մրցույթի պայմանները պետք է հաշվի առնեն`
ա) ինքնակարգավորվող կազմակերպության համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին.
բ) ինքնակարգավորվող կազմակերպության կանոնների, կառավարման մարմինների համարժեքությունը` սույն օրենքի նպատակների իրագործումն ապահովելու համար.
գ) անդամների կազմն ու քանակը.
դ) կառավարման մարմինների և պաշտոնատար անձանց մասնագիտական և կազմակերպչական փորձը, պատրաստվածությունն ու ունակությունը սույն օրենքի նպատակների իրագործման, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի գործառույթների իրականացման համար.
ե) գործարար ծրագրի առկայությունը և դրա մշակվածության ու իրագործելիության աստիճանը.
զ) մրցույթի պայմաններով սահմանված այլ հանգամանքներ:
6. Եթե մրցույթի պայմանները հրապարակելու օրվանից 30 օրվա ընթացքում մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացնում միայն մեկ ինքնակարգավորվող կազմակերպություն, ապա Կենտրոնական բանկը փակում է մրցույթը և ուղղակի բանակցություններ վարում հայտը ներկայացրած կազմակերպության հետ` սույն հոդվածի 5-րդ կետով սահմանված չափանիշներին առավել լիարժեք համապատասխանություն ապահովելու նպատակով: Բանակցությունների շրջանակներում Կենտրոնական բանկը կարող է պահանջել տվյալ կազմակերպության կանոնների և կառավարման համակարգի կատարելագործում, ինչպես նաև ներկայացնել անդամության պայմանների, անդամների ներկայացվածությանը և կազմակերպության կողմից սույն օրենքի 112 հոդվածով սահմանված գործառնությունների արագ և արդյունավետ իրականացմանն ուղղված այլ պայմանների ապահովում:
7. Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո կամ բանակցությունների արդյունքում սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված պահանջներն ու պայմանները բավարարելու դեպքում Կենտրոնական բանկը հայտարարում է մրցույթը հաղթած կազմակերպության անվանումը` նրան շնորհելով «կենտրոնական դեպոզիտարիա» բառակապակցությունն իր անվանման մեջ օգտագործելու բացառիկ արտոնությունը և սույն օրենքի 112 հոդվածով սահմանված գործառնություններն իրականացնելու իրավունքը:
8. Սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքում բանակցություններից հետո համաձայնության չգալու կամ սահմանված ժամկետում մրցույթին մասնակցելու հայտ չստանալու դեպքում Կենտրոնական բանկը հայտարարում է նոր ինքնակարգավորվող կազմակերպության ստեղծման և դրան անդամագրվելու գործընթաց սկսելու մասին: Սահմանված թվով անդամներ ներգրավելուց և սույն օրենքին համապատասխան տվյալ կազմակերպությունը և դրա կանոնները գրանցելուց հետո Կենտրոնական բանկը նրան է շնորհում «կենտրոնական դեպոզիտարիա» բառակապակցությունն իր անվանման մեջ օգտագործելու բացառիկ արտոնությունը և սույն օրենքի 112 հոդվածով սահմանված գործառնություններն իրականացնելու իրավունքը:
(157-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-254-Ն)
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
|