ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2023 թվականի N 2283-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի «Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 155-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը․
1) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17-րդ ենթակետով՝
«17) ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում (այսուհետ՝ նախազգուշացում)՝ մարդու համար դրանց օգտագործման հետևանքների վերաբերյալ տեղեկություն, որը զետեղվում է ՆՊԱ-Ի և ՆՄՀ-ի համար նախատեսված հեղուկների փաթեթվածքի վրա:».
2) 36-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 36.1-36․14-րդ կետերով՝
«36.1. ՆՊԱ-ի սպառողների համար նախատեսված տեղեկությունը զետեղվում է ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի, իսկ դրանց թափանցիկ լինելու դեպքում՝ ներդիր թերթիկի վրա և պետք է պարունակի՝
1) արտադրանքի անվանումը, այդ թվում՝ ապրանքային նշանը.
2) արտադրանքի արտադրման ամիսը, տարին և պիտանիության ժամկետը.
3) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձի անվանումը, որը արտադրողի կողմից լիազորված է սպառողների բողոքներն ընդունելու, վերջինիս գտնվելու վայրը (երկիրը և հասցեն՝ ներառյալ փաստացի): Նման կազմակերպության բացակայության դեպքում նշվում է, որ սպառողների բողոքներ ընդունվում են Հայաստանի Հանրապետությունում գրանցված տվյալ ծխախոտային արտադրանքի արտադրողի կողմից։ Նշված տեղեկությունը կարող է տեղադրվել սպառողական փաթեթվածքի արտաքին կամ ներքին կողմում՝ կարդալու համար հասանելի մասում.
4) արտադրողի անվանումը, արտադրողի կողմից լիազորված անձի կամ ներմուծողի անվանումը, գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, այդ թվում` փաստացի) և (կամ) վերահսկող կազմակերպության անվանումը (առկայության դեպքում), վերջինիս գտնվելու վայրը (երկիրը և հասցեն, այդ թվում` փաստացի): Տեղեկության փոփոխության դեպքում արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը պարտավոր է այդ փոփոխությունների օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում համապատասխան փոփոխություններ կատարել ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթավորման (ներդիր թերթիկի) վրա փակցված տեղեկության մեջ: Արտադրողը, արտադրողի կողմից լիազորված անձը կամ ներմուծողը նշված ժամկետում իրավունք ունի ծխախոտային արտադրանքը շրջանառության մեջ դնելու չփոփոխված տեղեկություններով.
5) նշում երեխաների համար անհասանելի վայրում պահելու անհրաժեշտության մասին՝ «Պահպանեք երեխաների համար անհասանելի տեղում» գրության տեսքով՝ համաձայն Ձև 1-ի։ Ընդ որում՝ նշման տեքստը տպագրվում է սպիտակ ֆոնի վրա՝ սև, թավ, հստակ, հեշտ ընթեռնելի տառաչափով և ՂԷԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով․
6) նախազգուշացում՝ գունավոր նկարի կամ ֆոտոպատկերի և տեքստի տեսքով՝ հետևյալ բովանդակությամբ․ «Այս արտադրատեսակը պարունակում է նիկոտին, որը թունավոր է և ծանր կախվածություն է առաջացնում։»՝ համաձայն Ձև 2-ի։ Նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը հավասարաչափ բաշխվում են ամբողջ մակերեսով, որտեղ այն տեղադրվում է, տեքստը զետեղվում է սպիտակ գույնի մեծատառերով, թավ, հստակ, ՂԷԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով, որի չափը պետք է մեծացվի այնքան, որ ամենաերկար տողը հասնի զետեղման հատվածի եզրին, եթե դա հնարավոր է: Միջտողային տարածությունը չպետք է գերազանցի տառատեսակի բարձրությունը:
36․2․ ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը պետք է լինի հավաստի և չպետք է սպառողներին գցի մոլորության մեջ։
36․3․ ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը չպետք է պարունակի սննդամթերքի, դեղամիջոցների, դեղաբույսերի պատկերներ, ինչպես նաև բառեր կամ բառակապակցություններ, որոնց շնորհիվ ծխախոտային արտադրատեսակն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ասոցացվում է սննդամթերքի, դեղամիջոցի կամ դեղաբույսի հետ։
36․4․ ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա զետեղված տեղեկությունը պետք է զետեղվի հստակ, հասկանալի, դյուրընթեռնելի, չմաքրվող, կլիմայական գործոնների ազդեցության նկատմամբ կայուն տառերով կամ պայմանանշաններով։ Ընդ որում՝ ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա տեղեկություն զետեղելու միջոցներն ու եղանակները պետք է լինեն այնպիսին, որ ապահովվի այդ տեղեկության պահպանվածությունը ՆՊԱ-ի տեղափոխման, պահպանման և իրացման ժամանակ։
36․5․ ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա չի թույլատրվում մոլորության մեջ գցող տերմինների՝ «Նիկոտինի ցածր պարունակություն», «Թեթև», «Շատ թեթև» («Գերթեթև»), «Փափուկ», «Յուրահատուկ», «Նվազ վտանգավոր» կամ ցանկացած այլ տերմինների օգտագործումը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են տվյալ արտադրատեսակի անվտանգ լինելու մասին կարծիքի ձևավորմանը:
36․6․ ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա չի թույլատրվում զետեղել այն սարքերի անվանումը, ապրանքային նշանը կամ այլ տեղեկություններ, որոնք չեն օգտագործվել ՆՄՀ-ի գնահատման համար՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան։
36.7. ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը չպետք է տպագրվի փաթեթավորման թափանցիկ թաղանթի կամ արտաքին փաթեթավորման որևէ այլ նյութի վրա, ծածկված լինի տպագրված այլ տեղեկությամբ և կարող է մասամբ ծածկվել դրոշմանիշներով՝ բացառությամբ սպառողական փաթեթվածքի դիմային կողմ(եր)ի։
36․8․ ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը, բացառությամբ ՆՊԱ-ի անվանման, պետք է տեղադրված լինի այնպես, որ սպառողական փաթեթվածքը բացելիս մակագրությունների ամբողջականությունը չխախտվի։
36․9․ ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող տեղեկությունը չպետք է տպագրվի փաթեթավորման թափանցիկ թաղանթի կամ արտաքին փաթեթավորման որևէ այլ նյութի վրա, ծածկված լինի տպագրված այլ տեղեկությամբ և կարող է մասամբ ծածկվել դրոշմանիշներով՝ բացառությամբ սպառողական փաթեթվածքի դիմային կողմի։
36․10․ Սույն տեխնիկական կանոնակարգի 36․1-ին կետով նախատեսված տեղեկությունը զետեղվում է հայերեն, իսկ արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի), ներմուծողի կամ հսկող կազմակերպության անվանման, ինչպես նաև ՆՊԱ-ի անվանման վերաբերյալ տեղեկությունը կարող է կրկնվել նաև այլ լեզուներով։ Գրանցված ապրանքային նշանում կամ արդյունաբերական նմուշում ներառվող տեքստը զետեղվում է գրանցման լեզվով։
36․11․ Նախազգուշացումը զետեղվում է ՆՊԱ-ի յուրաքանչյուր սպառողական փաթեթվածքի (ներդիր թերթիկի) վրա։ Նախազգուշացումը պետք է տեղադրվի ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի դիմային ու հակառակ հիմնական կողմերի վերին հատվածներում, հայերեն։ Նախազգուշացման տարալուծումը կազմում է առնվազն 300 ԴիՓիԱյ (300 dpi)։ Նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը տեղադրվում են Պանտոն 448 Սի (Pantone 448С) գույնին համապատասխան գույնով ծածկված մակերեսի վրա: Նախազգուշացման չափերն այնպես են ընտրվում, որ նախազգուշացման մակերեսը կազմի սպառողական փաթեթվածքի յուրաքանչյուր հիմնական կողմի առնվազն 50 տոկոսը և նախազգուշացման գունավոր նկարը կամ լուսապատկերը և տեքստը զբաղեցնեն դրանց համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը։
36․12․ ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի հակառակ հիմնական կողմի վրա նախազգուշացումը դրոշմանիշով ծածկվելու կամ սպառողական փաթեթվածքը սովորական ձևով բացելիս վնասվելու դեպքում տեղադրվում է ստորին հատվածում։
36․13․ ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա զետեղվող նախազգուշացումը պետք է զբաղեցնի 4 հավասար կողմ ունեցող սպառողական փաթեթվածքի առնվազն 2 կողմերից յուրաքանչյուրի 50 տոկոսից ոչ պակաս մակերեսը, կամ սպառողական փաթեթվածքի երկու առավել մեծ կողմերից յուրաքանչյուրի մակերևույթի 50 տոկոսից ոչ պակաս մակերեսը։
36․14․Նախազգուշացմամբ չզբաղեցված, սակայն նախազգուշացման համար հատկացված մակերեսը տեղադրվում է նախազգուշացումից ներքև և ամբողջությամբ ծածկվում է Պանտոն 448 Սի (Pantone 448С) գույնին համապատասխան գույնով` սպառողական փաթեթվածքի հիմնական կողմի լայնությամբ: Նախազգուշացմամբ զբաղեցված մակերեսը և Պանտոն 448 Սի (Pantone 448С) գույնին համապատասխան գույնով ծածկված մակերեսն իրար հետ միասին պետք է կազմեն սպառողական փաթեթվածքի յուրաքանչյուր հիմնական կողմի մակերեսի առնվազն 50 տոկոսը:».
3) 51-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«12) նախազգուշացում՝ «Այս արտադրատեսակը պարունակում է նիկոտին, որը թունավոր է և ծանր կախվածություն է առաջացնում։»։ Նախազգուշացման տեքստը զետեղվում է սպիտակ գույնի մեծատառերով, թավ, հստակ, ՂԷԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով, որի չափը պետք է մեծացվի այնքան, որ ամենաերկար տողը հասնի զետեղման հատվածի եզրին, եթե դա հնարավոր է: Միջտողային տարածությունը չպետք է գերազանցի տառատեսակի բարձրությունը:».
4) 51-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 51․1-ին կետով՝
«51․1․ Եթե ՆՄՀ-ն կառուցվածքով միացված է ՆՊԱ-ի հետ, ապա ՆՄՀ-ի սպառողական փաթեթվածքի վրա զետեղվում է սույն որոշման 36․1-36․14-րդ կետերով նախատեսված տեղեկությունը։».
5) 56-րդ և 57-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
2․ Առողջապահության բնագավառի լիազոր մարմնի ղեկավարին՝ սույն որոշման ընդունման օրվանից հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքում ապահովել ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների գրաֆիկական ֆայլերի տեղադրումը՝ առնվազն 300 ԴիՓիԱյ (300 dpi) տարրալուծումով, «եռաշերտ» ձևաչափով տեքստային գրառմամբ և ռաստրային պատկերով։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո։
Ձև 1
Ձև 2
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|