Գլխավոր տեղեկություն
Համար
N 1238-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.08.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.28/5(38) Հոդ.1024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հունիսի 2006 թվականի N 1238-Ն

50 ՏՈԿՈՍԻՑ ԱՎԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՐՈՇ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի և 67-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 113-117-րդ հոդվածները, ինչպես նաև 120-րդ հոդվածը և 123-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների վճարման գործընթացը կանոնակարգելու շրջանակներում զուտ շահույթին ավելացումների որոշման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշվարկման բազայի ճշգրտման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 04.08.22 N 1222-Ն)

1. 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների բաժնետիրոջ լիազորություններն իրականացնող պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել օրենքով սահմանված կարգով բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից` այդ ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերի վերաբերյալ համապատասխան որոշումների ընդունումը, ելնելով սույն որոշմամբ սահմանված սահմանաչափերից ու սկզբունքներից, և դրանց մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն։

2. Սահմանել, որ`

ա) սույն որոշման դրույթները տարածվում են 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 202-Ն որոշումների պահանջներին համապատասխան` պարտավոր են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել շահութաբաժիններ.

բ) սույն որոշումը սահմանում է 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից վճարման ենթակա (այդ թվում` պետական մասնակցության դիմաց) շահութաբաժնի մեծության որոշման նպատակով իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը.

գ) անկախ սույն որոշմամբ սահմանված չափաքանակներից` 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից փաստացի կատարված ծախսերն ամբողջությամբ արտացոլվում են ընկերությունների ֆինանսական հաշվետվություններում.

դ) սույն որոշման դրույթները տարածվում են որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո կատարված ու փաստաթղթերով հիմնավորված ծախսերի վրա:

(2-րդ կետը փոփ. 24.03.11 N 295-Ն)

3. Սահմանել, որ սույն որոշման կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք) սահմանված շահութահարկի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կատարվող նվազեցումների սահմանափակումների մասին հիմնական հասկացություններն օգտագործվում են նույն իմաստով:

(3-րդ կետը խմբ. 04.08.22 N 1222-Ն)

4. Սահմանել 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից շահութաբաժնի (այդ թվում` պետական մասնակցության դիմաց) մեծության որոշման նպատակով իրականացվող ծախսերի առավելագույն թույլատրելի հետևյալ սահմանաչափերը`

ա) վնասակար նյութերի` շրջակա միջավայր արտանետման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարների հետ կապված ծախսերը` հաշվետու տարվա համախառն  եկամտի 1.0 տոկոսի չափով.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գովազդի ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 5.0 տոկոսի կամ հաշվետու տարվա ընթացքում ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտահանված ապրանքների կամ ծառայությունների  արժեքի 20 տոկոսը չգերազանցող գումարներից առավելագույնի չափով.

գ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կադրերի պատրաստման համար կատարված ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 5.0 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի պատրաստում անցած յուրաքանչյուր աշխատողի հաշվով` 3.0 մլն դրամ.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կադրերի վերապատրաստման համար կատարված ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 2.0 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ հաշվետու ժամանակաշրջանում փաստացի վերապատրաստում անցած յուրաքանչյուր աշխատողի հաշվով` 2.0 մլն դրամ.

ե) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 5.0 տոկոսի չափով: Ընդ որում, գործուղվողի` գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար օրապահիկի առավելագույն չափը սահմանվում է 30.0 հազ. դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ գումար սահմանված լինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գումարը չգերազանցող գումարի չափով.

զ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար` 12.0 հազ. դրամի չափով։ Շինարարություն իրականացնող ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերի ամսական հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ շինարարությունում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված՝ տվյալ ամսվա աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը.

է) ներկայացուցչական ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 0.5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5.0 մլն դրամը.

ը) առողջապահական հիմնարկների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների և համայնքային փոքր տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 1.0 տոկոսի չափով (այդ թվում՝ ամորտիզացիոն մասհանումները և նորոգման ծախսերը).

թ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մարքեթինգի ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 2.0 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում ընկերության կողմից արտահանված ապրանքների և ծառայությունների արժեքի 15 տոկոսը կամ հաշվետու տարվա ընթացքում ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների արժեքի 5.0 տոկոսը չգերազանցող գումարներից առավելագույնի չափով.

ժ) վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների չափով (այդ թվում՝ լիզինգի (տարատեսակների) պայմանագրերի շրջանակներում հաշվարկվող տոկոսների գումարների), բայց ոչ ավելի, քան ֆինանսական տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկին համապատասխանող գումարները.

ժա) բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով ֆինանսական տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարների չափով, բայց ոչ ավելի, քան ֆինանսական տարվա (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների)՝ ֆինանսական տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի դրական մեծության կրկնապատիկը։ Ֆինանսական տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի բացասական մեծության դեպքում բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով հարկային տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարները շահութաբաժնի հաշվարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում.

ժբ) բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարների չափով, բացառությամբ, եթե այդ վարկերի և (կամ) փոխառությունների գումարներն անտոկոս տրամադրվում են այլ կազմակերպություններին։ Եթե բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գումարների հաշվին այլ կազմակերպություններին տրամադրված փոխառությունների գծով ստացվող տոկոսների գումարները գերազանցում են ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները, ապա գերազանցող մասը շահութաբաժնի հաշվարկման բազան որոշելիս համարվում է համախառն եկամտի մաս.

ժգ) ընկերության կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարների չափով, բացառությամբ՝ եթե դրանք անհատույց օգտագործմամբ տրամադրվում են այլ կազմակերպություններին: Եթե ընկերության կողմից վարձակալությամբ վերցված հիմնական միջոցների և (կամ) ոչ նյութական ակտիվների գծով վճարվող վարձակալական վճարները գերազանցում են այդ հիմնական միջոցները և (կամ) ոչ նյութական ակտիվներն այլ կազմակերպությունների ենթավարձակալության տրամադրելու դիմաց ստացվող վարձակալական վճարները, ապա գերազանցող մասը շահութաբաժնի հաշվարկման բազան որոշելիս համախառն եկամտից չի նվազեցվում.

ժդ) վարձու աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարների չափով, բայց ոչ ավելի, քան տվյալ վարձու աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի 7.5 տոկոսը:

(4-րդ կետը խմբ., լրաց. 04.08.22 N 1222-Ն, փոփ. 03.08.23 N 1304-Ն)

5. Սահմանել, որ 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների բաժնետիրոջ լիազորություններն իրականացնող պետական կառավարման մարմինները, ելնելով իրենց համակարգի 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների առանձնահատկություններից և զարգացման ծրագրերից, կարող են իրենց համակարգի այդ ընկերությունների համար սահմանել սույն որոշման 4-րդ կետով սահմանված ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերից տարբերվող այլ սահմանաչափեր` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

6. Սահմանել, որ շահութաբաժինների (այդ թվում` պետական մասնակցության դիմաց) հաշվարկման նպատակով որպես ծախս չեն ընդունվում ընկերությունների կողմից իրականացվող` սույն որոշման 4-րդ կետով սահմանված ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը և (կամ) 5-րդ կետով սահմանված այլ սահմանաչափերը գերազանցող, ինչպես նաև ստորև նշված ծախսերը, որոնք պետք է  իրականացվեն շահութաբաժնի հաշվարկումից հետո ընկերության տրամադրության տակ մնացող զուտ շահույթի հաշվին`

ա) լիազոր մարմնի կողմից կատարված ստուգումներով և վերստուգումներով արձանագրված` ընկերությունների ֆինանսական հաշվետվություններում ավելի ցույց տրված ծախսերի գումարների չափով.

բ) պետական կամ համայնքների բյուջեներ կամ կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների կամ հարկային մարմնի կողմից վերահսկվող այլ գումարների մասով օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված կարգով հաշվարկվող և վճարվող տույժերը, տուգանքները և այլ գույքային պատժամիջոցները.

գ) անհատույց տրամադրած ակտիվները, անհատույց կատարված աշխատանքները կամ անհատույց մատուցված ծառայությունները, ներած պարտավորությունները, բացառությամբ՝

ֆիզիկական անձանց օգնության, սննդի կազմակերպման, նրանց համար սոցիալ-մշակութային միջոցառումների կազմակերպման և համանման այլ ծախսերի, բայց ոչ ավելի, քան ֆինանսական տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը, իսկ ֆինանսական տարվա ընթացքում համախառն եկամտի բացակայության դեպքում՝ այդ հարկային տարվա ընթացքում հաշվեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի մեկ տոկոսը.

գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններին և համայնքային փոքր տներին, առողջապահական կազմակերպություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան ֆինանսական տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը.

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և առողջապահական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերով հաստատված պայմանագրային գումարների փաստացի ծավալներից ավելի կատարված (նույն թվում 10 տոկոս ռիսկի գոտու շրջանակներում), սակայն կողմերի միջև կնքված պայմանագրերի հիմքով պատվիրատուի կողմից չֆինանսավորվող աշխատանքների արժեքն ամբողջությամբ.

դ) բաժնետիրոջ լիազորություններ իրականացնող պետական կառավարման մարմիններին և այլ մարմիններին տրամադրված հատկացումները.

ե) սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերը (շինությունների անվճար տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ ծառայությունների արժեքի վճարում և այլն).

զ) արտադրանքի արտադրությանը չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներին, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակության և այլն) մատուցման կամ դրանց դիմաց ընկերության կողմից կատարվող ծախսերը.

է) շահութաբաժին վճարողի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձի՝ գործուղման հետ չկապված կեցության ծախսերը (մասնավորապես, այդ ֆիզիկական անձի համար վարձակալված բնակարանի կամ առանձնատան վարձակալական վճարները, վարձակալության պայմանագրով նախատեսված` էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, հեռախոսի վճարները և այլ կոմունալ ծախսերը)՝ անկախ շահութահարկ վճարողի և այդ ֆիզիկական անձի միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերում շահութահարկ վճարողի կողմից այդ ծախսերը կատարելու պարտավորություն ստանձնած լինելու հանգամանքից, բացառությամբ, երբ շահութաբաժին վճարողի և ֆիզիկական անձի միջև կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով նախատեսված է, որ ֆիզիկական անձի աշխատավարձը կամ վարձատրությունը ներառում է նաև վերոնշյալ ծախսերը։

(6-րդ կետը լրաց. 14.04.11 N 387-Ն, խմբ., լրաց. 04.08.22 N 1222-Ն, փոփ. 03.08.23 N 1304-Ն)

7. Սահմանել, որ շահութաբաժինների (այդ թվում` պետական մասնակցության դիմաց) հաշվարկման համար հիմք ընդունվող շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո առաջացած զուտ շահույթը ենթակա է ճշգրտման` լիազոր մարմնի կողմից կատարված ստուգումներով և վերստուգումներով արձանագրված` ընկերությունների ֆինանսական հաշվետվություններում ցույց չտրված կամ պակաս ցույց տրված հասույթի գումարների չափով։

8. 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում բաժնետիրոջ լիազորություններ իրականացնող պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ պետական մասնակցությամբ ընկերություններին թույլ չտալ իրականացնել ոչ համարժեք կամ զեղչ գներով խոշոր գործարքներ, ընկերության գործունեության հետ չկապված ծախսեր (գործարքներ), մասնավորապես, բաժնետիրոջ լիազորություններ իրականացնող պետական կառավարման մարմնի աշխատողների գործուղման, բարեգործական, ընկերության հիմնական գործունեությանը չառնչվող` սոցիալական ուղղվածություն ունեցող և այլ անհատույց գործարքներ` բացառությամբ սույն որոշման 4-րդ և (կամ) 5-րդ կետերով, ինչպես նաև 6-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքերի:

9. Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն որոշման պահանջներին համապատասխան հաշվարկված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի գումարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չվճարելու դեպքերում կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված դրույթները, ընդ որում, այդ գումարների մասով ընկերության նկատմամբ մեկամսյա ժամկետում պահանջը կարող է ներկայացնել ընկերության բաժնետիրոջ լիազորություններն իրականացնող պետական կառավարման մարմինը, իսկ նշված ժամանակահատվածում, վերջինիս կողմից պահանջ չներկայացվելու դեպքում այդ իրավասությունը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում սահմանել 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 5
Երևան