Գլխավոր տեղեկություն
Համար
N 1891-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.04.2021-03.09.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14 28.11.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2020

 

27.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2020 թվականի N 1891-Լ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 08.02.21 N 147-Լ)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։

(1-ին կետը լրաց. 08.02.21 N 147-Լ)

2. Առաջարկել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը հնարավորին սեղմ ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն 3 ամիս սույն որոշման 1-ին կետում նշված (Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած) համայնքներում փաստացի բնակված քաղաքացիների տվյալները։

2.1. Առաջարկել Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը` վճարման ցուցակ ներառելու համար մինչև 2021 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն 3 ամիս սույն որոշման 1-ին կետում նշված (Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած) համայնքներում փաստացի բնակված (անկախ այդ համայնքներում հաշվառում ունենալու հանգամանքից) անձանց (այդ թվում՝ անչափահաս երեխաների և նրանց ծնողների կամ խնամակալների, եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն) տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):

(2.1-ին կետը լրաց. 08.02.21 N 147-Լ, փոփ. 22.04.21 N 637-Լ)

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


 

27.11.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

նոյեմբերի 27-ի N 1891-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԱՆՑԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

(վերնագիրը լրաց. 08.02.21 N 147-Լ)

 

1. Սույն կարգով կարգավորվում են Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսն այդ համայնքներում փաստացի բնակված քաղաքացիներին (այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաներին) միանվագ դրամական օգնություն տրամադրելու (նշանակելու և վճարելու) հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 03.12.20 N 1939-Լ, խմբ. 13.01.21 N 3-Լ)

2. Միանվագ դրամական օգնությունը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։

3. Դիմումը ներկայացնելու համար անձը մինչև 2021 թվականի հունվարի 27-ը ներառյալ, օոliոe.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն է ներկայացնում՝

1) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է, ապա շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը.

2) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, ապա ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, երեխայի անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը.

3) շահառուի (սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում՝ ծնողի) հետ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը։

(3-րդ կետը փոփ. 17.12.20 N 2105-Լ, 13.01.21 N 3-Լ)

3.1. Անչափահաս ծնողն իր և իր երեխայի համար դիմումը կարող է ներկայացնել անձամբ։

(3.1-ին կետը լրաց. 17.12.20 N 2105-Լ)

4. Ծառայությունն առցանց ռեժիմում դիմումով ներկայացված տվյալները համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների հետ և մերժում է կամ հաստատում է, կամ հաշվառում է դիմումը։

(4-րդ կետը փոփ. 13.01.21 N 3-Լ)

5. Դիմումը մերժվում է, եթե՝

1) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).

2) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է շահառուի մահվան պետական գրանցում.

3) շահառուն չունի Արցախի՝ սույն կարգի 1-ին կետում նշված (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած) համայնքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ դուրս է եկել այդ համայնքներում հաշվառումից (փոխել է հաշվառումը)` պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու հիմքով) հաշվառում.

4) շահառուն 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն 3 ամիս փաստացի չի բնակվել Արցախի՝ սույն կարգի 1-ին կետում նշված (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած) համայնքներում.

5) դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, և ծնողը չի հանդիսանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառման շահառու.

6) (ենթակետն ուժը կորցրել է 13.01.21 N 3-Լ)

7) շահառուին արդեն հատկացվել է սույն կարգով սահմանված միանվագ դրամական օգնությունը (շահառուի անվամբ առկա է հաստատված դիմում).

8) անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շահառու:

(5-րդ կետը լրաց. 03.12.20 N 1939-Լ, 17.12.20 N 2105-Լ, խմբ., փոփ. 13.01.21 N 3-Լ, լրաց. 08.02.21 N 147-Լ)

6. Բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի, եթե դիմումը չի մերժվում, ապա ծառայությունն ինքնաշխատ եղանակով հաստատում է դիմումը և շահառուի տվյալները ներառում է վճարման ցուցակում։

7. Եթե սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դիմումը չի մերժվում, ապա ծառայությունը հաշվառում է դիմումը։

8. Ծառայությունը սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքում հաշվառված դիմումով ներկայացված՝ անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները համեմատում է (համադրում է) շահառուի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենում նշված՝ շահառուի ծնողի վերաբերյալ տվյալների հետ։ Անչափահաս շահառուի ծնողի վերաբերյալ տվյալները չհամապատասխանելու (չհամընկնելու) դեպքում ծառայությունը մերժում է դիմումը, իսկ համապատասխանելու (համընկնելու) դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ համընկնում են երեխայի մոր անձը հաստատող փաստաթղթում և երեխայի ծննդյան վկայականում նշված՝ մոր անունը, առկայության դեպքում՝ հայրանունը (չի համընկնում միայն ազգանունը), իսկ երեխայի ծննդյան վկայականում համընկնում են երեխայի հոր և մոր ազգանունները, ինքնաշխատ եղանակով հաստատում է դիմումը և շահառուի տվյալները ներառում է վճարման ցուցակում։

(8-րդ կետը լրաց. 03.12.20 N 1939-Լ, խմբ. 17.12.20 N 2105-Լ)

9. Սույն կարգի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում նշված դեպքերում ծառայությունը դիմումը մերժելու, հաստատելու կամ հաշվառելու մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է սույն կարգի 3–րդ կետում նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը մերժելու դեպքում՝ մերժելու պատճառը, իսկ դիմումը հաստատելու դեպքում՝ միանվագ դրամական օգնության չափը։

10. Աջակցության գումարը վճարվում է կանխիկ եղանակով՝ Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով։ Ծառայությունը, հիմք ընդունելով սույն կարգի 6-րդ կետի և 8-րդ կետի դրույթները, եռօրյա պարբերականությամբ ձևավորում է վճարման ցուցակ և այն էլեկտրոնային եղանակով տրամադրում է Հայփոստին։

10.1. Վճարման ցուցակում ներառելու համար Արցախի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսներին փաստացի բնակված (անկախ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից) քաղաքացիների (այդ թվում՝ անչափահաս երեխաների և նրանց ծնողների կամ (այդ թվում՝ անչափահաս երեխաների և նրանց ծնողների կամ խնամակալների, եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն) տվյալները (այսուհետ՝ շահառուների ցանկ) Ծառայությունն Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից ստանում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգով։

(10.1-ին կետը լրաց. 08.02.21 N 147-Լ)

10.2. Ծառայությունը շահառուների ցանկում նշված տվյալները համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների հետ և ձևավորում է վճարման ցուցակ։

(10.2-րդ կետը լրաց. 08.02.21 N 147-Լ)

10.3․ Եթե շահառուի՝ շահառուների ցանկում նշված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին) կամ շահառուն մահացել է, ապա Ծառայությունը շահառուի տվյալները չի ներառում վճարման ցուցակ և վճարման ցուցակ ձևավորելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը (նշելով պատճառները)։

(10.3-րդ կետը լրաց. 08.02.21 N 147-Լ)

10.4. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կողմից ճշտված տվյալներ ներկայացվելու դեպքում միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է սույն կարգով սահմանված կարգով։

(10.4-րդ կետը լրաց. 08.02.21 N 147-Լ)

10.5. Սույն կարգի 10.2-րդ կետի համաձայն շահառուի տվյալները ներառվում են վճարման ցուցակ, եթե նրա (անչափահաս շահառուի դեպքում՝ շահառուի ծնողի կամ խնամակալի)՝ մինչև 2021 թվականի հունվարի 27-ըուղղ. ներկայացրած դիմումի հիման վրա չի նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշմամբ հաստատված միանվագ դրամական օգնություն (նրա տվյալները ներառված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2070-Լ որոշման շրջանակներում ձևավորված վճարման ցուցակում):

(10.5-րդ կետը լրաց. 08.02.21 N 147-Լ)

11. Վճարման ցուցակում ներառվում են շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողի և շահառուի) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը և վճարման ենթակա գումարը։

12. Վճարման ցուցակը Հայփոստին փոխանցելու օրվան հաջորդող օրը ծառայությունը դրա մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է շահառուներին։

13. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց և ենթակա չէ ժառանգման:

14. Եթե դիմումով ներկայացված տվյալների հիման վրա դիմումը մերժվել է, ապա ներկայացված դիմումը կրկին քննարկվում է, եթե՝

1) Արցախի Հանրապետության կառավարությունից ստացվել են լրացուցիչ տեղեկություններ, կամ

2) շահառուն, մինչև 2021 թվականի մայիսի 1-ը, ներկայացրել է (այդ թվում՝ e-request.am կայքէջի միջոցով) մերժման հիմքերին վերաբերող փաստաթղթերի լուսապատճեններ:

(14-րդ կետը խմբ. 17.12.20 N 2105-Լ, լրաց. 22.04.21 N 637-Լ)

14.1. Սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքերում դիմումը հաստատվելու՝ շահառուին միանվագ դրամական օգնություն նշանակելու դեպքում շահառուի տվյալները ներառվում են վճարման ցուցակում։

(14.1-ին կետը լրաց. 17.12.20 N 2105-Լ)

15. Սույն կարգով սահմանված կարգով նշանակված միանվագ դրամական օգնությունը վճարվում է շահառուին (անչափահաս շահառուի դեպքում՝ շահառու ծնողին) կամ նրա տված՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը ներկայացրած անձին՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա։

16. Բացառությամբ սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքի, եթե մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը միանվագ դրամական օգնությունը չի վճարվում (շահառուն, անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողը կամ լիազորված անձը Հայփոստին կամ Արցախփոստին չի ներկայացնում գումարն ստանալու պահանջ), ապա Հայփոստը փոխանցված գումարը մինչև 2021 թվականի հուլիսի 15-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով այն շահառուների տվյալները, որոնց միանվագ դրամական օգնությունը չի վճարվել։ Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում, եթե մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը միանվագ դրամական օգնությունը չի վճարվում (անձը Հայփոստին կամ Արցախփոստին չի ներկայացնում գումարը ստանալու պահանջ), ապա Հայփոստը փոխանցված գումարը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 15-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով այն անձանց տվյալները, որոնց միանվագ դրամական օգնությունը չի վճարվել։

(16-րդ կետը փոփ. 13.01.21 N 3-Լ, խմբ. 22.04.21 N 637-Լ)

17. Սույն կարգի հիման վրա նշանակված և շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողի, ում տվյալները ներառվել են վճարման ցուցակ) մահվան պատճառով մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը չվճարված միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է շահառուի ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, իսկ անչափահաս շահառուի ծնողի մահվան դեպքում՝ շահառուի մյուս ծնողին կամ 14 տարին լրացած քրոջը կամ 14 տարին լրացած եղբորը կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (շահառուի մահվան վկայական, դիմողի անձը հաստատող փաստաթուղթ, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը և այլն) ծառայություն է ներկայացվում՝

1) մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը՝ ծառայության կողմից տրված և Հայփոստ կամ Արցախփոստ ներկայացրած տեղեկանքի հիման վրա.

2) 2021 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո՝ մինչև 2021 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ կանխիկ եղանակով՝ Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով։

(17-րդ կետը փոփ. 13.01.21 N 3-Լ, փոփ., լրաց. 22.04.21 N 637-Լ)

18. Սույն կարգի 17-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում միանվագ դրամական օգնության գումարներ վճարելու համար ծառայությունը ձևավորում է վճարման ցուցակ, որում ներառվում են՝

1) մահացած շահառուին նշանակված, սակայն նրա մահվան պատճառով չվճարված գումարը ստանալու համար դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը և վճարման ենթակա գումարը.

2) մահացած շահառուի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), նախորդ վճարման ցուցակ ներառված՝ նրա անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը։

(18-րդ կետը լրաց. 22.04.21 N 637-Լ)

(հավելվածը փոփ., լրաց. 03.12.20 N 1939-Լ, փոփ., լրաց., խմբ. 17.12.20 N 2105-Լ, խմբ., փոփ. 13.01.21 N 3-Լ,  լրաց. 08.02.21 N 147-Լ, լրաց., խմբ., փոփ. 22.04.21 N 637-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան