Գլխավոր տեղեկություն
Համար
N 146-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.08.2018-25.08.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.03/9(743) Հոդ.159
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 փետրվարի 2010 թվականի N 146-Ն


ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՈՒ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 494 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ քրեական գործերով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով գույքի բռնագրավման վերաբերյալ կատարողական թերթով հարուցված կատարողական վարույթի ընթացքում որպես պահանջատեր պետության անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության դատախազությունը, իսկ քաղաքացիական և վարչական գործերով պետական տուրքի բռնագանձման վերաբերյալ կատարողական թերթով հարուցված կատարողական վարույթի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած, ինչպես նաև «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով բաց թողնված նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու մասին» N 494 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. փետրվարի 23

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

փետրվարի 18-ի N 146-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բռնագրավված, դատարանի վճռով հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքներ (այսուհետ` գույք) օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու, ինչպես նաև գույքի հանձնման և ծանուցման հետ կապված հարաբերությունները:

 

II. ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ, ԴՐԱ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

2. Օրենքով նախատեսված կարգով բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իրավասու պետական մարմինների (քրեական գործերով՝ Հայաստանի Հանրապետության դատախազությունը, դատարանի վճռով տիրազուրկ ճանաչելու հետ կապված գործերով` գույքը տիրազուրկ ճանաչելու դիմումով դատարան դիմած պետական մարմինը, ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի հետ կապված գործերով՝ ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի համար նոտարին դիմած պետական մարմինը, այսուհետ` իրավասու մարմիններ) կողմից հանձնվում են`

1) դրամը և արտարժույթը, դրանցով արտահայտված վճարման փաստաթղթերը (ակրեդիտիվներ, վճարման քարտեր և այլն) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին փոխանցելու համար.

2) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եզրակացության հիման վրա` արժեթղթերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տնօրինությանը` իրացնելու և իրացումից ստացված գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հաշվեգրելու (պետական արժեթղթերի դեպքում` դրանց մարման կամ իրացման նպատակով) կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` դրանց կառավարման նպատակով.

3) թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը, դրանցից պատրաստված առարկաները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` պետական գանձարան հանձնելու համար.

4) մշակութային արժեքները` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալությանը` փորձաքննության կամ մշակութային արժեքների պահպանական ցուցակի չափորոշիչների հետ համապատասխանության հարցը որոշելու համար.

5) անշարժ և շարժական այլ գույք` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, իսկ մաքսային մարմնի հայցի հիմքով կայացված՝ գույքը տիրազուրկ ճանաչելու կամ առգրավված ապրանքները պետությանը հանձնելու մասին դատական ակտի առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով (այսուհետ` սահմանված կարգ) իրացնելու համար:

(2-րդ կետը լրաց. 02.08.18 N 852-Ն)

3. Բռնագրավված, դատարանի վճռով հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

4. Բռնագրավված, դատարանի վճռով հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի մասին իրավասու մարմինները գույքը բռնագրավելու, դատարանի վճռով հօգուտ պետության տիրազուրկ ճանաչելու և ժառանգության իրավունքով պետությանն անցնելու համապատասխան ակտը (դատավճիռ, վճիռ, ժառանգության իրավունքի վկայագիր, սեփականության վկայական և այլն) ուժի մեջ մտնելուց (հաստատվելուց) հետո դրա պատճենը 15-օրյա ժամկետում հաշվառման նպատակով ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` նշելով սույն կարգի 2-րդ կետի 1-5-րդ ենթակետերի հիման վրա, դրանցում նշված մարմիններին փոխանցելու մասին, և կցելով փոխանցման փաստը հավաստող փաստաթղթերը:

5. Բռնագրավված, դատարանի վճռով հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալությանը փոխանցված մշակութային արժեքները համապատասխան փորձաքննությունից կամ մշակութային արժեքների պահպանական ցուցակի չափորոշիչների հետ համապատասխանության եզրակացությունից հետո հանձնվում են`

1) թանգարանին, արխիվին, գրադարանին, այլ պետական պահոցներին կամ մարմնին: Մշակութային արժեքները թանգարանին, արխիվին, գրադարանին, այլ պետական պահոցներին կամ մարմնին հանձնելու և վերջիններիս հաշվեկշռում արտացոլելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալությունը յուրաքանչյուր եռամսյակ տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, կամ`

2) իրացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը` դրա մասին 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկատվություն ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը դրա մասին տալիս է հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով հաստատված կարգով:

6. Բռնագրավված, դատարանի վճռով հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած անշարժ և այլ շարժական գույք իրավասու պետական մարմինների կողմից փոխանցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը՝ այն սահմանված կարգով իրացնելու նպատակով:

7. Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած շենքերի ու շինությունների մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դրանք ընդունելու օրվանից 10-օրյա ժամկետում գրավոր հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը, իսկ բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ավտոմեքենաների և օպերատիվ-հետախուզական նպատակների համար օգտագործման համար ենթակա այլ գույքի մասին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իսկ համակարգչային տեխնիկայի մասին` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին: Նշված մարմինները 15-օրյա ժամկետում ներկայացնում են առաջարկություն նշված գույքը պետական մարմիններին հանձնելու վերաբերյալ: Նշված ժամկետում այդ մարմինների կողմից գույքը պետական մարմիններին հանձնելու վերաբերյալ առաջարկություն չներկայացվելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սահմանված կարգով իրացնում է այն: Առաջարկություն ներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 10-օրյա ժամկետում գույքը հանձնում է առաջարկություն ներկայացրած մարմնին կամ այդ մարմնի կողմից նշված այլ պետական մարմիններին: Սույն կետով նախատեսված գույքն այլ պետական մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

8. Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների իրացումից ստացված գումարները 3 աշխատանքային օրվա ընթացքում հաշվեգրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

9. Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների իրացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով հաստատված կարգով:

(9-րդ կետը լրաց. 02.08.18 N 852-Ն)

 

III. ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ԳՈՒՅՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին փոխանցված բռնագրավված, դատարանի վճռով հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած այլ գույքը, որը շրջանառությունից հանված է կամ չի իրացվում, կամ հնարավոր չէ այն իրացնել որպես երկրորդական հումք՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ, ենթակա է ոչնչացման: Ոչնչացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում կազմվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում է նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մեկ ներկայացուցիչ: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել հատուկ գիտելիքներ ունեցող մասնագետներ: Գույքի ոչնչացման մասին հանձնաժողովի կողմից կազմվում է ակտ, որում նշվում են այն իրավական հիմքերը, որի հիման վրա գույքը դարձել է պետության սեփականությունը, գույքի նկարագիրը, տեսակը, քանակը և ոչնչացումից առաջ առկա գույքի ֆիզիկական վիճակը: Գույքը կարող է ոչնչացվել ջարդման, կտրտման, այրման և այլ եղանակներով: Ոչնչացման ակտը կազմվում է երկու օրինակից, որն ստորագրվում է ոչնչացման հանձնաժողովի անդամների կողմից: Ակտի մեկ օրինակը հանձնվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, իսկ մյուս օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում:

(10-րդ կետը լրաց. 02.08.18 N 852-Ն)

 

IV. ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

11. Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական և դրամական արժեքների իրացման աշխատանքների կազմակերպման համար իրացումից ստացված հասույթից անհրաժեշտ ծախսերի հատուցումը կատարվում է կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:

12. Բռնագրավված, դատարանի վճռով հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի ոչնչացման ժամանակ առաջացող ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կամ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի արտաբյուջետային միջոցների հաշվին: Այդ ծախսերը հետագայում պահվում են բռնագրավված, դատարանի վճռով հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի իրացման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին փոխանցվող գումարներից՝ ըստ ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

(12-րդ կետը լրաց. 02.08.18 N 852-Ն)

(հավելվածը լրաց. 02.08.18 N 852-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան