ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԿԴ2/0002/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ2/0002/02/10 |
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան | |
Դատավորներ՝ Ա. Խառատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
|
Տ. Պետրոսյանի | |
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի հոկտեմբերի 14-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Լևոն Նալթակյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Լևոն Նալթակյանից բռնագանձել 8.341.834 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար, ինչպես նաև նախապես վճարված 63.219 ՀՀ դրամը` որպես պետական տուրքի գումար:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Պողոսյան) (այսուհետ` Դատարան) 09.02.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Լևոն Նալթակյանից բռնագանձվել է 489.084,13 ՀՀ դրամ` որպես ծառայությունների մատուցման պայմանագրով ստանձնած պարտավորության չվճարված գումար և 9.782 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ հայցը մնացած մասով մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.05.2011 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.02.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լևոն Նալթակյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 430-րդ, 777-րդ, 779-րդ, 886-րդ հոդվածները, 39-րդ գլխի դրույթները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 54-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Դատարանը պատշաճ չի բաշխել կողմերի ապացուցման պարտականությունները: Մասնավորապես, չի նշել, թե որ կողմը պետք է ապացուցեր պայմանագրի առարկա համարվող ծառայությունների մատուցման փաստը, չկատարված կամ կատարված պարտավորությունների առկայությունը կամ բացակայությունը:
Վճռում չի նշվել, թե Դատարանը որ ապացույցի վրա հիմնվելով է հանգել հետևության, որ պարտավորության չափը 1.037.046 ՀՀ դրամ է, կամ հեռախոսահամարների թիվը` 18 հատ, ինչպես նաև վճարումների չափը` 547.961,87 ՀՀ դրամ:
Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատական չի տվել այն փաստին, որ 07.09.2007 թվականի դիմումով Լևոն Նալթակյանն ընդունել է 6.736.278 ՀՀ դրամ պարտքը և պարտավորվել է վճարել այն երեք ամսվա ընթացքում:
Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել «Շրջանառու տեղեկանք» ապացույցը, քանի որ դրանում պարունակվում են պարտքի վերաբերյալ ամբողջական և սպառիչ տեղեկություններ:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ շրջանառու տեղեկանքում արծարծված են կոնկրետ հեռախոսահամարներից յուրաքանչյուր ամսվա համար ծառայություններից օգտվելու դիմաց վճարման ենթակա գումարները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.05.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքի պատճառաբանություններն անհիմն են: Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար Վերաքննիչ դատարանը կայացրել է արդարացի որոշում: Ընկերության կողմից չի հիմնավորվել այն հանգամանքը, որ վերջինիս կողմից Լևոն Նալթակյանին մատուցվել են ծառայություններ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 20.03.2007 թվականին և 21.03.2007 թվականին Ընկերության և Լևոն Նալթակյանի միջև կնքվել է բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցման պայմանագրեր: Պայմանագրերի հիման վրա Լևոն Նալթակյանին հատկացվել է բջջային հեռախոսահամարներ (հատոր 1, գ.թ. 8, 9):
2. 29.08.2007 թվականին Ընկերության տնօրենին ուղղված դիմումով Լևոն Նալթակյանն ընդունել է, որ ըստ բոլոր անձնական հաշիվների պարտքը կազմում է 6.736.278 ՀՀ դրամ 258 հեռախոսահամարների քանակով: Խնդրել է միացնել այն հեռախոսահամարները, որոնք վճարել են պարտքը հունիս և հուլիս ամիսների համար (120 համար), և պարտավորվել է 6.736.278 ՀՀ դրամ պարտքը վճարել երեք ամսվա ընթացքում (հատոր 1, գ.թ. 119):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:
Դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի` բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին թիվ ԿԴ3/0026/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):
Սույն գործում առկա` Ընկերության տնօրենին ուղղված 29.08.2007 թվականի դիմումով Լևոն Նալթակյանն ընդունել է, որ ըստ բոլոր անձնական հաշիվների պարտքը կազմում է 6.736.278 ՀՀ դրամ 258 հեռախոսահամարների քանակով: Խնդրել է միացնել այն հեռախոսահամարները, որոնք վճարել են պարտքը հունիս և հուլիս ամիսների համար (120 համար) և պարտավորվել է 6.736.278 ՀՀ դրամ պարտքը վճարել երեք ամսվա ընթացքում: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել նշված դիմումը և գտել է, որ նշված դիմումն Ընկերության նկատմամբ Լևոն Նալթակյանի պարտքը հիմնավորող ապացույց չէ:
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշման հիմքում դրել է նաև այն հիմնավորումը, որ «Բողոք բերողի մատնանշած գրությունը, որով Լևոն Նալթակյանն ընդունել է Ընկերության նկատմամբ ունեցած պարտավորությունը, ևս վերաբերելի ապացույց չի կարող համարվել, քանի որ կողմերի միջև կնքվել է ոչ թե փոխառության պայմանագիր, ի հավաստումն որի կարող էր ներկայացվել պարտքի առկայությունը հիմնավորող նման ապացույց, այլ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որպիսի պայմաններում նման գրությունը չի կարող հանդիսանալ Ընկերության նկատմամբ Լևոն Նալթակյանի պարտքը հիմնավորող ապացույց»:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ապացուցման առարկան է ծառայությունները փաստացի մատուցված լինելու փաստը, ինչպես նաև այդ ծառայությունների արժեքը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լևոն Նալթակյանի` Ընկերության տնօրենին հասցեագրված 29.08.2007 թվականի դիմումը վերաբերելի ապացույց է, քանի որ դրանով Լևոն Նալթակյանն ընդունել է, որ Ընկերության կողմից մատուցված ծառայությունների արժեքը կազմում է 6.736.278 ՀՀ դրամ:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ ապացույցը պետք է գնահատվեր գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով չի կատարվել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն: Հետևաբար, բողոքարկվող դատական ակտն անհիմն է:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության` վերոհիշյալ ապացույցի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն իրականացնելու համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.05.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |