ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ
ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
N 16/1 |
06.12.2000 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով (հոդվածներ 12, 39, 56) և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով (4-րդից 7-րդ բաժիններ) նախատեսված կանոններով, ինչպես նաև հիմք ընդունելով Երևանի խորհրդի 20.11.2000թ. «Երևանի թաղային համայնքների սեփականությունը հանդիսացող բնակարանները նվիրաբերությամբ բնակիչներին օտարելու մասին» հ. 30/2 որոշումը
Համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ «Նոր Նորք համայնքի սեփականությունը հանդիսացող բնակարանները նվիրաբերությամբ բնակիչներին օտարելու» կարգին` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Լիազորել թաղապետին համայնքի անունից իրականացնել նվիրաբերությամբ օտարվող բնակարանների (անշարժ գույքի միավորների) նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման օրենսդրությամբ նախատեսված գործառնությունները` իրավունք վերապահելով նրան վերալիազորելու այդ իրավասությունները ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 129 հոդվածով նախատեսված անձանց:
3. Սույն որոշումը ուժի մեջ է 2000 թվականի դեկտեմբերի 6-ից և գործում է մինչև 2002 թվականի դեկտեմբերի 31-ը:
|
Մ. Մինասյան |
Հավելված |
ՆՈՐ ՆՈՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ
Կ Ա Ր Գ
1. Ընդհանուր դրույթներ
1.1 Սույն կարգը մշակված է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի և Երևանի խորհրդի «Երևանի թաղային համայնքների սեփականությունը հանդիսացող բնակարանները նվիրաբերությամբ բնակիչներին օտարելու մասին» որոշման հիման վրա, համաձայն որոնց Երևանի թաղային համայնքների սեփականությունը հանդիսացող բնակարանները կարող են նվիրատվության պայմանագրերով օտարվել այդ բնակարանների նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող անձանց:
1.2 Բնակարանների նկատմամբ անձի օգտագործման իրավունքը ճանաչվում է, եթե վերջինս բնակարանը զբաղեցնում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան տրված մշտական օրդերի կամ պատշաճ կարգով կնքված ու գրանցված` բնակարանի վարձակալության պայմանագրի հիման վրա:
2. Օտարման գործառույթները
2.1 Բնակարանի օտարումը կատարվում է բնակարանի վարձակալի կողմից թաղապետին ուղղված դիմումի հիման վրա, այդ բնակարանի բնակիչ հանդիսացող լրիվ գործունակ անձանց գրավոր համաձայնությամբ:
2.2 Բնակարանը օտարվում է տվյալ բնակարանի բնակիչների անունով, որպես նրանց ընդհանուր սեփականություն:
2.3 Բնակարանը օտարվում է որպես նվիրաբերություն, համայնքի ավագանու համաձայնությամբ:
Ավագանին իրավասու է համաձայնություն տալ ինչպես յուրաքանչյուր բնակարանի օտարման համար, այնպես էլ օտարման ենթակա բոլոր բնակարանների կամ դրանց մի մասի համար:
2.4 Բնակարանի օտարումը ձևակերպվում է թաղապետի որոշմամբ և կողմերի միջև կնքվող` բնակարանի նվիրաբերության պայմանագրով, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
2.5 Օտարված բնակարանների սեփականատերերը պարտավոր են բնակարանները օգտագործել միայն իրենց նշանակությամբ:
3. Եզրափակիչ դրույթներ
3.1 Սույն կարգով նախատեսված բնակարանների օտարման հետ կապված ծախսերը (պայմանագրերի նոտարական վավերացում, պայմանագրերից բխող իրավունքների պետական գրանցում, բնակարանների հաշվառում և այլն) կրում են բնակիչները:
3.2 Տեղական ինքնակառավարման մարմինները իրավասու են առանձին դեպքերում արտոնություններ սահմանել 3.1 կետով նշված վճարների գծով` բնակիչների փոխարեն համայնքի բյուջեից վճարելով սահմանված արտոնության դիմաց:
Թաղապետարանի համատիրությունների աշխատանքը համակարգող և բնակֆոնդի հաշվառման բաժնի պետ |
Ռ. Շահվերդյան |