ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 08-1442 |
Քաղաքացիական գործ թիվ 08-1442 2011 թ. |
Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան |
Դատավորներ՝ |
Կ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆի | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ |
2011 թվականի մարտի 04-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մարիամ Մանուկյանի, երրորդ անձինք Ալիսա և Քրիստինե Հասրաթյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Մարիամ Մանուկյանի հայցի ընդդեմ Արմեն, Անահիտ, Ռուզաննա, Գևորգ, Արման Առաքելյանների, Քնարիկ Համբարձումի Առաքելյանի, Քնարիկ Արմենի Առաքելյանի, Նելլի և Ալբերտ Քելմելյանների, Լիլիկ Դավթյանի, երրորդ անձինք Ալիսա, Հասմիկ, Կարեն, Վարդան, Հակոբ, Քրիստինե և Քնարիկ Հասրաթյանների` բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և տարածքից վտարելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Մարիամ Մանուկյանը պահանջել է 217.000 ՀՀ դրամ փոխհատուցմամբ դադարեցնել Երևանի Ներքին Շենգավիթ 11 փողոցի թիվ 40 տան նկատմամբ Արմեն Առաքելյանի և Լիլիկ Դավթյանի` բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունքը և Արմեն, Անահիտ, Ռուզաննա, Քնարիկ, Գևորգ, Քնարիկ, Արման Առաքելյաններին, Նելլի և Ալբերտ Քելմելյաններին, Լիլիկ Դավթյանին վտարել նշված հասցեի տնից։
Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 12.06.2007 թվականի վճռով Մարիամ Մանուկյանի հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2009 թվականի որոշմամբ Քնարիկ Առաքելյանի և Անահիտ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 12.06.2007 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 25.12.2009 թվականի որոշմամբ Մարիամ Մանուկյանի, երրորդ անձինք Ալիսա և Քրիստինե Հասրաթյանների վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.03.2009 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.07.2010 թվականի որոշմամբ Քնարիկ Առաքելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Անահիտ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը` բավարարվել. Դատարանի 12.06.2007 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության։
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մարիամ Մանուկյանը, երրորդ անձինք Ալիսա և Քրիստինե Հասրաթյանները։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետը, 53-րդ հոդվածը, 219-րդ հոդվածի 1-ին կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 225-րդ, 274-րդ և 1225-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր։
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.
Քնարիկ Առաքելյանի և Անահիտ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքի հիմքը Դատարանի 12.06.2007 թվականի վճռի կայացումն է` առանց նրանց պատշաճ ծանուցելու։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, չկատարելով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, պատշաճ գնահատման չի արժանացրել այն հանգամանքը, որ Անահիտ Առաքելյանը վերաքննիչ բողոքում հստակ նշել է, որ հնարավորություն չի ունեցել ներկա լինել դատական նիստին։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 22.07.2010 թվականի որոշումը և այն փոփոխել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`
Անահիտ Մարտիրոսյանը վերաքննիչ բողոքի հիմքում դրել է այն հանգամանքը, որ երեխային երկար ժամանակով միայնակ թողնելու անհնարինության պատճառով չէր կարող մասնակցել դատական նիստին (հատոր 2-րդ, գ.թ. 5)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունը ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ։ Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն (տե´ս Վարդան Նավասարդյան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ կադաստր), երրորդ անձ Համլետ Ավդալյանի՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ 3-1867 (Ա) քաղաքացիական գործով 25.12.2007 թվականի որոշումը)։
Սույն գործի փաստերի համաձայն` Անահիտ Մարտիրոսյանը վերաքննիչ բողոքի հիմքում դրել է այն հանգամանքը, որ հնարավորություն չի ունեցել մասնակցել դատական նիստին։
Վերաքննիչ դատարանը 22.07.2010 թվականի որոշմամբ բեկանել է Դատարանի 12.06.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել է նոր քննության այն պատճառաբանությամբ, որ Անահիտ Մարտիրոսյանը պատշաճ չի ծանուցվել դատական նիստերի ժամանակի և վայրի մասին։
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Անահիտ Առաքելյանը վերաքննիչ բողոքում հստակ նշել է, որ հնարավորություն չի ունեցել մասնակցել դատական նիստին և որևէ անդրադարձ չի կատարել դատական նիստի մասին ծանուցված չլինելու հարցին։
Այսինքն` Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ Անահիտ Առաքելյանը պատշաճ չի ծանուցվել դատական նիստերի ժամանակի և վայրի մասին այն պայմաններում, երբ Անահիտ Առաքելյանը վերաքննիչ բողոքում նման փաստարկ չի նշել և Դատարանի վճիռը բողոքարկել է այն հիմքով, որ հնարավորություն չի ունեցել ներկա գտնվելու դատական նիստին։
Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը, որոշման հիմքում դնելով այն հանգամանքը, որ Անահիտ Մարտիրոսյանը պատշաճ չի ծանուցվել դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, բողոքի մյուս հիմքերին չի անդրադարձել։ Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նույն դատարան` բողոքի մյուս հիմքերը քննելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.07.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ Դատավորներ` Ս. Անտոնյան Վ. ԱԲԵԼՅԱՆ Ա. Բարսեղյան Մ. ԴՐՄԵՅԱՆ Է. ՀԱՅՐԻՅԱՆ Տ. Պետրոսյան Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ