ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
9 հունիսի 2011 թ. |
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության` հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 19 մայիսի 2011թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով Համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության` հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին համաձայնագիրն ստորագրվել է 2010թ. դեկտեմբերի 10-ին` Մոսկվայում:
Համաձայնագրի նպատակը «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների տարածքներում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների ժամանակավոր գտնվելու համար իրավական հիմք ստեղծելն է:
Ըստ Համաձայնագրի` հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումներ նշանակում են` Ընդունող կողմի տարածք ժամանակավորապես ուղարկվող` Կողմերի ազգային զինված ուժերից և այլ զորքերից առանձնացված միավորումներ, կազմավորումներ, զինվորական մասեր և ստորաբաժանումներ, ներքին գործերի մարմինների (ոստիկանության) հատուկ նշանակության ստորաբաժանումներից (մասնագետների խմբեր), ներքին զորքերից, անվտանգության մարմիններից և հատուկ ծառայություններից, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախազգուշացման և վերացման ոլորտում Կողմերի լիազորված մարմինների կազմից առանձնացված` զորքերի (ուժերի) կոալիցիոն տարածաշրջանային (միավորված) խմբավորումների կազմում հատկացված հատուկ նշանակության ուժերի կազմավորումներ:
Ըստ Համաձայնագրի` ուղարկող կողմի կազմավորումները կարող են ուղարկվել ընդունող կողմի տարածք` վերջինիս պաշտոնական դիմումին համապատասխան, հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման նպատակով` մեկ կամ մի քանի Կողմերի նկատմամբ զինված հարձակում (ագրեսիա) գործելու և/կամ դրա սպառնալիքի դեպքում, հավաքական անվտանգությանն սպառնացող այլ մարտահրավերներին հակազդելու, արտակարգ իրավիճակների վերացման, ինչպես նաև հրամանատարաշտաբային ու զորային համատեղ զորավարժանքների անցկացման համար:
Կազմավորումների մուտք գործելու, խնդիրների, կազմի, թվաքանակի, նրանց ենթակայության կարգի, տեղակայման վայրերի, ինչպես նաև ընդունող Կողմի տարածքում նրանց մնալու ժամկետի մասին որոշումն ընդունում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ)` մեկ կամ մի քանի Կողմերի պաշտոնական դիմումի հիման վրա:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլնի, պարտավորվում է.
- որպես ընդունող Կողմ որոշում ընդունել հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների` իր տարածք մուտք գործելու մասին, եթե այն չի հակասում իր ազգային օրենսդրությանը,
- թույլատրել ՀՀ տարածքում` տեղանքի (շրջանների) հատկացված տեղամասերի և օբյեկտների սահմաններում, որպեսզի կազմավորումները, իրենց առաջադրված խնդիրների կատարման հետ կապված, անցկացնեն հրամանատարաշտաբային և զորային վարժություններ, ինչպես նաև օպերատիվ և մարտական պատրաստության այլ միջոցառումներ,
- որպես ընդունող Կողմ գրավոր ծանուցել մյուս Կողմերին իր պետական սահմանի ենթադրվող հատման` իր սահմանած տեղի, ժամանակի, կարգի մասին և անհրաժեշտ պայմաններ ստեղծել անձնակազմերով և շարժական գույքով իր տարածքով դեպի նշանակված վայր տեղափոխվող զինվորական շարասյուների, օդանավերի և ծովային (գետային) նավերի, ավտոշարասյուների անհատույց ու անարգել տեղաշարժման համար, անհատույց ապահովել անշարժ գույքի (անշարժ գույքի օբյեկտներում) տեղաբաշխումն ու դրանց օգտագործումը, եթե այլ բան սահմանված չէ Խորհրդի որոշումներով,
- ապահովել ՀՀ տարածքում գործող ռազմական և քաղաքացիական օդանավակայաններում օդանավերի ընդունումը, օդանավակայանային ծառայությունների կողմից օդանավակայանային տեխնիկական ապահովումը և պահպանության անհատույց իրականացումը,
- ապահովել իր տարածքներով դեպի նշանակված վայր կազմավորումների և նրանց շարժական գույքի անարգել շարժը, ինչպես նաև նախնական հայտերի հիման վրա` երկաթուղային, ավտոմոբիլային, ծովային, գետային և օդային տրանսպորտի ու տրանսպորտային հաղորդակցությունների առաջնահերթ տրամադրումը` իր ազգային օրենսդրությանը համապատասխան,
- իր վրա վերցնել կազմավորումներին անհրաժեշտ անշարժ գույքով (անշարժ գույքի օբյեկտներով) անհատույց ապահովման հետ կապված միջոցառումների կազմակերպման պատասխանատվությունը,
- կազմավորումներին անհատույց հիմունքներով տրամադրել էլեկտրաէներգիա, ջուր, ապահովել նրանց կողմից առաջադրված խնդիրների կատարման համար անհրաժեշտ ծավալով կոմունալ-կենցաղային սպասարկումը,
- որպես ընդունող Կողմ ամբողջ ծավալով ապահովել կազմավորումների դրամարկղահաշվարկային ծառայությունը` իր ազգային օրենսդրությանը համապատասխան,
- ՀՀ տարածք մուտք գործելու և ՀՀ տարածքից դուրս գալու դեպքում կազմավորումների անձնակազմի վրա չտարածել վիզային հսկողությունը,
- կազմավորումների անձնակազմի վրա չտարածել ՀՀ օրենսդրությունը` օտարերկրացիների գրանցմանը և նրանց նկատմամբ հսկողության իրականացմանը վերաբերող մասով,
- Համաձայնագրի իրագործման նպատակով տեղափոխվող կազմավորումների շարժական գույքի ներմուծումն ու արտահանումն իրականացնել առաջնահերթության կարգով, առանց արգելքների և սահմանափակումների կիրառման և բոլոր տեսակի հարկերի ու տուրքերի գանձման,
- իր տարածքում իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցները` կազմավորումների շարժական գույքը մինչև տեղակայման վայր հասցնելու համար,
- մաքսային զննության չենթարկել կազմավորման հրամանատարության` նույնականության միջոցներով ապահովված ծառայողական փաստաթղթերը (գրագրությունը),
- հրաժարվել ուղարկող Կողմին կամ կազմավորումների հրամանատարությանը` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց և իր քաղաքացիների աշխատունակության կորստի ու մարմնական վնասվածքների, մահվան, ինչպես նաև շարժական ու անշարժ գույքին, բնական պաշարներին, մշակութային և պատմական արժեքներին հասցրած վնասի փոխհատուցման հետ կապված որևէ պահանջ ներկայացնելուց, եթե այդպիսի վնասը հասցվել է կազմավորումների առաջադրանքների կատարման և սեփական անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման դեպքում,
- հարգել կազմավորումների կազմի մեջ մտնող անձանց իրավական վիճակը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` ապահովել նրանց քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և անձնական բոլոր իրավունքներն ու ազատությունները, թույլ չտալ առաջադրված խնդիրների կատարմանը խոչընդոտող գործողություններ, հրամանատարության հետ համաձայնեցված իրենց տարածքի սահմաններում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կազմավորումների կազմի մեջ մտնող անձանց անվտանգության և պաշտպանության, ինչպես նաև կազմավորումների սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութատեխնիկական միջոցների, փաստաթղթերի և պաշտոնական տեղեկատվության ապահովման համար, ներառյալ նրանց նկատմամբ ցանկացած հակաիրավական գործողության մասին նախազգուշացման և կանխարգելման ուղղությամբ միջոցառումները,
- Համաձայնագրի մեկնաբանմանը և կիրառմանն առնչվող բոլոր տարաձայնությունները կարգավորել բանակցությունների ընթացքում, ինչպես նաև Համաձայնագրով նախատեսված` վիճելի հարցերի լուծման մյուս ընթացակարգերին համապատասխան:
3. ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն Համաձայնագիրը վավերացնելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ըստ Համաձայնագրի 2-րդ հոդվածի` «Առաջադրված խնդիրների իրականացման համար Կողմերն ուղարկում են իրենց կազմավորումները ընդունող Կողմի տարածք միայն այն դեպքում, եթե տվյալ գործողությունը չի հակասում իրենց ազգային օրենսդրությանը»:
4. Համաձայնագրի ուժի մեջ մտնելուն պես դրա Կողմերի միջև հարաբերություններում դադարում է 2000թ. հոկտեմբերի 11-ի` Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին համաձայնագրի գործողությունը:
Համաձայնագիրը կազմված է միայն մեկ բնօրինակով, ռուսերենով: Համաձայնագրի հայերեն տեքստում տեղ են գտել ոչ ճիշտ թարգմանություններ, մասնավորապես, 8-րդ հոդվածում «ինքնիշխանություն» բառի փոխարեն օգտագործվել է «ինքնավարություն» բառը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի կազմակերպության` հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմավորումների կարգավիճակի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
9 հունիսի 2011 թ. ՍԴՈ-968 |