|
«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2319-Ն
ՁԿԱՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառոմների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման N 1 հավելվածի 130-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հաստատել ձկան և ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված | |
Կ Ա Ր Գ 1. Սույն կարգով սահմանվում են ձկան և ջրային կենդանիների (այսուհետ` ջրային կենդանիներ) անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգն ու պայմանները` ջրային կենդանիների արդյունահանման, մթերման, պահպանման, վերամշակման, իրացման (այսուհետ՝ իրացում) գործընթացներում: 2. Ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննություն կատարում են անասնաբուժական ծառայություն իրականացնող լիցենզավորված անձինք: 3. Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված ջրային կենդանիներ իրացնող ֆիզիկական ու պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: 4. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, առևտրի և հանրային սննդի օբյեկտներում, ցուցահանդեսներում, տոնավաճառներում, ջրային կենդանիների արդյունահանման և վերամշակման արտադրամասերում ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման գործընթացն ապահովում են ջրային կենդանիներ իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք: 5. Իրացման համար նախատեսված ջրային կենդանիներն անասնաբուժասանիտարական փորձաքննության են ներկայացվում ուղեկցող անասնաբուժական համապատասխան փաստաթղթով:
6. Անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթակա են իրացվող կենդանի, շշմեցրած, սառեցված, աղի, սառը և տաք պայմաններում ծխեցված, ապխտած ջրային կենդանիները: 7. Ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննությունը ներառում է սենսոր և լաբորատոր արագացված մեթոդներով հետազոտությունները: 8. Վարակիչ հիվանդությունների բացահայտման համար անզեն աչքով կամ մանրադիտակի միջոցով հետազոտվում են ներքին օրգանները, մկանային հյուսվածքը, մաշկային ծածկույթը, լողակները և խռիկները: Անհրաժեշտության դեպքում վարակիչ հիվանդությունների հարուցիչների բացահայտման համար կատարվում են լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ: 9. Իրացման համար ներկայացված ջրային կենդանիները հետազոտվում են սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերի դրույթներին համապատասխան: 10. Անասնաբուժասանիտարական փորձաքննության համար ջրային կենդանիների նմուշները վերցվում են ապրանքախմբի յուրաքանչյուր միավորից կամ տարայից` հետևյալ քանակներով` մինչև 100 գրամ քաշի դեպքում՝ 5-7-ական հատ, մինչև մեկ կգ քաշի դեպքում` 3-ական հատ, մինչև 3 կգ քաշի դեպքում` 2-ական հատ ջրային կենդանուց մինչև 5 սմ լայնությամբ, 100-200-ական գրամ զանգվածով կտորներ` գլխի, մեջքի, պոչի հատվածներից, 3 և ավելի կգ քաշի դեպքում` մինչև 10 սմ լայնությամբ, 250-ական գրամից ոչ ավելի զանգվածով կտորներ` գլխի, մեջքի, պոչի հատվածներից: Անասնաբուժասանիտարական փորձաքննության համար նմուշներ վերցնելիս` կազմվում է արձանագրություն, որում նշվում են նմուշներ վերցնելու նպատակը, նմուշների քանակը և կենդանատեսակը: Արձանագրությունը կազմվում է 3 օրինակից, որն ստորագրվում է նաև իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, և մեկ օրինակը տրվում է նրան: 11. Նմուշները հետազոտվում են վերցնելուց հետո` մեկ ժամվա ընթացքում: Մինչև հետազոտության արդյունքների ստացումը` իրացման համար նախատեսված ջրային կենդանիները պահվում են մեկուսացված` կենդանի վիճակում կենսունակության համար անհրաժեշտ պայմաններում, իսկ ոչ կենդանի վիճակում` ոչ ավելի, քան +40 C ջերմաստիճանում: 12. Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա տրվում է ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական պիտանիության մասին եզրակացություն, որը կազմվում է 2 օրինակից, և մեկ օրինակը տրվում է իրացնողին: Եզրակացության օրինակելի ձևը հաստատում է անասնաբուժության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը: Դրական եզրակացության արդյունքում անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանի ճանաչված ջրային կենդանիների իրացման համար տրվում է անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանիությունը հաստատող պիտակ, որի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրպետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը: Անասնաբուժասանիտարական փորձաքննության բացասական արդյունքների հիման վրա անասնաբուժասանիտարական տեսակետից պայմանական պիտանի (թույլատրվում է սննդում օգտագործել վերամշակումից հետո՝ եփելու, սառեցնելու, աղաջրում պահելու միջոցով վարակազերծվելուց հետո) կամ ոչ պիտանի (ենթակա են օգտահանման կամ ոչնչացման) ճանաչվելու դեպքում եզրակացության մեջ նշվում են նաև վերամշակման, օգտահանման կամ ոչնչացման եղանակները: Օգտահանման անհնարինության դեպքում խոտանված ջրային կենդանիները ոչնչացվում են: 13. Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա կենդանիների կերակրման համար պիտանի ճանաչված կենդանի, սառեցված, աղի, սառը և տաք պայմաններում ծխեցված, ապխտած ջրային կենդանիները ենթակա չեն իրացման, վերադարձվում են իրացնողին` տեխնիկական օգտահանման՝ վնասազերծման, հետագայում ձկնալյուրի արտադրության մեջ օգտագործելու կամ եռացնելուց հետո կենդանիներին կերակրելու համար: 14. Նույն օրը չվաճառված ջրային կենդանիները, որոնք չեն պահպանվել սառնարանային պայմաններում, հաջորդ օրը` վաճառքից առաջ ենթարկվում են կրկնակի անասնաբուժասանիտարական փորձաքննության: 15. Կարմրախտով, նեկրոզով, ծաղկով, լողապարկի բորբոքմամբ, ինֆեկցիոն սակավարյունությամբ, ֆուրունկուլյոզով, բրանխիոմիկոզով, վիբրիոզով, կոստիոզով, խիլոդոնելոզով, տրիխոդինիոզով, իխթիոֆթիրիոզով, հիրոդակտիլոզով, դակտիլոգիրոզով, կավիոզով, կարիոֆիլոզով, բոտրիոցեֆալոզով, ֆիլոմետրոզով, լիգուլոզով, դիգրամմոզով, արգուլոզով, կոկցիդիոզով, սանգվինիկոլոզով, դիպլոստոմատոզով, պոստոդիպլոստոմատոզով, սապրոլեգնիոզով, տրիէնոֆորոզով, օպիստորխոզով և մետագոնիմոզով վարակված, կանխարգելիչ մշակումների ենթարկվելուց հետո սահմանված ժամկետներից շուտ արդյունահանված ջրային կենդանիները՝ կախված ախտահարման աստիճանից, անասնաբուժասանիտարական տեսակետից պայմանական պիտանի են կամ ոչ պիտանի: 16. Անասնաբուժասանիտարական տեսակետից պայմանական պիտանի և ոչ պիտանի ջրային կենդանիները ենթակա են վարակազերծման կամ ոչնչացման` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշմամբ հաստատված` մսի, մսամթերքի և հումքի վարակազերծման ու ոչնչացման կարգին համապատասխան: 17. Կենդանիների, մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հարուցիչներով ջրային կենդանիների վարակվածության և հիվանդության բավարար կասկածանքի, ինչպես նաև սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերում նշված դեպքերում, երբ հնարավոր չէ հետազոտությունների միջոցով տալ անասնաբուժասանիտարական լիարժեք գնահատական, ախտորոշումը հաստատելու նպատակով՝ ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքները 1-5 օրվա ընթացքում վերահաստատվում կամ հերքվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրված եզրակացությամբ: Փորձաքննության կասկածելի արդյունքները լաբորատոր հետազոտությամբ հաստատելու համար նմուշներն ուղարկվում են ամուր խցանված ու կնքված, անջրաթափանց տարաներով և ուղեկցող փաստաթղթերով (ակտ, ուղեգիր): Ուղեկցող փաստաթղթերում նշվում են ջրային կենդանիների նմուշներն անասնաբուժասանիտարական փորձաքննության ներկայացրած ֆիզիկական անձի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, ջրային կենդանու տեսակը, ինչպիսի նմուշ է ուղարկվում, նմուշի քանակը, ստացման վայրը և ժամկետը, նմուշառման ամսաթիվը, փորձաքննության արդյունքում ենթադրվող ախտորոշումը, անհրաժեշտ լրացուցիչ հետազոտությունների տեսակը, ուղարկողի ստորագրությունը: Կազմվում է արձանագրություն 3 օրինակից, որն ստորագրվում է նաև իրացնողի կողմից, և մեկ օրինակը տրվում է նրան: (17-րդ կետը փոփ. 29.12.11 N 1922-Ն) 18. Եթե հետաձգվում է նմուշների ուղարկումը, ապա դրանք պահպանվում են անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման վայրում, սառնարանային՝ 0-ից +40 C ջերմաստիճանի պայմաններում: Նմուշների մնացորդները հետազոտություններից հետո օգտահանվում են կամ վնասազերծվելուց հետո` ոչնչացվում: (հավելվածը փոփ. 29.12.11 N 1922-Ն) | |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |