ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/0172/05/09 |
Վարչական գործ թիվ ՎԴ/0172/05/09 |
2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ Ե. Խունդկարյանի Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Մ. Դրմեյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 29.07.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) ընդդեմ «Արկոլև» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ 1.074.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Դատախազությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 1.074.000 ՀՀ դրամ, որից 200.000 ՀՀ դրամը՝ կապիտալ շինարարություն իրականացնելու գործունեության 07.03.2002 թվականի թիվ ՔՊԼ 6784 լիցենզիայի համար պետական տուրքի գծով 2003 և 2004 թվականների ապառք, 874.000 ՀՀ դրամը՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի հիմքով հաշվարկված տույժ:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.07.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ, 6.1-րդ, 35-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ժա» կետը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, 34-րդ հոդվածի 3-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 2-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ մասերը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված են պետական տուրք վճարողների պարտականությունները, որի համաձայն՝ պետական տուրք վճարողները պարտավոր են ժամանակին և լրիվ վճարել օրենքով սահմանված պետական տուրքերը, նույն օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները։
Ընկերությանը տրված լիցենզիայի համար նույն օրենքի 19-րդ հոդվածի 16.2-րդ կետով սահմանված է տարեկան պետական տուրք։
Միաժամանակ Ընկերության կողմից լիցենզիայի տարեկան պետական տուրքը չվճարելու ժամանակաշրջանում գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը սահմանում էր իրավաբանական անձանց պետական տուրքի վճարման պարտավորության դադարման հիմքերը, այնինչ քննարկվող դեպքում բացակայում են պետական տուրքի վճարման պարտավորությունը որևէ եղանակով դադարելու հիմքերը։
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը 17.11.2006 թվականի թիվ 3-2240/ՏԴ քաղաքացիական գործով կայացված որոշմամբ արդեն իսկ անդրադարձել է նշված իրավական խնդրին և լիցենզիայի գործողության կասեցման դեպքում պետական տուրք վճարելու պարտավորության առկայության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցվելու դեպքում կասեցման ժամանակահատվածում հերթական տարեկան պետական տուրքը ենթակա է վճարման անկախ լիցենզիայի գործողության կասեցման հիմքերից և ժամկետներից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 29.07.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ընկերությունը ՀՀ քաղաքաշինության նախարարությունից 07.03.2002 թվականին երեք տարի ժամկետով ստացել է կապիտալ շինարարություն իրականացնելու գործունեության թիվ ՔՊԼ 6784 լիցենզիան։
2) Ընկերությունը չի վճարել տարեկան 100.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը, ինչի պատճառով լիազոր մարմինը 12.03.2003 թվականին կասեցրել է լիցենզիայի գործողությունը և ՀՀ կառավարության 03.06.2002 թվականի «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 674 որոշման հիմքով այդ մասին տեղեկացրել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայությանը։
3) ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության Մաշտոցի տարածքային հարկային տեսչությունը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկել է Ընկերության կողմից 2003 և 2004 թվականների համար չվճարված 100.000-ական ՀՀ դրամ (ընդհանուր հաշվով 200.000 ՀՀ դրամ) պետական տուրքի գումար, ինչպես նաև պետական տուրքի վճարումն ուշացնելու համար տույժ՝ 874.000 ՀՀ դրամ, որի հաշվարկը կատարվել է մինչև 28.01.2006 թվականը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված են պետական տուրք վճարողների պարտավորությունները: Նշված հոդվածի համաձայն՝ պետական տուրք վճարողները պարտավոր են ժամանակին և լրիվ վճարել օրենքով սահմանված պետական տուրքերը, պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը, ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերը, նույն օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժերի գումարները:
Ընկերությանը տրված լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 16.2-րդ կետով սահմանված է տարեկան պետական տուրք՝ 100.000 ՀՀ դրամ դրույքաչափով:
Սույն գործով հաստատված փաստերի համաձայն՝ Ընկերությունը չի վճարել 07.03.2002 թվականի թիվ ՔՊԼ 6784 լիցենզիայի 2003-2004 թվականների համար սահմանված տարեկան պետական տուրքը, հետևաբար նրա մոտ առկա է պետական տուրքի վճարման պարտավորություն:
Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ «պատասխանողին տրված լիցենզիայի համար հերթական տարեկան պետական տուրքի վճարման ժամկետը լրացել է, սակայն վճարումը չի կատարվել, ինչի արդյունքում լիցենզիայի գործողությունն օրենքի ուժով այդ օրվանից կասեցվել է, այսինքն՝ պատասխանողի նկատմամբ դադարեցվել է լիցենզիայով նախատեսված գործունեությունն առանց պատասխանատվության իրականացնելու իրավաբանորեն երաշխավորված հնարավորության ընձեռումը։ Այսպիսով, հերթական տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող գործունեության հետագա իրականացման հնարավորություն դիմողին չի ընձեռվել լիցենզիայի գործողության կասեցումից ի վեր, ուստի տվյալ պարագայում բացակայում է հերթական տարեկան պետական տուրքի այն գումարի գանձման օբյեկտը, որին վերաբերում է հայցվորի հաշվարկած պարտավորությունը»:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել: Նույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:
Ընկերության կողմից լիցենզիայի տարեկան պետական տուրքը չվճարելու ժամանակաշրջանի խմբագրությամբ գործող՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ իրավաբանական անձանց պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով: Տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է նաև մինչև սահմանված ժամկետի վերջին օրը տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերը (իրավունքները, թույլտվությունները, լիցենզիաները) սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչվելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարվելու դեպքերում:
Սույն գործի փաստերից հետևում է, որ Ընկերությունը չի ազատվել տարեկան պետական տուրքի վճարումից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի լուծարվել և չի վերացվել այդ պետական տուրքը:
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերը և ամրագրված է, որ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:
Վերը հիշատակված իրավական ակտերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց կողմից տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում այդ անձինք ժամանակավորապես՝ մինչև տարեկան պետական տուրքի վճարումը, զրկվում են լիցենզիայով վերապահված գործողություններ իրականացնելու իրավունքից, հետևաբար արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցվելու դեպքում կասեցման ժամանակահատվածում հերթական տարեկան պետական տուրքը ենթակա է վճարման անկախ լիցենզիայի գործողության կասեցման հիմքերից ու ժամկետներից (տես նաև՝ ՀՀ կառավարությանն առրնթեր հարկային պետական ծառայության Թալինի տարածքային հարկային տեսչություն ընդդեմ «Արշակ Մանուկյան» ՍՊԸ՝ պետական բյուջեի օգտին 1.283.328 ՀՀ դրամ՝ այդ թվում պետական տուրքի գումար բռնագանձելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 3-2240 (ՏԴ) որոշումը):
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված «ուժը կորցրած ճանաչվելու» արտահայտությունն իմաստային առումով լիովին համընկնում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով նախատեսվող «լիցենզիան ուժը կորցրած ճանաչել» արտահայտությանը և պետական տուրքի հետագա վճարման պարտավորությունը տվյալ դեպքում կարող էր դադարել միայն սահմանված կարգով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում այն դեպքում, երբ դադարեցվում է, այլ ոչ թե կասեցվում է դրա գործողությունը, հետևաբար, նույնիսկ լիցենզիայի գործողության կասեցման դեպքում անգամ, Ընկերությունը պարտավոր էր կատարել դրանց համար սահմանված տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի եզրահանգումներն այն մասին, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածը կիրառելի չէ սույն գործով քննարկվող հարաբերությունների նկատմամբ, դրանք 28.01.2006 թվականից առաջ ծագած լինելու պատճառով: Վերոնշյալ դիրքորոշումը բխում է հենց ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 3-2240 (ՏԴ) որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումից: Այնինչ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված փաստարկն ինքնին չի կարող Դատախազության ներկայացրած հայցադիմումի մերժման հիմք հանդիսանալ՝ սույն որոշմամբ նշված պատճառաբանություններից ելնելով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 29.07.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. հայցը բավարարել՝ «Արկոլև» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1.074.000 ՀՀ դրամ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Ս. Սարգսյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Է. Հայրիյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան
Նախագահող`
Դատավորներ`
Ե. Խունդկարյան
Մ. Դրմեյան