ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2008 թվականի N 719-Ն
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 7-ի «Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի իրականացման ապահովման միջոցառումները հաստատելու մասին» N 876-Ն որոշման 3-րդ կետը`
1. Հաստատել`
1) Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ասիական զարգացման բանկի միջև 2007 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի N 2363 Arm (SF) վարկային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:
3. Խորհրդի ու Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի (այսուհետ` ծրագիր) բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, ծրագրի վարկային համաձայնագրով, ծրագրի համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:
4. Խորհրդի լրիվ անվանումն է Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհուրդ:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը ծրագրի իրականացման կառավարումն է:
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
7. Խորհրդի խնդիրներն են`
1) ծրագրի իրականացման ընթացքում 100,0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.
2) ծրագիրը համակարգող միավորի (ԾՀՄ) և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ծրագրի իրականացման գործակալություն)` ծրագրի շրջանակներում իրականացվող գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
3) ծրագրի նախապատրաստական փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.
4) վարկային համաձայնագիրն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ծրագրի իրականացման գործակալության մշակած ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը.
5) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման տարեկան ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.
6) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների oգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ.
7) ծրագրի իրականացման գործակալության կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման համար համապատասխան միջոցների ձեռնարկման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
8) ծրագրի` հաստատված աշխատանքների իրականացման տարեկան ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումն ու դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
9) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը և դրանց մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.
10) ծրագրի ավարտից հետո դրա արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
8. Ծրագրի իրականացման գործակալության տնoրենը ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:
9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, ծրագրի իրականացման գործակալության տնoրենի (ղեկավարի) ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` մեկ շաբաթվա ընթացքում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքների իրականացման տարեկան ժամանակացույցի կատարման մասին ծրագրի իրականացման գործակալության տնoրենի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ծրագրի իրականացման գործակալության տնoրենի առաջարկությամբ:
12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստի oրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` խորհրդի նիստից 5 oր առաջ:
15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: Ծրագրի իրականացման գործակալության տնoրենը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
16. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:
17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի oրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ:
20. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթներ կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
21. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել oրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչներ:
22. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի կողմից հաստատվելուց հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
23. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն է:
24. Խորհրդի նախագահը`
1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
25. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 9-ից ոչ ավելի: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը և նախագահի տեղակալը, ծրագրի իրականացման գործակալության («Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության) տնoրենը, մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունից և հասարակական կազմակերպություններից:
(25-րդ կետը փոփ. 09.02.10 N 75-Ն)
26. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:
27. Եթե խորհրդի անդամը համաձայն չէ խորհրդի որոշմանը, ապա խորհրդի նիստի արդյունքների մասին գրավոր զեկուցում է իր վերադասին:
28. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը:
29. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է խորհրդի անդամ լինելուց:
30. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
31. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
32. Խորհրդի քարտուղարի պարտականությունը դրվում է ծրագիրը համակարգող միավորի վրա:
33. Խորհրդի քարտուղարը (ծրագիրը համակարգող միավորը)`
1) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծերը.
2) նախապատրաստում է նիստի oրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.
3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
6) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
7) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու գերատեսչություններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
34. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
35. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
(հավելվածը փոփ. 09.02.10 N 75-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Անդրեասյան |
- | ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ) |
Գ. Խաչատրյան |
- | ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Ռ. Դավթյան |
- | ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հանրային ծառայությունների ոլորտների ծրագրերի վարչության պետ |
Վ. Նարիմանյան |
- | ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ |
Պ. Լորեն |
- | «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն |
Է. Ղուկասյան |
- | «Էկոլոգիական կենսակայունություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) (2008 թ. ծրագրի կառավարման խորհրդի ստեղծման օրվանից մինչև 2009 թ. հուլիսն ընկած ժամանակաշրջանի համար) |
Ա. Հովսեփյան |
- | «Կայուն ջրային միջավայր» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) (2009 թ. հուլիս - 2010 թ. հուլիսն ընկած ժամանակաշրջանի համար) |
Հ. Սարգսյան |
- | «Տապան» էկո-ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) (2010 թ. հուլիս - 2011 թ. հուլիսն ընկած ժամանակաշրջանի համար) |
Ա. Սարգսյան |
- | «Բնակարանային-կոմունալ ոլորտի աշխատողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) (2011 թ. հուլիս - 2012 թ. հուլիսն ընկած ժամանակաշրջանի համար) |
Ա. Մարկոսյան |
- | Քաղաքագիտական, իրավագիտական և տնտեսագիտական հետազոտությունների և կանխատեսումների հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) (2012 թ. հուլիս - 2013 թ. ընկած ժամանակաշրջանի համար` մինչև ծրագրի կառավարման խորհրդի գործունեության` սահմանված կարգով դադարման օրը) |
(հավելվածը փոփ. 09.02.10 N 75-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Սարգսյան |