ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
2 դեկտեմբերի 2009 թ. |
N 48-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Երևանի քաղաքապետ |
Գ. Բեգլարյան |
Հավելված Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ
1. Սույն կարգով (այսուհետ` Կարգ) սահմանվում է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ և (կամ) տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը և պայմանները (այսուհետ` պարտադիր բարեկարգում):
2. Պարտադիր բարեկարգումը` միջոցառումների համալիր է, որն ուղղված է Երևանի սանիտարական վիճակի և գեղագիտական տեսքի պահպանմանն ու բարելավմանը, բնակչության բնակվելու պայմանների հարմարավետության բարձրացմանը, ինչպես նաև քաղաքի ճարտարապետական տեսքի պահպանմանը, որոնք իրականացվում են անշարժ գույքի պարտադիր ընթացիկ նորոգման, ընդհանուր օգտագործման տարածքների պարբերաբար մաքրման և բարեկարգման միջոցով:
3. Պարտադիր բարեկարգման օբյեկտներն են` շենքերը, շինությունները և այլ կառույցները, ինչպես նաև անշարժ գույքին հարակից ընդհանուր օգտագործման հողամասերը և տարածքները:
4. Սույն կարգը տարածվում է Երևան քաղաքի վարչական տարածքում տեղակայված (գտնվող)`
1) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առաջին, կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների (այսուհետ` օբյեկտներ) սեփականատերերի կամ տիրապետողների վրա,
2) առանձին տեղակայված հասարակական, արտադրական և այլ ոչ բնակելի նշանակության շենքերի, շինությունների և կառույցների (այսուհետ` օբյեկտներ) սեփականատերերի կամ տիրապետողների վրա,
3) այգիներում, պուրակներում և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում գտնվող սրճարանների, բարերի, ռեստորանների և զվարճանքի այլ օբյեկտների (այսուհետ` օբյեկտներ) սեփականատերերի և տիրապետողների վրա,
4) ավտոկանգառների և ավտոկայանատեղերի սեփականատերերի և տիրապետողների վրա,
5) բացօթյա շուկաների և տոնավաճառների սեփականատերերի և տիրապետողների վրա:
5. Պարտադիր բարեկարգման աշխատանքներն են`
1) անշարժ գույքի արտաքին մասի պատշաճ պահպանման և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարբերաբար մաքրման աշխատանքները և մաքրության պահպանումը.
2) կանաչապատման համար նախատեսված տարածքների, սիզամարգերի կանաչապատումը և դրանց անհրաժեշտ խնամքն ու պահպանումը.
3) անհրաժեշտ լուսավորություն` անշարժ գույքի մուտքի համար.
4) շենքերին ու շինություններին հարակից բակային տարածքների կանաչապատում.
5) թեթև կոնստրուկցիաներով (մետաղյա խողովակ, ցանց, ճաղեր և այլն) ցանկապատում և դրանց փոխում, փոխարինում։
6. Շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքներն ապահովում են տարածքների կանաչապատումը, ծառատնկումը, ինչպես նաև բարեկարգման տարրերի վերականգնումը, նորոգումը, փոխումը, փոխարինումը:
7. Պարտադիր բարեկարգման աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշման համապատասխան` շինարարության թույլտվություն չի պահանջվում:
8. Բարեկարգման աշխատանքների կազմակերպման համար անշարժ գույքի սեփականատերերի և տիրապետողների կողմից կարող են կատարվել տարածքների չափագրում, կազմվել անհրաժեշտ աշխատանքների ցանկ, իսկ վերականգնման, նորոգման, փոխարինման աշխատանքների դեպքում` թերությունների մասին արձանագրություն:
9. Քաղաքաշինական օրենսդրությամբ նախատեսված կարգով` համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայությամբ միայն կարող են իրականացվել հետևյալ աշխատանքները.
1) շենքի ճակատի նոր ճարտարապետական տարրեր, դրանց փոխարինում կամ վերացում.
2) տանիքի ձևի, ծածկույթի նյութի և գույնի փոփոխում.
3) լոջիաների ապակեպատում կամ ներքին մակերևույթների գունային փոփոխություններ.
4) պատշգամբների բազրիքաճաղերի նկարվածքի և գույնի փոփոխություններ.
5) բնական քարե շարվածքով իրականացված շենքերի ճակատների նյութի, ֆակտուրայի փոփոխություն և ներկում, ինչպես նաև նոր բացվածքների բացում կամ գոյություն ունեցողների փակում:
10. Գործող ընթացակարգերով սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետի (կամ նրա կողմից լիազորված անձի) կողմից համաձայնեցված ճարտարապետական կամ ձևավորման նախագծին համապատասխան: Նախագիծը անվճար մշակվում և տրվում է Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից:
11. Պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված շենքերի և կառույցների ճակատների վերակառուցումը և նորոգումն իրականացվում է հուշարձանների պահպանության պետական լիազոր մարմնի համաձայնությամբ: Ընդ որում` պետական լիազոր մարմնի կողմից կարող են տրվել նորոգման կամ վերակառուցման լուծումների վերաբերյալ հանձնարարականներ, որոնք ներառվում են Երևանի քաղաքապետարանի կողմից տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքում:
12. Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից Կարգի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման ընթացքում շենքի կամ շինության սեփականատիրոջը կամ տիրապետողին կարող են տրվել ցուցումներ շենքի ճակատների վերականգնման կամ նորոգման աշխատանքների իրականացման վերաբերյալ, հիմնավորելով դրանց անհրաժեշտությունը և նշելով ժամկետները:
13. Պարտադիր բարեկարգման պահանջներն են`
1) խանութների, հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման և այլ նմանատիպ օբյեկտների ցուցափեղկերը պետք է սարքավորված և ձևավորված լինեն պատշաճ ձևով և շահագործվեն սահմանված պահանջներին համապատասխան.
2) մայթերի բարեկարգման դեպքում պետք է կատարվեն հետևյալ պահանջները.
ա. ապահոված լինի տեսանելի մաքրությունը և անհրաժեշտ թվաքանակով աղբարկղերի առկայությունը.
բ. ձմռանը պետք է իրականացվի տեղացած ձյան ամենօրյա մաքրումը.
գ. ձյան տեղումների ընդհատման ընթացքում մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և (կամ) սալիկապատված հատվածները պետք է ամբողջությամբ մաքրվեն ձյան և սառույցի կուտակումներից.
դ. ձյան մաքրման ընթացքում արգելվում է ձյան և սառույցի կույտերը կուտակել ճանապարհի երթևեկելի մասում: Թույլատրվում է միայն ժամանակավորապես կույտերը տեղավորել հասարակական տրանսպորտի կանգառների հետնամասում, սիզամարգերում, կամ ճամփեզրին.
ե. ճանապարհների, փողոցների եզրաքարերը պետք է ամբողջությամբ մաքրված լինեն ձնից և սառույցից:
14. Երևանի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգումը իրականացնում է անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը:
15. Կանաչապատման աշխատանքները ենթակա են պարտադիր կատարման միայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությանը ներկայացված ֆիտոնախագծի հաստատումից հետո:
16. Անշարժ գույքի սեփականատերը կամ տիրապետողը անշարժ գույքի արտաքին ճարտարապետական ցանկացած փոփոխություն համաձայնեցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության հետ:
17. Անշարժ գույքի սեփականատերը կամ տիրապետողը Կարգի համապատասխան` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման աշխատանքներն իրականացնում է ինքնուրույն կամ իր հաշվին` մասնագիտացված կազմակերպությունների ներգրավման միջոցով:
18. Այն դեպքում, երբ անշարժ գույքի սեփականատեր կամ տիրապետող են հանդիսանում մի քանի անձ, ապա դրանցից յուրաքանչյուրի մասնակցությունը պարտադիր բարեկարգման աշխատանքներին որոշվում է անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ տիրապետման իրավունքում նրանց մասնակցության բաժնին համամասնորեն:
19. Այն դեպքում, երբ հատկացված հողամասի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքները չեն ենթարկվել պետական գրանցման, ապա պարտադիր բարեկարգման և մաքրման է ենթակա այն տարածքը, որը փաստացի տիրապետվում է անշարժ գույքի տիրապետողի կողմից:
20. Անշարժ գույքին հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման աշխատանքների ծավալը որոշվում է`
1) կրպակների, տաղավարների կամ մանրածախ առևտուր իրականացնող այլ օբյեկտների, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների, բնակչության կենցաղային և այլ սպասարկման օբյեկտների, ինչպես նաև առևտրի այլ օբյեկտների, ավտոտնակների համար` հատկացված կամ զբաղեցրած տարածքի պարագծից 5 մետր, կառույցից դուրս` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,
2) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի առաջին, կիսանկուղային և նկուղային հարկերում գտնվող ոչ բնակելի նշանակության տարածքների համար` դրանց զբաղեցրած պարագծով` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,
3) առանձնատների համար` դրանց զբաղեցրած հողամասի պարագծով` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,
4) ավտոկանգառների և ավտոկայանատեղերի համար` հատկացված և (կամ) զբաղեցված ամբողջ տարածքի պարագծից 10-50 մետր (կախված օբյեկտի տարողականությունից և հզորությունից),
5) արդյունաբերական և շինարարական օբյեկտների համար` հատկացված և (կամ) զբաղեցված ամբողջ տարածքի պարագծից առնվազն 50 մետր` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,
6) առողջապահական և կրթական օբյեկտների համար` հատկացված և (կամ) զբաղեցված ամբողջ տարածքի պարագծից առնվազն 10 մետր` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը,
7) շուկաների, տոնավաճառների, առևտրի կենտրոնների համար` հատկացված և (կամ) զբաղեցված տարածքի պարագծից 50-100 մետր` մինչև փողոցի երթևեկելի մասի եզրաքարը:
Երևանի քաղաքապետ |
Գ. Բեգլարյան |