Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.04/13(679)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.12.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՀՔԴ2/0002/02/08

Քաղաքացիական գործ թիվ ՀՔԴ2/0002/02/08

2008թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

               Տ. Սահակյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. Սարգսյանի

 

 

Վ. Աբելյանի

Ե. Խունդկարյանի

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի դեկտեմբերի 26-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հունան Սաֆարյանի և Գևորգ Շահվերդյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.06.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հունան Սաֆարյանի և Գևորգ Շահվերդյանի ընդդեմ Իշխան, Խաչատուր, Անուշ, Արմինե, Անահիտ, Արևիկ, Հերիքնազ Շահվերդյանների, Աննա Շահբազյանի, Անահիտ Բաղդասարյանի` ձեռքբերման վաղեմության ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասի առուվաճառքի պայմանագիրը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Հունան Սաֆարյանը և Գևորգ Շահվերդյանը պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը 2.311 հեկտար հողամասից` յուրաքանչյուրին 1 հեկտար հողամասի նկատմամբ, ինչպես նաև մասնակիորեն անվավեր ճանաչել նոտարական կարգով վավերացված Մուշեղ Շահինյանի և Իշխան Շահվերդյանի միջև կնքված 20.09.2007թ. առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

Հարավային քաղաքացիական դատարանի 14.03.2008 թվականի վճռով հայցի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և առուվաճառքի պայմանագիրը մասնակիորեն անվավեր ճանաչելու մասը մերժվել է, իսկ սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.06.2008 թվականի որոշմամբ Հարավային քաղաքացիական դատարանի 14.03.2008 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հունան Սաֆարյանը և Գևորգ Շահվերդյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածների պահանջները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 279-րդ, 280-րդ, 305-րդ, 472-րդ և 476-րդ հոդվածների, 187-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, որոնք պետք է կիրառեր, ինչպես նաև սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 53-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետի 10.10.2007թ. և 07.11.2007թ. տեղեկանքները, որոնց համաձայն` Հունան Սաֆարյանը և Գևորգ Շահվերդյանը 1997 թվականից գնել և մինչև օրս մշակում են Իշխան Շահվերդյանի անվամբ սեփականաշնորհված հողամասը և մինչև 2007 թվականը կատարել են հողի հարկի մուծումներ:

Դատարանը սխալ մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, եկել է այն եզրահանգման, որ տիրապետողի կողմից սեփականության իրավունքի վիճարկման պահին և դրան նախորդած առնվազն տասը տարիների ընթացքում վիճելի հողամասը սեփականության իրավունքով պետք է պատկանած լինի միևնույն անձին, մինչդեռ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` Օրենսգրքի 187-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ գույքի տիրապետումը սկսվել է 1999թ. հունվարի 1-ից առաջ և շարունակվում է օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահին, հետևաբար գույքի բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ տիրապետման ժամկետը պետք է հաշվել նաև մինչև 01.01.1999 թվականը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 05.06.2008 թվականի որոշումը և այն փոփոխել` ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Հունան Սաֆարյանի և Գևորգ Շահվերդյանի սեփականության իրավունքը հողամասի նկատմամբ, անվավեր ճանաչել Ի.Շահվերդյանի և Մ.Ղազարյանի միջև կնքված 20.09.2007թ. հողամասի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Հողի սեփականության իրավունքի 05.03.1998 թվականի պետական ակտի համաձայն` հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 01.04.1991 թվականի թիվ 1 որոշման հիման վրա Արարատի մարզի Սուրենավան գյուղում Իշխան Շահվերդյանի անվամբ սեփականաշնորհվել է 2.6 հեկտար հողամաս (հատոր 1, գ.թ. 34), իսկ Շահվերդյանների ընտանիքին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` սեփականաշնորհված հողամասի մակերեսը կազմել է 2.311 հեկտար (հատոր 1, գ.թ. 65-66):

2. 13.03.1997թ. ստացականի համաձայն` Իշխան Շահվերդյանը իրեն սեփականաշնորհված հողամասից 1 հեկտարը վաճառել է Հունան Սաֆարյանին, որի դիմաց Հ.Սաֆարյանից ստացել է 1.300 ԱՄՆ դոլար (հատոր 1, գ.թ. 37), իսկ Սուրենավանի գյուղապետի 07.11.2007թ. տեղեկանքի համաձայն` Գևորգ Շահվերդյանի ընտանիքը 1997թ. ներքին պայմանավորվածության համաձայն 800 ԱՄՆ դոլարով գնել է Իշխան Շահվերդյանի ընտանիքին սեփականաշնորհված հողամասից ևս 1 հեկտար, որը տնօրինում է մինչև օրս և կատարել հողի հարկի վճարումները (հատոր 1, գ.թ.12):

3. Սուրենավանի գյուղապետի 10.10.2007թ. տեղեկանքի համաձայն` Սաֆարյանների ընտանիքը 1997թ. մշակում է Իշխան Շահվերդյանի ընտանիքին սեփականաշնորհված հողամասից 1 հեկտարը, որի վրա այդ տարիներին հիմնել է պտղատու այգի, կատարել հողի հարկի վճարումները մինչև 2007թ. (հատոր 1, գ.թ. 33):

4. Նոտարական կարգով վավերացված 20.09.2007թ. առուվաճառքի պայմանագրով Իշխան Շահվերդյանի ընտանիքի անդամները Արարատի մարզի Սուրենավան գյուղում գտնվող 2.311 հեկտար մակերեսով հողամասը վաճառել են Մուշեղ Ղազարյանին (հատոր 1, գ.թ.40), որի հիման վրա Մ.Ղազարյանին տրվել է սեփականության իրավունքի գրանցման 26.09.2007թ. թիվ 2465254 վկայականը (հատոր 1, գ.թ.60-61):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Նույն օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոհիշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից` այդ իրավունքի դադարման (կորստի) միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքը անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր` ենթադրելու, որ նա գույքը տիրապետելու է որպես սեփականություն.

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում.

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի, անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով:

Սույն գործի փաստերը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար արձանագրելու համար, որ գույքի փաստացի տիրապետողները` 10 տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ և որպես սեփական գույք տիրապետել են վեճի առարկա հողատարածքը, ինչի ուժով դրա նկատմամբ ձեռք են բերել սեփականության իրավունք:

Մասնավորապես, հայցվորների կողմից վեճի առարկա գույքի 10 տարվա տիրապետման անընդմեջությունը և բացահայտությունը ուղակիորեն հիմնավորվում է Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետի 10.10.2007 թվականի և 07.11.2007 թվականի տեղեկանքներով:

Վեճի առարկա հողամասի տիրապետման բարեխղճությունը հիմնավորվում է 13.03.1997թ. ստացականով և Սուրենավանի գյուղապետի 07.11.2007թ. տեղեկանքով, այսինքն` հողամասից 1 հեկտար հողամասը Հունան Սաֆարյանին, իսկ մյուս 1 հեկտար հողամասը` Գևորգ Շահվերդյանին վաճառելը բավարար հիմք է տվել ենթադրելու, որ հայցվորները հողամասի յուրաքանչյուրին վաճառված մասը տիրապետելու է որպես սեփականը, իսկ պատասխանողները գույքը հանձնելով հայցվորներին, վերջիններից ստացել են հողամասերի վաճառքի գումարները (800 և 1.300 ԱՄՆ դոլարի չափով), հեռացել են բնակավայրից և հայցվորների կողմից գույքի տիրապետումը դադարեցնելու վերաբերյալ որևէ պահանջ չեն ներկայացրել: Այսինքն` պատասխանողները փաստացի կատարել են այնպիսի գործողություններ, որոնք վկայում են իրենց կողմից այդ գույքից հրաժարվելու մասին:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով Հ.Սաֆարյանը և Գ.Շահվերդյանը ձեռք են բերել սեփականության իրավունք 2.311 հեկտար հողամասից համապատասխանաբար մեկական հեկտարի նկատմամբ, հետևաբար միայն 0.311 հեկտար հողամասը կարող էր վաճառվել Մ.Ղազարյանին:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` օրենսգրքի 187 հոդվածի (ձեռքբերման վաղեմություն) գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ գույքի տիրապետումն սկսվել է 1999 թվականի հունվարի 1-ից առաջ և շարունակվում է օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահին:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ 10 տարվա անընդմեջության հաշվարկի համար նշանակություն չունի թե գույքի բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ տիրապետումն սկսվել է ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո, թե առաջ, քանի որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման համար արդեն իսկ վերոհիշյալ պատճառաբանություններով տրվել է դրա համար պարտադիր վավերապայմանների միաժամանակյա առկայության վերլուծությունը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերը հիմնավոր համարելով Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Մասնակիորեն բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.06.2008 թվականի որոշումը և այն փոփոխել. ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել Հունան Սաֆարյանի և Գևորգ Շահվերդյանի սեփականության իրավունքը Արարատի մարզի Սուրենավան գյուղում գտնվող հողամասի` յուրաքանչյուրի կողմից փաստացի տիրապետվող 1 հեկտար հողամասի նկատմամբ և այդ մասով անվավեր ճանաչել հողամասի առուվաճառքի 20.09.2007 թվականի պայմանագիրը:

2. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.06.2008 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

 

Ս. Սարգսյան

 

 

Վ. Աբելյան

    

Ե. Խունդկարյան

   

Դ. Ավետիսյան

   

Հ. Ղուկասյան

 

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան