ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2004 թվականի N 836-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեության կազմակերպման կանոնակարգի 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհուրդ և հաստատել դրա կանոնադրությունն ու անհատական կազմը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի N 44 որոշումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահության ֆինանսավորման բարելավում և առողջապահության պահպանման զարգացում» վարկային ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է:
2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:
3. Խորհրդի և իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի (այսուհետ` ծրագրեր) մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
4. Խորհրդի լրիվ անվանումն է` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի կառավարման խորհուրդ:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ, ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև կնքված «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» N 3920 AM, «Թռչնագրիպի նախապատրաստվածություն» N 4178 AM վարկային, «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» N TF 053436, «Թռչնագրիպի նախապատրաստվածություն» N TF 056629 դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային և դրամաշնորհային այլ ծրագրերի իրականացման կառավարումն է:
(5-րդ կետը խմբ. 23.11.06 N 920-Ն)
6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:
7. Խորհրդի խնդիրներն են`
ա) ծրագրի իրականացման ընթացքում 100.0 հազ. ԱՄՆ-ի դոլար գումարից ավելի փոփոխությունների կատարման անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները` համապատասխան հիմնավորումներով, հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (եթե այլ նախարարություն նախատեսված չէ միջազգային պայմանագրով) կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցվելով վարկատուի հետ.
բ) ծրագիր (ծրագրեր) իրականացնող «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողությունը.
գ) ծրագրի նախապատրաստման փուլում կանխավճարի կամ դրամաշնորհի առկայության դեպքում այդ միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.
դ) վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրի ստորագրումից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացումից (հաստատումից) հետո ԾԻԳ-ի մշակած ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրերի բյուջեների քննարկումն ու հաստատումը.
ե) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրերի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրերի բյուջեներին համապատասխան` խորհրդի` սահմանված կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.
զ) ծրագրի` հաստատված աշխատանքների տարեկան ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցույթների վերջնական արդյունքների հաստատումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված` ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.
է) ծրագրերի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման և (կամ) վերաբաշխման վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը` նախապես համաձայնեցնելով համապատասխան վարկատու և (կամ) դրամաշնորհ տրամադրած կազմակերպության հետ.
ը) ԾԻԳ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ համապատասխան միջոցների ձեռնարկման մասին որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
թ) ծրագրերի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցներից ու բյուջեներից առկա շեղումների վերացման մասին որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.
ժ) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և ծրագրերի իրականացման արդյունքները պատվիրակության հետ քննարկելն ու արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.
ժա) յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո դրա իրականացման արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:
(7-րդ կետը փոփ. 20.10.06 N 781-Ն)
8. ԾԻԳ-ի տնօրենը ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային կամ դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:
9. Ծրագրի շրջանակներում ծագած հարցերը, ԾԻԳ-ի տնօրենի ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` մեկ շաբաթվա ընթացքում:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման մասին ԾԻԳ-ի տնօրենի զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:
11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում ծագած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ ԾԻԳ-ի տնօրենի առաջարկությամբ:
12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` խորհրդի նիստի անցկացումից 5 օր առաջ:
15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: ԾԻԳ-ի տնօրենը պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:
16. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի անցկացման տեղի մասին այլ որոշում չի ընդունում:
17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:
18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:
20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում ԾԻԳ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների մասին ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:
21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթները կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:
22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչները:
23. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլար և ավելի գումարով մրցույթների արդյունքները, խորհրդի ներկայացմամբ, հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
24. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարն է (այսուհետ` նախարար):
25. Խորհրդի նախագահը`
ա) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.
բ) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
26. Խորհուրդն ունի 11 անդամ: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
(26-րդ կետը փոփ. 23.11.06 N 920-Ն, 05.09.08 N 677-Ն, 21.01.09 N 29-Ն)
27. Եթե խորհրդի անդամը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ապա ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է խորհրդի որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ: Խորհրդի անդամը խորհրդի նիստի որոշմանն իր անհամաձայնության մասին զեկուցագիր է ներկայացնում իր վերադասին:
28. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է համապատասխան նախարարը կամ պետական կառավարման մարմնի ղեկավարը:
29. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանդիսանալ խորհրդի անդամ:
30. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել համապատասխան նախարարի կամ պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
31. Խորհրդի քարտուղարին նշանակում է խորհրդի նախագահը` խորհրդի կազմից:
32. Խորհրդի քարտուղարը`
ա) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագիծ.
բ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը խորհրդի անդամներին.
գ) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
դ) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
ե) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
զ) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և դրանց պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.
է) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ ու պետական կառավարման մարմիններ:
VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
33. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:
VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
34. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
(հավելվածը փոփ. 20.10.06 N 781-Ն, խմբ., փոփ.. 23.11.06 N 920-Ն, փոփ. 05.09.08 N 677-Ն, 21.01.09 N 29-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
|
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Հ. Քուշկյան | - | ՀՀ առողջապահության նախարար (խորհրդի նախագահ) |
Հ. Դարբինյան | - | ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ |
Գ. Մալխասյան | - | ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ |
Պ. Սաֆարյան | - | ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Ա. Մանուկյան | - | ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Բախշյան | - | ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ |
Ս. Տեր-Սիմոնյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի վարկային և մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ |
Ա. Վանյան | - | ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ |
Ա. Կարապետյան | - | ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահության էկոնոմիկայի և հաշվապահական հաշվառման վարչության պետ |
Վ. Պողոսյան | - | ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ |
Ս. Խաչատրյան | - | ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն։ |
(կազմը փոփ. 01.09.06 N 649-Ն, 20.10.06 N 781-Ն, լրաց. 23.11.06 N 920-Ն, փոփ. 20.08.07 N 587-Ն, խմբ. 05.09.08 N 677-Ն, լրաց. 21.01.09 N 29-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |