ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 1989 թ. N 648
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՋՐԱՊԱՀՊԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ (ՇԵՐՏԵՐԻ) ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Աղտոտումից Հայկական ԽՍՀ ջրամբարների պաշտպանությունն ապահովելու նպատակով Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայկական ԽՍՀ ջրամբարների ջրապահպան գոտիների (շերտերի) մասին կանոնադրությունը, որը մշակվել է Հայկական ԽՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրության կողմից` ի կատարումն ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1988 թ. փետրվարի 27-ի թիվ ՊՊ-4051 հանձնարարության (կցվում է):
2. Հայկական ԽՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությանը, Հայկական ԽՍՀ պետագրոարդին և «Հայէներգո» արտադրական միավորմանը`
մինչև 1990 թվականի վերջն ավարտել ջրամբարների ջրապահպան գոտիների նախագծերի մշակումը: Մինչև նախագծերի մշակումն ավարտելը 10 մլն. խոր. մետրից ավելի ծավալով, ինչպես նաև խմելու, ձկնատնտեսական ու հանգստի նպատակներով (առանց ծավալը սահմանափակելու) օգտագործվող ջրամբարներում հաստատել ջրապահպան գոտիների սահմաններ, առդիր կանոնադրությանը համապատասխան նվազագույն չափերով.
1990 թվականից ձեռնամուխ լինել ջրապահպան գոտիների սահմաններում ջրամբարների բարեկարգմանը, անտառատնկման ու մրգատու ծառերի տնկմանը:
3. «Հայանտառ» անտառտնտեսական արտադրական միավորմանը` եռամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ ջրամբարների ջրահավաք ավազանների սահմաններում ջրապահպան անտառաշերտ ստեղծելու մասին:
4. Ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների այն գործկոմներին, որոնց տարածքում կան ջրամբարներ, ամեն տեսակ օժանդակություն ցույց տալ շահագործող կազմակերպություններին ջրապահպան գոտիների սահմանման, տարածքների օտարման և ջրամբարների սանիտարատեխնիկական պատշաճ վիճակի ապահովման ու դրանց բարեկարգման հետ կապված մյուս հարցերի լուծման գործում:
5. Հայկական ԽՍՀ բնության պահպանության պետական կոմիտեի վրա դնել սույն որոշման կատարման վերահսկողությունը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի
1989 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 648 որոշմամբ
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՋՐԱՊԱՀՊԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ (ՇԵՐՏԵՐԻ) ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնադրությունը տարածվում է Հայկական ԽՍՀ սահմաններում գտնվող բոլոր ջրամբարների վրա, անկախ դրանց գերատեսչական պատկանելությունից:
2. Սույն կանոնադրության պահանջների կատարումը պարտադիր է մինիստրությունների, գերատեսչությունների, ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ու հիմնարկների, կոլտնտեսությունների, խորհտնտեսությունների, կոոպերատիվ կազմակերպությունների և այն քաղաքացիների համար, որոնք իրականացնում են տնտեսական կամ գործունեության այլ տեսակներ, որոնք կարող են առաջացնել ջրային օբյեկտների կեղտոտում, աղբոտում և սպառում:
3. Սույն կանոնադրությունը չի փոխարինում ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումներով կամ նրա հանձնարարությամբ համապատասխան մինիստրությունների ու գերատեսչությունների կողմից հաստատված` ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանության, գոտիների անտառապետ ֆոնդի տարածքի անտառների արգելված շերտերի և առաջին խմբի մյուս գոտիների ու անտառների, բնության արգելոցների և հուշարձանների մասին կանոնադրություններին, լրացնում է դրանք, կազմելով միայնակ ամբողջություն:
II. Ջրամբարների ջրապահպան գոտիների կազմակերպման ընդհանուր դրույթները
4. Ջրապահպան գոտիներին է վերաբերում ջրային օբյեկտի ջրատարածությունը հարող տարածքը, որի վրա սահմանվում է ջրերի կեղտոտումը, աղբոտումը և սպառումը կանխող հատուկ ռեժիմ: Ջրապահպան գոտու սահմաններում, ջրամբարին անմիջապես մոտ, որոշվում են առափնյա ջրապահպան շերտերը, որոնք հանդիսանում են տնտեսական գործունեության առավել խիստ ռեժիմով տարածք:
5. Ջրապահպան գոտու սահմանները սահմանվում են յուրաքանչյուր ջրամբարի համար նախագծով, հաշվի առնելով տեղական պայմանները և ջրամբարների ջրապահպան գոտիների (շերտերի) որոշման վերաբերյալ մեթոդական հանձնարարականներին համապատասխան:
6. Նոր ստեղծվող ջրամբարների համար ջրապահպան գոտու նախագիծը կազմվում է օբյեկտի նախագծման փուլում, մտցվում է բնապահպան միջոցառումների բաժնի մեջ և հանդիսանում է դրա անբաժանելի մասը: Շինարարությունն ավարտված ջրամբարների մշտական շահագործման հանձնումը կատարվում է ջրապահպան գոտու սահմաններում նախագծային ջրապահպան բոլոր միջոցառումները կատարելուն պես իրականացնելուց հետո:
7. Շահագործվող ջրամբարների համար ջրապահպան գոտու նախագիծը կազմվում է առանձին: Մինչև ջրապահպան գոտու նախագիծը կազմելը այն որոշվում է նվազագույն թույլատրելի չափերով.
ջրապահպան գոտու համար` 500 մ նորմալ բարձրացած ջրի մակարդակից.
առափնյա ջրապահպան շերտի համար` 50-100 մ նորմալ բարձրացած մակարդակից.
առափնյա ջրապահպան շերտի կազմի մեջ են մտնում նաև կղզիներ, թերակղզիներ, ցամաքալեզվակներ և այլն, անկախ դրանց չափերից:
III. Տնտեսական գործունեության ռեժիմը ջրապահպան գոտու և առափնյա ջրապահպան շերտի սահմաններում
8. Ջրային օբյեկտի աղտոտումն ու սպառումը կանխելու և դրան հարող տարածքները նպատակահարմար օգտագործելու նպատակով ջրամբարների ջրապահպան գոտու սահմաններում հողերի տնտեսական գործունեության և օգտագործման ռեժիմը սահմանվում է ջրապահպան գոտու նախագծով:
9. Սույն կանոնադրության գործողությունը տարածվում է ջրային օբյեկտի ջրատարածությանը հարող տարածքի վրա, որի վրա սահմանափակվում է տնտեսական գործունեությունը և կատարվում են ջրամբարների սանիտարատեխնիկական պատշաճ վիճակն ու բարեկարգումն ապահովող ջրապահպան, ափամրացման և այլ միջոցառումներ:
10. Սույն որոշման պահանջների կատարումը պարտադիր է հողամասերի հատկացման, օբյեկտների հատակագծման, նախագծման, շինարարության ու շահագործման, կազմակերպատնտեսական, ագրոանտառատեխնիկական, մելիորատիվ, հիդրոտեխնիկական և այլ աշխատանքների, ինչպես նաև ջրապահպան գոտու սահմաններում աշխատավորների համար հանգստի գոտու կազմակերպման ժամանակ:
11. Մինչև ջրապահպան գոտիների հաստատումը դրանց սահմաններում կառուցված ժողովրդատնտեսական օբյեկտները շարունակում են գործել դրանք սույն կանոնադրության պահանջներին համապատասխանեցնելու պայմանով, կատարելով ջրապահպան գոտու նախագծով նախատեսված ջրապահպան բոլոր միջոցառումները: Ջրապահպան գոտիների չափերը, դրանց կազմի մեջ մտցված հողերի օգտագործման կարգը, ջրապահպան, ափամրացման և մյուս միջոցառումները որոշվում են սույն կանոնադրությանը համապատասխան, մասնագիտացված նախագծային կազմակերպությունների կողմից, համաձայնեցվում են ջրերի օգտագործման և պահպանման մարմինների, շահագրգռված մյուս մինիստրությունների ու գերատեսչությունների հետ և հաստատվում են ժողովրդական դեպուտատների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմների կողմից:
12. Ջրապահպան գոտու սահմաններում գյուղատնտեսական, անտառատեխնիկական, հիդրոտեխնիկական, շինարարական, հատակախորացման, հորատման, պայթեցման և նախագծով չնախատեսված այլ աշխատանքների կատարում, ինչպես նաև օգտակար հանածոների և ջրային բույսերի արդյունահանում, կաբելների, խողովակատարների և այլ հաղորդակցությունների անցկացում չեն թույլատրվում:
Ջրապահպան գոտու սահմաններում կատարվող աշխատանքների բոլոր տեսակների նախագծման ու հաստատման առաջադրանքները պետք է համաձայնեցված լինեն ջրամբարի շահագործումն իրականացնող կազմակերպության հետ:
13. Ջրապահպան գոտու տարածքում թույլատրվում է (բացառությամբ առափնյա ջրապահպան շերտի)`
գյուղատնտեսական կուլտուրաների աճեցում, պահպանելով հաղաէռոզիոն միջոցառումները.
օրգանական և հանքային պարարտանյութերի օգտագործում գյուղատնտեսական և անտառային հանդակներում.
բույսերի պաշտպանության կենսաբանական միջոցների և անկայուն թունաքիմիկատների կիրառում.
անասունների նորմավորված արածեցում.
ոռոգման և չորացման համակարգերի շինարարություն ու վերակառուցում միայն փակ կարգավորող ցանցով: Ամրաշերտ հողերում թույլատրվում է բաց կարգավորման չորացնող ցանցի շինարարություն, հողերն օգտագործելով որպես արոտավայրեր և խոտհարքներ:
14. Ջրապահպան գոտու սահմաններում արգելվում է`
արդյունաբերական, գյուղատնտեսական և մյուս այն նոր ձեռնարկությունների և օբյեկտների շինարարությունն ու գործողների ընդլայնումը, որոնց գործունեությունը ուղղակի կամ անուղղակի ազդում է ջրամբարի և դրան հարող հողերի սանիտարաատեխնիկական վիճակի վրա.
անասնապահական համալիրների, ֆերմաների, թռչնաֆաբրիկաների տեղադրում և շինարարություն, որպես պարարտանյութ չվնասազերծված գոմաղբախառը կեղտաջրերի օգտագործում.
վառելիքաքսանյութերի, պարարտանյութերի և թունաքիմիկատների պահպանման համար պահեստների տեղաբաշխում և շինարարություն, վառելիքաքսանյութերի և թունաքիմիկատների լցավորման համար հրապարակների սարքավորում.
անասնապահական համալիրների և ֆերմաների, թռչնաֆաբրիկաների, կեղտաջրերի կուտակիչների տեղաբաշխում.
մեխանիկական արհեստանոցների, մեխանիզմների և ավտոտրանսպորտի տեխնիկական սպասարկման ու լվացման կետերի տեղաբաշխում.
արտադրության թափոնների, աղբակույտերի և արդյունաբերական թափոնների և թաղման տեղերի, անասնագերեզմանոցների, ինչպես նաև ջրի որակի վրա բացասաբար ազդող այլ օբյեկտների տեղաբաշխում.
գյուղատնտեսական և անտառային հանդակների վրա այնպիսի թունաքիմիկատների ու պարարտանյութերի ավիափոշեցրում, որոնց համար սահմանված չեն թույլատրելի աստիճանի խտություններ. թռիչքավայրէջքային հրապարակների տեղադրում.
ցանկացած նպատակների համար քլորաօրգանական պեստիցիդների, ինչպես նաև չսահմանված առավելաչափ թույլատրելի խտություններով քիմիական ու կենսաբանական պատրաստուկների օգտագործում տնտեսական-խմելու նշանակության ջրամբարների համար.
պարարտանյութերով ձնածածկույթի սնուցում.
բրդի լվացում և կաշվի թրջոցում.
անտառների և թփուտների հատում և արմատահանում (բացառությամբ անտառների խնամքի հատումների և սանիտարական հատումների, ինչպես նաև նավավարական նշանների տեսանելիությունն ապահովելու համար կածանների մաքրման), գլխավոր օգտագործման հատումների կարգով փայտանյութի մթերում.
պայթեցումների կատարում, հանքերի բացում և հողափորում, հողերի հերկում և հողային ու բուսական ծածկույթի խախտում ափային սանդղավանդակների և լողափերի սահմաններում ջրամբարների ափերի, գետերի ափերի, ձորակների ու հեղեղատների լանջերի, սանդղավանդակների և տեռասավորված լանջերի զառիթափերի տեղամասերի, ռելիեֆի այլ ձևերի խախտում.
անասունների չնորմավորված արածեցում.
մակերեսային ջրերի պահպանության կանոններին համապատասխան աղտոտումից չմաքրված կեղտաջրերի թափում ինչպես անմիջապես ջրամբար, այնպես էլ գետեր, հեղեղատներ, ձորակներ` ջրամբարը սնուցող մշտական կամ ժամանակավոր գործող ջրատար խողովակներով, ինչպես նաև հիդրոտեխնիկական ջրանցքներ:
15. Առափնյա ջրապահպան շերտերի սահմաններում, ի լրացումն ջրապահպան գոտիների համար սահմանված սահմանափակումների, արգելվում է.
հողերի կանոնավոր հերկում.
արդյունաբերական նոր ձեռնարկությունների ու կառուցվածքների շինարարություն և գործողների ընդլայնում, բացառությամբ ջրապահպան, ափամրացման, կառանման, կոմունալ, հիդրոմելիորատիվ և շինարարական աշխատանքների մյուս տեսակների, որոնցից յուրաքանչյուրը համաձայնեցվում է ջրամբարը շահագործող կազմակերպության և շահագրգռված մյուս մինիստրությունների ու գերատեսչությունների հետ.
կոոպերատիվ և անհատական շինարարություն առանց ջրամբարի շահագործումն իրականացնող կազմակերպության համապատասխան համաձայնության.
թունաքիմիկատների և պարարտանյութերի կիրառում.
անասունների ջրում և արածեցում.
ամառային ճամբարների կազմակերպում, վրանային թաղամասերի, ավտոմոտոտրանսպորտի կայանների և նավամատույցների կառուցում այդ նպատակների համար առանձնացված վայրերից դուրս:
16. Սույն կանոնադրությամբ չնախատեսված գործունեության բոլոր մյուս ձևերը համաձայնեցվում են ջրամբարի շահագործումն իրականացնող մարմինների հետ:
IV. Ջրամբարների ջրապահպան գոտիների սահմաններում միջոցառումների կազմակերպման և կոորդինացման սկզբունքները
17. Հայկական ԽՍՀ ջրամբարների և դրանց ջրապահպան գոտիների սանիտարատեխնիկական պատշաճ վիճակը և բարեկարգումն ապահովող միջոցառումների կազմակերպումն ու կոորդինացումն իրականացնում է Հայկական ԽՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունը, Հայկական ԽՍՀ բնության պահպանության պետական կոմիտեի հետ համաձայնեցնելով:
18. Ընդհանուր օգտագործման ջրամբարներում Հայկական ԽՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրությունը ջրամբարների և հիդրոկառուցվածքների ենթակա արտադրական միավորման միջոցով`
ա) կատարում է ջրամբարների և ջրապահպան գոտիների սանիտարատեխնիկական վիճակի բարելավման ու բարեկարգման սխեմաների մշակման պատվիրատուի ֆունկցիաները.
բ) կազմում է ափամրացման, մելիորատիվ, ջրապահպան և մյուս աշխատանքների պլաններն ու նախագծերը.
գ) մշակում և սահմանված կարգով առաջարկություններ է մտցնում ջրամբարների ջրապահպան գոտիների հաստատման մասին.
դ) կատարում է ափամրացման, մելիորատիվ և մյուս աշխատանքների (այդ թվում նախագծաորոնողական) պատվիրատուի ֆունկցիաները.
ե) իրականացնում է ջրամբարների տեխնիկական պասպորտավորումը:
19. Առանձին օգտագործման տրված ջրամբարներում նշված աշխատանքներն իրականացնում են այն ձեռնարկությունները, կազմակերպություններն ու հիմնարկները, որոնց օգտագործման տակ են գտնվում այդ ջրամբարները:
20. Ջրամբարների ջրապահպան գոտիների սահմաններում ջրապահպան աշխատանքների (այդ թվում նախագծաորոնողական) պատվիրատուի ֆունկցիաները կատարում է այն մինիստրությունը, գերատեսչությունը, որի ենթակայության տակ գտնվում են այն ձեռնարկություններն ու օբյեկտները, որոնց գործունեությունն ազդում է ջրամբարների ջրային ռեսուրսների վիճակի և ռեժիմի վրա:
Համատեղ օգտագործման ջրամբարներում սույն կանոնադրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայկական ԽՍՀ բնության պահպանության պետական կոմիտեն:
21. Ժողովրդական դեպուտատների քաղաքային ու շրջանային խորհուրդների գործկոմները պարտավոր են բնակչության և շահագրգռված բոլոր կազմակերպություններին տեղեկացնել ջրապահպան գոտիների և առափնյա ջրապահպան շերտերի սահմանների, ինչպես նաև այդ գոտիների ու շերտերի տարածքում գործող ջրապահպան ռեժիմի մասին որոշումները:
22. Ջրապահպան գոտիների և առափնյա ջրապահպան շերտերի տարածքի օգտագործման ռեժիմի խախտումը դիտվում է որպես ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության կանոնների խախտում, իսկ դրանում մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում գործող օրենսդրությանը համապատասխան: