ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՆՑ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
26 դեկտեմբերի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Օսկանյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2000 թ. սեպտեմբերի 25-ին Մոսկվայում` Պայմանավորվող կողմերի քաղաքացիների այցելությունների իրավական կարգավորման նպատակով:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- իրավունք վերապահել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին, այդ թվում նաև երրորդ պետություններում բնակվող քաղաքացիներին, մուտք գործել, դուրս գալ, տեղաշարժվել, գտնվել և տարանցիկ երթևեկել իր պետության տարածքում` առանց արտոնագրերի (վիզաների),
- տեղեկացնել Ռուսաստանի Դաշնությանը սույն համաձայնագրի կիրառման ոլորտին վերաբերող հարցերի, մասնավորապես, անձը և քաղաքացիությունը հաստատող գործող փաստաթղթերի, դրանց տրման և օգտագործման կարգի փոփոխությունների, իր պետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների կացության կանոնների, ինչպես նաև համապատասխան օրենսդրական ակտերի մասին,
- գործող ճամփորդական փաստաթղթերում փոփոխություն կատարելու կամ անձը և քաղաքացիությունը հաստատող նոր փաստաթղթեր գործածության մեջ դնելու դեպքում փոխանակել դրանց նմուշները:
3. Համաձայնագրով Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ փոխադարձության սկզբունքով ստանձնում է համարժեք պարտավորություններ:
4. Կողմերի պետության այն քաղաքացիները, որոնք խախտել են սույն համաձայնագրի դրույթները կամ Կողմերի պետության տարածքում կացության կանոնները, ենթակա են վերադարձման իրենց քաղաքացիության պետություն` Կողմերի պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:
Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի իրավունքը` լիովին կամ մասամբ դադարեցնել համաձայնագրի առանձին դրույթների գործողությունն արտակարգ իրավիճակների դեպքում, եթե դա անհրաժեշտ է իրենց պետությունների սահմանների և տարածքների պաշտպանության համար:
Համաձայնագիրը սահմանում է նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու, դրա գործողությունը դադարեցնելու կարգը:
Համաձայնագիրն ունի երկու հավելված, որոնցում տրվում են միմյանց քաղաքացիների` պետությունների տարածք մուտքի, ելքի, կացության և տեղաշարժի համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկերը:
5. Համաձայնագրի դրույթները համահունչ են մարդու տեղաշարժի ազատության հանրաճանաչ իրավունքի երաշխավորման միջազգային սկզբունքներին, հաշվի են առնում արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղման ընդհանուր պահանջները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|