ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2011 թվականի N 681-Ա
«ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1424-Ն որոշման 11-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից շենքի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման և համապատասխան փորձագիտական թույլտվությունների ստացման նպատակով ընկերությանը տրամադրել 50600000 դրամ բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)` 10 տարի մարման ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշման հավելվածի 3-րդ բաղադրիչով սահմանված աղբյուրից, տարեկան Լիբոր + 4 տոկոս տոկոսադրույքով, առանց գրավի և տվյալ որոշմամբ հաստատված ծրագրի պայմաններով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումը` սկսած 2015 թվականի հուլիսի 1-ից` կիսամյակային կտրվածքով:
2. Առաջարկել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրենին սույն որոշման 1-ին կետով սահմանված աշխատանքների ավարտից հետո, քննարկելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառուցման, կառավարման, այլ ծրագրային ծախսերի և առաջիկա երկու տարվա շահագործման համար անհրաժեշտ բյուջետային վարկի տրամադրման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|