ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի փետրվարի 5-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 25-րդ հոդվածը «Համայնքի ղեկավարը չի կարող» բառերից հետո լրացնել «անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. |
Համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը |
Համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հետևյալ տոկոսաչափերով`
1) մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 52,57 տոկոսը.
2) 1001-ից մինչև 5000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 62,06 տոկոսը.
3) 5001-ից մինչև 20000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 71,55 տոկոսը.
4) 20001-ից մինչև 75000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 81,04 տոկոսը.
5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչև 90,52 տոկոսը:»:
Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Աշխատակազմի (բացառությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի) կառուցվածքում կարող են նախատեսվել միայն «բաժին» տեսակի կառուցվածքային և (կամ) առանձնացված ստորաբաժանումներ, որոնց հաստիքային միավորների նվազագույն թվաքանակը սահմանում է պետական լիազորված մարմինը, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանմանը ներկայացվող հիմնական պահանջները սահմանում է «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմինը:»:
Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 31. |
Աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրությունը |
1. Աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրությունն օրենքով սահմանված կարգով կատարվում է համայնքի բյուջեի հաշվին:
2. Աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում և աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ` մինչև հաջորդ ամսվա 15-ը:
3. Աշխատավարձը ներառում է պաշտոնային դրույքաչափը, հավելավճարները, պարգևատրումները և հավելումները:
4. Յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի`
1) մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,95 տոկոսը.
2) 1001-ից մինչև 5000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,65 տոկոսը.
3) 5001-ից մինչև 20000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,43 տոկոսը.
4) 20001-ից մինչև 75000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,26 տոկոսը.
5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար` 81,14 տոկոսը:»:
5. Սույն օրենքի իմաստով հավելումը պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային ավելացումն է, որը տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքում:
6. Հավելավճարը` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային ավելացումը, սահմանվում է համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար: Համայնքի ավագանու որոշմամբ հավելավճար կարող է սահմանվել նաև համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների (առնվազն հինգ տարի) աշխատանքային ստաժի համար:
7. Աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողներին ծանր և վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով:
8. Հավելավճարի կիրառման կարգը և չափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին:
9. Աշխատանքի վարձատրության հետ կապված` սույն հոդվածով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և այլ օրենքներով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 25 ՀՕ-6-Ն |