Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-249-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 29.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հունիսի 15-ին

 

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի վերնագրում «խնդիրները» բառը փոխարինել «կարգավորման առարկան» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող գործողություններ» բառերը փոխարինել «դրսևորել դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «կազմված ձերբակալման արձանագրությունը կամ ձերբակալման մասին քրեական հետապնդման մարմնի» բառերը փոխարինել «ձերբակալման մասին քննիչի կայացրած» բառերով.

2) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության քրեական» բառերը փոխարինել «Քրեական» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում «կալանավորումը» բառը փոխարինել «կալանքը» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) վերնագրի և 1-ին մասի «Ուղղիչ» բառը փոխարինել «Քրեակատարողական» բառով.

2) 1-ին մասից հանել «կասկածվող կամ» բառերը.

3) 2-րդ մասի «բուժհաստատություններ» բառը փոխարինել «համապատասխան լիցենզիա ունեցող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «քննչական գործողություններ կատարելու և դատական քննությունը կալանավորվածներին պահելու վայրից դուրս կատարելու կապակցությամբ, քննիչի, դատախազի» բառերը փոխարինել «ապացուցողական գործողություններ կատարելու և դատական նիստը կալանավորվածներին պահելու վայրից դուրս անցկացնելու կապակցությամբ, քննիչի» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 7. Ձերբակալված կամ կալանավորված անձի փոխադրումը

 

Ձերբակալված կամ կալանավորված անձը տեղափոխվում է պահակախմբով՝ պետության միջոցների հաշվին:

Ձերբակալված կամ կալանավորված անձը տեղափոխվում է բավարար լուսավորություն և օդափոխություն ունեցող, նրան ավելորդ ֆիզիկական անհարմարություն պատճառելը բացառող փոխադրամիջոցով, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական հսկողությամբ։ Տեղափոխման ընթացքում ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է ապահովված լինի համապատասխան նյութակենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններով, ինչպես նաև հնարավորինս պաշտպանված լինի հասարակական հետաքրքրասիրությունից:

Արդարադատության շահերից ելնելով` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կալանավորված անձը փոխադրվում է կալանավորված կամ ձերբակալված այլ անձանցից անջատ՝ պահպանելով սույն օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված պահանջները:»:

 

Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 10. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «անձն» բառը փոխարինել «անձը, բացի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավունքներից, նաև» բառերով.

2) 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով գրավոր և բանավոր տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների և պարտականությունների, ձերբակալման կամ կալանավորման կատարման կարգի և պայմանների, դիմումներ և բողոքներ ներկայացնելու կարգի մասին, ինչպես նաև իր վերաբերյալ մշակված տեղեկատվությունն ստանալու, բացառությամբ օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տվյալների.

2) ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի կողմից իր նկատմամբ հարգալից վերաբերմունքի.».

3) 1-ին մասի 13-րդ կետի «գործին» բառը փոխարինել «վարույթին» բառով։

 

Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «պարտավոր է`» բառերը փոխարինել «, բացի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պարտականությունները կատարելուց, պարտավոր է նաև՝» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով․

«1.1) կատարել և պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ քաղաքացիների պարտականությունները.».

3) 3-րդ կետի «բարեկիրթ» բառը փոխարինել «հարգալից» բառով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-9-րդ կետերով.

«6) ներկայանալ ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի կանչով.

7) տալ բացատրություններ ձերբակալման կամ կալանավորման կատարման կարգի պահանջները խախտելու վերաբերյալ.

8) պահպանել անձնական և ընդհանուր հիգիենայի կանոնները.

9) խնամքով վերաբերվել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի գույքին։»:

 

Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի իր պաշտպանի հետ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցելու իրավունք՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից, բացառությամբ իր մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի։

Կալանավորված անձի միջնորդության հիման վրա քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նրան թույլատրվում են նաև խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցություններ քրեական վարույթով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման (բացառությամբ նրա մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու դեպքերի), եթե դա պայմանավորված է կալանավորված անձին քրեական վարույթի հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ: Քրեական վարույթն իրականացնող մարմնի նշած միջնորդության քննարկումը և լուծումը, ինչպես նաև կալանավորված անձի՝ դրա կապակցությամբ կայացրած որոշման բողոքարկումն իրականացվում են Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցությունը պաշտպանի հետ տրամադրվում է Քրեական դատավարության օրենսգրքի 45-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված փաստաթղթերի, իսկ փաստաբանի հետ՝ նրա անձը հաստատող փաստաթղթի, փաստաբան լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթի, ինչպես նաև կալանավորված անձի համապատասխան միջնորդությունը բավարարելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա։

Եթե առկա է ձերբակալված անձի մասնակցությամբ վարութային գործողություններ կատարելու անհրաժեշտություն, ապա պաշտպանի հետ նրա տեսակցության տևողությունը կարող է սահմանափակվել Քրեական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով։».

2) 7-րդ մասից հանել «փաստաբանը կամ» բառերը, իսկ «դատաբժշկական հետազոտություն» բառերը փոխարինել «բժշկական զննում» բառերով.

3) 8-րդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ձերբակալված օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին տեսակցություն տրամադրվում է նաև վերջինիս քաղաքացիության կամ մշտական բնակության պետության իրավասու ներկայացուցչի հետ՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում:».

4) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ձերբակալված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է սահմանափակվել հսկող դատախազի կողմից հաստատված` քննիչի որոշմամբ, եթե առկա են հիմնավոր պատճառներ, որ այդ իրավունքի իրականացումը կարող է խոչընդոտել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կանխումը կամ խափանումը կամ հանգեցնել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ ապացույցների ոչնչացման կամ վնասման: Այդ մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է ձերբակալված անձին, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմին։ Կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է սահմանափակվել միայն Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացված դատարանի որոշմամբ, որի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին: Ձերբակալված օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին տեսակցություն տրամադրվում է նաև վերջինիս քաղաքացիության կամ մշտական բնակության պետության իրավասու ներկայացուցչի հետ՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում:».

5) 10-րդ մասի «գործի քննությանը» բառերը փոխարինել «վարույթի իրականացումը» բառերով։

 

Հոդված 13. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ձերբակալված անձանց հեռախոսային խոսակցությունները կարող են սահմանափակվել հսկող դատախազի հաստատած՝ քննիչի որոշմամբ, եթե առկա են հիմնավոր պատճառներ, որ այդ իրավունքի իրականացումը կարող է խոչընդոտել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կանխումը կամ խափանումը կամ հանգեցնել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման համար անհրաժեշտ ապացույցների ոչնչացման կամ վնասման: Այդ մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է ձերբակալված անձին, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմին։».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կալանավորված անձանց հեռախոսային խոսակցությունները կարող են սահմանափակվել միայն Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացված դատարանի որոշմամբ, որի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:».

3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կալանավորված անձի նամակագրությունը կարող է սահմանափակվել միայն Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կայացված՝ դատարանի որոշմամբ, որի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը գրավոր իրազեկում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:»:

 

Հոդված 14. Օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասում «դատավարական գործողությունների» բառերը փոխարինել «ապացուցողական գործողություններին կամ դատական նիստին» բառերով:

 

Հոդված 15. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ և 13-րդ մասերով.

«Քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց հիվանդության հետևանքով կալանավորումից ազատելու, անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ ճանաչելու, ինչպես նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվում են միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը և կազմը:

Կալանավորման կատարումը խոչընդոտող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 16. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը «հանձնուք» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ հեղուկը» բառերով, իսկ նույն մասի «ամսվա ընթացքում մինչև յոթանասուն կիլոգրամ» բառերը փոխարինել «շաբաթվա ընթացքում մինչև քսան կիլոգրամ, ներառյալ՝ հեղուկը» բառերով։

 

Հոդված 17. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«Կալանավորված անչափահասն օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում է միջնակարգ կրթություն:»:

 

Հոդված 18. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում «ուղղիչ» բառը փոխարինել «քրեակատարողական» բառով:

 

Հոդված 19. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) վերնագրի, 1-ին մասի 2-րդ կետի և 2-րդ մասի «քննչական» բառը փոխարինել «ապացուցողական» բառով.

2) 1-ին մասի «հետաքննություն կատարող անձի, դատախազի,» բառերը հանել, իսկ «ցուցումով» բառը փոխարինել «հանձնարարականով» բառով։

 

Հոդված 20. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի՝

ա. 4-րդ կետը հանել,

բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) դատարանների, իրավապահ, մաքսային և հարկային մարմինների աշխատող կամ նախկին աշխատող, պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության ավագ ենթասպայական և սպայական կազմերի զինծառայող կամ նախկին զինծառայող կալանավորված անձինք` մյուսներից.»,

գ. 8-րդ կետի «գործով անցնող» բառերը փոխարինել «վարույթում ներգրավված» բառերով, իսկ «ցուցումի» բառը՝ «հանձնարարականի» բառով,

դ. 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«Տասնութ տարին լրացած և դրական բնութագրվող կալանավորված անձը մինչև քսանմեկ տարեկանը լրանալը պահվում է անչափահասների համար նախատեսված՝ կալանավորվածներին պահելու վայրում։»:

 

Հոդված 21. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը «անձին» բառից հետո, 2-րդ մասը «օգտվելը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Քրեական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով։

 

Հոդված 22. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասում «Բուժական ուղղիչ հիմնարկում» բառերը փոխարինել «Քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում» բառերով:

 

Հոդված 23. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ ֆիզիկական հարկադրանքը, անհրաժեշտ նվազագույն միջամտության պայմանով, թույլատրելի է միայն այն դեպքում, երբ նա չի ենթարկվում սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված իր պարտականությունների կատարմանը վերաբերող՝ իրավասու անձի իրավաչափ կարգադրությանը։»:

 

Հոդված 24. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «ազատելու» բառից հետո լրացնել «դեպքերը և» բառերով.

2) 1-ին մասի «քրեական վարույթն իրականացնող մարմնի կամ հետաքննության մարմնի» բառերը փոխարինել «քննիչի կամ դատախազի» բառերով.

3) 2-րդ մասի «քրեական վարույթն իրականացնող մարմնի» բառերը փոխարինել «դատախազի կամ դատարանի» բառերով.

4) 3-րդ մասի «Օրենքով» բառը փոխարինել «Քրեական դատավարության օրենսգրքով» բառերով։

 

Հոդված 25. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ձերբակալված և կալանավորված անձինք ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով իրավունք ունեն բողոքարկելու` ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի գործողությունները։ Սույն մասով ներկայացված բողոքների քննության վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 23-րդ գլխի կարգավորումներն այնքանով, որքանով դրանք կարող են կիրառելի լինել։»:

 

Հոդված 26. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում «օրենքների պահպանման» բառերը փոխարինել «հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության» բառերով:

 

Հոդված 27. Օրենքի 48-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 6-րդ կետի «կալանավորումը» բառը փոխարինել «կալանքը» բառով, իսկ «տակ պահելու» բառերը հանել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, չեն կարող հաղորդակցվել կալանավորված անձի հետ, եթե նրանք ներառված են կալանքը կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին դատարանի որոշմամբ սահմանված այն անձանց շրջանակում, որոնց հետ մեղադրյալի հաղորդակցությունը սահմանափակված է:»:

 

Հոդված 28. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2022 թ. հունիսի 28

Երևան
ՀՕ-249-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2022 թվական: