ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի մարտի 4-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով․
«2.1. Երկու հարյուր քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի և տեղադրված տեսանելի վայրում։»։
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Երկու հարյուր քառակուսի մետրից ավելի մակերես ունեցող առևտրի իրականացման վայրերում կաթնամթերք ապրանքախմբի (արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 04 ապրանքային խմբին դասվող) տարանջատված մեկուսամասերում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը պետք է ապահովված լինի առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով) և «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» հատուկ տեսակի նշումով՝ ընթեռնելի և տեղադրված տեսանելի վայրում։»։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող |
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ |
2022 թ. մարտի 11 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 մարտի 2022 թվական: