Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-2-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.03.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.01.13/2(1182) Հոդ.4
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 21-ին

 

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-142-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերությունից հանել «վերստուգիչ հանձնաժողովի նախագահը,» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 6. Երաշխավորված ավանդների հատուցման կազմակերպումը

 

1. Կենտրոնական բանկը հատուցման դեպքն առաջանալու մասին նույն օրը տեղեկացնում է Հիմնադրամին:

2. Կենտրոնական բանկը Հիմնադրամի հետ կնքած համագործակցության հուշագրով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մինչև սույն օրենքով սահմանված լրացուցիչ հայտարարություն հրապարակելը, ապահովում է հատուցման դեպքի օրվա դրությամբ անվճարունակ բանկի՝ ավանդների և ավանդատուների ցուցակների, ինչպես նաև ավանդատուի՝ անվճարունակ բանկի նկատմամբ ունեցած խնդրահարույց պարտավորությունների, դրանց չափի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների տրամադրումը Հիմնադրամին: Հիմնադրամն իրավունք ունի անվճարունակ բանկից պահանջելու ավանդների և ավանդատուների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ: Անվճարունակ բանկը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում Հիմնադրամին տրամադրել պահանջվող լրացուցիչ տեղեկությունները:

Ավանդների և ավանդատուների ցուցակները պետք է ներառեն ավանդատուի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, անվճարունակ բանկում ներդրված բոլոր ավանդների գումարների չափերը, հատուցման դեպքի օրվա դրությամբ հավելագրված տոկոսները, հատուցման ենթակա երաշխավորված ավանդի չափը, ինչպես նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ: Անվճարունակ բանկը պատասխանատու է ավանդների և ավանդատուների ցուցակներում ներառված տեղեկությունների ճշտության համար:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունների պահպանման և տրամադրման նպատակով բանկերը պարտավոր են ունենալ ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգ: Ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման և դրանց տրամադրման պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:

4. Հիմնադրամը հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում և առնվազն հանրային մեկ լրատվամիջոցով հայտարարություն է հրապարակում հատուցման դեպքի մասին՝ նշելով երաշխավորված ավանդն ստանալու կարգը, ներառյալ` ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջի ներկայացման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը, պայմանները, եղանակները, ժամկետները: Հիմնադրամն այդ հայտարարությունը կարող է միաժամանակ հրապարակել նաև զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ օգտագործել ավանդատուներին տեղեկացնելու այլ եղանակ:

5. Հիմնադրամը երաշխավորված ավանդների հատուցումն իրականացնում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված ավանդների և ավանդատուների ցուցակների, ավանդատուի ներկայացրած՝ իր երաշխավորված ավանդի հատուցումն ստանալու վերաբերյալ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջի, իսկ ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջի և Հիմնադրամի տրամադրած ավանդատուների ցուցակի միջև տեղեկությունների անհամապատասխանության դեպքում՝ նաև այդ պահանջը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:

6. Ավանդատուների գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջների ընդունումն իրականացնում է անվճարունակ բանկը, քանի դեռ Հիմնադրամը սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված լրացուցիչ հայտարարությամբ այլ բան չի հայտարարել: Գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջն ստանալու օրվանից հետո` առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, անվճարունակ բանկը պարտավոր է այդ պահանջը փոխանցել Հիմնադրամին:

7. Ավանդատուն կարող է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջ ներկայացնել ոչ ուշ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող երեք տարվա ժամկետում: Սույն մասում նշված ժամկետում ավանդատուի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով պահանջը չներկայացնելու դեպքում Հիմնադրամը տվյալ ավանդատուի երաշխավորված ավանդների հատուցում չի իրականացնում: Ավանդները վերադարձնում է անվճարունակ բանկը՝ պարտավորությունների մարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն:

8. Հիմնադրամն օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված 20-րդ աշխատանքային օրվանից, 10-րդ մասով սահմանված 15-րդ աշխատանքային օրվանից, 11-րդ մասով սահմանված 10-րդ աշխատանքային օրվանից և 12-րդ մասով սահմանված 7-րդ աշխատանքային օրվանից առնվազն մեկ օր առաջ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային http://www.azdarar.am կայքում հրապարակում է լրացուցիչ հայտարարություն, որտեղ նշվում են`

ա) երաշխավորված ավանդների վճարումն իրականացնող բանկի և դրա մասնաճյուղերի անվանումները և հասցեները.

բ) ավանդատուի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ներկայացված պահանջի և Հիմնադրամի տրամադրած ավանդատուների ցուցակի միջև տեղեկությունների անհամապատասխանության դեպքում` երաշխավորված ավանդի հատուցումն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Կենտրոնական բանկի և Հիմնադրամի միջև կնքված համագործակցության հուշագրով կարող է սահմանվել լրացուցիչ հայտարարության հրապարակման այլ ժամկետ:

9. Ավանդատուներն անվճարունակ բանկում իրենց ավանդների վերաբերյալ փաստաթղթերին ծանոթանալու և սխալ հայտնաբերելու դեպքում պարզաբանումներ ստանալու համար կարող են դիմել անվճարունակ բանկ: Անվճարունակ բանկը պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր պատասխանել ավանդատուին:»:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասը «գրավոր» բառից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով ներկայացվող» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Երաշխավորված ավանդի հատուցումը կարող է իրականացվել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ՝ ավանդատուի նշած հաշվին փոխանցման միջոցով:»:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասը «պարտավորություն» և «պարտավորության» բառերից առաջ լրացնել «խնդրահարույց» բառով.

3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Խնդրահարույց պարտավորությունների տեսակները, հատուցման ենթակա ավանդի հաշվարկման կարգը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Բանկի կամ մի քանի բանկերի՝ մեկ այլ բանկի միանալու դեպքում միացման պայմանագիրը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից հաստատվելու և գրանցվելու պահից միացող յուրաքանչյուր բանկում առկա միևնույն ավանդատուին պատկանող ժամկետային ավանդները երաշխավորվում են որպես առանձին բանկային ավանդներ մինչև ավանդի պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը: Բանկի կամ մի քանի բանկերի՝ մեկ այլ բանկի միանալու դեպքում միացման պայմանագիրը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական բանկի կողմից հաստատվելու և գրանցվելու պահից մեկ տարվա ընթացքում, միացող յուրաքանչյուր բանկում առկա միևնույն ավանդատուին պատկանող ցպահանջ կամ սույն մասով սահմանված ժամկետային ավանդից բացի, ավանդի ժամկետի վերաբերյալ այլ պայմանով ավանդները երաշխավորվում են որպես առանձին բանկային ավանդներ: Սույն մասով սահմանված մեկ տարին կամ ավանդի պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու պահից այդ ավանդները երաշխավորվում են որպես մեկ ավանդ:»:

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Կենտրոնական բանկը կարող է առանձին բանկերի համար սահմանել պարբերական երաշխիքային վճարների գումարի այլ չափ (արտահայտված տոկոսով կամ բացարձակ մեծությամբ)` կախված առանձին բանկի ռիսկայնության մակարդակից և (կամ) առանձին ավանդատեսակների տոկոսադրույքների մեծությունից` ըստ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած չափանիշների, ընդ որում` տվյալ եռամսյակի համար բանկի կողմից վճարման ենթակա պարբերական երաշխիքային վճարների ընդհանուր չափը չի կարող գերազանցել հաշվետու եռամսյակի` տվյալ բանկի ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերին պատկանող բանկային ավանդների միջին օրական ցուցանիշի 0.15 տոկոսը:».

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «հինգերորդ» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-13-րդ մասերով.

 

«9. 2016 թվականի մարտի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջով հատուցումները հատուցման դեպքի օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո՝ առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշված աշխատանքային 20-օրյա ժամկետը կարող է երկարաձգել ևս 10 աշխատանքային օրով: Ավանդատուն կարող է պահանջը ներկայացնել ոչ շուտ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրվանից սկսած:

10. 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջով հատուցումները հատուցման դեպքի օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո՝ առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշված աշխատանքային 15-օրյա ժամկետը կարող է երկարաձգել ևս 7 աշխատանքային օրով: Ավանդատուն կարող է պահանջը ներկայացնել ոչ շուտ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրվանից սկսած:

11. 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջով հատուցումները հատուցման դեպքի օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշված աշխատանքային 10-օրյա ժամկետը կարող է երկարաձգել ևս 5 աշխատանքային օրով: Ավանդատուն կարող է պահանջը ներկայացնել ոչ շուտ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրվանից սկսած:

12. 2023 թվականի հունվարի 1-ից Հիմնադրամը պարտավոր է իրականացնել ավանդատուների պահանջով հատուցումները հատուցման դեպքի օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ ավանդատուի պահանջը ներկայացնելուց հետո՝ առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված դեպքերի: Հիմնադրամի միջնորդության հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը սույն մասում նշված աշխատանքային 7-օրյա ժամկետը կարող է երկարաձգել ևս 3 աշխատանքային օրով: Ավանդատուն կարող է պահանջը ներկայացնել ոչ շուտ, քան հատուցման դեպքի օրվան հաջորդող 7-րդ աշխատանքային օրվանից սկսած:

13. Մինչև 2016 թվականի մարտի 1-ը Կենտրոնական բանկը և Հիմնադրամը կնքում են սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերով սահմանված համագործակցության հուշագիրը:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մարտի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. հունվարի 12

Երևան

ՀՕ-2-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան