Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-82-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (27.07.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.07.17/38(978) Հոդ.692
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի հունիսի 19-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին և երկրորդ պարբերություններում «40» թիվը փոխարինել «50» թվով:

 

Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածում`

 

1) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) անձն ունի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող` սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունք:».

2) 8-րդ մասը «կարգը» բառից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 7-րդ մասի 4-րդ կետում նշված դեպքում` նաև կենսաթոշակի տեսակը փոխելու նրա իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածում`

 

1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, նախորդ տարվա ընթացքում բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին:

Կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար վճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:».

2) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Կենսաթոշակը նաև վճարվում է կենսաթոշակառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի) տված և նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով կենսաթոշակ վճարելու մասին գրավոր դիմումը և լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Վերալիազորման կարգով տրված լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-14-րդ մասերով.

«10. Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է նաև տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լիազորագրով:

11. Կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածում` սկսած կենսաթոշակը լիազորագրով վճարելու ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

12. Լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվանից հետո կենսաթոշակը տվյալ լիազորագրով չի վճարվում:

13. Կենսաթոշակ վճարելը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակառուն պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում կամ բուժվում է հոգեբուժական հաստատությունում:

14. Կենսաթոշակ վճարելը լիազորագրով դադարեցվում է (լիազորագրով կենսաթոշակ չի վճարվում)`

1) սույն հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալու դեպքում.

2) կենսաթոշակառուի գրավոր դիմելու դեպքում:»:

 

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածում`

 

1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կենսաթոշակ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում: Կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը լիազորագրով չի վճարվում, բացառությամբ անձի (կենսաթոշակառուի)՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու, հոգեբուժական հաստատությունում բուժվելու կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքերի:».

2) 5-րդ մասի «Չվճարված կենսաթոշակի գումարը» բառերը փոխարինել «Կենսաթոշակ վճարելը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 2-րդ կետի «(վերահաշվարկելուց)» բառը փոխարինել «(կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց)» բառերով, իսկ 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) կենսաթոշակառուն ներկայացրել է մինչև կենսաթոշակ նշանակելը (կենսաթոշակի տեսակը փոխելը) ընկած ժամանակահատվածում իր կամ մահացած կերակրողի աշխատանքային կամ մինչև տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքն ընկած ժամանակահատվածի այլ գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր` դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.».

2) 4-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող երեխայի կամ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող զավակի մյուս ծնողի մահանալու դեպքում` նրա մահվան օրվանից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»:

 

Հոդված 6. Օրենքի 41-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

«15) անձին սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակ նշանակված լինելու դեպքում:».

2) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «ամսվա 1-ից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի» բառերով.

3) 1-ին մասը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.

«Սույն մասի 2-րդ կետում նշված դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ անձը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերել սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետով սահմանված հիմքով` հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամ ծնողներ կամ զավակներ ունենալու հետևանքով, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է հաշմանդամության ժամկետը լրանալու օրվանից:».

4) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով (ներկայացվել է կենսաթոշակը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու դեպքում.».

5) 2-րդ մասի 3-րդ կետի «փաստաթուղթ չներկայացնելու կամ հայտարարություն չտալու» բառերը փոխարինել «հայտարարությունը չստորագրելու (բանկ չներկայանալու)» բառերով.

6) 4-րդ մասի 1-ին կետի «2-րդ կետի» բառերը փոխարինել «2-րդ և 2.1-ին կետերի» բառերով, և նույն կետը «դիմելու» բառից հետո լրացնել «(անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունն ստացվելու)» բառերով.

7) 4-րդ մասի 3-րդ կետի «փաստաթուղթը ներկայացնելու կամ հայտարարությունը տալու» բառերը փոխարինել «հայտարարությունն ստորագրելու (բանկ ներկայանալու)» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 43-րդ հոդվածում`

 

1) վերնագիրը «կատարելը» բառից հետո լրացնել «, ավել վճարված կենսաթոշակի գումարը բռնագանձելը» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ինչպես նաև կենսաթոշակառուի` սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով կամ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նրան ավել վճարված գումարները հետ գանձելու մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման և կենսաթոշակառուի գրավոր համաձայնության հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 15 տոկոսից ոչ ավելի, եթե ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը չի գերազանցում որոշումը կայացնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը:».

3) 2-րդ մասի «վճարվելիք» բառը փոխարինել «վճարվող» բառով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Կենսաթոշակառուի համաձայնության բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը գերազանցում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված չափը, ավել վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում են դատական կարգով` լիազոր մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացրած հայցի հիման վրա:

5. Կենսաթոշակից կատարվող պահումների չափը համամասնորեն փոխվում է կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում:»:

 

Հոդված 8. Օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասում «մահվան վկայականը տվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը» բառերը փոխարինել «կենսաթոշակառուն մահացել է Հայաստանի Հանրապետությունում» բառերով:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից դադարեցվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման՝ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով սահմանված կարգով կայացրած որոշման հիման վրա կենսաթոշակից պահումները կատարելը:

Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում ավել վճարված կենսաթոշակի գումարները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման հիման վրա պահվել չեն կարող: Այդ գումարները կարող են բռնագանձվել միայն դատական կարգով` անկախ ավել վճարված գումարի չափից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից վերահաշվարկվում են կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կենսաթոշակները:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. հուլիսի 10

Երևան

ՀՕ-82-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան