Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին
«ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-41-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 69-րդ հոդվածը «վարչական ակտերը,» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև» բառերով:
Հոդված 2. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «ա» կետի «6 ամսվա» բառերը փոխարինել «2 ամսվա» բառերով.
2) «գ» կետի «3 ամսվա» բառերը փոխարինել «2 ամսվա» բառերով:
Հոդված 3. Օրենքի 82-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 88-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 88. |
Դրամական պահանջների կատարման կարգը |
1. Դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Եթե վարչական մարմնի իրականացրած վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել վարչական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը վարչական վարույթ իրականացնող մարմինն իրավասու է գումարի գանձման վերաբերյալ որոշումը կայացնելուց ոչ շուտ, քան 10 օր հետո ընդունելու պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում: Արգելանք դնելու մասին որոշումը սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում է կատարման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, բացառությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանք դնելու մասին որոշման: Արգելանքը դրվում է անհապաղ՝ պարտավոր անձի հարկային պարտավորությանը համարժեք գույքի վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման սույն օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:
4. Դրամական պահանջները սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը և կատարման վերաբերյալ գրություն, որում նշվում են`
1) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացրած վարչական մարմնի անվանումը.
2) դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը.
3) վարչական ակտի համարը, որի հիման վրա դրամական պահանջը ներկայացվել է կատարման, և գանձման ենթակա գումարի չափը.
4) վարչական ակտն ընդունելու տարին, ամիսը և ամսաթիվը.
5) վարչական ակտն անբողոքարկելի դառնալու տարին, ամիսը և ամսաթիվը.
6) պարտավոր անձի անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, անձի անձնագրային տվյալները կամ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.
7) վարչական մարմնի գանձապետական հաշվեհամարը:
5. Եթե վարչական մարմինը մինչև դրամական պահանջը հարկադիր կատարման ներկայացնելը հետաձգել է վարչական ակտի կատարումը, ապա գրության մեջ նշվում է դրա կատարումը հետաձգելու ժամկետի ավարտը:
6. Գրությունը ստորագրում և կնիքով (առկայության դեպքում) հաստատում է վարչական ակտն ընդունած վարչական մարմնի իրավասու պաշտոնատար անձը:»:
Հոդված 5.
Անցումային և եզրափակիչ դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունիսի 1-ից:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընդունված դրամական պահանջի վերաբերյալ վարչական ակտերը կարող են ներկայացվել հարկադիր կատարման սույն օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-141-Ն |