ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 30-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. |
Սույն օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (այսուհետ` անձնագիր) տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը և դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման հիմունքները:
Հոդված 2. |
Սույն օրենքի նպատակը |
1. Սույն օրենքի նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու սահմանադրական իրավունքի օգտագործման (կենսագործման) երաշխավորումն է:
Հոդված 3. |
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) անձնագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացու (այսուհետ` քաղաքացու) ինքնությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործելու համար.
2) կենսաչափական տվյալներ` օրենքով սահմանված կարգով հավաքվող, պահպանվող և օգտագործվող անհատական տվյալներ, որոնք բնութագրում են քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները և հնարավորություն են տալիս քաղաքացուն նույնականացնելու (լուսանկար, ստորագրություն, աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմներ, սույն օրենքով նախատեսված դեպքերում` աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմներ).
3) տվյալների էլեկտրոնային պահոց` անձնագրի տեխնիկական կառուցվածքային մաս, որը ներառում է քաղաքացու` սույն օրենքով նախատեսված տվյալները, այդ թվում` կենսաչափական տվյալները:
Հոդված 4. |
Անձնագիր ձեռք բերելու իրավունքը և անձնագրի վավերականության ժամկետը |
1. Քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից:
2. Մինչև 16 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:
3. Գործունակ քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմումը ներկայացնում է անձամբ:
4. Առաջին խմբի հաշմանդամներն իրավունք ունեն անձնագիր ստանալու ներկայացուցիչների դիմումի հիման վրա: Այս դեպքում դիմումին կցվում է քաղաքացու հաշմանդամության վկայականը կամ վկայականի նոտարական կարգով վավերացված պատճենը:
5. Մինչև 16 տարեկան երեխային անձնագիր տրամադրվում է երեխայի ծնողներից մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչն անձամբ չի կարող ներկայացնել դիմումը, ապա ներկայացվող դիմումի վրա նրա ստորագրության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:
6. Մինչև 16 տարեկան երեխային մյուս ծնողի դիմումի հիման վրա անձնագիր չի տրամադրվում, եթե ծնողը, որի մոտ օրինական հիմքերով բնակվում է երեխան, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն նախապես ներկայացնում է անձնագիր տրամադրելու անհամաձայնության վերաբերյալ գրավոր հայտարարություն: Հայտարարությանը կցվում է երեխայի բնակության վայրը որոշելու` նոտարական կարգով վավերացված համաձայնության պատճենը կամ դատական ակտի պատճենը:
7. Անգործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիր տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն անձնագիրը տրամադրվում է իր դիմումի հիման վրա: Սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն սույն օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց, անձնագիր տրամադրվում է հոգաբարձուի համաձայնությամբ:
8. Քաղաքացին անձնագիր ստանալու մասին դիմում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության մարմին, օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
(4-րդ հոդվածը փոփ., լրաց. 11.11.13 ՀՕ-135-Ն)
Հոդված 5. |
Անձնագրի բովանդակությունը, ձևը, տրամադրելու (փոխանակելու) կարգը և ժամկետները, տրամադրելու (փոխանակելու) մերժման հիմքերը |
1. Անձնագիրը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Գտնված անձնագրերը Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հանձնման Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
2. Անձնագրում հայերենով և անգլերենով ամրագրվում են քաղաքացու հետևյալ անհատական տվյալները.
1) ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը` միայն հայերեն տարբերակում.
2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը.
3) սեռը.
4) քաղաքացիությունը.
5) ազգությունը` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ.
6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը):
3. Անձնագրում ամրագրվում են նաև քաղաքացու լուսանկարը, քաղաքացու ստորագրությունը, ինչպես նաև արյան խումբը և ռեզուսը` առողջապահության մարմինների կողմից (քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ): Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից նշում է կատարվում ամուսնության և ամուսնալուծության գրանցման մասին` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ, պաշտպանության ոլորտի համապատասխան պետական մարմնի կողմից նշում է կատարվում պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու մասին (զինապարտների համար)` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ: Անձնագիրը ներառում է անձնագիրը տրամադրած ստորաբաժանման ծածկագիրը, ինչպես նաև անձնագրի տրամադրման և վավերականության ժամկետները, անձնագրի համարը:
4. Անձնագիրը ներառում է տեխնիկական մաս` տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվում են սույն հոդվածի 2-3-րդ մասերով նախատեսված պարտադիր տվյալները, աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները: Աջ և ձախ ձեռքերի ցուցամատների մատնադրոշմները ստանալը ֆիզիոլոգիապես անհնարին լինելու դեպքում վերցվում են աջ և ձախ ձեռքերի որևէ մատի մատնադրոշմները: Եթե անձնագրում քաղաքացու կենսաչափական տվյալների ոչ լրիվությունը կամ ներկայացվող պահանջներին անհամապատասխանությունը պայմանավորված է քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով, ապա այդ մասին անձնագրում կատարվում է համապատասխան նշում:
5. Երեխաների մատնադրոշմները վերցվում են 6 տարեկանից, իսկ լուսանկարը` անձնագիր տալու յուրաքանչյուր դեպքում` անկախ տարիքից:
6. Անձնագիրը փոխանակելու դիմում ներկայացնելիս քաղաքացին պարտավոր է ներկայացնել փոխանակվող անձնագիրը: Դրանում ամրագրված տվյալները տվյալ անձի վերաբերյալ առկա տվյալների հետ համեմատելուց հետո անձնագիրն անմիջապես վերադարձվում է քաղաքացուն, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի: Նոր անձնագիրը տրամադրվում է հին անձնագիրը վերցնելուց հետո: Քաղաքացու ցանկությամբ հին անձնագիրը վերադարձվում է դակելուց հետո:
7. Եթե օտարերկրյա պետությունում գտնվող անձը կորցրել է իր անձնագիրը, կամ այն դարձել է օգտագործման համար ոչ պիտանի, կամ լրացել է անձնագրի վավերականության ժամկետը, և քաղաքացին չունի վավերական այլ ճամփորդական փաստաթուղթ, ապա օտարերկրյա պետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը քաղաքացուն տրամադրում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալու իրավունք վերապահող փաստաթուղթ` վերադարձի վկայական կամ անձնագիր:
8. Եթե օտարերկրյա պետությունում, որտեղ գտնվում է անձը, Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա քաղաքացին իրավունք ունի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից փոստով ստանալու վերադարձի վկայական կամ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ ունեցող որևէ պետություն մուտք գործելու իրավունք վերապահող փաստաթուղթ:
9. Անձնագիր ստանալու համար քաղաքացին ներկայացնում է`
1) դիմում.
2) նույնականացման քարտ, իսկ մինչև 16 տարեկան քաղաքացին` ծննդյան վկայական.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր` սույն մասի 2-րդ կետով նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում.
4) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները).
5) պետական տուրքի վճարման անդորրագիր:
10. Անձնագիրը փոխանակելու համար քաղաքացին ներկայացնում է`
1) դիմում.
2) փոխանակման ենթակա անձնագիրը.
3) զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք (զինապարտները).
4) պետական տուրքի վճարման անդորրագիր:
11. Անձնագիր ստանալու (փոխանակելու) համար քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում լուսանկարվում և հանձնում է մատնադրոշմները ոստիկանության մարմնում, իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում:
12. Անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը կամ քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում` գանձվող վճարի դիմաց: Գանձվող վճարի չափը և դրա դիմաց անձնագիր տրամադրելու (փոխանակելու) ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից անձնագիրը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվանից հետո` 60-օրյա ժամկետում:
13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձը անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում հանձնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ: Անձի ցանկությամբ հին անձնագիրը վերադարձվում է դակելուց հետո:
14. Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, կամ քաղաքացին հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում, ապա դիմումն ընդունվում է և դիմումատուին առաջարկվում 5-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը և (կամ) հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:
15. Անձնագիր տրամադրելը (փոխանակելը) մերժվում է, եթե`
1) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի ներկայացրել սույն օրենքով պահանջվող փաստաթղթերը.
2) դիմումատուն 5-օրյա ժամկետում չի հաշվառվել բնակչության պետական ռեգիստրում:
16. Անձնագիրը տրամադրելիս քաղաքացուն վերադարձվում են սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով, սույն հոդվածի 9-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, տրամադրելը մերժելիս` սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով, սույն հոդվածի 9-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, փոխանակելիս` սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով, սույն հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, փոխանակելը մերժելիս` սույն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասով, սույն հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:
17. Անձնագրի, վերադարձի վկայականի ձևը և վերադարձի վկայականի տրամադրման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով նախատեսված դիմումների ձևերը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:
(5-րդ հոդվածը լրաց. 20.03.12 ՀՕ-86-Ն)
Հոդված 6. |
Անձնագիրը փոխանակելու հիմքերը |
1. Անձնագիրը փոխանակվում է հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
1) քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են ամրագրման քաղաքացու անձնագրում.
2) լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը.
3) լրացել է անձնագրի վավերականության ժամկետը.
4) անձնագրի մեջ առկա են ոչ ճիշտ տվյալներ.
5) քաղաքացին նման ցանկություն է հայտնել:
Հոդված 7. |
Անձնագիրը անվավեր ճանաչելու հիմքերը |
1. Անձնագիրը անվավեր է ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
1) լրացել է դրա վավերականության ժամկետը.
2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց.
3) անձնագիրը կորել է.
4) անձնագիրը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.
5) անձնագիրը կեղծվել է.
6) անձնագիրը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.
7) քաղաքացին անձնագիրը չի վերցրել այն ստանալու մասին դիմում տալու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում.
8) անձը մահացել է:
2. Անձնագիրը կորցնելու դեպքում քաղաքացին այդ մասին հայտնում է ոստիկանության մարմին, այլ պետությունում գտնվելու դեպքում` տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ և 8-րդ կետերով նախատեսված դեպքերում անձնագիրը համարվում է անվավեր, իսկ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում անվավեր է ճանաչվում ոստիկանության մարմնի որոշմամբ:
4. Մահացած քաղաքացու անձնագիրը հանձնվում է մահվան պետական գրանցումն իրականացնող մարմնին:
Հոդված 8. |
Անձնագիրը վերցնելը |
1. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինները իրենց վերապահված լիազորություններն իրականացնելիս պարտավոր են անձնագիրը վերցնել, եթե առկա են անձնագիրը անվավեր ճանաչելու` սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ և 5-6-րդ կետերով նախատեսված հիմքերը, կամ քաղաքացին օգտագործում է այլ քաղաքացուն պատկանող անձնագիր: Անձնագիրը վերցնելուց հետո անմիջապես քաղաքացուն տրվում է անձնագիրը վերցնելու փաստը հավաստող տեղեկանք: Տեղեկանքի ձևը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացու անձնագիրը վերցնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:
3. Վերցված անձնագիրը փոխանցվում է այն տրամադրած ոստիկանության մարմին, բացի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերից:
4. Կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը ժամանակավորապես վերցնում է հետաքննության կամ նախաքննության մարմինը: Ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձանց անձնագիրը վերցնում է զինկոմիսարիատը: Կասկածյալի և մեղադրյալի անձնագիրը պահվում է վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց մոտ և վերադարձվում է հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելուց հետո անմիջապես: Ժամկետային զինվորական ծառայության զորակոչված անձի անձնագիրը վերադարձվում է ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո անմիջապես: Ազատազրկման դատապարտված անձի անձնագիրը պահվում է պատիժը կատարող մարմնում և քաղաքացուն վերադարձվում է պատիժը կրելուց հետո անմիջապես:
5. Արգելվում է անձնագիրը վերցնելը (բացառությամբ սույն հոդվածում նշված դեպքերի) կամ գրավ ընդունելը:
Հոդված 9. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:
2. 2014 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 16 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներն իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը: Օտարերկրյա պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մինչև 2014 թվականի ապրիլի 1-ը իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը: Այն օտարերկրյա պետությունների ցանկը, որտեղ գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններ կամ հյուպատոսական հիմնարկներ դիմած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2014 թվականի ապրիլի 1-ից հետո իրավունք ունեն ստանալու կամ փոխանակելու Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը, սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
3. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը և օրենքով նախատեսված դեպքերում 2014 թվականի հունվարի 1-ից հետո տրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մինչև դրանց վավերականության ժամկետների ավարտը:
4. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ և 17-րդ մասերով և 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո` եռամսյա ժամկետում:
(9-րդ հոդվածը խմբ. 20.03.12 ՀՕ-86-Ն, 11.11.13 ՀՕ-135-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 21 |