ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3578-Ա |
«18» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Խրիստինա Կերասիդուի լիազորված անձ՝ Արման Սարգսյանի 2024 թվականի հուլիսի 23-ի թիվ Դ-93667-24, 2024 թվականի օգոստոսի 5-ի թիվ Դ-99277-24, 2024 թվականի օգոստոսի 20-ի թիվ Դ-106097-24 դիմումների հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարչարարություն:
Ուսումնասիրելով Խրիստինա Կերասիդուի լիազորված անձ՝ Արման Սարգսյանի 2024 թվականի հուլիսի 23-ի թիվ Դ-93667-24, 2024 թվականի օգոստոսի 5-ի թիվ Դ-99277-24, 2024 թվականի օգոստոսի 20-ի թիվ Դ-106097-24 դիմումները (այսուհետ՝ Դիմումներ), գնահատելով նշված դիմումներին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Դիմումներին կից ներկայացված ապացույցների համաձայն՝ 2024 թվականի հունիսի 18-ին Երևան քաղաքի Գերցենի փողոցի թիվ 25 հասցեի դիմաց կայանված՝ Խրիստինա Կերասիդուի սեփականությունը հանդիսացող «Mercedes-Benz E 320» մակնիշի «34 PZ 454» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ է ընկել, ինչի հետևանքով ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է վնաս:
Խրիստինա Կերասիդուի լիազորված անձ՝ Արման Սարգսյանը, ներկայացնելով «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետի կողմից տրված՝ 2024 թվականի օգոստոսի 2-ի թիվ 24-0091Պ հետքաբանական եզրակացությունը և «Գնահատման և փորձաքննությունների ազգային կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից տրված՝ 2024 թվականի հուլիսի 18-ի թիվ ԱԳ-34/ԱՊՐ/24 ապրանքագիտական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնում 2024 թվականի հունիսի 18-ին ստացված հաղորդման կապակցությամբ կազմված թիվ 005903 արձանագրությունը, փորձաքննությունների համար կատարված վճարումները հավաստող անդորրագրերը՝ խնդրել է փոխհատուցել «Mercedes-Benz E 320» մակնիշի «34 PZ 454» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու հետևանքով առաջացած վնասը:
2014 թվականի հուլիսի 9-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ HB337767 վկայագրի համաձայն՝ «Mercedes-Benz E 320» մակնիշի «34 PZ 454» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Խրիստինա Կերասիդուի սեփականությունը:
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2024 թվականի հունիսի 27-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գերցենի փողոցի թիվ 25 հասցեի դիմաց «Mercedes-Benz E 320» մակնիշի «34 PZ 454» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա կոտրվել և ընկել է կենսունակ ուռենի։
«Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետի կողմից տրված՝ 2024 թվականի օգոստոսի 2-ի թիվ 24-0091Պ հետքաբանական եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Mercedes-Benz E 320» մակնիշի «34 PZ 454» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա հայտնաբերված վնասվածքները և հետքերը կարող էին առաջանալ ծառի մակերեսների հետ փոխազդեցության մեջ մտնելու հետևանքով՝ ծառի վայր ընկնելու արդյունքում:
«Գնահատման և փորձաքննությունների ազգային կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից տրված՝ 2024 թվականի հուլիսի 18-ի թիվ ԱԳ-34/ԱՊՐ/24 ապրանքագիտական եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված «Mercedes-Benz E 320» մակնիշի «34 PZ 454» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա նկարագրված վնասվածքների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը, 2024 թվականի հունիսի 18-ի դրությամբ, կազմել է շուրջ 1,158,000 (մեկ միլիոն հարյուր հիսունութ հազար) ՀՀ դրամ:
«ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2024 թվականի օգոստոսի 2-ին տրված թիվ 240802028538069 անդորրագրերի համաձայն՝ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանը վճարվել է 72,000 (յոթանասուներկու հազար) ՀՀ դրամ՝ որպես թիվ 24-0091Պ փորձաքննության վճար:
«ԱԿԲԱ բանկ» բաց բաժնետիրական ընկերության կողմից տրված (տերմինալի համար՝ 10000183) թիվ 3796478 անդորրագրի համաձայն՝ «Գնահատման և փորձաքննությունների ազգային կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարվել է 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես թիվ 34/ԱՊՐ/24 պայմանագրի վճար:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Դիմումների հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է Խրիստինա Կերասիդուի սեփականությունը հանդիսացող ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2024 թվականի հունիսի 27-ին տրամադրված տեղեկատվությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնում 2024 թվականի հունիսի 18-ին ստացված հաղորդման կապակցությամբ կազմված թիվ 005903 արձանագրությունը, «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետի կողմից տրված՝ 2024 թվականի օգոստոսի 2-ի թիվ 24-0091Պ հետքաբանական եզրակացությունը, «Գնահատման և փորձաքննությունների ազգային կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից տրված՝ 2024 թվականի հուլիսի 18-ի թիվ ԱԳ-34/ԱՊՐ/24 ապրանքագիտական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Խրիստինա Կերասիդուի լիազորված անձ՝ Արման Սարգսյանի 2024 թվականի հուլիսի 23-ի թիվ Դ-93667-24, 2024 թվականի օգոստոսի 5-ի թիվ Դ-99277-24, 2024 թվականի օգոստոսի 20-ի թիվ Դ-106097-24 դիմումները բավարարել:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` «Գնահատման և փորձաքննությունների ազգային կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից տրված՝ 2024 թվականի հուլիսի 18-ի թիվ ԱԳ-34/ԱՊՐ/24 ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Mercedes-Benz E 320» մակնիշի «34 PZ 454» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 1,158,000 (մեկ միլիոն հարյուր հիսունութ հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև 152,000 (մեկ հարյուր հիսուներկու հազար) ՀՀ դրամը, որպես 2024 թվականի օգոստոսի 2-ի թիվ 24-0091Պ հետքաբանական և 2024 թվականի հուլիսի 18-ի թիվ ԱԳ-34/ԱՊՐ/24 ապրանքագիտական եզրակացությունները ձեռք բերելու նպատակով կատարված ծախս, փոխհատուցել Խրիստինա Կերասիդուին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |