ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/5331/02/192022 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/5331/02/19 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Հ. Բեդևյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2022 թվականի ապրիլի 05-ին
գրավոր ընթացակարգով քննելով՝ Ռուզաննա Հարությունյանի բերած վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ընդդեմ Սամվել Պողոսյանի, Ռուզաննա Հարությունյանի, Անահիտ Սահակյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պահանջել է Սամվել Պողոսյանից, Ռուզաննա Հարությունյանից, Անահիտ Սահակյանից բռնագանձել 5․318․957 ՀՀ դրամ։
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ․ Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 23.04.2021 թվականի վճռով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի հայցը բավարարվել է մասնակի:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Դ․ Սերոբյան, դատավորներ՝ Ա․ Խառատյան, Մ․ Հարթենյան) 23.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Ռուզաննա Հարությունյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Ռուզաննա Հարությունյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուզաննա Հարությունյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ և 70-րդ հոդվածները, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, չկիրառելով պետական տուրքի գծով արտոնություն, խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ և 70-րդ հոդվածները, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը, ինչպես նաև շեղվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից։
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն ուշադրության չի արժանացրել և անտեսել է բողոք բերած անձի գույքային վիճակը հավաստող ապացույցները, որի արդյունքում էլ մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 23.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը, անհրաժեշտության դեպքում՝ կայացնել նոր դատական ակտ։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի, 370-րդ հոդվածի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք սույն գործով կրկին բերված վերաքննիչ բողոքին կից ներկայացրած ապացույցները և վերաքննիչ բողոքում նշված պետական տուրքի վճարման գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարար էին պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու և վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու համար:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի օրենքի գերակայության լույսի ներքո, որով պահանջվում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները (տե՛ս՝ Běleš-ը և այլք ընդդեմ Չեխիայի Հանրապետության, application no. 47273/99, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) 12․02․2003 թվականի որոշում, § 49):
Յուրաքանչյուր ոք ունի իր «քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների» հետ կապված ցանկացած պահանջ դատարանում կամ տրիբունալում ներկայացնելու իրավունք: Այդպիսով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը ներառում է «դատարանի իրավունքը», որում մատչելիության իրավունքը, այսինքն՝ դատարանում քաղաքացիական գործով վարույթ հարուցելու իրավունքը, դրա մի մասն է (տե՛ս՝ Golder-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, application no. 4451/70, Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի որոշում, § 36):
«Դատարանի իրավունքը» և մատչելիության իրավունքը բացարձակ չեն: Դրանք կարող են ենթարկվել սահմանափակումների, սակայն դրանով չպետք է սահմանափակվի կամ նվազեցվի անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս՝ Philis-ն ընդդեմ Հունաստանի, application no. 12750/87; 13780/88; 14003/88, Եվրոպական դատարանի 27.08.1991 թվականի որոշում, § 59, De Geouffre de la Pradelle-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 12964/87, Եվրոպական դատարանի 16.12.1992 թվականի որոշում, § 28, Stanev-ն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ], application no. 36760/06, Եվրոպական դատարանի 17.01.2012 թվականի որոշում, § 229):
Դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի «գործնական և արդյունավետ» (տե՛ս՝ Bellet-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 23805/94, Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշում, § 38): Որպեսզի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անհատը պետք է «ունենա հստակ, գործնական հնարավորություն՝ վիճարկելու այն ակտը, որով միջամտություն է կատարվում իր իրավունքներին» (տե՛ս՝ Bellet-ն ընդդեմ Ֆրանսիայի, application no. 23805/94, Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի որոշում, § 36, Nunes Dias-ն ընդդեմ Պորտուգալիայի, application no. 69829/01, 2672/03, Եվրոպական դատարանի 10.04.2003 թվականի որոշում): Այն կանոնները, որոնք կարգավորում են դատական վերանայման համար բողոք կամ դիմում ներկայացնելիս ձեռնարկվելիք պաշտոնական քայլերն ու ժամկետների հետ համապատասխանությունը, նպատակ ունեն ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը և, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքի հետ համապատասխանությունը (տե՛ս՝ Cañete de Goñi-ն ընդդեմ Իսպանիայի, application no. 55782/00, Եվրոպական դատարանի 15․01․2003 թվականի որոշում, § 36): Հետևաբար, նշված կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների՝ իրավական պաշտպանության հասանելի միջոցի օգտագործումը (տե՛ս՝ Miragall Escolano-ն ընդդեմ Իսպանիայի, applications nos. 38366/97, 38688/97, 40777/98, 40843/98, 41015/98, 41400/98, 41446/98, 41484/98, 41487/98 և 41509/98, Եվրոպական դատարանի 25․01․2000 թվականի որոշում, Zvolský-ն և Zvolská-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության, application no. 46129/99, Եվրոպական դատարանի 12․11․2002 թվականի որոշում, § 51):
Դատարանների մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել անուղղակի սահմանափակումների (տե՛ս՝ Golder-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, application no. 4451/70, Եվրոպական դատարանի 21.02.1975 թվականի որոշում, § 38, Stanev-ն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ], application no. 36760/06, Եվրոպական դատարանի 17.01.2012 թվականի որոշում, § 230): Սա կիրառելի է, մասնավորապես, բողոքի ընդունելիության պայմանների առնչությամբ, քանի որ դրա բնույթից ելնելով՝ պահանջվում է դրա հետ կապված կարգավորում պետության կողմից, որին այս առնչությամբ վերապահված է հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ (տե՛ս՝ Luordo-ն ընդդեմ Իտալիայի, application no. 32190/96, Եվրոպական դատարանի 17.07.2003 թվականի որոշում, § 85):
Միաժամանակ, դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «…պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui ընդդեմ Ֆրանսիայի, application no. 34791/97, Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի որոշում):
Կիրառվող սահմանափակումները չպետք է սահմանափակեն կամ նվազեցնեն անհատին տրամադրված մատչելիության իրավունքն այնպես կամ այն չափով, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Ավելին, որևէ սահմանափակում համատեղելի չի լինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն չի հետապնդում «իրավաչափ նպատակ», և եթե «գործադրվող միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերություն» (տե՛ս՝ Ashingdane-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, application no. 8225/78, Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի որոշում, § 57, Fayed-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, application no. 17101/90, Եվրոպական դատարանի 21.09.1990 թվականի որոշում, § 65, Markovic-ը և այլք ընդդեմ Իտալիայի [ՄՊ], application no. 1398/03, Եվրոպական դատարանի 14.12.2006 թվականի որոշում, § 99):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` կարևորելով դրանք որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական և վարչական):
Մասնավորապես՝ ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ 28.11.2007 թվականի ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «…հայցը կամ դիմումը դատարան՝ իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում, ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ…»:
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) անդրադառնալով դատարանի մատչելիության սկզբունքին, արձանագրել է, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել որոշ սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, (…) մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի համաձայն՝ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան գործն ստանալու պահից 15 օրվա ընթացքում, իսկ սույն օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց կողմից բողոք ներկայացվելու դեպքում գործն ստանալու պահից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է սույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ սույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն՝ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները` նույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
Տվյալ դեպքում, Դատարանի 23.04.2021 թվականի վճռով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի հայցը բավարարվել է մասնակի (հատոր 2-րդ, գ․թ․ 132)։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Ռուզաննա Հարությունյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն հիմնավորմամբ, որ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել գույքային դրությունը հիմնավորող որևէ ապացույց, որով կհիմնավորվեր պետական տուրքը ամբողջությամբ կամ մասնակի վճարելու անկարողության վերաբերյալ փաստարկը (հատոր 3-րդ, գ․թ․ 16-17)։
Վերաքննիչ դատարանի 23.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Ռուզաննա Հարությունյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն հիմնավորմամբ, որ «(…) ի սկզբանե ներկայացված վերաքննիչ բողոքին կցված չի եղել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց, իսկ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է այն հիմնավորմամբ, որ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել գույքային դրությունը հիմնավորող որևէ ապացույց, որով կհիմնավորվեր պետական տուրքը ամբողջությամբ կամ մասնակի վճարելու անկարողության վերաբերյալ փաստարկը: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցվել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց: Վերոգրյալ պատճառաբանությամբ՝ Վերաքննիչ դատարանը եզրակացրեց, որ վերաքննիչ բողոքի ընդունումը պետք է մերժել, քանի որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին էլ ի խախտումն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի չի կցել պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց, ինչպես նաև չի ներկայացրել պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, այսինքն՝ չի վերացրել Վերաքննիչ դատարանի 23.06.2021թ. որոշմամբ արձանագրված խախտումը պետական տուրքի մասով, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով:» (հատոր 3-րդ, գ․թ․ 45)։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով այն հիմքով, որ բողոքաբերը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը կամ պետական տուրքի վճարման գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, անտեսել է այն հանգամանքը, որ բողոք բերած անձը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է 44.160 ՀՀ դրամ կենսաթոշակ ստանալու վերաբերյալ վկայականի պատճենը (հատոր 3-րդ, գ․թ․ 38), 08.07.2021 թվականին տրված թիվ 1404-21 տեղեկանքն առ այն, որ հաշվառված է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնում՝ որպես աշխատանք փնտրող, չզբաղված անձ (հատոր 3-րդ, գ․թ․ 40), ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 13.07.2021 թվականին տրված տեղեկանքի պատճենն առ այն, որ Ռուզաննա Փայլակի Հարությունյանի անվամբ որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ (հատոր 3-րդ, գ․թ․ 41), ինչպես նաև կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում նշել է, որ «ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից ինձ տրամադրված բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու 15-օրյա ժամկետում ես իմ անհուսալի գույքային դրությունը հաստատելու համար ներկայացնում եմ նաև 08.07.2021 թվականի Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի թիվ 1404-21 տեղեկանքը և ՀՀ Կադաստրի կոմիտեի 13.07.2021 թ. տեղեկանքը՝ գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ, որոնք մեկ անգամ ևս հավաստում են, որ իմ գույքային վիճակը կարող է հիմք հանդիսանալ, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հարգի իմ միջնորդությունը ՇԴ/5331/02/19 քաղ. գործով կայացված վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի վճարումը հետաձգելու և որոշմամբ լուծելու համար, որը ես կրկին ներկայացնում եմ և պնդում (…)» (հատոր 3-րդ, գ․թ․ 31)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Ռուզաննա Հարությունյանը վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը, սակայն վերաքննիչ բողոքում կրկին ներկայացրել է պետական տուրքի վճարման գծով արտոնություն կիրառելու, այն է՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը և կից ներկայացրել է իր գույքային ոչ բավարար դրությունը հավաստող փաստաթղթերը, որոնք հիմք են պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով առաջին հերթին պետք է առաջնորդվեր անձի արդարադատության մատչելիության իրավունքի ապահովման սկզբունքով և ելներ այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ապահովելու նպատակից:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի, 370-րդ հոդվածի, 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Ռուզաննա Հարությունյանի վերաքննիչ բողոքի ընդունումը՝ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Ռուզաննա Հարությունյանի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում զրկելով վերջինիս վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 23.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան Զեկուցող Հ. Բեդևյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Ա. Մկրտչյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ՇԴ/5331/02/19 քաղաքացիական գործով 2022 թվականի ապրիլի 05-ի կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
05․04․2022 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի ապրիլի 05-ին գրավոր ընթացակարգով քննելով՝ Ռուզաննա Հարությունյանի բերած վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ընդդեմ Սամվել Պողոսյանի, Ռուզաննա Հարությունյանի, Անահիտ Սահակյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն պահանջել է Սամվել Պողոսյանից, Ռուզաննա Հարությունյանից, Անահիտ Սահակյանից բռնագանձել 5․318․957 ՀՀ դրամ։
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ․ Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 23.04.2021 թվականի վճռով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի հայցը բավարարվել է մասնակի:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Դ․ Սերոբյան, դատավորներ՝ Ա․ Խառատյան, Մ․ Հարթենյան) 23.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Ռուզաննա Հարությունյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Ռուզաննա Հարությունյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուզաննա Հարությունյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ և 70-րդ հոդվածները, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, չկիրառելով պետական տուրքի գծով արտոնություն, խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ և 70-րդ հոդվածները, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը, ինչպես նաև շեղվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից։
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն ուշադրության չի արժանացրել և անտեսել է բողոք բերած անձի գույքային վիճակը հավաստող ապացույցները, որի արդյունքում էլ մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 23.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը, անհրաժեշտության դեպքում՝ կայացնել նոր դատական ակտ։
3. Հատուկ կարծիքի հիմնավորումները`
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 23.04.2021 թվականի վճռով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի հայցը բավարարվել է մասնակի (հատոր 2-րդ, գ․թ․ 132)։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.06.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Ռուզաննա Հարությունյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն հիմնավորմամբ, որ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել գույքային դրությունը հիմնավորող որևէ ապացույց, որով կհիմնավորվեր պետական տուրքը ամբողջությամբ կամ մասնակի վճարելու անկարողության վերաբերյալ փաստարկը (հատոր 3-րդ, գ․թ․ 16-17)։
Վերաքննիչ դատարանի 23.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Ռուզաննա Հարությունյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն հիմնավորմամբ, որ «(…) իսկզբանե ներկայացված վերաքննիչ բողոքին կցված չի եղել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց, իսկ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է այն հիմնավորմամբ, որ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել գույքային դրությունը հիմնավորող որևէ ապացույց, որով կհիմնավորվեր պետական տուրքը ամբողջությամբ կամ մասնակի վճարելու անկարողության վերաբերյալ փաստարկը: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցվել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց: Վերոգրյալ պատճառաբանությամբ՝ Վերաքննիչ դատարանը եզրակացրեց, որ վերաքննիչ բողոքի ընդունումը պետք է մերժել, քանի որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին էլ ի խախտումն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի չի կցել պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց, ինչպես նաև չի ներկայացրել պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, այսինքն՝ չի վերացրել Վերաքննիչ դատարանի 23.06.2021թ. որոշմամբ արձանագրված խախտումը պետական տուրքի մասով, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով:» (հատոր 3-րդ, գ․թ․ 45)։
Վճռաբեկ դատարանն արձանագրել է որ «․․․տվյալ դեպքում Ռուզաննա Հարությունյանը վերաքննիչ բողոքին կից չի ներկայացրել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը, սակայն վերաքննիչ բողոքում կրկին ներկայացրել է պետական տուրքի վճարման գծով արտոնություն կիրառելու, այն է՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը և կից ներկայացրել է իր գույքային ոչ բավարար դրությունը հավաստող փաստաթղթերը, որոնք հիմք են պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու համար:»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում նույն օրենքի 7 հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (...):
Նույն օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, (...):
Նույն օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` գույքային պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով, ոչ գույքային բնույթի պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով, հատուկ վարույթի գործերով բազային տուրքի ութապատիկի չափով։
Նույն օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` (...) դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում(...)։
Նույն օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն՝ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ պետական տուրքը պետական բյուջե մուծվող պարտադիր վճար է, որը գանձվում է պետական մարմինների մատուցած ծառայությունների կամ կատարած գործողությունների համար։ Հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի վճարումն անձի դատական պաշտպանության իրավունքի իրականացման նախապայմաններից մեկն է, քանի որ օրենքով սահմանված կարգով պետական տուրքը վճարելու հանգամանքով է պայմանավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ արդարադատությունից օգտվելու հնարավորությունը:
25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ դատարաններում պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում փոխհատուցել պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, կանխարգելել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը, դատարան դիմելու իրավունքի չարաշահումը:
Հարկ է արձանագրել, որ պետական տուրքի գծով արտոնությունները նպատակ են հետապնդում վերացնել արդարադատության մատչելիության այնպիսի խոչընդոտները, որոնք պայմանավորում են անձի մոտ համապատասխան միջոցների բացակայության պատճառով դատարան դիմելու, վերադաս ատյան բողոք ներկայացնելու անհնարինությունը: Հետևաբար դատարանները պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել՝ միմիայն ելնելով համապատասխան միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունից:
Սույն գործով կրկին անգամ վերաքննիչ բողոք ներկայացրած անձ Ռուզաննա Հարությունյանը վերաքննիչ բողոքին չի կցել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթ և ներկայացրել է վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին միջնորդություն` պատճառաբանելով, որ «․․․ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից ինձ տրամադրված բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու 15-օրյա ժամկետում ես իմ անհուսալի գույքային դրությունը հաստատելու համար ներկայացնում եմ նաև 08.07.2021 թվականի Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի թիվ 1404-21 տեղեկանքը և ՀՀ Կադաստրի կոմիտեի 13.07.2021 թ. տեղեկանքը՝ գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ, որոնք մեկ անգամ ևս հավաստում են, որ իմ գույքային վիճակը կարող է հիմք հանդիսանալ, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հարգի իմ միջնորդությունը ՇԴ/5331/02/19 քաղ. գործով կայացված վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի վճարումը հետաձգելու և որոշմամբ լուծելու համար, որը ես կրկին ներկայացնում եմ և պնդում (…)» (հատոր 3-րդ, գ․թ․ 31):
Տվյալ դեպքում Ռուզաննա Հարությունյանը, կրկին անգամ ներկայացնելով վերաքննիչ բողոք և միջնորդելով պետական տուրքի գծով սահմանել արտոնություն` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու տեսքով, միջնորդությանը կից ներկայացրել է 44.160 ՀՀ դրամ կենսաթոշակ ստանալու վերաբերյալ վկայականի պատճենը (հատոր 3-րդ, գ․թ․ 38), 08.07.2021 թվականին տրված թիվ 1404-21 տեղեկանքը առ այն, որ հաշվառված է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնում՝ որպես աշխատանք փնտրող, չզբաղված անձ է (հատոր 3-րդ, գ․թ․ 40), ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 13.07.2021 թվականին տրված տեղեկանքի պատճենը առ այն, որ Ռուզաննա Փայլակի Հարությունյանի անվամբ որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ (հատոր 3-րդ, գ․թ․ 41), սակայն գտնում եմ, որ թոշակառու լինելը դեռևս չի նշանակում պետական տուրքը վճարելու անկարողություն, հետևաբար վերջինս պետք է ներկայացներ նաև բանկային հաշվի քաղվածք(ներ), իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից տրված քաղվածք(ներ) առ այն, որ չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր կամ չունի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ իրավաբանական անձի բաժնեմասերի նկատմամբ գրանցում։ Ուստի գտնում եմ, որ Ռուզաննա Հարությունյանի կողմից ներկայացված վերոնշյալ փաստաթղթերը բավարար հիմք չեն վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու միջնորդությունը բավարարելու համար։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ գտնում եմ, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերացնելու համար, հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` նկատի ունենալով, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.07.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու հիմքեր առկա չեն:
Դատավոր` ԷԴ. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2022 թվական: