Գլխավոր տեղեկություն
Համար
N 925-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (14.04.2020-20.04.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.07.31/28(203) Հոդ.654
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.05.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.07.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2002 թվականի N 925-Ն

 

«ԽՈՍՐՈՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 09.04.20 N 521-Ն)

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Խոսրովի պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Հաստատել՝

ա) «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի, «Խոր Վիրապ» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն N 5 հավելվածի, և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն N 6 հավելվածի.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 09.04.20 N 521-Ն)

(2-րդ կետը լրաց. 25.01.07 N 975-Ն, փոփ. 09.04.20 N 521-Ն)

3. Սահմանել, որ՝

ա) «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերի տարածքների բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, բնության տարեգրության վարման ապահովումն է.

բ) «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

գիտաճանաչողական զբոսաշրջության, այդ թվում՝ էկոզբոսաշրջության կազմակերպում.

գիտական ու գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում.

բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար նախադրյալների ապահովում.

էկոլոգիական և գիտաճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,

«Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերին վերաբերող գովազդի կազմակերպում.

տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն.

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանական գոտու, «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերի տարածքներում տարածաշրջանին բնորոշ արժեքավոր, հազվագյուտ և անհետացող կենդանիների ու բույսերի տեսակների վերարտադրության կազմակերպում.

գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ «Խոսրովի պետական արգելոց» պետական հիմնարկի տնօրինության՝

պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ համաձայն N 3 հավելվածի, բացառությամբ շենքերի և շինությունների, սեփականության իրավունքով հանձնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

շենքերը և շինությունները՝ համաձայն N 4 հավելվածի, ինչպես նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, «Խոր Վիրապ» և «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրերի համապատասխան տարածքները՝ ըստ անտառաշինական և հողաշինարարական նախագծերի, «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում են անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով.

դ) մինչև վերակազմակերպումը «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:

Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրում:

(3-րդ կետը փոփ., լրաց. 25.01.07 N 975-Ն)

4. «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:

(4-րդ կետը փոփ. 25.07.19 N 936-Ն, 09.04.20 N 521-Ն)

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝

ա) «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության պետական գրանցումը.

բ) «Խոսրովի անտառ» պետական արգելոցի անտառաշինական քարտեզների հիման վրա մեկ տարվա ընթացքում՝ սահմանված կարգով ապահովել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքի քարտեզագրումը, արգելոցի ու դրա պահպանական գոտու սահմանների ճշտումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո՝ հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ՝

ա) սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության 1999-2001 թվականների պետական բյուջեների կատարման արդյունքներով «Խոսրովի պետական արգելոց» պետական հիմնարկի ֆինանսավորման գծով առաջացած պարտքերը մարելու վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հայտի հիման վրա՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հուլիսի 9
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 925-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Խոսրովի անտառ» պետական արգելոցը (այսուհետ՝ արգելոց) ստեղծվել է Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայկական ՍՍՌ բնության պահպանության մասին» օրենքի կիրառման մասին» N 341 որոշմամբ:

2. Արգելոցի ստեղծման նպատակներն են՝

ա) Ազատ և Վեդի գետերի ավազանների ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի ապահովումը, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանությունը.

բ) կենտրոնական Հայաստանին բնորոշ հազվագյուտ և անհետացող վայրի բույսերի ու կենդանիների տեսակների, գենոֆոնդի և դրանց ապրելու միջավայրի պահպանությունը.

գ) բնական լանդշաֆտների, դրանց առանձին տարրերի, բնական գործընթացների ու երևույթների գիտական ուսումնասիրությունը՝ ուղղված արգելոցի տարածքի բնական էկոհամակարգերում ընթացող գործընթացների կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, բնության պահպանության գիտական հիմունքների մշակմանը, արգելոցին հարակից տարածքների համար բնության պահպանության և օգտագործման արդյունավետ ձևերի մշակման համար բազայի ապահովմանը.

դ) էկոլոգիական դիտանցի կազմակերպման, բնության տարեգրության վարման և տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը.

ե) գիտաճանաչողական զբոսաշրջության զարգացման նախադրյալների ապահովումը.

զ) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը:

3. Արգելոցի տարածքում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողերը՝ ներառյալ ջրերը, ընդերքը, կենդանական և բուսական աշխարհը:

4. Արգելոցի անվանումն է՝

հայերեն լրիվ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց,

հայերեն կրճատ՝ «Խոսրովի անտառ» ՊԱ,

ռուսերեն լրիվ՝ Государственный заповедник "Хосровский лес",

ռուսերեն կրճատ՝ ГЗ "Хосровский лес",

անգլերեն լրիվ՝ Khosrov Forest State Reserve,

անգլերեն կրճատ՝ Khosrov Forest SR:

 

II. ԱՐԳԵԼՈՑԻ ՌԵԺԻՄԸ

 

5. Արգելոցի տարածքում արգելվում են՝

ա) ջրային պաշարների շահագործումը և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն,

բ) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելոցի բնականոն գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների և ճանապարհների շինարարության),

գ) որսորդությունը, ձկնորսությունը, կենդանիների ապրելու միջավայրի և բնական պայմանների խախտումը,

դ) կենդանիների և բույսերի առանձին տեսակների թվի ավելացման նպատակով իրականացվող ցանկացած աշխատանք, ինչպես նաև դրանց նոր տեսակների ներմուծումը,

ե) հավաքածուների ստեղծման նպատակով նյութերի հավաքումը (բացառությամբ արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված նյութերի),

զ) վնասատուների ու հիվանդությունների դեմ պայքարի և հողերի պարարտացման նպատակով թունաքիմիկատների ու պարարտանյութերի օգտագործումը,

է) երկրաբանահետախուզական աշխատանքները, որոնք ուղեկցվում են փորձնական հանույթներով, մակաբացումներով, պայթեցումներով և բնական միջավայրը խախտող այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ,

ը) օգտակար հանածոների մշակումը, հողային ծածկույթի խախտումը, հանքաշերտերի, հանքելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը,

թ) ծառահատումները, բույսերի, ծաղիկների ու սերմերի մթերումը, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ,

ժ) մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը՝ թույլատրված ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում,

ժա) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է արգելոցի բնական էկոհամակարգերն ու օբյեկտները կամ վտանգ է ստեղծում գիտական և (կամ) մշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանության համար:

6. Արգելոցի տարածք մուտքը թույլատրվում է՝

ա) գիտահետազոտական աշխատանքների կատարման, ինչպես նաև արգելոցի գործունեության հետ կապված պաշտոնական այցելությունների համար,

բ) զբոսաշրջության համար:

7. Արգելոցի տարածք մուտքը թույլատրվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի կամ լիազորված պետական մարմնի կողմից տրված անցագրերով:

 

III. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

8. Արգելոցի պահպանությունն իրականացնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

 

IV. ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ

 

9. Արգելոցի պահպանական գոտին ընդգրկում է արգելոցին հատկացված տարածքում Ազատ և Վեդի գետերի ջրհավաք ավազանների ջրբաժանային գծերով սահմանափակված տարածքը: Պահպանական գոտու տարածքում կարող են ընդգրկվել տարբեր սեփականատերերի պատկանող հողամասեր, այդ թվում՝ համայնքների վարչական տարածքներում ներառվածը: Դրանց օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Արգելոցի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է արգելոցի էկոհամակարգին և դրա բնականոն զարգացմանը չվնասող՝ լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցված ցանկացած տնտեսական գործունեություն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 925-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 09.04.20 N 521-Ն)

 

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 925-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնված գույքի

 

Գույքի անվանումը 2002 թ. ապրիլի 29-ի դրությամբ
քանակը (հատ) գումարը (հազ. դրամ)
Բարձր լարման տրանսֆորմատոր 1 1,4
Բարեկարգում 1 9,5
Գրամեքենա «Յատրե» 1 1,2
Օդորակիչ (կոնդիցիոներ) 1 2,0
Կահույքի լրակազմ (կոմպլեկտ) 1 3,5
Կահույք՝ փափուկ 6 37
Գրասեղան՝ 2 տումբանի 1 1,2
Հեռուստացույց 1 130
Բազկաթոռ՝ կիսափափուկ 1 110
Ավտոմեքենա «ԳԱԶ - 66» 1 8,0
Ավտոմեքենա «ԳԱԶ - 53» 1 12,0
Ավտոմեքենա «ԶԻԼ-ՄՄԶ-45021» 1 14,6
Ավտոմեքենա «ՈՒԱԶ-3303» 1 10,26
Տրակտոր «ԴՏ - 75» 1 17,6
Էքսկավատոր «Բելոռուս» 1 13,7
Էլեկտրաեռակցման ագրեգատ 1 2,3
Մամլիչ 1 2,4
Ցիստեռն 4 1,1
Ոռոգման ցանց 1 39,9
Բանող ձիեր 11 137,0
Ճանապարհ 1 16,2
Ագիտ. ստենդ 1 2,2
Ռադիոկապի սարք 12 2341,6
Ալեհավաք (անտենա) 1 83,3
 Ընդամենը 50 2753,7

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 925-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերի ԵՎ շինությունների
 

Գույքի անվանումը Քանակը (հատ) Հաշվեկշռային արժեքը (հազ. դրամ)
Վարչական շենք 1 202,2
Հյուրանոցի շենք 1 64
Բնակելի շենք 4 31,17
Մեղվանոց 1 24,5
Տնակ (անտառապետության) 1 67,8
Պահակատուն 1 3,7
Տնակ՝ ֆիննական 2 27,8
Ջրհան կայան 1 14,5
Ավտոմեքենաների ծածկ 1 10,8
Նավթամթերքների ծածկ 1 7,7
 Ընդամենը 16 463,64

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2002 թվականի
 մայիսի 30-ի N 925-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԽՈՐ ՎԻՐԱՊ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Խոր Վիրապ» պետական արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Փոքր Վեդու գյուղական համայնքի վարչական սահմաններում, Արաքս գետի ձախակողմյան մասի Խոր Վիրապ եկեղեցական համալիրի և Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի աջակողմյան հատվածում գտնվող` 50,28 հեկտար խոնավ տարածքի վրա:

2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության, բնականոն զարգացման, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է:

3. Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտները մերձարաքսյան խոնավ տարածքի էկոհամակարգի յուրահատուկ կենդանական աշխարհն ու ջրաճահճային բուսականությունն են:

4. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով 100 մետր լայնությամբ շրջագծով տարածքը սահմանվում է որպես պահպանական գոտի:

 

II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`

1) «Խոր Վիրապ» արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումն ու պահպանությունը.

2) խոնավ տարածքի էկոհամակարգի էկոլոգիական հավասարակշռության, այդ թվում` ջրային ռեժիմի պահպանությունը.

3) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը.

4) վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

5) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը:

 

III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ

 

6. Արգելավայրի տարածքում արգելվում են`

1) ցանկացած գործունեություն, որը խախտում է խոնավ տարածքի զարգացման բնականոն ընթացքը, ինչպես նաև սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը.

2) տարածքի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն, այդ թվում` ստորերկրյա ջրերի և ջրավազանի հատակային նստվածքների շահագործումը.

3) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների).

4) օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը և հողային ու բուսական ծածկույթի խախտումը.

5) թունաքիմիկատների օգտագործումը.

6) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

7) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

8) տարածքի հողի հերկումը:

7. Թույլատրվում է արգելավայրի տարածքում օրենքով սահմանված կարգով իրականացնել`

1) մարդու գործունեության հետևանքով խոնավ տարածքի ջրակենսաբանական հավասարակշռված վիճակը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող միջոցառումներ.

2) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների և վարակի օջախների վերացման աշխատանքներ.

3) էկոլոգիական, գիտաճանաչողական էքսկուրսիաներ և զբոսաշրջություն.

4) տարածքին բնորոշ վայրի բույսերի և կենդանիների, այդ թվում` հազվագյուտ և անհետացող տեսակների վերարտադրությանը նպատակաուղղված միջոցառումներ.

5) գիտահետազոտական ուսումնասիրություններ:

8. Արգելավայրի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է ցանկացած գործունեություն, որը չի խախտում արգելավայրի ջրավազանի հիդրոլոգիական ռեժիմը (ջրավազանի մակարդակի իջեցում, չորացում):

9. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

(հավելվածը լրաց. 25.01.07 N 975-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2002 թվականի
 մայիսի 30-ի N 925-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԳՈՌԱՎԱՆԻ ԱՎԱԶՈՒՏՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Գոռավանի ավազուտներ» արգելավայրը (այսուհետ` արգելավայր) զբաղեցնում է 95,99 հեկտար տարածք, գտնվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի հարավ-արևելյան մասում` Արարատյան հարթավայրի նախալեռնային գոտում, ծովի մակերևույթից 920-980 մետր բարձրության վրա:

2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակն Անդրկովկասում եզակի անապատային էկոհամակարգի, բուսական և կենդանական աշխարհի ամբողջականության պահպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է:

3. Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտներն ավազային անապատին յուրահատուկ կենդանական աշխարհն ու ավազասեր բուսականությունն են:

4. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով 100 մետր լայնությամբ շրջագծով տարածքը սահմանվում է որպես պահպանական գոտի:

 

II. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

5. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`

1) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումն ու պահպանությունը.

2) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը,

3) վտանգված, կրիտիկական վիճակում գտնվող, խոցելի, անհետացման եզրին գտնվող, ինչպես նաև Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

4) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը:

 

III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ

 

6. Արգելավայրի տարածքում արգելվում են`

1) ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի բնական համալիրների զարգացման բնականոն ընթացքը, ինչպես նաև սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը.

2) տարածքի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

3) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների).

4) օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը և հողային ու բուսական ծածկույթի խախտումը.

5) թունաքիմիկատների և քիմիական պարարտանյութերի օգտագործումը.

6) օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հողային և բուսական ծածկույթի խախտումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

8) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

9) տարածքի հողի հերկումը:

7. Արգելավայրի տարածքում օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրականացնել`

1) մարդու գործունեության հետևանքով բնական էկոհամակարգերի հավասարակշռված վիճակը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող միջոցառումներ.

2) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների և վարակի օջախների վերացման աշխատանքներ.

3) էկոլոգիական, գիտաճանաչողական էքսկուրսիաներ և զբոսաշրջություն.

4) էկոհամակարգին բնորոշ հազվագյուտ և անհետացող բույսերի և կենդանիների տեսակների վերարտադրությանը նպատակաուղղված միջոցառումներ.

5) գիտահետազոտական ուսումնասիրություններ:

8. Արգելավայրի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է ցանկացած գործունեություն, որն անմիջականորեն կամ անուղղակի կերպով բացասական ազդեցություն չի թողնում արգելավայրի ավազային անապատին բնորոշ կենդանական աշխարհի և ավազասեր (պսամոֆիլ) բուսականության վրա, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող թունավոր նյութերի և փոշու արտանետումներ, ինչպես նաև չորային միկրոկլիմայական պայմանները խախտող գործողություն` ջրամբարի կառուցում:

9. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

10. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

(հավելվածը լրաց. 25.01.07 N 975-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան