Գլխավոր տեղեկություն
Համար
N 1304-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (28.12.2019-06.06.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.12.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 դեկտեմբերի 2016 թվականի N 1304-Ա

 

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ԵՎ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի ու 24-րդ հոդվածի և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի վերակազմակերպման միջոցով ստեղծել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

1.1. Սահմանել, որ՝

1) «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի իրավահաջորդն է.

2) «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու տարածքային կառավարման մարմինների կողմից մշակված` տրանսպորտի ոլորտի կապիտալ ու զարգացման ծրագրերի մասով (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի) և oտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերն ու աշխատանքները, այդ թվում՝ նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով և «Հյուսիսային միջանցքի արդիականացման» ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման ու դրա նպատակային oգտագործման, պահպանման և հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման oժանդակությունը.

գ) միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների հետ համատեղ իր իրավասության սահմաններում ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, oգտագործման և պահպանման իրականացման բնագավառում oժանդակության և աջակցության ծրագրերի մշակումը.

դ) ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, oգտագործման և պահպանման վերաբերյալ գիտական հետազոտությունների, լաբորատոր և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպումը, ուսումնասիրությունների և գնահատման և վերլուծությունների իրականացումը.

ե) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների ուսումնասիրությունների ու վերլուծությունների իրականացումը և առաջարկություններ ներկայացնելը.

զ) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների վիճակի պարբերական ուսումնասիրությունների և գնահատման իրականացումը և ժամանակին տեխնիկապես հաշվարկված ու հիմնավորված վերականգնողական միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

է) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների նախագծման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքների մշակումը.

ը) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների նախագծային փաստաթղթերի իրականացված փորձաքննության վերաբերյալ եզրակացության տրամադրումը.

թ) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների պահպանման և շահագործման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության իրականացումը և սահմանված կարգով աշխատանքների ընդունումը.

ժ) լիազոր մարմնի հանձնարարությամբ` ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների շինարարական աշխատանքների վերաբերյալ եզրակացության տրամադրումը.

ժա) լիազոր մարմնի հանձնարարությամբ` շինարարական նյութերի և արտադրանքների լաբորատոր փորձաքննությունների իրականացումը.

ժբ) ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ծածկի անհարթության միջազգային ինդեքսի ամենամյա մշտադիտարկում` լիազոր մարմնի կողմից հաստատված մեթոդաբանությանը համապատասխան:

3) «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է.

4) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները:

(1.1-ին կետը լրաց. 26.01.17 N 82-Ա, փոփ. 06.06.19 N 733-Ն, փոփ., խմբ. 26.12.19 N 1969-Ա)

1.2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) հաստատել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

2) հաստատել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվող գույքի ցանկը և փոխանցման ակտը.

3) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպության սեփական և դրան ամրացված գույքի հանձնման-ընդուման աշխատանքների իրականացումը.

4) ապահովել «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարման պետական հաշվառումը.

5) ապահովել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գրանցումն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը.

6) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշումից բխող՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխությունների կատարման վերաբերյալ.

7) սույն որոշումից բխող՝ կազմակերպության վերակազմակերպման գործընթացի հետ կապված ծախսերն իրականացնել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

(1.2-րդ կետը լրաց. 26.01.17 N 82-Ա)

2. «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցելուց հետո «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

(2-րդ կետը խմբ. 26.01.17 N 82-Ա)

3. Սահմանել, որ՝

1) «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է.

2) (ենթակետն ուժը կորցրել է 26.01.17 N 82-Ա)

3) «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է.

4) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները:

(3-րդ կետը փոփ. 26.01.17 N 82-Ա, 06.06.19 N 733-Ն, 26.12.19 N 1969-Ա)

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) հաստատել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

2) հաստատել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվող գույքի ցանկը և փոխանցման ակտը.

3) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման 2-րդ կետում նշված կազմակերպության սեփական և դրան ամրացված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.

4) ապահովել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.

5) (ենթակետն ուժը կորցրել է 26.01.17 N 82-Ա)  

6) ապահովել «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գրանցումն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը.

7) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշումից բխող՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխությունների կատարման վերաբերյալ.

8) սույն որոշումից բխող՝ կազմակերպությունների վերակազմակերպման գործընթացի հետ կապված ծախսերն իրականացնել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

(4-րդ կետը խմբ., փոփ. 26.01.17 N 82-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2016 թ. դեկտեմբերի 20

Երևան