Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1425
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.07.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.07.25/56(1414) Հոդ.831
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
10.07.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2018

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

10 հուլիսի 2018 թ.

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՈՒԹՅԱՆ «ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ԵՎՐՈՊԱ» ԾՐԱԳՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ն. Ղարիբյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց 2018 թվականի մարտի 20-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստորագրված՝ Կառավարության՝ 2018 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

 

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով փոխըմբռնման հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը (այսուհետ` Հուշագիր) ստորագրվել է 2018 թվականի մարտի 20-ին Բրյուսելում` հայաստանյան մշակութային ոլորտի կազմակերպությունների՝ եվրաինտեգրման գործընթացին ակտիվորեն ներգրավվելու, գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի և կինոարտադրության ոլորտներում դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու նպատակով:

2. Հուշագրի անբաժանելի մաս են կազմում երկու Հավելվածները, որոնցով սահմանվում են մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրում Հայաստանի ֆինանսական հատկացումը կարգավորող կանոնները և ֆինանսական վերահսկողության, փոխհատուցման ու խարդախության դեմ միջոցառումները:

3. Հուշագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

● ապահովել, որ Հայաստանի Հանրապետությունը մասնակցի մշակութային ենթածրագրին և մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի (այսուհետև՝ Ծրագիր) միջոլորտային հարթակին` Հուշագրի և Շրջանակային համաձայնագրում շարադրված պայմաններին համաձայն,

● ապահովել, որ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ծրագրի միջոցառումներին համահունչ լինի (ԵՄ) թիվ 1295/2013 կանոնակարգով սահմանված նպատակներին, չափանիշներին, ընթացակարգերին և վերջնաժամկետներին,

● Ծրագիրն իրականացնելու նպատակով ապահովել, որ ներպետական մակարդակով ստեղծվեն համապատասխան կառույցներ ու մեխանիզմներ և ձեռնարկվեն բոլոր այլ անհրաժեշտ միջոցներն աշխատանքների ներպետական համակարգման և կազմակերպման համար՝ համաձայն 1295/2013 կանոնակարգի համապատասխան դրույթների,

● յուրաքանչյուր տարի ֆինանսական հատկացում կատարել Եվրոպական Միության ընդհանուր բյուջե` Հուշագրի 1-ին Հավելվածով սահմանված կարգով,

● ֆինանսական կանոնակարգի և Հուշագրում նշված այլ կանոնների համաձայն` ապահովել, որ Հայաստանի Հանրապետությունում հիմնված՝ Ծրագրի շահառուների հետ կնքված պայմանագրերը և դրամաշնորհային համաձայնագրերը ապահովեն ֆինանսական կամ այլ աուդիտների անցկացումը ցանկացած ժամանակ՝ պայմանագրի կամ դրամաշնորհային համաձայնագրի իրականացման ընթացքում և 5 տարվա կտրվածքով՝ սկսած հաշվեկշռի վճարման օրվանից, բացառությամբ 60.000 եվրոյին համարժեք կամ դրանից ցածր դրամաշնորհների, որոնց համար այդ ժամկետը կսահմանափակվի մինչև 3 տարվա կտրվածքով,

● ապահովել, որ Հանձնաժողովի գործակալները կամ Հանձնաժողովի լիազորած այլ անձինք ունենան պատշաճ հասանելիություն կայքերին, աշխատանքներին ու փաստաթղթերին և ամբողջ այն տեղեկատվությանը, որը պահանջվում է նման աուդիտ իրականացնելու համար, ներառյալ էլեկտրոնային տարբերակները, ինչպես նաև ապահովել, որ հասանելիության այդ իրավունքը հստակ շարադրված լինի պայմանագրերի և դրամաշնորհային համաձայնագրերի մեջ, որոնք կկնքվեն՝ Հուշագրում նշված գործիքները իրականացնելու համար,

● Եվրոպական Միության իրավասու մարմիններին պարբերաբար փոխանցել համապատասխան տեղեկություններ,

● ապահովել, որ Հայաստանի իրավասու մարմիններն առանց ձգձգման Հանձնաժողովին տեղեկացնեն իրենց նկատած ցանկացած փաստի և կասկածի մասին, որը վերաբերում է խախտման՝ կապված պայմանագրերի և դրամաշնորհային համաձայնագրերի կնքման և իրականացման հետ, որոնք կնքվել են Հուշագրում նշված գործիքներն իրականացնելու համար:

4. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հուշագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2018 թվականի մարտի 20-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

10 հուլիսի 2018 թվականի

ՍԴՈ-1425