Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1033
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.06.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.06.27/31(905) Հոդ.775
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
19.06.2012
Подписан
Նախագահող
Дата подписания
19.06.2012
Дата вступления в силу
19.06.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 հունիսի 2012 թ.

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 38 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 64-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 64-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Դ. Մաթևոսյանի` 17.05.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2012թ. մայիսի 21-ի աշխատակարգային նիստում քննարկելով վերոհիշյալ դիմումի ընդունելիության հարցը, որոշում է կայացրել՝ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերի և 74-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան գործն ընդունել քննության և որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Նշված որոշմամբ գործով զեկուցող է նշանակվել ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանը:

Դիմող կողմի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Դ. Մաթևոսյանի ներկայացուցիչն է սահմանադրական դատարանում փաստաբան Վ. Գրիգորյանը, իսկ որպես պատասխանող կողմ ներգրավված՝ թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներն են թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ս. Սարգսյանը և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ն. Հովհաննիսյանը:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, կողմերի և նրանց ներկայացուցիչների գրավոր բացատրությունները, հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են 2012 թվականի մայիսի 6-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածում նախատեսված ժամկետում: Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կազմավորվել է թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Ընտրատարածքը ներառում է թվով 76 ընտրական տեղամաս:

Թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել ու քվեաթերթիկներում ընդգրկվել են Ազգային ժողովի պատգամավորի 4 (չորս) թեկնածուներ: Ըստ թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության՝ ընտրողների ընդհանուր թիվը 49771 է, իսկ ընտրություններին մասնակցել է 35315 ընտրող: Թեկնածուների օգտին տրված ձայների թիվը 33820 է, որը բաշխվել է հետևյալ կերպ. Գևորգյան Գագիկ Լեռնիկի` 8034, Հակոբյան Վահե Մաքսիմի` 22751, Մաթևոսյան Դավիթ Ղևոնդի` 1795 և Մովսիսյան Նարինե Կամոյի` 1240: Անճշտությունների թիվը կազմել է 75:

Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 64-Ա որոշմամբ թիվ 38 ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Վ. Հակոբյանը:

 

2. Վիճարկելով թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի «Թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 64-Ա որոշումը, դիմողը գտնում է, որ այն պետք է անվավեր ճանաչել հետևյալ նկատառումներից ելնելով.

- ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին հակառակ պատգամավորության իր մրցակից թեկնածուն զբաղվել է բարեգործությամբ, որով, ըստ դիմողի, «էական ազդեցություն է գործվել ընտրատարածքի ընտրողների կամքի նկատմամբ, ինչն էլ հանգեցրել է Սահմանադրության 4 հոդվածով նախատեսված ընտրական իրավունքի սկզբունքների խախտման»,

- թիվ 38 ընտրատարածքի բոլոր տեղամասերում խախտվել է ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, որի արդյունքում` «...սահմանված դրոշմակնքումը չիրականացնելու և մի քանի րոպե անց ցնդող կնիքով անձնագրերը կնքելու պայմաններում դիմողի վստահված անձինք զրկվել են օրենսդրությամբ տրված այն «միջոցից», որով հնարավոր կլիներ բացահայտել և թույլ չտալ կրկնակի քվեարկության դեպքերը»,

- ընտրությունների անցկացման, կազմակերպման և քվեարկության ժամանակ խախտվել է հավասար մրցակցային պայմաններում ընտրություններին մասնակցելու իր սահմանադրական իրավունքը, որը, ըստ դիմողի, նաև արդյունք է նախընտրական քարոզչությանը ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի մասնակցության,

- դիմողի վստահված անձանց համար գործնականում անհնար է եղել լիարժեք ծանոթանալ ընտրողների ստորագրած ընտրական ցուցակներին և դիմողին «...հասանելի չեն Հայաստանի Հանրապետության մյուս ընտրական տեղամասերում վարված և ընտրողների կողմից ստորագրված ցուցակները (մատյանները)` համեմատելու նպատակով»: Նման հնարավորություն, ըստ դիմողի, նախևառաջ չի ընձեռում ընտրական օրենսդրությունը:

Իր փաստարկները հիմնավորելու համար դիմողը վկայակոչում է նաև ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ կողմից 2012թ. մայիսի 7-ին ներկայացված «Նախնական հանգամանքների և եզրակացությունների վերաբերյալ» հայտարարությունը:

Դիմողը պատասխանողի կողմից 2012թ. հունիսի 7-ին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված գրավոր բացատրությունների վերաբերյալ որևէ նկատառում չի ներկայացրել:

 

3. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկները, գտնում է, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը կարելի է միայն այն պարտադիր պայմանով, որ թույլ տրված խախտումները բացառեն ընտրության իրական արդյունքները ճշգրտորեն որոշելու հնարավորությունը, ուստի բավարար չէ դրանց պարզ թվարկումը, այլ պահանջվում է ապացուցել, որ հատկապես այդ խախտումների արդյունքում հնարավոր չէ պարզել ընտրության իրական պատկերը: Ըստ պատասխանողի` ընտրությունների նախապատրաստման ընթացքում հանձնաժողովին է ներկայացվել 2 դիմում, որոնցում պահանջվել է վերացնել նախընտրական քարոզչության անցկացման՝ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի և 20-րդ հոդվածի 2-րդ մասի խախտումները Քաջարան քաղաքում: Առաջինի դեպքում՝ ընտրական օրենսգրքի խախտումներ չեն արձանագրվել, նախընտրական քարոզչության ժամանակ դիմողի մրցակից պատգամավորի թեկնածու Վ. Հակոբյանի կողմից (նրա անունից) բարեգործություն իրականացնելու վերաբերյալ դիմող կողմի դիմումի կապակցությամբ, ըստ պատասխանողի, հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում` ներկայացված փաստերը գնահատվել են չհիմնավորված և կայացվել է թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 03.05.2012թ. մայիսի 3-ի թիվ 60-Ա որոշումը: Վերջինս և դրա վերանայման վերաբերյալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված 04.05.2012թ. թիվ 234-Ա որոշումը դատական կարգով չեն բողոքարկվել:

Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի նորմերի խախտման վերաբերյալ դիմումի կապակցությամբ, ըստ պատասխանող կողմի, ժամանակին ձեռնարկվել են համապատասխան միջոցներ և խախտումները վերացվել են:

Ինչ վերաբերում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց ընտրական գործընթացներին մասնակցելու (քարոզչություն իրականացնելու) անթույլատրելիության վերաբերյալ դիմող կողմի փաստարկներին, ապա պատասխանող կողմը գտնում է, որ դրանք անհիմն են, և մեծամասնական ընտրակարգով ընտրությանը մասնակցող պատգամավորության և ոչ մի թեկնածու (այդ թվում՝ դիմողը) որևէ դիմում դատարաններ կամ պատասխանող կողմին չի ներկայացրել:

Քվեարկության ընթացքում դիմող կողմի ներկայացրած ենթադրյալ ընտրախախտումների կապակցությամբ պատասխանող կողմը նշում է, որ «...թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի որևէ թեկնածուի, որևէ վստահված անձի, տեղամասային ընտրական հանձնաժողովի որևէ անդամի կողմից ներկայացված չի եղել թեկուզև մեկ դիմում՝ տեղամասում քվեարկության արդյունքն անվավեր ճանաչելու մասին», «...որևէ տեղամասում մեծամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում ներկայացված չի եղել», առկա չէ նաև որևէ դիմում-բողոք տեղական 226 դիտորդների կողմից: Ինչ վերաբերում է կրկնակի քվեարկության վերաբերյալ դիմող կողմի հարցադրումներին, պատասխանող կողմը նշում է, որ դիմողը չի մատնանշում կրկնակի քվեարկության որևէ դեպք: Ընտրողների ստորագրած ցուցակներին ծանոթանալու հնարավորության բացակայության վերաբերյալ հարցադրումները համարելով անհիմն` պատասխանող կողմը նշում է, որ «...առկա չէ որևէ բողոք, որ որևէ իրավասու անձի արգելվել է ծանոթանալ ընտրողների ստորագրած ցուցակներին», ինչպես և` «...առկա չէ որևէ բողոք, որ վստահված անձին կամ որևէ այլ իրավասու սուբյեկտի թույլ չի տրվել քվեարկության ընթացքում նշումներ կամ գրառումներ կատարել»:

Ըստ պատասխանողի` թվով 76 ընտրական տեղամասերից 67-ի գրանցամատյաններում առկա չեն գրառումներ քվեարկության օրը կատարված որևէ խախտման վերաբերյալ, իսկ մնացած 9 հանձնաժողովներում առկա գրառումների ուսումնասիրմամբ կայացվել է 11.05.2012թ. թիվ 62-Ա որոշումը և փաստվել, որ այդ խախտումները որևէ ազդեցություն չեն ունեցել քվեարկության արդյունքների վրա: Հետևաբար, ինչպես եզրակացնում է պատասխանող կողմը, դիմողի պահանջներն անհիմն են և ամբողջությամբ ենթակա են մերժման:

 

4. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նախ արձանագրել, որ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված սահմանադրաիրավական վեճերով առանցքային նշանակություն ունի, թե դիմողն ընտրությունների նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման գործընթացներում իր ընտրական իրավունքների պաշտպանության խնդրով արդյո՞ք իրացրել կամ ինչպե՞ս է իրացրել օրենսդրությամբ, այդ թվում՝ ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված միջոցները՝ կապված ընտրական հանձնաժողովների, իրավասու այլ մարմինների ու պաշտոնատար անձանց որոշումների ու գործողությունների (անգործության) բողոքարկման (այդ թվում՝ դատական բողոքարկման) հետ: Հետևաբար, գործով ներկայացված յուրաքանչյուր փաստարկ սահմանադրական դատարանի կողմից ենթակա է գնահատման ելնելով այդ միջոցների՝ օրենքով նախատեսված կարգով ու ժամկետներում իրացման իրողությունից, վերջինը փաստող ապացույցների առկայությունից, որոնց պարագայում միայն կարող է սահմանադրորեն իրավաչափ հիմք ստեղծվել ընտրությունների արդյունքներով իրավասու մարմնի կայացրած ակտի իրավաբանական հետագա ուժի հարցը որոշելու համար: Համանման իրավական դիրքորոշում սահմանադրական դատարանն արտահայտել է իր մի շարք որոշումներում: Այդպիսի դիրքորոշումն սկզբունքային նշանակություն ունի նաև սույն գործով ներկայացված փաստարկների գնահատման առնչությամբ:

 

5. Դիմումի և գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքներով սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից ներկայացված այն փաստարկը, համաձայն որի` թիվ 38 ընտրատարածքում նախընտրական քարոզչության ընթացքում դիմողի մրցակից թեկնածուի կողմից իրականացվել է բարեգործություն, քննության է առնվել թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից, որի արդյունքներով 03.05.2012թ. կայացվել է որոշում՝ դիմողի համապատասխան դիմումը՝ ներկայացված փաստերի հավաստիությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ մերժելու վերաբերյալ: Այդ որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով դիմողը չի վիճարկել: Հետևաբար, ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով վերոհիշյալ փաստարկը` որպես ընտրություններից հետո պատգամավորի թեկնածուի գրանցումը վիճարկելու ապացուցողական հիմք, սահմանադրական դատարանում ներկայացնելի չէ:

Դիմողի այն պնդման կապակցությամբ, համաձայն որի` խախտվել է ընտրական օրենսգրքի 66-րդ հոդվածի 5-րդ մասի և, մասնավորապես՝ կրկնակի քվեարկության դեպքերը բացառելու իրավական պահանջը, պատասխանողը փաստում է, որ այն քննության է առնվել (ոչ դիմողի նախաձեռնությամբ) թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից և արդյունքում ընդունվել է թիվ 62-Ա որոշումը, որի իրավաչափությունը որևէ կերպ վիճարկված չէ օրենսդրությամբ սահմանված կարգով: Բացի դրանից, այս խնդրի առնչությամբ պատասխանողը նշում է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը և թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, ՀՀ ընտրական օրենսգրքի 47-րդ հոդվածի 6-րդ մասով իրենց վերապահված իրավունքից օգտվելով, լուծում են տվել խնդրին` հանձնարարելով հատուկ նյութի փոխարեն օգտագործել սովորական թանաք: Դիմող կողմն իր այն պնդումը, թե ընտրողների անձնագրերում դրոշմակնքման սահմանված կարգից շեղումը կրել է համատարած և միտումնավոր բնույթ, որի արդյունքում դիմողի մրցակից պատգամավորության թեկնածուի օգտին ապահովվել է քվեների առավելագույն քանակ, որևէ կերպ փաստարկված չէ: Գործի նյութերում առկա չէ նաև որևէ ապացույց՝ ընտրատարածքում կրկնակի քվեարկության որևէ փաստի վերաբերյալ: Հետևաբար, առկա չէ նաև այդ հանգամանքը սահմանադրական դատարանում որպես թիվ 38 ընտրատարածքում ընտրությունների արդյունքների վրա էապես ազդող ընտրախախտում գնահատելու որևէ իրավական հիմք, նկատի ունենալով նաև այդ խնդրի շրջանակներում իրավասու սուբյեկտների կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումների վարչաարդարադատական կարգով վիճարկման՝ օրենքով նախատեսված միջոցը չիրացնելու հանգամանքը և սահմանադրական դատարանի` 2012թ. մայիսի 31-ի ՍԴՈ-1028 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը:

Ընտրությունների անցկացման, կազմակերպման և քվեարկության ժամանակ հավասար ընտրական իրավունքի ենթադրյալ խախտման կապակցությամբ դիմողի կողմից բերված հարցադրումների առնչությամբ սահմանադրական դատարանն արտահայտել է իր իրավական դիրքորոշումները 2012թ. մայիսի 31-ի ՍԴՈ-1028 որոշման մեջ, մասնավորապես գտնելով, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց օրենքով արգելված չէ ՀՀ ընտրական օրենսգրքի 18-րդ և 22-րդ հոդվածների պահանջների պահպանմամբ նախընտրական քարոզչություն իրականացնել: Դիմող կողմը, փաստորեն, բառացի կրկնում է 2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 13-ի թիվ 265-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ սահմանադրական դատարան ներկայացված դիմումի փաստարկները:

Դիմողը չի ներկայացրել նաև որևէ հիմնավոր փաստարկ, որ իր վստահված անձանց համար գործնականում անհնար (կամ անհասանելի) է եղել լիարժեք ծանոթանալ ընտրողների ստորագրած ընտրական ցուցակներին: Ընտրատարածքի թվով 76 ընտրական տեղամասերում բոլոր թեկնածուների վստահված անձանց ընդհանուր թիվը կազմել է 777: Այդ անձանց կողմից որևէ տեղամասում մեծամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ որևէ դիմում, ինչպես նշվեց, չի ներկայացվել: Այդպիսի որևէ դիմում չի ներկայացվել նաև տեղամասային ընտրական հանձնաժողովների թվով 532 անդամների կողմից: Դիմող կողմը սահմանադրական դատարան չի ներկայացրել որևէ ապացույց ընտրողների ստորագրած ընտրացուցակներին ծանոթանալու իրավական խոչընդոտի վերաբերյալ: Ի դեպ, ինչպես վկայում են գործի նյութերը, թիվ 38 ընտրատարածքում թվով 76 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներից 35-ը նշանակված են եղել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից, 15-ը` «Բարգավաճ Հայաստան», 14-ը` «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», 7-ը` «Ժառանգություն», 7-ը` «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից: Նույն համամասնությամբ են նշանակվել նաև հանձնաժողովների քարտուղարները:

Սահմանադրական դատարանն իր` 2012թ. մայիսի 5-ի ՍԴՈ-1027 որոշմամբ իրավական դիրքորոշում էր արտահայտել, համաձայն որի` «ընտրական իրավունքի պաշտպանության օրենքով նախատեսված գործընթացների շրջանակներում վերահսկողական համապատասխան իրավասությամբ օժտված իրավասուբյեկտների համար ընտրական իրավունքի պաշտպանությանը վերաբերող որևէ տեղեկատվության մատչելիությունը չի կարող արգելափակվել՝ առավել ևս նման տեղեկատվությունը դատարաններին տրամադրելու առնչությամբ»: Գործի նյութերից ելնելով` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ընտրատարածքի որևէ ընտրական տեղամասում մեծամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքների վերահաշվարկի ոչ մի դիմում իրավասու սուբյեկտների կողմից չներկայացվելու և վերահաշվարկ չնախաձեռնելու պայմաններում դիմող կողմը փաստորեն իրեն զրկել է ընտրողների ստորագրած ցուցակներին ծանոթանալու իրավական հնարավորությունից, հետևաբար` նաև մերժելի է սահմանադրական դատարանի միջոցով նման տեղեկություններ ստանալու միջնորդությունը:

Դիմողը, որպես իր դիրքորոշումները հիմնավորող հավելյալ փաստարկ, վկայակոչում է նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դիտարկումները: Սահմանադրական դատարանն իր` 2012թ. մայիսի 31-ի ՍԴՈ-1028 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել ընտրական գործընթացներում միջազգային դիտորդական առաքելությունների դիտարկումների ինչպես ընդհանուր, այնպես էլ դատավարական առումով ապացուցողական նշանակության վերաբերյալ, ինչը վերաբերելի է նաև սույն գործին:

 

6. ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի, ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` օրենքով սահմանված կարգով ՀՀ սահմանադրական դատարանի քննությանն են ենթակա բացառապես ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը, ընդ որում՝ ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների առնչությամբ սահմանադրական դատարանում կարող է վիճարկվել միայն տվյալ ընտրատարածքում պատգամավոր ընտրվելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը` վերջինիս ոչ իրավաչափությունը հիմնավորող կոնկրետ փաստարկների հիման վրա: Իրավական այս պահանջներից ելնելով և գնահատելով դիմող և պատասխանող կողմերի դիրքորոշումները, նրանց կողմից ներկայացված ապացուցողական նշանակություն ունեցող փաստարկները` սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա չէ որևէ իրավափաստարկ, որով կհիմնավորվեր թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից 2012թ. մայիսի 6-ի Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերաբերյալ այլ որոշման կայացումը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 64-Ա որոշումը թողնել ուժի մեջ:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

19 հունիսի 2012 թ.

    ՍԴՈ-1033

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան