Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (04.03.2011-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.04.26/22(825).1 Հոդ.450.12
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.03.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
04.03.2011
Дата вступления в силу
04.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3249/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3249/02/09

2011 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

                  Տ. Սահակյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 2011 թվականի մարտի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ազնիվ Մինասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ազնիվ Մինասյանի ընդդեմ Օդարուհի Կիրակոսյանի, Նարինե Բակունցի, Լևոն Բակունցի` պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ազնիվ Մինասյանը պահանջել է Երևանի Կրիվոյի փողոցի 60 տան` Օդարուհի Կիրակոսյանին պատկանող 2/3-րդ բաժինն առանձնացնել և դրա վրա բռնագանձում տարածել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 01.07.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.11.2010 թվականի որոշմամբ Ազնիվ Մինասյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.07.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ազնիվ Մինասյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 200-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գտել է, որ դատարանն իրավունք ունի և ոչ թե պարտավոր է գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին վճիռ կայացնել: Մինչդեռ, Օրենսդիրը դատարանին նման իրավունք է տվել, որը չի կարող կիրառվել կամայականորեն:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 19.06.2008 թվականի վճռով վճռվել է Օդարուհի Կիրակոսյանից հօգուտ Ազնիվ Մինասյանի բռնագանձել 454.000 ՀՀ դրամ` որպես փոխառության գումար, ինչպես նաև կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը` բռնագանձման ենթակա 454.000 ՀՀ դրամ գումարի վրա հաշվարկելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսներ` սկսած 20.12.2007 թվականից մինչև պարտավորությունների դադարման օրը (հ. 1-ին, գ.թ. 90-91):

2. Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 10.10.2005 թվականի թիվ 2069031 վկայականի համաձայն` Երևանի Կենտրոն համայնքի Կրիվոյ փողոցի թիվ 60 տան 2/3 բաժնի նկատմամբ գրանցված է Օդարուհի Կիրակոսյանի սեփականության իրավունքը, 1/6 բաժնի նկատմամբ` Նարինե Բակունցի սեփականության իրավունքը, 1/6 բաժնի նկատմամբ` Լևոն Բակունցի սեփականության իրավունքը (հ. 1-ին, գ.թ. 19-21):

3. ՀՀ փորձագիտական կենտրոն Պետական ոչ առևտրային կազմակերպության 05.05.2010 թվականի թիվ 05431007 եզրակացության համաձայն` տեխնիկապես հնարավոր չէ Երևանի Կրիվոյի փողոցի թիվ 60 հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացնել Օդարուհի Կիրակոսյանի 2/3 բաժինը, քանի որ հետազոտվող օբյեկտն իր առկա տեղակայմամբ, դիրքով և չափերով, ինչպես նաև 2/3 հարաբերությամբ բաժանման դեպքում բնակելի տանից հասանելիք բաժնի մակերեսների առանձնացումը կբերի ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվ ակտերի պահանջների չպահպանմանը, համատեղ օգտագործման տարածքների նախատեսման և սահմանափակ օգտագործման (հ. 1-ին գ. թ. 61-66):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` սույն oրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Վերոնշյալ հոդվածով ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու համար սահմանվել է պարտադիր նախապայմաններ, այն է` ընդանուր գույքը բաժանելու կամ նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարությունը:

Սույն գործում առկա փաստերի համաձայն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 19.06.2008 թվականի վճռով վճռվել է Օդարուհի Կիրակոսյանից հօգուտ Ազնիվ Մինասյանի բռնագանձել 454.000 ՀՀ դրամ` որպես փոխառության գումար, ինչպես նաև կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը` բռնագանձման ենթակա 454.000 ՀՀ դրամ գումարի վրա հաշվարկելով ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսներ` սկսած 20.12.2007 թվականից մինչև պարտավորությունների դադարման օրը: Գործում առկա անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 10.10.2005 թվականի թիվ 2069031 վկայականի համաձայն` Երևանի Կենտրոն համայնքի Կրիվոյ փողոցի թիվ 60 տան 2/3 բաժնի նկատմամբ գրանցված է Օդարուհի Կիրակոսյանի սեփականության իրավունքը: Փորձագիտական եզրակացության համաձայն`տեխնիկապես հնարավոր չէ Երևանի Կրիվոյի փողոցի թիվ 60 հասցեում գտնվող անշարժ գույքից առանձնացնել Օդարուհի Կիրակոսյանի 2/3 բաժինը, քանի որ բնակելի տանից հասանելիք բաժինների մակերեսների առանձնացումը կբերի ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվ ակտերի պահանջների չպահպանմանը, համատեղ օգտագործման տարածքների նախատեսման և սահմանափակ օգտագործման:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ դատարանի կողմից գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին վճիռ կայացնելը դատարանի իրավունքն է և ոչ թե պարտականությունը, և դատարանն իր այդ իրավունքն իրականացնում է հայեցողական իրավազորությամբ` ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կանոնը, համաձայն որի` «ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ» չպետք է մեկնաբանել որպես նշված պայմանների առկայության դեպքում դատարանի` տվյալ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու հայեցողական լիազորություն: Հիշյալ նորմում «իրավունք ունի»ձևակերպումը անհրաժեշտ է մեկնաբանել միայն որպես մինչ նույն հոդվածի 3-5-րդ կետերում նախատեսված հանգամանքներն ապացուցված լինելը գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու արգելք, իսկ հիշյալ 3-5-րդ կետերում նախատեսված հանգամանքների ապացուցված լինելու դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի համար ծագում է պարտականություն գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին վճիռ կայացնելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան