ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱԽ-18-Ո-18
2010 թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱԳԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ` |
Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի, Ռ. Բարսեղյանի, Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի, Գ. Խանդանյանի,
|
մասնակցությամբ դատավոր` |
Գ. Պողոսյանի |
ՀՀ արդարադատության նախարար` ՀՀ արդարադատության նախարարի |
Գ. Դանիելյանի |
տեղակալ` |
Ն. Առուստամյանի |
քարտուղարությամբ` |
Շ. Վարդանյանի |
2010 թվականի հոկտեմբերի 22-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
ՀՀ արդարադատության նախարարի 09.08.2010 թվականի թիվ 163-Ա հրամանով Դատարանի դատավոր Գ. Պողոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի 24.05.2010 թվականի հաղորդումը:
2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը.
ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը Արդարադատության խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ) է ներկայացրել միջնորդություն՝ դատավոր Գ. Պողոսյանին արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքների նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին: Նշված միջնորդությանը կցվել է Դատարանի դատավոր Գ. Պողոսյանի կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը:
Ըստ եզրակացության՝
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Դանիելյանը 24.05.2010 թվականի թիվ 36-167-09 գրությամբ ՀՀ արդարադատության նախարարի քննարկմանն է ուղարկել ձերբակալված Ռուբեն Մովսեսի Եսայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Դատարան ներկայացված միջնորդության քննարկման կապակցությամբ Երևան քաղաքի դատախազի հաղորդումն ու կից նյութերը:
Երևան քաղաքի դատախազը տեղեկացրել է, որ հիշյալ փաստի առթիվ կատարվել է ստուգում, որի արդյունքում պարզվել է հետևյալը.
17.05.2010 թվականին` ժամը 19:20-ին, ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Մարգարյանի կողմից ձերբակալվել է Ռ. Եսայանը, որը նույն օրը` ժամը 20:35-ին, տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահելու վայր:
20.05.2010 թվականին` ժամը 13:15-ին, Ռ. Եսայանը տեղափոխվել է Դատարան` վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննության առնելու համար: Նույն օրը` ժամը 19:20-ին, ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության պետ Է. Սարիկյանի և դատավոր Գ. Պողոսյանի գրությունների հիման վրա, Ռ. Եսայանին արգելանքի վերցնելու պահից 72 ժամը լրացած լինելու պայմաններում վերջինս ընդունվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահելու վայր, որտեղ պահվել է մինչև 21.05.2010 թվականի ժամը 12:30-ը:
Արդյունքում ձերբակալված Ռ. Եսայանը 72 ժամից ավելի է գտնվել արգելանքի տակ, որով խախտվել են ՀՀ Սահմանադրության 16-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի պահանջները, ինչի կապակցությամբ Երևան քաղաքի դատախազը ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու համար համապատասխան գրություն է ուղարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին:
ՀՀ արդարադատության նախարարությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել են հետևյալ փաստական հանգամանքները.
17.05.2010 թվականին` ժամը 19.20 րոպեին, ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Մարգարյանի կողմից Ռ. Եսայանը ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահելու վայր:
ՀԿԳ քննիչ Ա. Մարգարյանը 20.05.2010 թվականին կայացրել է որոշում` Ռ. Եսայանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչը նրան հայտարարվել է նույն օրը` ժամը 14:00-ին: Այնուհետև, ՀԿԳ քննիչ Ա. Մարգարյանը 20.05.2010 թվականին կայացրած մեկ այլ որոշմամբ միջնորդություն է ներկայացրել Դատարան` իր վարույթում գտնվող քրեական գործով մեղադրյալ Ռ. Եսայանի նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կալանավորում կիրառելու մասին: Նույն օրը մեղադրյալը տեղափոխվել է Դատարան` վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննության առնելու համար:
Ըստ Դատարանի դատական նիստի արձանագրության համառոտագրման` նշված միջնորդության քննության նպատակով դատական նիստը սկսվել է 20.05.2010 թվականին` ժամը 17:15-ին: Դատական նիստի ընթացքում մեղադրյալի պաշտպան Վ. Գևորգյանը միջնորդություն է ներկայացրել Դատարանին և խնդրել է իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց` կալանավորման փոխարեն կիրառել գրավ: Դատարանի կողմից հայտարարվել է ընդմիջում, որից հետո սկսված դատական նիստի ընթացքում միջնորդության քննարկման ժամանակ պաշտպան Վ. Գևորգյանն այլ միջնորդություն է ներկայացրել Դատարանին` խնդրելով հետաձգել միջնորդության քննությունը` մեղադրյալի անձը բնութագրող փաստաթղթեր Դատարանին ներկայացնելու պատճառաբանությամբ: Այս միջնորդության քննարկման արդյունքում Դատարանը բավարարել է այն` կայացնելով որոշում` միջնորդության քննության հետաձգման մասին: Միաժամանակ Դատարանը հատարարել է ընդմիջում, որից հետո վերսկսել է դատական նիստը: Այնուհետև, հետաձգել է դատական նիստը և այն նշանակել է 21.05.2010 թվականին` ժամը 14:00-ին: Դատական նիստը փակվել է նույն օրը` ժամը 18:19-ին:
Դատավորը դատական նիստը փակելուց հետո նույն օրը թիվ ԵԿԴ/0336/06/10 գրությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահելու վայրի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Բուչախչյանին ուղարկել է դատական նիստը հետաձգելու և այն 21.05.2010 թվականին` ժամը 14:00-ին, նշանակելու մասին նշված գործով դատական նիստի արձանագրության քաղվածքը և խնդրել ընդունել ձերբակալվածին:
21.05.2010 թվականին` ժամը 14:16-ին, Դատարանը սկսել է դատական նիստը և շարունակել է վերոհիշյալ միջնորդության քննությունը: Քննության արդյունքում Դատարանը կայացրել է որոշում, որով մեղադրյալ Ռ. Եսայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը` երկու ամիս ժամկետով` մինչև 17.07.2010 թվականը, իսկ պաշտպան Վ. Գևորգյանի միջնորդությունը` մերժել:
ՀՀ արդարադատության նախարարը գտել է, որ դատավորը ձերբակալված Ռ. Եսայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջորդության քննության ընթացքում արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել օրենքի քրեադատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում հետևյալ պատճառաբանությամբ:
Դատարանը, 20.05.2010 թվականին քննելով վարույթն իրականացնող մարմնի վերոնշյալ միջնորդությունը, նույն օրը` ժամը 18:19-ին, դատական նիստը հետաձգել և նշանակել է հաջորդ օրը` 21.05.2010 թվականին` 14:00-ին` չլուծելով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին ներկայացրած միջնորդության հիման վրա որոշում կայացնելու հարցը: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` ձերբակալվածը, վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, ենթակա է ազատման, եթե լրացել է ձերբակալման` օրենքով սահմանված առավելագույն ժամկետը, իսկ մինչ այդ դատարանը մեղադրյալին կալանավորելու մասին որոշում չի կայացրել: Նույն օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննարկման դատարանում, և նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` նշված միջնորդությունը քննելիս դատարանը պարտավոր էր կայացնել որոշում այն բավարարելու կամ մերժելու մասին, ինչը դատարանի կողմից չի կատարվել (խախտվել է միջնորդությունն անհապաղ քննարկելու օրենքի պահանջը):
Այնուհետև, Դատարանը 21.05.2010 թվականին` ժամը 14:16-ին, սկսել է դատական նիստը և շարունակել է քննարկել պաշտպանի միջնորդությունը: Արդյունքում կայացրել է որոշում, որով բավարարել է նախաքննության մարմնի միջնորդությունը, իսկ պաշտպանի միջնորդությունը` մերժել: Դատարանը, սկսելով դատական նիստը, չի անդրադարձել այն հանգամանքին, որ մեղադրյալը ձերբակալման մեջ է գտնվում ՀՀ Սահմանդրության և այլ իրավական ակտերով սահմանված ժամկետից` 72 ժամից ավելի: Այսինքն` Դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը քննել է ակնհայտ անօրինական անազատության մեջ գտնվող անձի վերաբերյալ:
Նշված գործողությունների արդյունքում խախտվել են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված պահանջները: Մասնավորապես, նշված կոնվենցիայի 5-րդ հոդվածը սահմանում է.
«1.Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(...)
գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով, կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար: (...)
3. Սույն հոդվածի 1-ին կետի (գ) ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ օրենքով` դատական իշխանություն իրականացնելու համար լիազորված պաշտոնատար անձի մոտ և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:
Վերը նշված հոդվածի բովանդակությունից բխում է, որ դրանում սահմանված օրինականության պահանջը ենթադրում է, որ ազատությունից զրկումը պետք է իրականացվի ներպետական իրավունքին և Եվրոպական կոնվենցիային համապատասխան և չլինի կամայական: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ջեսիուսն ընդդեմ Լիտվայի (Jeciսs v.Lithuania, Judgment of 31 Jսly 2000) գործով վճռում նշել է, որ կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված «օրինական» և «օրենքով սահմանված» արտահայտությունները հիմնականում վերաբերում են ներպետական իրավունքին և նշում են պետության կողմից նյութական և դատավարական ներպետական նորմերի պահանջները կատարելու պարտավորությունը: Այսինքն` ազատությունից զրկելը թույլատրվում է միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, այսինքն` օրինականության և իրավական որոշակիության սկզբունքներին համապատասխան: «Օրենքի համաձայն» արտահայտությունը վերաբերում է ներպետական իրավունքին, սակայն ներպետական իրավունքն ինքնին «պետք է համապատասխանի մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային նորմերում սահմանված կամ դրանցից բխող սկզբունքներին»:
Ավելին, հարկ է նկատել նաև, որ Եվրոպական դատարանն իր որոշումներում արձանագրել է նաև, որ իր կարծիքով, առավելագույն ժամկետը նախապես հայտնի լինելու պարագայում, ձերբակալման համար պատասխանատու իշխանությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք կերաշխավորեն, որպեսզի թույլատրելի ժամկետը չգերազանցվի (օրինակ` K. F.-ն ընդդեմ Գերմանիայի):
Մասնավորապես, Եվրոպական դատարանի 09.02.2010 թվականի (գանգատ թիվ 24173/06) Ասատրյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով արձանագրվել է հետևյալ հանգամանքները. «... Սակայն, երբ առավելագույն կալանքի ժամկետը և ազատ արձակումը կարգավորված են օրենքով, ի տարբերություն դատարանի որոշման, իշխանությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցները, որպեսզի երաշխավորեն, որ չգերազանցվի թույլատրված ժամկետը (տե´ս K.-F. v. Germany, 27.11.1997 թվական, § 70, որտեղ նույնիսկ 45 րոպեով ուշացումը համարվել է 5-րդ հոդվածի 1(գ) մասի խախտում, քանի որ կալանքի առավելագույն ժամկետը նախապես հայտնի էր և վերջնական): (...) Դատարանը կրկնում է, որ Պայմանավորվող կողմերը պետք է այնպես ձևավորեն իրենց իրավական համակարգը, որ իրավապահ մարմինները կարողանան կատարել իրենց պարտականությունը, այն է` խուսափել ազատությունից չարդարացված ձևով զրկելուց»:
Սույն եզրակացությամբ ՀՀ արդարադատության նախարարը գտել է, որ դատական ակտը, որը պարունակում է դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել դատավարական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում:
Ելնելով վերոգրյալից` ՀՀ արդարադատության նախարարը գտնում է, որ Դատարանի դատավոր Գ. Պողոսյանը, քննության առնելով թիվ 83155909 քրեական գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամանակով կալանք կիրառելու մասին միջնորդությունը, թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (գ) կետի, ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի, 285-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի պահանջների ակնհայտ և կոպիտ խախտումներ բովանդակող արարք, որի հետևանքով խախտվել է Ռ. Եսայանի` ՀՀ օրենսդրությամբ և միջազգային փաստաթղթերով (Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիր, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիա) ամրագրված ազատության իրավունքը, և որը, ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, հիմք է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
08.09.2010 թվականին դատավոր Գ. Պողոսյանը ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.
«Ամբողջովին և անվերապահորեն ընդունում եմ, որ Ռ. Եսայանի վերաբերյալ քրեական գործով մինչդատական վարույթում նրա ձերբակալումը տևել է արգելանքի վերցնելու պահից 72 ժամից ավելի, և այն, որ թույլ են տրվել մեղադրյալի սահմանադրական իրավունքի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներ:
Սակայն անհասկանալի է, թե ինչու են նշված խախտումները վերագրվել դատարանին (դատավոր Գ. Պողոսյանին):
Իրոք, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` ձերբակալվածը, վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա, ենթակա է ազատման, եթե... լրացել է ձերբակալման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, և դատարանը մեղադրյալին կալանավորելու մասին որոշում չի կայացրել, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդված 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում կասկածյալին ազատում է ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչությունը կատարված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքով հանգել է հետևության, որ «Դատավոր Գ. Պողոսյանը ձերբակալված Ռ. Եսայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդության քննության ընթացքում արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել օրենքի քրեադատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում»:
Մասնավորապես, նշված վարչությունը, շարադրելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ և 285-րդ հոդվածների բովանդակությունը, գտել է, որ դատարանը, հետաձգելով դատական նիստը և այն նշանակելով հաջորդ օրը, չի լուծել մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին ներկայացված միջնորդության հիման վրա որոշում կայացնելու հարցն ու հանգել է եզրակացության, որ խախտվել է միջնորդությունն անհապաղ քննարկելու օրենքի պահանջը:
Միաժամանակ նշված մարմինը գտել է, որ դատարանը, սկսելով հետաձգված նիստը, չի անդրադարձել այն հանգամանքին, որ մեղադրյալը ձերբակալման մեջ է գտնվել 72 ժամից ավելի, այսինքն` դատարանը կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը քննել է ակնհայտ անօրինական անազատության մեջ գտնվող անձի վերաբերյալ, ավելին, ազատության մեջ գտնվելու իրավունքից զրկված անձի նկատմամբ առանց հիմքի որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը:
Ամփոփելով տեղեկանքում շարադրված իրավական մտքերը, եզրահանգումները, օրենքների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի ու «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի» նախադեպային որոշման յուրովի արված մեկնաբանությունները` վերը նշված մարմինը հանգել է վերջնական եզրակացության, որ «խախտվել են անձի` ՀՀ օրենսդրությամբ արդար դատաքննության և ազատության իրավունքները, որոնք ազդել են քրեական գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը»:
ՀՀ արդարադատության նախարարությունում աշխատակազմի վերահսկողության վարչությունը, տեղեկանքում անդրադառնալով վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությանը, փաստորեն, ընդունել է, որ վարույթն իրականացնող մարմինը քննիչն է, սակայն, հավանաբար թյուրիմացաբար, ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ դատարանը քրեական գործով մինչդատական վարույթում չի կարող համարվել քրեական վարույթն իրականացնող մարմին, առավել ևս` ձերբակալվածներին պահելու վայրի վարչական ղեկավար, հետևաբար, չի կարող իրականացնել օրենքով նշված մարմիններին վերապահված լիազորությունները` նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` քրեական գործով մինչդատական վարույթը քրեական գործով վարույթն է` քրեական գործ հարուցելու հարցի լուծման պահից մինչև գործն ըստ էության քննելու համար դատարան ուղարկելը, իսկ նույն մասի 30-րդ կետի համաձայն` քրեական գործի մինչդատական վարույթում քրեական վարույթն իրականացնող մարմինը հետաքննության մարմինն է, քննիչը և դատախազը:
Այսինքն` ձերբակալված մեղադրյալը, ում կալանավորելու մասին դատարանը որոշում կայացրած չի եղել, ձերբակալման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալուց հետո պետք է ազատվեր քննիչի որոշմամբ կամ ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարի կողմից` նկատի ունենալով, որ միջնորդության քննությունը (դատական նիստը) հետաձգելիս լրացած չի եղել մեղադրյալի ձերբակալման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը:
Վերը նշված տեղեկանքից չի հասկացվում, թե օրենքով վերապահված իր լիազորություններից դուրս ինչ պետք է աներ դատարանը, որ չի արել:
Ինչ վերաբերում է տեղեկանքում նշված այն «խախտմանը», որ դատարանը պարտավոր էր նույն դատական նիստում քններ ներկայացված միջնորդությունը և կայացներ որոշում, ինչը չի արվել, ու խախտվել է միջնորդությունն անհապաղ քննարկելու օրենքի պահանջը, ապա միջնորդությունը քննարկվել է անհապաղ և հետաձգվել է դատական նիստը, այդ թվում` միջնորդության լուծումը, ինչն օրենսդիրը չի պահանջում կատարել անհապաղ ու բացի դա, օրենսդիրը նաև նախատեսել է, որ միջնորդության քննությունը կարող է տեղի ունենալ հաջորդ օրը:
Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի համաձայն` դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունները (նույն օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` կալանքը որպես խափանման միջոց կիրառելը քրեադատավարական հարկադրանքի միջոց է) դատավորի կողմից պետք է քննվեն անհապաղ, բայց ոչ ուշ, քան դրանք ստանալու հաջորդ օրը:
Նույն հոդվածի համաձայն` միայն բնակարանի խուզարկության միջնորդությունները պետք է քննվեն անհապաղ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննման նախաքննության կատարման վայրի դատարանում, (...) միջնորդությունը քննարկելիս դատավորն իրավունք ունի պահանջել միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութեր, բացատրություններ, (...) քննելով միջնորդությունը` դատավորը որոշում է կայացնում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ միջնորդությունը մերժելու մասին, (...) որոշումը կայացնելու օրը դատարանն այն ստորագրությամբ հանձնում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին, մեղադրյալին, պաշտպանին և տուժողին, իսկ դատական նիստին վերջիններիս չներկայանալու դեպքում` պատշաճ ձևով ուղարկում է նրանց (...). որոշումը ենթակա է անհապաղ կատարման:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի վերլուծությունից նույնպես հետևում է, որ անհապաղ պետք է քննվի միջնորդությունը, և կատարվի կայացված որոշումը, իսկ միջնորդության լուծումը` որոշման կայացումը, կարող է տեղի ունենալ ոչ անհապաղ ու ոչ նույն օրը` նկատի ունենալով, որ միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութեր, բացատրություններ պահանջելու դատավորի իրավունքը կանխատեսում է նաև նշված պահանջի կատարման համար միջնորդության քննություն, հետևաբար, նաև դատական նիստի հետաձգում և հաշվի առնելով, որ միջնորդությունը կարող է քննվել նաև աշխատանքային օրվա վերջում կամ ապացույցների ներկայացման համար կարող է անհրաժեշտ լինել ավելի երկար ժամկետ, դատական նիստը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի համաձայն, կարող է հետաձգվել մինչև հաջորդ օրը:
Չնայած դատարանի վերը նշված իրավունքին` օրենսդիրը չի որոշել, թե նման դեպքում դատարանի կողմից ինչ որոշում պետք է կայացվի անձին անազատության մեջ պահելու ժամկետի վերաբերյալ (տե´ս նշված հարցի վերաբերյալ ՌԴ օրենսդրության մասին հաջորդիվ ներկայացված հիշատակումը):
Կոնկրետ դեպքում դատարանը, միջնորդության քննությունը (դատական նիստը) հետաձգել է հաջորդ օրը` նկատի ունենալով, որ պաշտպանը հարուցել է նման միջնորդություն, որի մերժումը կարող էր համարվել մեղադրյալի իրավունքների պաշտպանության կոպիտ խախտում, հետևաբար, նաև նրա սահմանադրական իրավունքի ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի խախտում` նկատի ունենալով, որ խափանման միջոց կիրառելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև մեղադրայլի անձը բնութագրող տվյալները, որպիսիք ցանկություն է հայտնել ներկայացնել պաշտպանը:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում` (...), կասկածյալի կամ մեղադրյալի անձը, տարիքը և առողջական վիճակը, (...), զբաղմունքի տեսակը, ընտանեկան դրությունը, խնամարկյալների առկայությունը, գույքային դրությունը, բնակության մշտական վայրի առկայությունը և այլ էական հանգամանքներ:
Ինչ վերաբերում է տեղեկանքում նշված այն «խախտումներին», որ դատարանն առանց հիմքի որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը, նաև այն, որ խախտվել են անձի` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված արդար դատաքննության և ազատության իրավունքները, որոնք ազդել են քրեական գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը, ապա դատարանի 21.05.2010 թվականի որոշման մեջ հստակ նշված է. «նկատի ունենալով, որ առկա է ողջամիտ կասկած, որ մեղադրյալ Ռ. Եսայանը կատարել է իրավախախտում և մնալով ազատության մեջ` կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, ինչի հավանականությունը մեծ է` հաշվի առնելով նրա կատարած հանցանքի բնույթը և վտանգավորության աստիճանը, դատարանը գտնում է, որ միջնորդությունում նշված հիմքերի ու շարժառիթների մասով հիմնավոր են ՀՀ ԿԱ ՊԵԿ ՔՎ ՀԿԳ քննիչ Ա. Մարգարյանի կասկածները, հետևաբար, դրանք բավարար են Ռ. Եսայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»:
Նշված որոշումը թեև դատախազության, այդ թվում, Երևան քաղաքի դատախազի կողմից չի բողոքարկվել, սակայն մեղադրյալի պաշտպանի բողոքի հիման վրա որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգվել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի կողմից, և վերադաս դատարանը, գտնելով, որ 21.05.2010 թվականի որոշումը կայացնելիս դատարանը չի խախտել ՄԻԵԿ-ի, ՄԻԵԴ-ի, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, նշված որոշումը թողել է ուժի մեջ` այն օրինական և հիմնավորված լինելու պատճառով:
Անդրադառնալով Եվրոպական դատարանի որոշումների վերաբերյալ տեղեկանքում նշված այն դիտարկմանը, որ «առավելագույն ժամկետը նախապես հայտնի լինելու պարագայում ձերբակալման համար պատասխանատու իշխանությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք կերաշխավորեն, որպեսզի թույլատրելի ժամկետը չգերազանցվի», գտնում եմ, որ տեղեկանքում նշված խախտումները վերաբերելի են ձերբակալման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված «պատասխանատու իշխանություններին»` վարույթն իրականացնող մարմնին, ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարին, քրեական գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազին և Երևան քաղաքի դատախազին: Վերջինս, եթե գտել է, որ թույլ է տրվել խախտում, պարտավոր էր օգտվել օրենքով իրեն տրված իրավունքից և կատարել իր պարտականությունը` բողոքարկել դատարանի որոշումը, մինչդեռ բավարարվել է միայն թույլ տրված խախտումների մասին վերադասին տեղեկացնելով:
Ամենևին նպատակ չհետապնդելով ձևական պատճառաբանություններով խուսափել պատասխանատվությունից (եթե, այնուամենայնիվ, օբյեկտիվորեն կհիմնավորվի, որ թույլ եմ տվել խախտում)` իրոք, գտնում եմ, որ վերը նշված հարցը կարիք ունի իրավական հստակ կարգավորման` հաշվի առնելով մի շարք երկրների օրենսդրությունը, ինչպես այդ երկրների, այնպես էլ ՀՀ իրավակիրառ պրակտիկան, որում քիչ չեն դեպքերը, երբ խափանման միջոց է ընտրվել ժամկետի խախտմամբ կալանքի տակ պահվող մեղադրյալների նկատմամբ: (Օրինակ` ՌԴ քրեական դատավարության օրեսգրքի 108-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի համաձայն` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության հիմնավորվածության կամ դրա անհիմն լինելու վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար, կողմի միջնորդության դեպքում, դատարանն իրավունք ունի 72 ժամով երկարացնել ձերբակալման ժամկետը` ձերբակալումն օրինական և հիմնավորված համարելու դեպքում):
Ի՞նչ պետք է անի նման դեպքում ՀՀ դատարանը, իրավական ի՞նչ լուծում պետք է տա և ի՞նչ որոշում պետք է կայացնի.
1. Պետք է չպահանջի միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութեր, և միջնորդությունը լուծի միայն ներկայացված նյութերի հիման վրա.
2. Պետք է մերժի պաշտպանի միջնորդությունը` խախտելով անձի պաշտպանության իրավունքը.
3. Պետք է ազատ արձակի մեղադրյալին և նոր անդրադառնա միջնորդության քննությանն ու լուծմանը: Այդ դեպքում պետք է կալանքի ժամկետին հաշվակցվի 72 ժամից ավելի նրա անազատության մեջ գտնված ժամկետը (ինչը վերը նշված դեպքում արել է դատարանը) և արդո՞ք մեղադրյալը պետք է վերցվի կալանքի հարուցված միջնորդությունը բավարարելու դեպքում.
4. Պետք է կալանքի տակ օրենքով սահմանված ժամկետից ավելի պահելու հիմքով մերժի միջնորդությունը` չնայած օրենքով նման հիմք նախատեսված չէ.
5. Պետք է կայացնի լրացուցիչ որոշում, չնայած մինչդատական փուլում թույլ տրված խախտումների համար հնարավոր չէ կայացնել նման որոշում` նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3601 հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը դատավճռի կամ որոշման հետ միաժամանակ համապատասխան հիմքերի առկայության դեպքում պարտավոր է կայացնել լրացուցիչ որոշում, որով պետական մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց ուշադրությունն է հրավիրվում դատական քննության ժամանակ ի հայտ եկած այն էական խախտումների վրա, որոնք թույլ են տրվել քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքում»:
Դատարանի դատավոր Գ. Պողոսյանը ՀՀ արդարադատության խորհրդին է ներկայացրել պատասխան, որում մասնավորապես նշել է.
««Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի կողմից դատավարական նորմերի խախտման վերաբերյալ» ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը հիմնավորված չէ. չեն ներկայացվել արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները, այդ թվում` կատարված արարքում իմ մեղքի առկայությունը` նկատի ունենալով իմ բացատրության նշված հիմնավորումները:
Ի տարբերություն և ի լրումն վերը նշված տեղեկանքի` եզրակացությունում ավելացվել է, որ իմ կողմից խախտվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը` անհապաղ ազատ չի արձակվել անազատության մեջ ապօրինի պահվող մեղադրյալը:
Անդրադառնալով նշված «խախտմանը»` գտնում եմ, որ թեև ՀՀ քրեական դատավարության սկզբունքներից մեկն անձի անձեռնմխելիության սկզբունքն է, և որպես ընդհանուր նորմ դիտարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը և դատախազը պարտավոր են անհապաղ ազատ արձակել անազատության մեջ ապօրինի պահվող յուրաքանչյուր անձի, կալանքի տակ պահելու վայրի վարչակազմի ղեկավարն իրավունք չունի կալանքը կրելու համար անձին ընդունել առանց համապատասխան դատական որոշման և պարտավոր է անհապաղ ազատ արձակել կալանքի տակ պահելու ժամկետը լրացած յուրաքանչյուր անձի, սակայն օրենսդիրը մինչդատական վարույթի փուլում նշված հարցի կարգավորման նպատակով ընդունված հատուկ նորմով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածով, անդրադարձել է նշված հարցին և, նման լիազորությամբ օժտելով միայն վարույթն իրականացնող մարմնին ու ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեակավարին, գտել է, որ առաջինի որոշմամբ և երկրորդի կողմից միայն կարող է ազատվել ձերբակալվածը, եթե լրացել է ձերբակալման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, և դատարանը մեղադրյալին կալանավորելու մասին որոշում չի կայացրել:
Նշվածից հետևում է, որ բացառությամբ ձերբակալվածների, մնացած բոլոր դեպքերում դատարանը նույնպես պարտավոր է անհապաղ ազատ արձակել անազատության մեջ ապօրինի պահվող յուրաքանչյուր անձի»:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.
1. 17.05.2010 թվականին` ժամը 19:20-ին, ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Մարգարյանի կողմից ձերբակալվել է Ռ. Եսայանը, որը նույն օրը` 20:35-ին, տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահելու վայր:
2. 20.05.2010 թվականին` ժամը 13:15-ից հետո, Ռ. Եսայանը հանվել է ՁԱՊՎ-ից և ներկայացվել Դատարան` վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննության առնելու համար:
3. Դատական նիստի ընթացքում մեղադրյալի պաշտպան Վ. Գևորգյանը միջնորդություն է ներկայացրել Դատարանին` խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց` կալանավորման փոխարեն կիրառել գրավ: Դատարանի կողմից հայտարարվել է ընդմիջում: Վերսկսված դատական նիստի ընթացքում միջնորդության քննարկման ժամանակ պաշտպան Վ. Գևորգյանն այլ միջնորդություն է ներկայացրել Դատարանին` խնդրելով հետաձգել միջնորդության քննությունը` մեղադրյալի անձը բնութագրող փաստաթղթեր Դատարանին ներկայացնելու պատճառաբանությամբ:
4. Դատարանը, 20.05.2010 թվականին քննելով միջնորդությունը, նույն օրը` ժամը 18:19-ին, դատական նիստը հետաձգել և նշանակել է հաջորդ օրը` 21.05.2010 թվականին` ժամը 14:00-ին:
5. 21.05.2010 թվականին միջնորդության քննությունը (դատական նիստը) հետաձգելիս դեռևս լրացած չի եղել մեղադրյալի ձերբակալման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը` 72 ժամը:
6. 21.05.2010 թվականին` ժամը 14:16-ին, Դատարանը սկսել է դատական նիստը: Դատարանը կայացրել է որոշում, որով մեղադրյալ Ռ. Եսայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը` երկու ամիս ժամկետով` մինչև 17.07.2010 թվականը, իսկ պաշտպան Վ. Գևորգյանի միջնորդությունը` մերժել:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննարկելով Դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցչի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «Ձերբակալվածը, վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ենթակա է ազատման, եթե լրացել է ձերբակալման սույն օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը և դատարանը մեղադրյալին կալանավորելու որոշում չի կայացրել»: Ընդ որում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 30-րդ կետի համաձայն` քրեական գործի մինչդատական վարույթում քրեական վարույթ իրականացնող մարմիններն են հետաքննության մարմինը, քննիչը և դատախազը:
Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում կասկածյալին ազատում է ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը:
Ինչպես երևում է գործի նյութերից, երբ 2010 թվականի մայիսի 20-ի դատական նիստի ընթացքում դատարանը, քննության առնելով մեղադրյալի անձը բնութագրող փաստաթղթեր ներկայացնելու մասին պաշտպանի միջնորդությունը, բավարարել է այն և ժամը 1819 րոպեին նիստը հետաձգել է մինչև 2010 թվականի մայիսի 21-ը` ժամը 1400, ձերբակալման 72 ժամը դեռևս լրացած չի եղել: Ժամը 1920 րոպեին մեղադրյալը ներկայացվել է ՁԱՊՎ: Այդ ժամանակ լրացել է նրա ձերբակալման 72 ժամը: Այս պայմաններում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի հիման վրա, նրան անհապաղ ազատելու համար պատասխանատու էին վարույթն իրականացնող մարմինը, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարը:
Դա է փաստում նաև գործում առկա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին հասցեագրված Երևան քաղաքի դատախազի գրությունը, որտեղ դատախազը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի խախտումը, նշել է, որ «...արձանագրված խախտման կապակցությամբ ծառայողական քննություն կատարելու համար իմ կողմից համապատասխան գրություն է ուղարկվել Երևան քաղաքի վարչության պետին....»:
Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ սույն գործով ձերբակալման 72 ժամի խախտումը տեղի է ունեցել մեղադրյալի` դատարանում չգտնվելու ժամանակահատվածում, և դատավորը թույլ չի տվել ՀՀ Սահմանադրության 16-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածների պահանջների խախտում:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի «գ)» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ օրենքով դատական իշխանություն իրականացնելու համար լիազորված պաշտոնատար անձի մոտ և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք (...):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունները դատավորի կողմից պետք է քննվեն անհապաղ, բայց ոչ ուշ, քան դրանք ստանալու հաջորդ օրը:
Խորհուրդը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված` համապատասխան միջնորդությունն անհապաղ քննելու պահանջը վերաբերում է միջնորդության քննությունը սկսելուն և ոչ թե ավարտելուն: Հակառակ մոտեցման պարագայում դատարանի վրա կդրվեր առանց բավարար հիմնավորումների որոշում կայացնելու պարտականություն, որի հետևանքով անձի ազատության և անձեռնմխելիության սահմանադրական արժեքի իրավական երաշխիքը` դատական վերահսկողությունը, կդառնար պատրանքային: Մինչդեռ, համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հաստատուն իրավական դիրքորոշման` Կոնվենցիան կոչված է երաշխավորելու ոչ թե տեսական և պատրանքային, այլ գործադրելի և իրացվելի իրավունքներ (օրինակ` Արտիկոն ընդդեմ Իտալիայի (Artico v. Italy) գործով 1980թ. մայիսի 13-ի վճիռ, կետ 33):
Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշմանը համապատասխան` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված են դատական վերահսկողության արդյունավետությունն ապահովող իրավադրույթներ: Այսպես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում` (...), կասկածյալի կամ մեղադրյալի անձը, տարիքը և առողջական վիճակը, (...), զբաղմունքի տեսակը, ընտանեկան դրությունը, խնամարկյալների առկայությունը, գույքային դրությունը, բնակության մշտական վայրի առկայությունը և այլ էական հանգամանքներ: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` միջնորդությունը քննարկելիս դատավորն իրավունք ունի պահանջել միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութեր, բացատրություններ (...):
Խորհրդի դիրքորոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 4-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ միջնորդության լուծումը (որոշման կայացումը) կարող է տեղի ունենալ ոչ անհապաղ և ոչ նույն օրը, քանի որ միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութերը, բացատրությունները պահանջելու դատավորի իրավունքը կարող է ենթադրել դատական նիստի հետաձգում:
Ներկայացված նյութերից երևում է, որ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը հարուցվել է 2010 թվականի մայիսի 20-ին: Մեղադրյալը ՁԱՊՎ-ից հանվել է նույն օրը` ժամը 1315-ից հետո, իսկ դատարանը միջնորդությունը քննության է առել ժամը 1715-ին:
Փաստորեն, վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալը դատարան է բերվել ձերբակալման 72 ժամը լրանալուց շուրջ 2 ժամ առաջ: Այդ կարճ ժամանակահատվածում քննելով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը, դատարանն ապահովել է այն անհապաղ քննելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ, 285-րդ հոդվածների և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարումը:
Միևնույն ժամանակ Դատարանը միջնորդության քննությունը (դատական նիստը) հետաձգել է հաջորդ օրը, քանի որ պաշտպանը հարուցել է միջնորդություն, որի մերժումը, Դատարանի կարծիքով, կարող էր հանգեցնել մեղադրյալի իրավունքների կոպիտ խախտման, ինչպես նաև նրա սահմանադրական իրավունքի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի խախտման:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` Խորհուրդը գտնում է, որ նիստը հետաձգելու մասին որոշում կայացնելով` դատավորը դուրս չի եկել դատական հայեցողության թույլատրելի շրջանակներից, քանի որ որոշումը պայմանավորված է եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված էական հանգամանքներ պարզելու անհրաժեշտությամբ, ինչը տվյալ պարագայում ողջամիտ հիմնավորում է:
Այսպիսով, այն պայմաններում, երբ մեղադրյալը Դատարան է բերվել և միջնորդության քննությունը կատարվել է ձերբակալման 72 ժամը լրանալուց շուրջ երկու ժամ առաջ, ակնհայտ կարճ ժամանակահատվածում, Դատարանն անհապաղ քննել է միջնորդությունը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ միջնորդությունը քննարկելիս Դատարանն իրավունք ունի պահանջել միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութեր, բացատրություններ, ապա պարզ է դառնում, որ ձերբակալման ժամկետը` 72 ժամը, լրանալուց շուրջ 2 ժամվա ընթացքում հնարավոր չէ կայացնել օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում` առանց ոտնահարելու մեղադրյալի պաշտպանության իրավունքը:
Նման իրավիճակը նկատի ունենալով` ներկայումս ՀՀ արդարադատության նախարարն իրավացիորեն օրենսդրական առաջարկություն է ներկայացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Դատախազը կամ քննիչը միջնորդություն հարուցելու մասին որոշումը դատարան պետք է ներկայացնեն անձին արգելանքի վերցնելու պահից առնվազն 54 ժամվա ընթացքում»:
Խորհուրդը միաժամանակ հարկ է համարում նշել, որ տվյալ հարցի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է իր իրավական դիրքորոշումը: Այսպես` ՀՀ վճռաբեկ դատարանը, Գ. Միքայելյանի վերաբերյալ թիվ ԵԱԴԴ/0085/06/09 քրեական գործով 18.12.2009 թվականին կայացրած որոշմամբ անդրադառնալով ձերբակալման առավելագույն տևողության խախտման պայմաններում անձին կալանավորելու հնարավորության հարցին, գտել է, որ «կալանավորման միջնորդությանը նախորդած ձերբակալման ընթացակարգի (ներառյալ` ժամկետի վերաբերյալ պահանջի) խախտումը կալանավորման միջնորդությունը մերժելու հիմք չէ, եթե հանցագործությանը մեղադրյալի առնչությունը և կալանավորման հիմքերի առկայությունը դատարանը համարում է հիմնավորված»:
Վերոգրյալը հաշվի առնելով՝ Խորհուրդը գտնում է, որ հիմնավորված չէ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը, ուստի դատավոր Գ. Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ սույն կարգապահական գործը ենթակա է կարճման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածով, 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը մերժել: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` Վ. Աբելյան Գ. Խանդանյան
Գ. Բադիրյան
Տ. Բարսեղյան
Ռ. Բարսեղյան
Ա. Թումանյան
Ա. Խաչատրյան
Մ. Մակյան
Մ. Մարտիրոսյան
Հ. Փանոսյան
Ս. Օհանյան