ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1624/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1624/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան | |
Դատավորներ՝ Գ. Մատինյան Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հունիսի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Աստղիկ Տիգրանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.02.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Արաքսյա Սարգսյանի հայցի ընդդեմ Աստղիկ Տիգրանյանի` նվիրատվությունը վերացնելու, որպես անարժան ժառանգ ճանաչելու, ժառանգությունից մեկուսացնելու, ժառանգությունը փաստացի ընդունած ժառանգ ճանաչելու և իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արաքսյա Սարգսյանը պահանջել է վերացնել Վարշամ Սարգսյանի և Աստղիկ Տիգրանյանի միջև Երևանի Լեփսիուսի 2ա շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ 30.06.2006 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը։
Արաքսյա Սարգսյանը, ավելացնելով հայցային պահանջի չափը, պահանջել է Վարշամ Սարգսյանի և Աստղիկ Տիգրանյանի միջև 30.06.2006 թվականին կնքված նվիրատվության պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, անվավեր ճանաչել Երևանի Լեփսիուսի 2ա շենքի թիվ 7 բնակարանի 30.06.2006 թվականի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, վերացնել կատարված նվիրատվությունը, Աստղիկ Տիգրանյանին ճանաչել անարժան ժառանգ և մեկուսացնել ժառանգությունից, Արաքսյա Սարգսյանին ճանաչել Վարշամ Սարգսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ և նշված բնակարանի սեփականատեր:
Արաքսյա Սարգսյանը, ավելացնելով հայցային պահանջի չափը, պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ 15.10.1969 թվականի ԱԶ թիվ 147837 ամուսնության վկայականը պատկանում է ամուսիններ Արաքսյա Բալաբեկի և Վարշամ Մարտիրոսի Սարգսյաններին, ինչպես նաև 13.12.1993 թվականի բնակելի տան առուվաճառքի պայմանագիրը պատկանել է 1927 թվականին ծնված Վարշամ Մարտիրոսի Սարգսյանին:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 28.10.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն։ Վճռվել է` վերացնել Վարշամ Սարգսյանի և Աստղիկ Տիգրանյանի միջև Երևանի Լեփսիուսի 2ա շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ 30.06.2006 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը, անվավեր ճանաչել դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը, Արաքսյա Սարգսյանին ճանաչել Վարշամ Սարգսյանի ժառանգությունը փաստացի ընդունած ժառանգ և Երևանի Լեփսիուսի 2ա շենքի թիվ 7 բնակարանի սեփականատեր, ինչպես նաև հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստերը, որ 15.10.1969 թվականի ԱԶ թիվ 147837 ամուսնության վկայականը պատկանում է ամուսիններ Արաքսյա Բալաբեկի և Վարշամ Մարտիրոսի Սարգսյաններին, և 13.12.1993 թվականի բնակելի տան առուվաճառքի պայմանագիրը պատկանել է 1927 թվականին ծնված Վարշամ Մարտիրոսի Սարգսյանին: Հայցի մնացած մասը` Աստղիկ Տիգրանյանին անարժան ժառանգ ճանաչելու և ժառանգությունից մեկուսացնելու պահանջի մասին, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03.02.2010 թվականի որոշմամբ Աստղիկ Տիգրանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 28.10.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աստղիկ Տիգրանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արաքսյա Սարգսյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 19-րդ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 7-րդ, 8-րդ 12-րդ, 17-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 11-րդ արձանագրության 8.1-րդ և 13.1-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ, 571-574-րդ, 1226-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը, 447-րդ հոդվածի 1-ին մասը, 594-րդ հոդվածի 4-րդ մասը, 1191-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ հոդվածները, 28-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ, 5-րդ, 6-րդ ենթակետերը, 31-րդ հոդվածը, 32-րդ, 48-րդ, 49-րդ և 51-րդ հոդվածների 1-ին կետերը, 48-րդ հոդվածի 6-րդ կետը, 53-րդ հոդվածը, 132-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ պարբերությունը և 219-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, որի արդյունքում անտեսել է այն հանգամանքը, որ 30.06.2006 թվականի բնակարանի նվիրատվության պայմանագիրը կնքվել է նվիրատվության նորմերի պահանջներին համապատասխան, որով որևէ այլ գործարք չի քողարկվել, այսինքն` շինծու գործարք չէ:
Ավելին, քննվող քաղաքացիական գործում առկա չէ որևէ թույլատրելի ապացույց, որով կարող է հաստատվել այն հանգամանքը, որ Վարշամ Սարգսյանը և Աստղիկ Տիգրանյանն իրականում ցանկացել են կնքել ցմահ ռենտայի պայմանագիր կամ նվիրատվության պայմանագիրը կնքվել է խաբեության, բռնության, նվիրատուի անգրագիտության կամ թույլ տեսողության ներքո, ինչպես նաև առկա չէ որևէ ապացույց, որ գործարքի կնքման պահին նվիրատուի տեսողությունը գտնվել է լավ վիճակում կամ եղել է գրագետ:
Վերաքննիչ դատարանն իրավաչափ իրավական գնահատական չի տվել այն փաստին, որ անգամ վիճելի բնակարանը որպես ժառանգական գույք դիտելու դեպքում Աստղիկ Սարգսյանի հոր` նվիրատուի մահից հետո Աստղիկ Սարգսյանը ժառանգ է, և նա է տիրապետել վիճելի բնակարանը, կատարել դրա համար սահմանված պետական վճարումները, հոգացել պահպանման խնդիրները։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.02.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար, վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման։ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ Դատարանի վճռով կատարված եզրահանգումները օրինական են և հիմնավոր, որ 30.06.2006 թվականի բնակարանի նվիրատվության պայմանագիրը շինծու գործարք է:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 15.103.1969 թվականին տրված ԱԶ թիվ 147837 ամուսնության վկայականի համաձայն` Վարշամ Սարկիսովը և Արաքսյա Սարկիսյանը ամուսիններ են (գ.թ.12)։
2. 13.12.1993 թվականի բնակելի տան առուվաճառքի պայմանագրով Վարշամ Սարգիսովը գնել է Երևանի Գաստելո 6 փողոցի 2 շենքի թիվ 7 բնակարանը (այժմ` Երևանի Լեփսիուսի 2ա շենքի թիվ 7 բնակարան) (գ.թ.10)։
3. 30.06.2006 թվականի բնակարանի նվիրատվության պայմանագրով Վարշամ Սարգսյանը Երևանի Լեփսիուսի 2ա շենքի թիվ 7 բնակարանը նվիրել է դստերը` Աստղիկ Տիգրանյանին: Պայմանագրի համաձայն` Վարշամ Սարգսյանի անգրագիտության և թույլ տեսողության պատճառով նոտարի ներկայությամբ նրա փոխարեն պայմանագիրը ստորագրել է վկա Հայկանուշ Ազատյանը (գ.թ.9)։
4. 10.07.2006 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2105140 վկայականի համաձայն` Երևանի Լեփսիուսի 2ա շենքի թիվ 7 բնակարանի սեփականատերն Աստղիկ Տիգրանյանն է (հիմք` 30.06.2006 թվականի բնակարանի նվիրատվության պայմանագիրը) (գ.թ.17-19)։
5. Վարշամ Սարգսյանը մահացել է 14.05.2008 թվականին (գ.թ. 13)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 594-րդ հոդվածի համաձայն՝ նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կամ իրեն, կամ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից: Գույքի կամ իրավունքի հանդիպական հանձնման կամ հանդիպական պարտավորության առկայության դեպքում պայմանագիրը նվիրատվություն չի համարվում: Այդպիսի պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 306 հոդվածի 2-րդ կետով նախատեսված կանոնները:
ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը, առոչինչ է: Այդ գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն` շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս՝ «Սինկրիստալ» ՍՊԸ-ն (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Գագիկ Բղդոյանի, Եվգինյա Բղդոյանի, երրորդ անձ ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա ԻԿԿ-ի` Ընկերության լիազորված անձ Ռոստոմ Կուրղինյանի և Գագիկ Բղդոյանի միջև 23.07.2002 թվականին կնքված «Սինկրիստալ-ԱՌ» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) բաժնետոմսերի առուվաճառքի, որպես առոչինչ պայմանագրի, անվավերության հետևանքները կիրառելու և Գագիկ Բղդոյանի և Եվգինյա Բղդոյանի միջև 22.07.2005 թվականին կնքված Կազմակերպության բաժնետոմսերի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին թիվ 3-623(ՎԴ) քաղաքացիական գործը ):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը :
Դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին(տե՛ս` Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման՝ Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի՝ բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08):
Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Վարշամ Սարգսյանի և Աստղիկ Տիգրանյանի միջև կնքված 30.06.2006 թվականի բնակարանի նվիրատվության պայմանագիրը շինծու գործարք է, որով իրականում Աստղիկ Տիգրանյանին փոխանցվել է բնակարանը տնօրինելու իրավունքը, սակայն ինչպես նվիրատուն, այնպես էլ Արաքսյա Սարգսյանը նպատակ են ունեցել մինչև իրենց կյանքի վերջը բնակվել վիճելի բնակարանում, ուրիշ բնակվելու վայր չեն ունեցել, ծեր թոշակառուներ են և ունեցել են Աստղիկ Տիգրանյանի խնամքի կարիքը, ինչպես նաև վիճելի պայմանագիրը շինծու գործարք լինելու հանգամանքը հիմնավորվել է այն փաստով, որ Վարշամ Սարգսյանը, երկար տարիներ աշխատելով տարբեր հիմնարկ ձեռնարկություններում և լինելով տառաճանաչ, անձամբ այն չի ստորագրել:
Այսինքն` Վերաքննիչ դատարանը գտել է, որ Վարշամ Սարգսյանի և Աստղիկ Տիգրանյանի միջև իրականում կնքվել է ցմահ ռենտայի պայմանագիր, իսկ նվիրատվության 30.06.2006 թվականի պայմանագրով քողարկվել է կողմերի միջև իրականում ծագած ցմահ ռենտայի իրավահարաբերությունը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որով հաստատվում է այն փաստը, որ վեճի առարկա բնակարանի նվիրատվության պայմանագրով գույքը հանձնելու դիմաց Աստղիկ Տիգրանյանը պարտավորվել է ցմահ հոգալ ինչպես նվիրատուի, այնպես էլ Արաքսյա Սարգսյանի խնամքը և կենցաղային կարիքները: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ նվիրատվության պայմանագիրը ստորագրվել է այլ անձի կողմից, ապա նույն պայմանագրի համաձայն` Վարշամ Սարգսյանի անգրագիտության և թույլ տեսողության պատճառով նոտարի ներկայությամբ նրա փոխարեն պայմանագիրը ստորագրել է վկա Հայկանուշ Ազատյանը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շինծու գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը, վիճելի պայմանագիրը ճանաչելով շինծու գործարք, վճռել է վերացնել վիճելի պայմանագիրը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի հիմքն ըստ էության վերաբերում է դատական ակտի` Վարշամ Սարգսյանի և Աստղիկ Տիգրանյանի միջև Երևանի Լեփսիուսի 2ա շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ 30.06.2006 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը վերացնելու և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Արաքսյա Սարգսյանին Վարշամ Սարգսյանի ժառանգությունը փաստացի ընդունած ժառանգ և Երևանի Լեփսիուսի 2ա շենքի թիվ 7 բնակարանի սեփականատեր ճանաչելու պահանջների մասերին, հետևաբար դատական ակտն ենթակա է բեկանման այդ մասերով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.02.2010 թվականի որոշման` Վարշամ Սարգսյանի և Աստղիկ Տիգրանյանի միջև Երևանի Լեփսիուսի 2ա շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ 30.06.2006 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը վերացնելու և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, Արաքսյա Սարգսյանին Վարշամ Սարգսյանի ժառանգությունը փաստացի ընդունած ժառանգ և Երևանի Լեփսիուսի 2ա շենքի թիվ 7 բնակարանի սեփականատեր ճանաչելու պահանջների մասերը և գործն այդ մասերով ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի չվճարված մասի վճարումը հետաձգել և այդ հարցին անդրադառնալ գործի ըստ էության քննության ժամանակ։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Է. Հայրիյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ |