ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ6/0234/05/08 վարչական գործ թիվ ՎԴ6/0234/05/08 2010թ.
Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ Ա. Բարսեղյանի Ե. Խունդկարյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի
2010 թվականի փետրվարի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գուրգեն Բերոյանի, հայցվորի կողմում երրորդ անձինք Վերգուշ, Արփենիկ, Վերիշկա, Անգին և Նորիչկա Բերոյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 06.03.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Գուրգեն Բերոյանի, երրորդ անձինք Վերգուշ, Արփենիկ, Վերիշկա, Անգին և Նորիչկա Բերոյանների ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Ալավերդու տարածքային ստորաբաժանման, երրորդ անձինք Լոռու մարզի Շնողի գյուղապետարանի, Վարդան Բերոյանի` սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու և Գուրգեն Բերոյանին փաստացի տիրապետմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Գուրգեն Բերոյանը, երրորդ անձինք Վերգուշ, Արփենիկ, Վերիշկա, Անգին և Նորիչկա Բերոյանները պահանջել են անվավեր ճանաչել Գառնիկ Բերոյանի անվամբ Շնող գյուղում գտնվող տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը և փաստացի տիրապետմամբ ճանաչել Գուրգեն Բերոյանի մոր՝ Վարսենիկ Բերոյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:
Գուրգեն Բերոյանը, ավելացնելով հայցային պահանջի չափը, պահանջել է նաև անվավեր ճանաչել Շնողի գյուղապետարանի 1991 թվականի թիվ 1 տնտեսական գրքի 43 էջի գրանցումը և դրա հիման վրա տրված քաղվածքը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 06.03.2009 թվականի վճռով հայցը` Գառնիկ Բերոյանի անվամբ Շնող գյուղում գտնվող տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, Շնողի գյուղապետարանի 1991 թվականի թիվ 1 տնտեսական գրքի 43 էջի գրանցումը և դրա հիման վրա տրված քաղվածքը անվավեր ճանաչելու պահանջների մասով մերժվել է, իսկ Գուրգեն Բերոյանին փաստացի տիրապետման և կառավարման ուժով ժառանգական գույքը ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասով վարչական գործի վարույթը կարճվել է` վեճն այդ մասով Դատարանին ընդդատյա չլինելու հիմքով:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Գուրգեն Բերոյանը, երրորդ անձինք Վերգուշ, Արփենիկ, Վերիշկա, Անգին և Նորիչկա Բերոյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ, 113-րդ հոդվածները, որի արդյունքում չի կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները:
Մասնավորապես, դատարանը հաշվի չի առել Գյուղապետարանի 17.04.2008 թվականի գրությունը, Շնող համայնքի ղեկավարի 19.05.2008 թվականի տեղեկանքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Վարսենիկ Բերոյանը, Գառնիկ Բերոյանը, ինչպես նաև Գուրգեն Բերոյանը առանձին տնտեսություններ էին: Դատարանի կողմից անտեսվել է նաև, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվում է այն փաստը, որ Գուրգեն Բերոյանը և իր ընտանիքը եղբոր` Գառնիկ Բերոյանի հետ բնակվել է մեկ հարկի տակ:
Բացի այդ, Դատարանը հաշվի չի առել, որ կադաստրը գրանցման հիմք հանդիսացած փաստաթղթում Գյուղապետարանի կողմից ուղղում կատարելուց հետո Գյուղապետարանի 17.04.2008 թվականի գրության հիման վրա պարտավոր էր կատարել համապատասխան գրանցման ուղղում՝ առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ մասով:
Ավելին, պետական գրանցման հիմքում դրված քաղվածքը եղել է ջնջումներով, ուղղումներով, իսկ օրենսդրորեն ուղղակիորեն արգելված է նման փաստաթղթերի հիման վրա պետական գրանցման իրականացումը: Ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթերը հիմք են պետական գրանցումը մերժելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Դատարանի 06.03.2009 թվականի վճռի` Գառնիկ Բերոյանի անվամբ Շնող գյուղում գտնվող տան և տնամերձ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը, Շնողի գյուղապետարանի 1991 թվականի թիվ 1 տնտեսական գրքի 43 էջի գրանցումը և դրա հիման վրա տրված քաղվածքը անվավեր ճանաչելու պահանջի մասը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Շնող համայնքի 1991-1995 թվականների թիվ 1 տնտեսական գրքի անձնական հաշիվ թիվ 43-ում որպես տնտեսության անդամ նշվել է Վարսենիկ Բերոյանը: Տունը և տնամերձ հողամասը գտնվում է փողոց 11, փակուղի 1, թիվ 21 տուն հասցեում (հատոր 1-ին գ. թ. 12):
2. Շնող համայնքի 1991-1995 թվականների և 2001-2006 թվականների թիվ 1 տնտեսական գրքի անձնական հաշիվ թիվ 44-ում որպես տնտեսության անդամներ նշվել են Գուրգեն Բերոյանը, Արմենուհի Մաշինյանը, Գոհար Բերոյանը, Լիլիթ Բերոյանը, Գերաս Բերոյանը (հատոր 1-ին գ.թ. 11, գ.թ. 62):
3. Շնող համայնքի 1991-1995 թվականների թիվ 1 տնտեսական գրքի անձնական հաշիվ թիվ 45-ում որպես տնտեսության անդամ նշվել է Գառնիկ Բերոյանը: Տունը և տնամերձ հողամասը գտնվում է փողոց 11, փակուղի 1, թիվ 21 տուն հասցեում (հատոր 1-ին գ. թ. 12):
4. Վարսենիկ Բերոյանը մահացել է 1995 թվականին: Շնող համայնքի 1991-1995 թվականների թիվ 1 տնտեսական գրքի անձնական հաշիվ թիվ 43-ի` որպես տնտեսության անդամ գրանցված Վարսենիկ Բերոյանի անվան, հայրանվան վրա կատարվել է գծանշում և փոխարենը նշվել է «Բերոյան Գառնիկ Գերասիմի»: Նույն գրքի անձնական հաշիվ թիվ 45-ի Գառնիկ Գերասիմի Բերոյանի տվյալների էջի վրա կատարվել է նշում` «անցել է թիվ 43 անձնական հաշիվ» (հատոր 1-ին գ. թ. 12):
5. 30.06.2004 թվականին Շնող գյուղում գտնվող տան և տնամերձի նկատմամբ պետական գրանցման միասնական 06-088-4-7 մատյանի 119 համարի տակ գրանցվել է Գառնիկ Բերոյանի սեփականության իրավունքը` հիմք ընդունելով Շնող համայնքի տնտեսական համար 1 գրքի անձնական հաշիվ 43-ի քաղվածքը (հատոր 1-ին գ. թ. 55-57):
6. ՀՀ Լոռու մարզի Շնողի գյուղապետարանի ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Ալավերդու տարածքային ստորաբաժանման պետ Ն. Գալստյանին ուղղված 17.04.2008 թվականի գրությամբ նշվել է. «Գուրգեն Գերասիմի Բերոյանի ընտանիքը քարտեզագրման նախապատրաստական աշխատանքների ժամանակ թյուրիմացաբար դուրս է մնացել սեփականության իրավունքի վկայականից, սակայն փաստացի այդ ընտանիքը գրանցված և մշտապես բնակվել և բնակվում է այդ նույն տանը» (հատոր 1-ին գ.թ. 58):
7. Շնողի համայնքի ղեկավարի 19.05.2008 թվականին տրված տեղեկանքի համաձայն` 2006-2010 թվականների տնտեսական գրքի թիվ 1 գրքի էջ 56-ի կատարվել է նախկին սխալ գրանցման ուղղում կապված հասցեագրման աշխատանքների հետ, և Գուրգեն Բերոյանի և նրա ընտանիքի անվան դիմաց գրանցվել է շինություն /տուն/, որի հասցեն է փողոց 11 փակուղի 1 տուն 21 (հատոր 1-ին գ.թ. 61):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Սույն վարչական գործով Դատարանը, հաստատված համարելով, որ 1980-1982 թվականների և 1988-1990 թվականների տնտեսական գրքերով չի հաստատվում Գուրգեն Բերոյանի` բնակելի տուն և տնամերձ ունենալու փաստը, հանգել է այն հետևության, որ վիճելի տան մի մասը պատկանել է Գառնիկ Բերոյանին, իսկ մյուս մասը՝ Վարսենիկ և Գերասիմ Բերոյաններին:
Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի իրավական հիմնավորումը: Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի, որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):
Մինչդեռ, սույն գործով Դատարանը չի անդրադարձել և գնահատման առարկա չի դարձրել Շնող համայնքի 1991-1995 և 2001-2006 թվականների թիվ 1 տնտեսական գրքերի անձնական հաշիվ թիվ 43, թիվ 44, թիվ 45-ի նշումներն այն մասին, որ առանձին տնտեսությունների անդամներ են համապատասխանաբար Վարսենիկ Բերոյանը, Գուրգեն Բերոյանը և նրա ընտանիքը, ինչպես նաև Գառնիկ Բերոյանը, Շնողի Գյուղապետարանի` 17.04.2008 թվականի գրությունը, ըստ որի` Գուրգեն Բերոյանը և նրա ընտանիքը քարտեզագրման նախապատրաստական աշխատանքների ժամանակ թյուրիմացաբար դուրս են մնացել սեփականության իրավունքի վկայականից, սակայն փաստացի այդ ընտանիքը գրանցված և մշտապես բնակվել և բնակվում է այդ նույն տանը, Շնողի համայնքի ղեկավարի կողմից 19.05.2008 թվականին տրված տեղեկանքը, որի համաձայն` 2006-2010 թվականների տնտեսական թիվ 1 գրքի էջ 56-ում կատարվել է նախկին սխալ գրանցման ուղղում կապված հասցեագրման աշխատանքների հետ և Գուրգեն Բերոյանի և նրա ընտանիքի անվան դիմաց գրանցվել է շինություն (տուն), որի հասցեն է փողոց 11 փակուղի 1 տուն 21:
Մասնավորապես, Դատարանը չի նշել, հայցվորի կողմից ներկայացված վերը նշված ապացույցների մերժման հիմքերը:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճիռը հիմնավոր չէ:
Ինչ վերաբերում է նյութական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկներին, ապա Դատարանի կողմից վերը նշված ապացույցները չգնահատվելու պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 06.03.2009 թվականի վճռի՝ Գառնիկ Բերոյանի անվամբ Շնող գյուղում գտնվող տան և տնամերձ հողամասի նկատմամբ անշարժ գույքի գրանցման միասնական 06-088-4-7 մատյանի թիվ 119 սեփականության իրավունքի պետական գրանցումը, Շնողի գյուղապետարանի 1991 թվականի թիվ 1 տնտեսական գրքի 43 էջի գրանցումը և դրա հիման վրա տրված քաղվածքը անվավեր ճանաչելու պահանջի մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|