ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ3/0027/05/09 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Վ. Ավանեսյանի | |
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի |
2009 թվականի սեպտեմբերի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 11.03.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մասիսի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ Լևոն Մուրադյանի՝ 1.164.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և Լևոն Մուրադյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության` Տեսչության 06.11.2008 թվականի թիվ 2304241 ակտը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է արձակել վճարման կարգադրություն` Լևոն Մուրադյանից ՀՀ պետական բյուջեի օգտին 1.164.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ, որից 873.000 ՀՀ դրամը` որպես չվճարված տուգանք, 174.600 ՀՀ դրամը` սոցիալական ապահովության վճար, 116.400 ՀՀ դրամը` 06.11.2008 թվականի թիվ 23042141 ակտի գումարի 10 տոկոս մասնահանման գումար:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Լևոն Մուրադյանը պահանջել է բացի 183.000 ՀՀ դրամից, մնացած մասով անվավեր ճանաչել Տեսչության 06.11.2008 թվականի թիվ 2304241 ակտը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 11.03.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Լևոն Մուրադյանից բռնագանձվել է 183.000 ՀՀ դրամ, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է ամբողջությամբ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2.1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «բ» կետի պահանջները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերությունը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը վճիռ կայացնելիս անտեսել է, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն` ստուգումն իրականացնող մարմնի կողմից ստուգման ակտին կցվում է տեղեկանք, եթե տնտեսվարող սուբյեկտին առաջադրված պատասխանատվությունը հիմնվում է համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների կամ նրանց միջև կիրառված գների վերաբերյալ համեմատական ուսումնասիրության և վերլուծության վրա:
Մինչդեռ տվյալ դեպքում տեսուչների կողմից ստուգման ակտի հիմքում դրվել է ոչ թե համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների կողմից կամ նրանց միջև կիրառված գների վերաբերյալ տեղեկությունը, այլ ստուգման ընթացքում Լևոն Մուրադյանի տված հայտարարությունը:
Տեսչությունը, օգտվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «բ» ենթակետով իրեն վերապահված իրավունքից, Լևոն Մուրադյանից պահանջել է բացատրություն և դա համարելով բավարար հարկային պարտավորություն հաշվարկելու համար` այն դրել է ստուգման ակտի հիմքում:
Դատարանն անտեսել է, որ Տեսչությունը Լևոն Մուրադյանի հարկային պարտավորությունները հաշվարկելու համար հիմք է ընդունել նաև ոստիկանությունում վերջինիս տված բացատրությունը և հաշվարկը չի կատարել ՀՀ կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 580 որոշմամբ սահմանված կարգով, հետևաբար նրա նկատմամբ հարկային պարտավորություն հաշվարկելու համար անհրաժեշտ չէր Տեսչության պետի որոշում` վերոնշյալ իրավական ակտով սահմանված կարգին համապատասխան հարկային պարտավորությունը հաշվարկելու համար:
2) Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը Տեսչության հայցը Լևոն Մուրադյանի կողմից ընդունած մասով բավարարելիս անտեսել է, որ վարչական մարմինը, գործելով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, վարչական վարույթ իրականացնելու ընթացքում քննարկել է Լևոն Մուրադյանի բացատրությունը 1000-1500 ՀՀ դրամ եկամուտ ունենալու մասին, սակայն օրական եկամտի չափ է ընդունել առավելագույն 5000 ՀՀ դրամը, իսկ հարկվող ժամանակաշրջան՝ 2007 թվականի հոկտեմբերից 2008 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածը, մինչդեռ Լևոն Մուրադյանի կողմից 183.000 ՀՀ դրամ հարկային պարտավորությունն ընդունելու համար հիմք է ընդունվել օրական 1500 ՀՀ դրամ եկամտի առկայությունը և որպես հարկվող ժամանակաշրջան՝ 2008 թվականի հունվարի 18-ից հունիսի 1-ը և 2008 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 23-ը:
Փաստորեն, Դատարանի վճռով հաստատված է համարվել այն, որ վարչական մարմինն իր հայեցողական լիազորությունն իրականացրել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ և ստուգման ակտը մասնակի անվավեր ճանաչելով` ըստ էության Լևոն Մուրադյանի համար սահմանել է հարկային պարտավորության նոր չափ` այն 1.164.000 ՀՀ դրամից նվազեցնելով 183.000 ՀՀ դրամի: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով վարչարարություն իրականացնելու գործառույթը վերապահված է բացառապես վարչական մարմիններին, Դատարանն իրավասու չէր դուրս գալու ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածով դատական իշխանությանը վերապահված լիազորությունների շրջանակներից և իրականացնելու վարչարարություն` իր վճռով սահմանելով հարկային պարտավորության նոր չափ:
Դատարանի վճիռը նաև առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ/1492/05/08 վարչական գործով կայացրած որոշմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 11.03.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Տեսչության պետի 2008 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 2304241 հանձնարարագրի հիման վրա` ֆիզիկական անձ Լևոն Մուրադյանի մոտ կատարվել է առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի ձեռնարկատիրական գործունեության իրականացման ճշտության ստուգում, որի արդյունքում 2008 թվականի նոյեմբերի 6-ին կազմված թիվ 2304241 ստուգման ակտով Լևոն Մուրադյանին առաջադրվել է պետական բյուջե վճարման ենթակա 1.164.000 ՀՀ դրամ լրացուցիչ պարտավորություն, որից 873.000 ՀՀ դրամ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված տուգանք, 174.600 ՀՀ դրամ սոցիալական ապահովության վճար, 116.400 ՀՀ դրամ ՀՀ հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի 10 տոկոս մասնահանումների գումար (գ.թ. 6-7):
2) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի գանգատարկման հանձնաժողովի 2008 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 22/3 որոշմամբ 06.11.2008 թվականի թիվ 2304241 ստուգման ակտը թողնվել է անփոփոխ (գ.թ. 3):
3) Հարկային պարտավորության հաշվարկման ժամանակ ապօրինի գործունեությամբ զբաղվելու ժամանակաշրջան է դիտվել 2007 թվականի հոկտեմբերից մինչև 2008 թվականի հոկտեմբերը: Օրական համախառն եկամուտ է հաշվարկվել 5000 ՀՀ դրամը` հիմք ընդունելով ՀՀ ոստիկանությունում 23.10.2008 թվականին Լևոն Մուրադյանի տված բացատրությունն այն մասին, որ իր օրական եկամուտը կազմել է 4000-5000 ՀՀ դրամ (գ.թ. 13):
4) Լևոն Մուրադյանի ներկայացրած հակընդդեմ հայցադիմումի համաձայն` 183.000 ՀՀ դրամ (այդ թվում` «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված տուգանքը` 123.000 ՀՀ դրամ, «Պարտադիր սոցիալական վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տուգանքը` 60.000 ՀՀ դրամ) հարկային պարտավորությունն իր կողմից ընդունելու համար հիմք է ընդունվել օրական 1500 ՀՀ դրամ եկամտի առկայությունը, իսկ որպես հարկվող ժամանակաշրջան` 2008 թվականի հունվարի 15-ից հունիսի 1-ը և 2008 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 23-ը (գ.թ. 23-24):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածով նախատեսված ապօրինի գործունեության իրականացման դեպքում իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) և ակտիվների արժեքները որոշվում են հարկային մարմինների կողմից՝ կիրառելով նույն օրենքի 22-րդ հոդվածի դրույթները:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ անհնար է հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը: Այդ դեպքերում հարկային տեսչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները հաշվարկում է` հիմնվելով հարկ վճարողի ակտիվների, հարկ վճարողի իրացման շրջանառության ծավալների, հարկ վճարողի արտադրության և շրջանառության ծախսերի, գույքագրման և չափագրման տվյալների, օրենքով սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունների, համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների միջև կիրառված գների և այլ ցուցանիշների վրա:
Տվյալ դեպքում օրենսդիրը, հղում կատարելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածին, նկատի է ունեցել այն դեպքը (ապօրինի գործունեության իրականացում), երբ անհնար է հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունը: Հետևաբար նման դեպքերում հարկային տեսչության համար ծագում է պարտավորություն` հաշվարկելու հարկվող օբյեկտները և հարկային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հիմնվելով օրենքով սահմանված չափանիշների վրա (տե՛ս, ըստ Արտյոմ Ասլանյանի դիմումի ընդդեմ ՀՀ կառավարության առընթեր հարկային պետական ծառայության` ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի քաղաքացիական գործով թիվ 3-779 (ՏԴ) որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապօրինի գործունեության իրականացման դեպքում իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) և ակտիվների արժեքները որոշվում են հարկային մարմինների կողմից՝ կիրառելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի դրույթները:
Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր չէ բողոք բերած անձի պատճառաբանությունն այն մասին, որ Լևոն Մուրադյանի բացատրությունը բավարար է հարկային պարտավորությունը հաշվարկելու համար:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայեցողական լիազորությունն օրենքով վարչական մարմնին վերապահված իրավունք է` ընտրելու մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկը:
Նշված հոդվածից հետևում է, որ վարչական մարմնի հայեցողական լիազորությունը վարչական մարմնի օրենքով սահմանված մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկի ընտրությունն է:
Սույն բողոքի առաջին հիմքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն արդեն անդրադարձել է ապօրինի գործունեության իրականացման դեպքում իրացման շրջանառության (համախառն եկամտի) և ակտիվների արժեքների որոշմանը հարկային մարմինների կողմից:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը, արձանագրել է, որ տվյալ դրույթով նախատեսված հարկային պարտավորության առաջացման դեպքում այն որոշվում է հարկային մարմնի կողմից՝ կիրառելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի դրույթները:
Այսինքն` օրենսդիրն ապօրինի գործունեության իրականացման դեպքում իրացման շրջանառությունը (համախառն եկամուտը) և ակտիվների արժեքները որոշելու համար վարչական մարմնին, տվյալ դեպքում՝ հարկային մարմնին վերապահել է միայն մեկ հնարավոր իրավաչափ լուծում, այն է՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կիրառումը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հարկային պարտավորությունը որոշելիս Տեսչությունը հայեցողական լիազորություն չունի:
Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ Դատարանի վճիռը առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ/1492/05/08 վարչական գործով կայացրած որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նույնպես անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ՝
ՀՀ Դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի իրավական վերլուծությանը:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, և Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության՝ համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն` դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության՝ քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական կամ վարչական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (տե՛ս, «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Սոս Բաղդասարյանի՝ բնակարանի 1/7 մասի սեփականատեր ճանաչելու և բնակարանի մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի թիվ 3-480 (ՎԴ) որոշումը):
Վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ/1492/05/08 գործի փաստական հանգամանքների համաձայն՝ «Անկրկնելի Ցուլ» ՍՊԸ-ի տնօրեն Սերյոժա Հակոբյանը 14.11.2007 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակիցների կողմից պատասխանատվության է ենթարկվել 25 ֆիզիկական անձանց վաճառատեղերի տրամադրման համար՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 12-րդ մասով: Տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն սահմանող նորմը նախատեսում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տեղի համար սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատկիի չափով: Սերյոժա Հակոբյանը պատասխանատվության էր ենթարկվել տուգանքի առավելագույն չափով` յուրաքանչյուր տեղի համար 300.000 ՀՀ դրամով:
Այսինքն` վերը նշված գործով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 12-րդ մասը իրավունք է վերապահել վարչական մարմնին իրականացնելու հայեցողական լիազորություն՝ ընտրելու մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկը:
Մինչդեռ սույն վարչական գործի փաստերի համաձայն՝ Լևոն Մուրադյանի իրավախախտման հիմքը «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասն է, որը նախատեսում է հարկային պարտավորության հաշվարկման կարգ՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կիրառումը` վարչական մարմնի համար չսահմանելով հայեցողական որևէ իրավունք:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի և Վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ/1492/05/08 գործի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները նույնանման չեն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական դատարանի 11.03.2009 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Ս. Սարգսյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Մ. Դրմեյան Ե. Խունդկարյան
Նախագահող`
Դատավորներ`
Ա. Բարսեղյան