Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.12.2009-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.267
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.12.2009
Подписан
Նախագահող
Дата подписания
25.12.2009
Дата вступления в силу
25.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

 Վարչական գործ թիվ ՎԴ/1597/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/1597/05/09

2009թ. 

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

 Ս. Սարգսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

   

Վ. Աբելյանի

   

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Ե. Խունդկարյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կոնստանտին Հարությունյանի և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական դատարանի 22.06.2009 թվականի վճռի դեմ` ըստ Կոմիտեի Արաբկիրի-1 հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Կոնստանտին Հարությունյանի` 563.459 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Կոնստանտին Հարությունյանից 563.459 ՀՀ դրամ, որից հաստատագրված վճարի գծով ապառք՝ 12.232 ՀՀ դրամ, տույժ՝ 6.697 ՀՀ դրամ, պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով ապառք՝ 360.000 ՀՀ դրամ, տույժ՝ 184.530 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 22.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ 274.267 ՀՀ դրամի չափով:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Կոնստանտին Հարությունյանը և Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել:

 

2.1. Կոնստանտին Հարությունյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետը, «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, ««Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» ՀՀ օրենքը, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ է անհատ ձեռնարկատիրոջ տարեկան համախառն եկամուտը, և քանի որ Կոնստանտին Հարությունյանը գործունեությունը դադարեցրել է 2006 թվականից, հետագա ժամանակահատվածի համար գործունեություն չի իրականացրել և եկամուտ չի ստացել, հարկվող գույք և եկամուտ չի ունեցել:

Վճռաբեկ դատարանը 26.10.2006 թվականի թիվ 3-1711(ՏԴ) և 26.01.2007 թվականի թիվ 3-39(ՏԴ) որոշումներում հանգել է այն եզրակացության, որ մինչև 01.05.2006 թվականը հարկային տեսչություն գործունեության դադարեցման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացրած անհատ ձեռնարկատերերի նկատմամբ 01.01.2006 թվականից հետո՝ մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման մասին գրառման պահը, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներ չեն հաշվարկվում:

Տվյալ դեպքում գործունեություն չիրականացնելու մասին դիմումը Կոնստանտին Հարությունյանը Տեսչություն է ներկայացրել 07.06.2006 թվականին և այն ներկայացնելու դրությամբ վերջինս որևէ պարտավորություն չի ունեցել, ինչի մասին է վկայում դիմումի ներքևի ձախ անկյունում Տեսչության աշխատակցի կատարած նշումը, որ Կոնստանտին Հարությունյանը հարկային և սոցիալական պարտավորություններ չունի: Բացի այդ, ««Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» ՀՀ օրենքով սահմանվել է արտոնության կիրառում առանց ժամկետային սահմանափակման:

Հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է երեք տարին լրանալուց հետո: Ինչպես երևում է վճռից, հաստատագրված վճարի գծով պարտավորությունն առաջացել է 2005 թվականից, իսկ սոցիալական վճարների գծով պարտավորությունը՝ 2003 թվականից, որի վերաբերյալ եզրակացություն է տվել նաև Վճռաբեկ դատարանը 28.09.2006 թվականի թիվ 3-1831(ՏԴ) որոշմամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 22.06.2009 թվականի վճիռը:

 

2.2. Կոմիտեի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, պատճառաբանելով, որ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը նույնաբովանդակ է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի հետ և հղում կատարելով Վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի թիվ 3-1831(ՏԴ) որոշմանը՝ հայցը բավարարել է մասնակիորեն: Մինչդեռ, նույնատիպ փաստական հանգամանքների վերաբերյալ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել մեկ այլ՝ 01.08.2007 թվականի թիվ 3-1150(ՏԴ) որոշմամբ, որի պատճառաբանական մասում նշվել է, որ անհիմն է բողոք բերած անձի պատճառաբանություններն այն մասին, որ 2000 թվականի համար հաշվարկված հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, քանի որ հարկային տեսչությունը դատարան է դիմել միայն 2006 թվականին:

Այսպիսով, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը կիրառելի էր միայն այն դեպքում, երբ պարտավորությունները հայտնաբերվեին դրանց առաջացման ժամանակաշրջանից երեք տարի անց:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է հայցը մերժելու մասով բեկանել Դատարանի 22.06.2009 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հայցադիմումի համաձայն՝ Կոնստանտին Հարությունյանի պարտավորությունը 16.03.2009 թվականի դրությամբ կազմում է 563.459 ՀՀ դրամ, որից հաստատագրված վճարի գծով ապառք՝ 12.232 ՀՀ դրամ, տույժ՝ 6.697 ՀՀ դրամ, պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով ապառք՝ 360.000 ՀՀ դրամ, տույժ՝ 184.530 ՀՀ դրամ (գ.թ. 3-5):

2) Տեսչությանն ուղղված 07.06.2006 թվականի «Գործունեության ժամանակավորապես դադարեցման մասին» դիմում-հայտարարությամբ Կոնստանտին Հարությունյանը հայտնել է, որ 07.06.2006 թվականից ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը (գ.թ. 6):

3) Կոնստանտին Հարությունյանը գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու և պետական գրանցման վկայականը ժամանակավորապես հանձնելու համար 27.03.2009 թվականին դիմում է ներկայացրել Տեսչությանը (գ.թ. 55):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով Կոնստանտին Հարությունյանի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը տարածվում է միայն եկամտահարկի և (կամ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման հետ կապված պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի վրա:

«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ մինչև 2006 թվականի մայիսի 1-ը հարկային մարմին գործունեությունը դադարեցնելու (լուծարվելու) վերաբերյալ գրավոր դիմում ներկայացրած (այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրերի հիման վրա) և պետական գրանցման վկայականը (այդ թվում` ժամկետային) հանձնած անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից:

Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի կողմից 2006 թվականի հունվարի 1-ից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներ չեն հաշվարկվում (չեն վճարվում):

Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի դիմումները և պետական գրանցման վկայականները հարկային տեսչությունները մինչև 2006 թվականի հունիսի 1-ը ներկայացնում են պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանումներ` մինչև 2006 թվականի օգոստոսի 1-ը պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու և նրանց վկայականները օրենքով սահմանված կարգով ոչնչացնելու համար:

«Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներում չնշված անհատ ձեռնարկատերերն ազատվում են 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից (բացառությամբ նույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված դեպքի):

Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի կողմից 2006 թվականի հունվարի 1-ից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարներ չեն հաշվարկվում (չեն վճարվում):

Նույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի ցանկերը (2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների պարտադիր նշումով) հարկային տեսչությունները մինչև 2006 թվականի սեպտեմբերի 1-ը ներկայացնում են պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ՝ մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու, նրանց վկայականները անվավեր ճանաչելու և պարտավորությունները հրապարակելու համար:

Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերն արտոնությանը վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների և եկամտահարկի գծով տարեկան եկամուտների մասին հայտարարագրեր կարող են չներկայացնել:

Նույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերն արտոնությանը վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների և հարկային օրենսդրությունների պահանջները խախտելու համար չեն ենթարկվում պատասխանատվության:

04.10.2008 թվականին օրինական ուժի մեջ մտած ««Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-215-Ն օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատերերը, որոնք մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը դեռևս չեն օգտվել այդ արտոնություններից, կարող են օգտվել օրենքով իրենց վերապահված արտոնություններից՝ առանց ժամկետային սահմանափակման:

Նշված նորմերից հետևում է, որ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետությունը 2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված և չվճարված տույժերի վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի համար նախատեսել է արտոնություններ՝ անկախ պարտավորությունների առաջացման հիմքերից: Բացի այդ, հարկային մարմինների համար սահմանվել է 2006 թվականի հունվարի 1-ից հետո մինչև պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառման պահը նշված արտոնություններից օգտվող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարների նվազագույն գումարների հաշվարկման արգելք, միաժամանակ նույն նորմով հարկային մարմինները ծանրաբեռնվել են անհատ ձեռնարկատերերի ցանկերը պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ ներկայացնելու պարտականությամբ՝ պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու, նրանց վկայականներն անվավեր ճանաչելու և պարտավորությունները հրապարակելու համար: Իսկ ««Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքի ընդունմամբ անհատ ձեռնարկատերերի համար առանց ժամկետային սահմանափակման երաշխավորվել է օգտվելու դեռևս չօգտագործված հնարավորությունից՝ «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնությունից:

Սույն գործով Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքները, որ Կոնստանտին Հարությունյանը դիմումը ներկայացրել է 07.06.2006 թվականին, իսկ պետական գրանցման վկայականը՝ 27.03.2009 թվականին: Այսինքն՝ վերջինս ոչ միայն մինչև 01.05.2006 թվականը դիմում չի ներկայացրել, այլև գրանցման վկայականն էլ հանձնել է միայն 2009 թվականին: Նշվածից հետևում է, որ Կոնստանտին Հարությունյանի վրա չեն տարածվում «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի՝ արտոնություն սահմանելու դրույթները: ««Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնությունների կիրառման մասին» ՀՀ օրենքի դրույթները Կոնստանտին Հարությունյանի վրա ևս չեն տարածվում, քանի որ դրա 1-ին հոդվածի համաձայն՝ այն տարածվում է «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի հիմքով արտոնություններից օգտվելու իրավունք ունեցող անձանց վրա, իսկ վերջինս նշված անձանց շարքին չի դասվում:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանություններն անհիմն են, քանի որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Կոնստանտին Հարությունյանը 27.03.2009 թվականին արդեն դիմել է Տեսչությանը՝ գործունեությունը դադարեցնելու և պետական գրանցման վկայականը հանձնելու նպատակով: Այսինքն՝ Կոնստանտին Հարությունյանը, 27.03.2009 թվականին գործունեությունը դադարեցնելու և պետական գրանցման վկայականը հանձնելու նպատակով դիմելով Տեսչությանը, «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի ուժով արդեն իսկ օգտվել է նույն օրենքով նախատեսված արտոնությունից:

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում վճարողն այդ մասին գրավոր դիմում-հայտարարություն տալու միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին:

Սույն գործով Դատարանը հաստատագրված վճարների մասով հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ հաստատագրված վճարի գծով Տեսչության պահանջը՝ հարկի և տույժերի հաշվարկմամբ 18.929 ՀՀ դրամի չափով, հիմնավոր է (10.235+1.997+6.697=18.929):

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունը նույնպես անհիմն է, քանի որ Դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ Կոնստանտին Հարությունյանը 07.06.2006 թվականին գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ դիմում-հայտարարություն է ներկայացրել Տեսչությանը, այնուամենայնիվ եզրակացրել է, որ հաստատագրված վճարի մասով Տեսչության հայցը հիմնավոր է, այն դեպքում, երբ 07.06.2006 թվականի «Գործունեության ժամանակավորապես դադարեցման մասին» դիմում-հայտարարության ներկայացմամբ Կոնստանտին Հարությունյանի նկատմամբ այդ օրվանից հաստատագրված վճարների գծով պարտավորություններ առաջադրվել չէին կարող, և նույն դիմումի վրա Տեսչության կատարած գրառման համաձայն՝ Կոնստանտին Հարությունյանը 07.06.2006 թվականի դրությամբ պարտավորություններ չունի:

 

Քննելով Կոմիտեի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ նույն օրենքի խախտումներ հայտնաբերելու դեպքում սոցիալական վճարների գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող երեք տարի հետո:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Նշված նորմերից հետևում է, որ անձի մոտ սոցիալական վճարների գծով պարտավորություններ չեն առաջանում, եթե թույլ տրված խախտումը հարկային մարմինը չի հայտնաբերում դրան հաջորդող երեք տարիների ընթացքում: Այսինքն՝ նշված կանոնի կիրառման համար պարտադիր պայման է համապատասխան խախտումը լիազոր մարմնի կողմից առնվազն երեք տարի հետո բացահայտելու փաստի առկայությունը, որի բացակայության պայմաններում ապահովադիրը պարտավոր է սոցիալական վճարների գծով պարտավորությունները կատարել ընդհանուր կարգով, ինչից հետևում է, որ նշված կանոնը որևէ առնչություն չունի ՀՀ սոցիալական վճարների մասին օրենսդրության խախտման և լիազոր մարմնի կողմից դատարան դիմելու միջև ընկած ժամանակահատվածի հետ:

Սույն գործով Դատարանը հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը նույնաբովանդակ է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի հետ: Սոցիալական վճարների գծով պարտավորություններ Կոնստանտին Հարությունյանի վրա կարող էին դրվել միայն 2006 թվականի ապրիլից սկսած, քանի որ հայցը դատարան է մուտքագրվել 31.03.2009 թվականին:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունը նույնպես անհիմն է և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի սխալ մեկնաբանման արդյունք է, քանի որ Դատարանն անտեսել է, որ նշված նորմերը կարող էին կիրառվել միայն այն դեպքում, երբ Տեսչությունը Կոնստանտին Հարությունյանի թույլ տված համապատասխան խախտումը բացահայտած լիներ այն կատարելուն հաջորդող երեք տարին լրանալուց հետո, և նշված խախտման բացահայտման օրը չի կարող նույնացվել հայցադիմումը դատարան ներկայացնելու օրվա հետ:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի կիրառելիության խնդրին (տե՛ս, օրինակ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Շահումյանի հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գայանե Ադյանի՝ 4.955.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, թիվ 3-1150(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի որոշումը):

Միաժամանակ փաստելով Կոմիտեի բողոքի հիմնավորվածությունը՝ այնուամենայնիվ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի կարող հիմք հանդիսանալ Դատարանի վճռի մերժված մասը բեկանելու համար, քանի որ Կոնստանտին Հարությունյանի՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով արտոնություն ունենալու պայմաններում այն ենթական չէ բեկանման:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 118-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Կոնստանտին Հարությունյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 22.06.2009 թվականի վճռի` 274.267 ՀՀ դրամի չափով հայցը բավարարելու մասը և այդ մասով այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի-1 հարկային տեսչության հայցը մերժել: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը մերժել:

2. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես Կոնստանտին Հարությունյանի վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան