ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2946/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2946/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան | |
Դատավորներ՝ Ն. Հովսեփյան Ն. Բարսեղյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Խունդկարյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Վ. Ավանեսյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի հոկտեմբերի 16-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Սյուզաննա Գևորգյանի հայցի ընդդեմ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի (այսուհետ՝ Ընկերություն)՝ 06.09.2006 թվականին կնքված թիվ 6-12 աշխատանքային պայմանագրի 1.1 կետը, ինչպես նաև մասնաճյուղի համապատասխան հրամանը՝ 06.09.2008 թվականի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացած լինելու հիմքով ազատման մասին, անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած պայմանագրի դադարեցման օրվանից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը միջին աշխատավարձի՝ ամսական 320.000 ՀՀ դրամ բռնագանձելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսներ բռնագանձելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սյուզաննա Գևորգյանը պահանջել է անվավեր ճանաչել 06.09.2006 թվականին կնքված թիվ 6-12 աշխատանքային պայմանագրի 1.1 կետը, 06.09.2008 թվականի Ընկերության հրամանը՝ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացած լինելու հիմքով աշխատանքից ազատելու մասին, վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած պայմանագրի դադարեցման օրվանից մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը միջին աշխատավարձի՝ ամսական 320.000 ՀՀ դրամի չափով գումար և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսներ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 30.12.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.04.2009 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է Դատարան՝ նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սյուզաննա Գևորգյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտի բեկանումը հիմնավորել է նրանով, որ Դատարանը կիրառելի չի համարել Վճռաբեկ դատարանի որոշումը և թույլ է տվել այնպիսի սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: Դատական ակտի բեկանման կամ փոփոխման համար հիմք կարող է հանդիսանալ ոչ թե ցանկացած, այլ միայն դատական սխալը, մինչդեռ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ որևէ խոսք չկա նյութական կամ դատավարական իրավունքի խախտման առկայության մասին:
Վճռաբեկ դատարանի որոշման չկիրառումը համարելով սխալ՝ Վերաքննիչ դատարանը չի մատնանշել որևէ իրավական ակտ, չի բերել որևէ հիմնավորում, ուստի դատական ակտն անհիմն է և չպատճառաբանված: Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ չի անդրադարձել վերաքննիչ բողոքի պատասխանի մի հատվածին, որը վերաբերում է առաջին ատյանի դատարանի կողմից Վճռաբեկ դատարանի որոշումը չկիրառելու օրինաչափությանը, որն էլ կայանում է նրանում, որ սույն քաղաքացիական գործի և Վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի թիվ 3-321/ՎԴ որոշման փաստական հանգամանքները նույնական չեն:
Այսպես` Վճռաբեկ դատարանը հաստատված է համարել, որ տվյալ գործով կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է գործատուի նախաձեռնությամբ՝ հայցվորի ընդունակության կամ վարքի, ինչպես նաև այլ պահանջների հետ առնչություն չունենալու հիմքով, մինչդեռ սույն գործով աշխատանքային հարաբերությունները դադարել են աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու և ժամկետից հետո հայցվորի գործելակերպով պայմանավորված ՀՀ օրենքով պայմանագիրը լուծված համարվելու հիմքով:
ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման փաստերից է նաև այն, որ քաղաքացու աշխատանքից ազատելու հրամանը տրվել է պայմանագրի ժամկետը լրանալուց չորս օր առաջ, մինչդեռ սույն գործում նման փաստը բացակայում է: Ավելին, սույն գործով հայցվորը բաց է թողել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճի կապակցությամբ այս հիմքով դատարան դիմելու մեկամսյա ժամկետը, ուստի 06.09.2006 թվականի պայմանագրի կետն անվավեր ճանաչելու պահանջը վերաքննիչ դատարանում չէր կարող քննարկման առարկա դառնալ: 23.08.2008 թվականին հայցվորը ստացել է ծանուցում այն մասին, որ իր պայմանագրի ժամկետը լրանում է 06.09.2008 թվականին, սակայն 06.10.2008 թվականի հայցադիմումի մեջ նման պահանջ չի դրվել, իսկ 06.11.2008 թվականին միջնորդությամբ առաջ է քաշվել նոր պահանջ՝ պայմանագրի կետը և աշխատանքից ազատելու մասին մասնաճյուղի հրամանն անվավեր ճանաչելու մասին:
Վերոգրյալը վկայում է այն մասին, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված գործերի փաստական հանգամանքների էական տարբերությունները, դրսևորել է զուտ ձևական մոտեցում, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումը կիրառելի է համարել միայն այն պատճառով, որ երկու գործերի դեպքում էլ նույն հայցապահանջն է ներկայացվել։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 30.12.2008 թվականի վճռին:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները
Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով կայացված որոշումը ոչ միայն չի հակասում ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից ընդունված նախկին որոշումներին, այլ ամբողջությամբ համահունչ է և բխում է Վճռաբեկ ղատարանի նախադեպային նշանակություն ունեցող մի շարք որոշումներից։ Մասնավորապես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը հանդես է եկել ելակետային նշանակություն ունեցող մեկնաբանություններով, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է բացառություն ընդհանուր կանոնից, այսինքն՝ որպես կանոն, աշխատանքային հարաբերությունները պետք է կարգավորվեն անորոշ ժամկետով կնքված պայմանագրերով և միայն բացառիկ դևպքերում է թույլատրելի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի կնքումը։ Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել միայն այն դեպքում, երբ կատարվելիք աշխատանքը կամ կատարման պայմանները կրում են ոչ մշտական բնույթ կամ առկա են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված նախապայմանները։
Մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին օրն աշխատողի կողմից ակնկալվել է պայմանագիր կնքելու գործատուի առաջարկը, որն այդպես էլ չի հետևել և նոր աշխատանքային պայմանագրի չկնքելու պայմաններում պայմանագիրը լուծվել է ժամկետը լրանալու հիմքով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, ինչպես նաև աշխատողին հասցեագրված ծանուցմամբ։ Սույն գործով գնահատման առարկա պետք է լինի ոչ թե աշխատողին աշխատանքից ազատելու գործընթացի իրավաչափության հարցը, դրա համապատասխանությունը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի պահանջներին, այլև քաղաքացիական գործով առկա աշխատանքային հարաբերության բնույթը։ Մինչդեռ քննարկվող աշխատանքի մշտական բնույթի մասին է վկայում այն հանգամանքը, որ աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո, Ընկերությունն աշխատանքի է ընդունել այլ իրավաբանի։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 06.09.2006 թվականին Ընկերության և Սյուզաննա Գևորգյանի միջև կնքվել է թիվ 6-12 աշխատանքային պայմանագիրը։ Նշված պայմանագրի 1.1-րդ կետով սահմանվել է, որ գործատուի մոտ աշխատողի աշխատանքի անցնելու պայմանագրի ամսաթիվը 06.09.2006 թվականն է, և պայմանագրի գործողության ժամկետը մեկ տարի է: Պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն՝ աշխատողը պետք է աշխատի որպես իրավախորհրդատու, որի համար պայմանագրի «Բ» հավելվածի համաձայն սահմանվել է ամսական 320.000 ՀՀ դրամ աշխատավարձ (գ. թ. 111-125):
2. Ընկերության և Սյուզաննա Գևորգյանի միջև 06.09.2007թ. կնքվել է թիվ 6-12 աշխատանքային պայմանագրի թիվ 1 փոփոխությունը, որով կողմերը համաձայնել են փոփոխել պայմանագրի 1.1-րդ կետով սահմանված պայմանագրի ժամկետը՝ այն երկարաձգելով մինչև 06.09.2008 թվականը (գ. թ. 129):
3. Ընկերության տնօրենի 23.08.2008 թվականի ծանուցման համաձայն՝ Սյուզաննա Գևորգյանը ծանուցվել է, որ կողմերի միջև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանում է 06.09.2008 թվականին, և աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտման օրվան նախորդող տասնօրյա ժամկետում նոր ժամկետով աշխատանքային պայմանագիր չկնքելու դեպքում Սյուզաննա Գևորգյանը կազատվի աշխատանքից որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով: Նշված ծանուցումը ստորագրությամբ հանձնվել է Սյուզաննա Գևորգյանին (գ. թ. 22):
4. Ընկերության տնօրենի 08.09.2008 թվականի թիվ 60-Կ հրամանի համաձայն՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Սյուզաննա Գևորգյանը ազատվել է աշխատանքից և հրամայվել է նրա հետ կատարել վերջնահաշվարկ (գ.թ. 151):
5. Սյուզաննա Գևորգյանի՝ Ընկերության տնօրենին հասցեագրված 13.09.2008 թվականի դիմումի համաձայն՝ դիմումատուն հայտնել է, որ 04.09.2008 թվականին աշխատավայրում Աղավնի Եղիազարյանից բանավոր տեղեկացել է այն մասին, որ իր հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չի երկարացվելու: 2008 թվականի սեպտեմբերի 8-ին ներկայանալով աշխատավայր՝ կրկին բանավոր իրազեկվել է այն մասին, որ դա իր վերջին աշխատանքային օրն է: Արդյունքում խնդրել է օրենքով սահմանված կարգով իրեն տրամադրել գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային իրավահարաբերությունները դադարեցվելու մասին փաստաթղթերը, վերջնահաշվարկից ձևավորված գումարը փոխանցել իր հաշվեհամարին և ծանուցել մասնաճյուղի գտնվելու վայրում համապատասխան մասնաճյուղի աշխատակցից աշխատանքային գրքույկը ստանալու մասին (գ. թ. 23):
6. Սյուզաննա Գևորգյանին հասցեագրված՝ Ընկերության ներկայացուցչի 18.09.2008 թվականի գրությամբ հայտնվել է, որ կողմերի միջև աշխատանքային հարաբերությունները դադարել են 08.09.2008 թվականին, քանի որ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային վերջին օրը՝ 2008 թվականի սեպտեմբերի 6-ը, շաբաթ օր էր, այսինքն՝ ոչ աշխտանքային օր, որպիսի պարագայում պայմանագրի ժամկետն ավարտված է համարվում հաջորդ աշխատանքային օրը։ Վերջին աշխատանքային օրվան հաջորդող օրը՝ 09.09.2008 թվականին, Սյուզաննա Գևորգյանն աշխատանքի դուրս չի եկել, իսկ մինչ այդ Ընկերության վարչական գծով տնօրենին հայտնել է, որ նոր աշխատանք է գտել: Նման վարքագիծը վկայում է աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու նրա հստակ և պարզ մտադրության մասին։ Միաժամանակ հայտնվել է, որ վերջնահաշվարկի արդյունքում ձևավորված գումարը փոխանցվել է հայցվորի նշած բանկային հաշվին (գ. թ. 24-25):
7. «ԷյջԷսԲիՍի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից տրված «գործարքի հաստատում» փաստաթղթի համաձայն՝ 18.09.2008 թվականին Սյուզաննա Գևորգյանի հաշվեհամարին Ընկերության կողմից փոխանցվել է 81.000 ՀՀ դրամ՝ վերջնահաշվարկի գումարը (գ. թ. 27):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային հարաբերություններն աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի՝ աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ՝ ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ: Նույն օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա: Նույն օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ, իսկ 84 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը սահմանում է, որ աշխատանքային պայմանագիրը պետք է ներառի աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը կնքվում է՝ 1. անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ, 2. որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է։ Նույն օրենսգրքի 95-րդ հոդվածը սահմանում է, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով՝ հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները։ Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ օրացուցային ժամկետի սահմանումով կամ մինչև պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտը, սակայն հինգ տարուց ոչ ավելի ժամկետով։
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը հանդիսանում է բացառություն ընդհանուր կանոնից, այսինքն՝ որպես կանոն, աշխատանքային հարաբերությունները պետք է կարգավորվեն անորոշ ժամկետով պայմանագրով և միայն բացառիկ դեպքերում է թույլատրելի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը: Այսինքն՝ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել միայն այն դեպքերում, երբ կատարվելիք աշխատանքը կամ կատարման պայմանները կրում է ոչ մշտական բնույթ կամ առկա են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված նախապայմանները:
Սույն գործի փաստերի համաձայն` Սյուզաննա Գևորգյանի և գործատու «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի միջև աշխատանքային հարաբերությունները կարգավորվել են 06.09.2006 թվականին կնքված աշխատանքային պայմանագրով։ Նշված աշխատանքային պայմանագիրը կնքելիս դրանում հստակ սահմանված է եղել թե կատարվելիք աշխատանքի բնույթը (որն իր էությամբ կրել է որոշակի ծրագրերի և առաջադրանքների կատարման բնույթ, որպիսի հանգամանքն էլ հիմնավորվում է թե աշխատանքային պայմանագրի թիվ Ա հավելվածով և թե «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի Հայաստանյան մասնաճյուղի ներքին կարգապահական կանոններով) և թե վերջինիս գործողության ժամկետը, որին կողմերը տեղյակ են եղել, միաժամանակ Սյուզաննա Գևորգյանը, հանդիսանալով Ընկերության իրավախորհրդատու, քաջատեղյակ է եղել պայմանագրերի բովանդակությանը և որ պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով: Տվյալ դեպքում Սյուզաննա Գևորգյանի համաձայնությամբ վերջինիս հետ կնքվել է որոշակի ժամկետով 06.09.2006 թվականի թիվ 6-12 աշխատանքային պայմանագիրը: Դեռ ավելին, Սյուզաննա Գևորգյանը 23.08.2008 թվականի ծանուցմամբ սահմանված կարգով ծանուցվել է, նրա և Ընկերության միջև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի 06.09.2008 թվականին լրանալու մասին, ինչպես նաև տեղեկացվել է աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի ավարտման օրվան նախորդող տասնօրյա ժամկետում նոր ժամկետով նոր աշխատանքային պայմանագիր չկնքելու դեպքում որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով աշխատանքից ազատվելու մասին:
Դատարանը, հայցը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Սյուզաննա Գևորգյանն օրենքով սահմանված կարգով ծանուցվել է, որ կողմերի միջև կնքված թիվ 6-12 աշխատանքային պայմանագրի թիվ 1 փոփոխությամբ սահմանված պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծվելու է։ Սյուզաննա Գևորգյանի աշխատանքից ազատման հրամանի համար հիմք է հանդիսացել 06.09.2006 թվականի որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծումը և քանի որ նշված պայմանագիրը լուծվել է գործողության ժամկետի լրանալու հիմքով և հրամանն էլ տրված է օրենքով սահմանված ընթացակարգի պահպանմամբ, հետևաբար Ընկերության կողմից տրված աշխատանքի ազատման վերաբերյալ թիվ 60-Կ հրամանը չի կարող անվավեր ճանաչվել: Բացի այդ, Դատարանը գտել է, որ հայցվորի կողմից վկայակոչած՝ Վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի թիվ 3-321(ՎԴ) նախադեպային որոշումը սույն քաղաքացիական գործով կիրառելի չէ։
Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելիս պատճառաբանել է. «քանի որ գործի քննության այս փուլում նշված հանգամանքներն ամբողջական գնահատելու համար սույն գործում առկա չեն բավարար տեղեկություններ և ապացույցներ, Դատարանը, կիրառելի չհամարելով Վճռաբեկ դատարանի որոշումը, թույլ է տվել այնպիսի սխալ, որն ազդել է գործի ելքի վրա։ Վերջինիս իմաստով Վերաքննիչ դատարանը գտնում է նաև, որ եթե դատարանը հանգի հետևության, որ աշխատանքի բնույթը մշտական է, կիրառելի է նաև Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած՝ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու համար նախատեսված պայմանների բացակայությամբ կնքված պայմանագրի իրավական հետևանքների վերաբերյալ դիրքորոշումը»։
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում՝ օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանն իրավացիորեն գտել է, որ սույն քաղաքացիական գործով որպես նախադեպ կիրառելի չէ Վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի թիվ 3-321(ՎԴ) որոշումը, քանի որ նշված քաղաքացիական գործերի փաստական հանգամանքները նույնանման չեն:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև տվյալ իրավիճակում գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 30.12.2008 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. Խունդկարյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |