ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2010 թվականի N 306-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 232 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 184 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 127 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները և պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստության գործընթացը հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների՝ պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստության հիմնադրույթները և այդ բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկը հաստատելու մասին» N 232 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.
«2.1. Սահմանել, որ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում պահեստազորի սպաների ծրագրով ռազմական պատրաստությունն իրականացվում է «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» ֆակուլտետի ուսանողների համար՝ ուսուցումը կազմակերպելով առաջին կուրսից:».
2) որոշման հավելվածում 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ռազմական պատրաստությունից ավարտական քննությունը հանձնած և պետական կրթական համակարգի ինտերնատուրա կամ օրդինատուրա ընդունված, սահմանված ժամկետում ինտերնատուրան կամ օրդինատուրան ավարտած շրջանավարտները որակավորվում են որպես պահեստազորի սպայական կազմ, և նրանց շնորհվում է պահեստազորի «բժշկական ծառայության լեյտենանտ» զինվորական կոչում: Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ավարտած և տվյալ տարվա ընթացքում պետական կրթական համակարգի ինտերնատուրայում կամ օրդինատուրայում չհրամանագրված կամ հրամանագրված և մինչև ուսման ավարտը որևէ հիմքով ինտերնատուրայից կամ օրդինատուրայից հեռացված քաղաքացին ենթակա է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի` հաշվի առնելով ստացած մասնագիտությունը: Նշված դեպքում քաղաքացուն սպայական կոչում շնորհվում է պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո:
Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» ֆակուլտետում ռազմական պատրաստությունից ավարտական քննությունը հանձնած և պարտադիր զինվորական ծառայություն անցած կամ օրենքով սահմանված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու իրավունք ունեցող անձինք որակավորվում են որպես պահեստազորի սպայական կազմ, և նրանց շնորհվում է պահեստազորի «լեյտենանտ» զինվորական կոչում: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց պահեստազորի «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմական ամբիոնների մասին» N 184 որոշման 1-ին կետից հանել «իսկ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռազմական ամբիոնը՝ 1999/2000 ուսումնական տարվանից» բառերը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 2-ի «Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» մասնագիտության գծով դիմորդների ընդունելության մասին» N 127 որոշման 2-րդ կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. մարտի 30
Երևան