ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ տնտեսական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ Տ-1785 |
Քաղաքացիական գործ թիվ 3-1936(ՏԴ) |
Նախագահող դատավոր՝ Ռ. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
|
Է. Հայրիյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Ս. Գյուրջյանի |
2007 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 22.06.2006 թվականի վճռի դեմ` ըստ «Մետա» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) դիմումի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)՝ սեփականատեր գրանցելու և սեփականության իրավունքի գրանցման վկայական տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Կադաստրին գրանցել Ընկերությանը որպես սեփականատեր և տրամադրել սեփականության իրավունքի գրանցման վկայական:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Տնտեսական դատարան) 22.06.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով՝
Առկա են գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանքներ:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Տնտեսական դատարան ներկայացված դիմումում Ընկերության հասցեն նշվել է՝ քաղաք Երևան, Նորքի 1-ին զանգված, Նանսենի 1/1 շենք: Մինչդեռ, Ընկերությանը հատկացված հողամասի հասցեն նշված է «Երևան քաղաքի Մոլդովական փողոցի մոտ գտնվող նախկին մեխանիկական գործարանի մոտ»:
Քաղաքացիական գործում գտնվող բոլոր փաստաթղթերում Ընկերության անվանումը նշված է «Մետա» ՍՊԸ, իսկ «Գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքների 2005 թվականի չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 897-Ն որոշման հավելված 4-ի 134-րդ կետում նշված է «ՄԷՏԱ ՍՊԸ մեխանիկական գործարան»: Նշված հակասությունները գործի քննությամբ պարզված չեն:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Տնտեսական դատարանի 22.06.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) «Գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքների 2005 թվականի չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 897-Ն որոշման հավելված 4-ի 134-րդ կետում նշված է «ՄԷՏԱ ՍՊԸ մեխանիկական գործարան»:
2) «Մոլդովական փողոցի մոտ գտնվող «ՄԵՏԱ» ՍՊԸ-ի կողմից վարձակալության իրավունքով օգտագործվող հողամասն ընկերությանն օտարելու մասին» Երևանի քաղաքապետի 24.08.2005 թվականի թիվ 1829-Ա որոշման 4-րդ պարբերության համաձայն՝ որոշվել է լիազորել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչությանը հիմք ընդունելով «Գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքների 2005 թվականի չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի համար 897-Ն որոշումը, նույն որոշման հավելված 4-ի 134-րդ տողում ամրագրված «Մետա» ՍՊ ընկերության հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
3) Տնտեսական դատարան ներկայացված դիմումում Ընկերության հասցեն նշված է՝ քաղաք Երևան, Նորքի 1-ին զանգված, Նանսենի 1/1 շենք:
4) Կադաստրի կողմից 27.11.2002 թվականին տրված անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 0039259 վկայականի համաձայն՝ Ընկերությանը վարձակալության իրավունքով պատկանող 1500 քմ հողամասը գտնվել է Մոլդովական փողոցի մոտ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման համար հիմք են գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց:
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ «Գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքների 2005 թվականի չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 897-Ն որոշման հավելված 4-ի 134-րդ կետում «ՄԷՏԱ ՍՊԸ մեխանիկական գործարան» նշումը սույն գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք է, քանի որ դրանում նշված Ընկերության անվանումն այլ է, քան «Մոլդովական փողոցի մոտ գտնվող «ՄԵՏԱ» ՍՊԸ-ի կողմից վարձակալության իրավունքով օգտագործվող հողամասն ընկերությանն օտարելու մասին» Երևանի քաղաքապետի 24.08.2005 թվականի թիվ 1829-Ա որոշման մեջ նշված Ընկերության անվանումը:
Ինչ վերաբերում է բողոքի այն փաստարկին, որ Ընկերության դիմումում նշված հասցեն տարբերվում է Կադաստրի կողմից 27.11.2002 թվականին տրված անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման թիվ 0039259 վկայականում նշված հասցեից, ապա տվյալ փաստը սույն քաղաքացիական գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք չէ, քանի որ դիմումում նշված հասցեն Ընկերության գտնվելու վայրի հասցեն է, ինչը չի բացառում այլ հասցեում ևս վարձակալած անշարժ գույք ունենալը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով Տնտեսական դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 22.06.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` |
Ա. Մկրտումյան | |
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` |
Վ. Աբելյան | |
|
Ս. Անտոնյան | |
|
Է. Հայրիյան | |
|
Ս. Սարգսյան | |
|
Ս. Գյուրջյան |