«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 օգոստոսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10412328
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
22 օգոստոսի 2012 թ. |
N 1/1199-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1268-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 1-ին կետի 11-րդ ենթակետով (Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի թիվ 941-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի խմբագրությամբ)`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթը օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնելու և ներկայացված փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից հաստատելու կարգը` համաձայն հավելվածի:
Նախարար՝ |
Է. Նալբանդյան |
Հավելված ՀՀ արտաքին գործերի նախարարի 2012 թվականի օգոստոսի 22-ի N 1/1199-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՀԻՄՆԱՎՈՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման 1.2 կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ կամ հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա դիմելու իրավունք ունեցող պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները և ճամփորդական փաստաթղթեր ունեցող ազգությամբ հայ անձինք Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ կամ հյուպատոսական հիմնարկներ ներկայացնում են.
1) Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանից կամ հայկական այլ եկեղեցական կառույցներից տրված մկրտության մասին փաստաթուղթ` մկրտվածի կամ նրա ծնողների ազգության մասին նշումով, կամ
2) նստավայր պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգության մասին նշումով փաստաթուղթ (ազգությունը հաստատող տեղեկանք, քաղվածք ծննդյան ակտից և այլն):
2. Սույն կարգի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի իսկության վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի մոտ կասկած չառաջանալու դեպքում, վերջինիս կողմից տրվում է ազգությամբ հայ լինելու մասին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի 2011 թվականի փետրվարի 24-ի N 2/117-Ա հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցին համապատասխան ձևաթղթի վրա ձևակերպված և դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ստորագրությամբ և համապատասխան կնիքով հաստատված տեղեկանք, որին կցվում է ներկայացված փաստաթուղթը:
Ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող փաստաթղթի արժանահավատության վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում, դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը դիմում է Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարան կամ հայկական այլ եկեղեցական կառույց՝ տեղյակ պահելով դիմողին և սույն կետում նշված տեղեկանք տրամադրում է դրական պատասխան ստանալուց հետո:
3. Սույն կարգի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթուղթը վավերացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 286-Ն որոշմամբ սահմանված կարգով:
Հյուպատոսական վավերացման ենթակա չեն այն փաստաթղթերը, որոնք ներկայացվում են Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» կոնվենցիայի մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից: